Բահայի
Բահայի հավատը աշխարհում հայտնի նորագույն, անկախ կրոն է, որն ուսուցանում է Աստծո միակություն, մարդկության միասնություն և կրոնների հիմնարար ներդաշնակություն։ Բահայի ուսմունքները[1][2][3] խթանում են գիտության և կրոնի միջև ներդաշնակությանը, գենդերային հավասարությանը և պայքարում են՝ վերացնելու բոլոր տեսակի նախապաշարմունքներն ու ռասիզմը։ Բահայիները հավատում են յուրաքանչյուր մարդու՝ ինքնուրույն ճշմարտությունը գտնելու ունակությանը։ Բահայի հավատում հոգևորականներ չկան։ Բահայիներն ընդունում են աշխարհի միաստվածական կրոնների հիմնադիրների և մարգարեներից յուրաքանչյուրի ճշմարտությունը և հավատում են Աստծո կողմից ուղարկվող հայտնությունների շարունակականությանը։ Բահայի հավատի[4][5] այս եզակի սկզբունքը յուրաքանչյուր միաստվածական կրոն ընկալում է որպես միացյալ հոգևոր համակարգի օղակ, որն աստիճանաբար զարգանում է, ճիշտ այնպես, ինչպես գրքի գլուխները շարունակում են նույն պատմության տրամաբանական զարգացումը։
Բահայի ուսմունքները կարևորում են հոգու փոխհարաբերությունները Աստծո՝ հավերժական, անճանաչելի էության հետ և խորհուրդ են տալիս ամեն օր աղոթել և խորհել։ Բահայիները հավատում են մարդկային հոգու հավերժական զարգացմանը և մարդկությանը ծառայելու միջոցով ջանում են զարգացնել այնպիսի հոգևոր հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, առատաձեռնությունը, ազնվությունը, ճշմարտախոսությունը, խոնարհությունը։ Բահայի հավատի հիմնարար սկզբունքներից են.
- Ճշմարտության ինքնուրույն որոնումը
- Բոլոր տեսակի նախապաշարմունքների վերացումը
- Մարդկության միասնությունը
- Բոլոր կրոնների միասնական հիմքը
- Կրոնը պետք է լինի սիրո և ուրախության աղբյուր
- Գիտության և կրոնի ներդաշնակությունը
- Պարտադիր կրթությունը բոլորի համար
- Գենդերային հավասարությունը
Բահայիները հավատում են, որ Աստված պարբերաբար ուղարկում է Աստվահայտնությունների՝ մարդկությանը աստվածային ուղերձը[6][7][8] հասցնելու համար։ Մարդկությանը հայտնի Աստվահայտնություններից են Աբրահամը, Մովսեսը, Բուդդան, Կրիշնան, Հիսուս Քրիստոսը, Մուհամեդը, Բաբը և Բահայի հավատքի հիմնադիր Բահաուլլան։
Ինչպե՞ս սկսվեց բահայիների պատմությունը
Պարսկաստանի Շիրազ քաղաքում, 1844 թ.-ին, մի երիտասարդ վաճառական կատարեց ցնցող հայտարարություն։ Բաբ (նշանակում է Դարպաս) անունով այս նոր մարգարեն[9] աղմուկ բարձրացրեց պարսից հասարակության մեջ իր հեղափոխական ուսմունքներով՝ հոգևոր և բարոյական կերպարանափոխություն, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հաստատում և աղքատների դիրքի բարելավում։ Բաբի հավատը արագորեն տարածում գտավ և բուռն արձագանք առաջացրեց կառավարության և հոգևորականության կողմից։ Այն ժամանակ, երբ հոգևորականները ճնշող դեր էին խաղում պարսկական հասարակության մեջ, Բաբը խրախուսում էր մարդկանց մտածել ինքնուրույն և ազատվել սնահավատությունից և կարծրատիպերից։ Նա նաև հռչակեց, որ եկել է նախապատրաստելու նոր, համամարդկային հայտնիչի ճանապարհը, որ Ավետյացը, ում մասին խոսվել է բոլոր նախորդ կրոններում և սուրբ գրվածքներում, շուտով կբացահայտվի։ Նա հորդորեց իր հետևորդներին տարածել այս ուղերձը ասելով, որ այս. «Առաջնորդության ուղին սիրո և կարեկցանքի ուղի է, այլ ոչ թե ուժի ու պարտադրանքի»։ Նրա տասնյակ հազարավոր հետևորդները, ներառյալ ինքը՝ Բաբը, խոշտանգվեցին, սպանվեցին և հրապարակավ մահապատժի ենթարկվեցին իրենց նոր հավատի համար։
1850թ.-ին՝ Բաբի մահապատժից հետո, Բահաուլլան աստիճանաբար ստանձնեց Բաբի հավատի առաջնորդի դերը։ 1852թ.-ին բանտում Բահաուլլան Աստծո կողմից հայտնություն ստացավ։ Դրանով Բաբի մարգարեություններն ու խոստումները կատարվեցին։ Բահայի հավատն այժմ միլիոնավոր հետևորդներ ունի աշխարհի բոլոր տարածաշրջաններում, մայրցամաքներում և երկրներում, ինչպես նաև Հայաստանում։ Բահաուլլայի ուսմունքները շեշտը դնում են արդարության, հավասարության և կրոնական միասնության վրա։
Բահայի հավատի մասին
Բահայի համայնքները ջանքեր են գործադրում տարբեր կրոնների, ցեղերի, համայնքների հետ միասին սոցիալական վերափոխման իրականացման համար։ Յուրաքանչյուր տարածաշրջանի իրականությանը համատեքստում բահայիները աշխատում են գտնել, թե ինչ է անհրաժեշտ հասարակության նյութական և հոգևոր զարգացումն ապահովելու համար։
Այս ջանքերից մի քանիսը, որոնք համարվում են «հիմնական գործունեություններ», ներառում են ընտանիքի համար բարոյական և հոգևոր զարգացման դասընթացները՝ նախադպրոցական տարիքի և պատանիների զարգացման ծրագրեր, ուսումնական խմբեր և աղոթքի հանդիպումներ։ Բահայի իրադարձությունները՝ հանդիպումներ, ընտրություններ, սոցիալական նախագծեր, սուրբ օրերի տոնակատարություն, անցկացվում են շփման, հումորի, երաժշտության և ընդհանուր ուրախության ու երջանկության մթնոլորտում։
Կախված համայնքի մեծությունից՝ բահայիները հաճախ հանդիպում են տանը կամ բահայի տեղական կենտրոններում։ Բահայիների հանդիպումները բազում հնարավորություններ են տալիս մասնակիցներին շփվել և ծառայել տարբեր ծագմամբ, մշակույթների և ազգերի ներկայացուցիչների հետ միասին։
Բահայի ֆոնդերը
Բահայի ֆոնդերը[10] ստեղծվում են տվյալ համայնքի բահայիների կամավոր նվիրատվությունների միջոցով։ Այսպիսով բահայի համայնքի կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական զանազան ծրագրերի իրականացման համար պահանջվող միջոցները նվիրաբերում են բահայիները։ Անձնական նվիրաբերության չափը չի հրապարակվում, քանի որ յուրաքանչյուր նվիրատվության վերաբերյալ տեղեկատվությունը կոնֆիդենցիալ, սակայն ընդհանուր ֆինանսական հաշվետվությունը թափանցիկ է և ամեն ամիս ներկայացվում է բահայի համայնքի բոլոր անդամներին։
Բահայիների ներդրումները նպաստում են սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերի իրագործմանը, երեխաների, երիտասարդների և մեծահասակների հոգևոր դաստիարակությանը, բահայի կենտրոնների և այգիների պահպանմանը։ Այս ծրագրերին մասնակցել կարող է յուրաքանչյուր, ով ցանկանում է միանալ բահայի համայնքների կառուցմանը՝ հիմնված հոգևոր սկզբունքների վրա, ինչպիսիք են արդարությունը, բարությունը և սերը։
Ինչպե՞ս միանալ բահայի համայնքի ջանքերին
Բահայի համայնքի ջանքերին միանալ կարող է յուրաքանչյուրը։ Լինել բահայի նշանակում է սրտով ընդունել Բահաուլլայի ուսմունքները և փորձել գնալ այդ հոգևոր զարգացման ուղով։ Այստեղ մկրտություն կամ հատուկ արարողություն չկա։ Բահայի լինելը պարզապես պահանջում է ներքին, հոգևոր որոշում՝ ընդունելու Հավատի ուսմունքները և միանալու տեղական բահայի համայնքին։ Լինել բահայի նշանակում է մասնակցել աշխարհը վերափոխելու համընդհանուր շարժմանը։ Բահայիների ջանքերն ուղղված են խաղաղության, արդարության, հավասարության, ռասայական միասնության և շրջակա միջավայրի պահպանմանը։ Նոր կառուցողական տեսլականը, որը բահայի ուսմունքներն առաջարկում են աշխարհին, նոր մոտեցում է ցուցաբերում խնդիրների լուծմանը։ «Ովքե՞ր են բահայիները» հարցին Աբդուլ-Բահան պատասխանել է. - Բահայի լինելը պարզապես նշանակում է սիրել ամբողջ աշխարհը. սիրեք մարդկությանը և փորձեք ծառայել նրան, աշխատեք հանուն համընդհանուր խաղաղության և համընդհանուր եղբայրության։
2021թ նկարահանվել է Ծանոթացում հարյուրամյա ջանքերին ֆիլմը, որը նկարագրում է բահայի համաշխարհային համայնքի վերջին հարյուր տարվա ջանքերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբդուլ Բահա
- Շողի Էֆֆենդի
- Բահայի այգիներ
- Բահայի տաճարներ
- Բահայիների վարչակարգը
- Բահայիների սուրբ տոները
- Բահաուլլա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «News». BahaiTeachings.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=VT5xJSRf5eY&ab_channel=Baha%27iArmenia
- ↑ «Bahāʾī Faith».
- ↑ «Home Page». Bahá'í Gardens (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Բահայի Գրադարան». Բահաի Գրադարան (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Bahá'í World Center».
- ↑ «Bahai.am - Բահայի բլոգ». bahai.am/ (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Statistics».
- ↑ «Scripture».
- ↑ «Baha'is believe in the essential unity of all religions». BahaiTeachings.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլիամ Ս. Հեթչեր, Ջ. Դուգլաս Մարտին - Նոր համաշխարհային կրոն
- Юлий Аркадьевич Иоаннесян - Вера бахаи
- Peter Smit - An Introduction to the Baha'i Faith
- Bahá'u'lláh and the New Era — Esslemont — View on the new Baha’i Reference Library
- Bahíyyih Khánum — Bahá'í World Centre
- The Dawn Breakers — Nabil
- The Story of Baha'u'llah: Promised One of All Religions: by Druzelle Cederquist
- Gleanings from the Writings of Bahá’u’lláh: by Bahaullah
- Call to Remembrance: by Baha'u'llah
- “The Life of Baha’u’llah”: by Melissa Charepoo
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահայի» հոդվածին։ |
|