Էտ
Էտ, ծայրատում, ծառերի ճյուղերի և բույսերի ընձյուղների մասնակի կամ լրիվ հեռացումը. պտղատու և գեղազարդիչ բույսերի խնամքի եղանակ է։ Բարելավում է սաղարթի լուսավորությունը, ավելացնում պտղատվության փուլի արդյունավետությունը, խթանում է մեծ քանակի ընձյուղների և պտղային գոյացությունների ամենամյա առաջացումը։ Բույսերի էտի հիմնական եղանակներն են ծայրատումը (կարճացում) և նոսրացումը (կտրում)։
Կարճացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճացման դեպքում կտրում են ճյուղերի երկարության որոշ մասը, որը բարելավում է ջրով ու սննդարար նյութերով նրանց սնուցումը։ Միաժամանակ նվազում է ճյուղերի մերկացումը, արագանում է քնած բողբոջների աճը, սաղարթի անհրաժեշտ մասում առաջանում է ճյուղավորում։ Կարճացումը կտրուկ փոխում է սաղարթի ձևը, այն դարձնում է ավելի հավաք։
Ընձյուղների ծայրատումը (պինցիրացում, գերմ.՝ pinzieren – ծայրատում) կատարում են ձեռքով կամ էտոցով (այգեգործական մկրատ)՝ հեռացնելով ընձյուղի վերնածայրը և թողնելով ներքևի 7–10 տերևներով հատվածը։
Բանջարաբուծության մեջ ծայրատումը կիրառում են վարունգի (ջերմոցային), սմբուկի, բրյուսելյան կաղամբի մշակության մեջ, ինչպես նաև շաքարի ճակնդեղի ու գազարի (բաց գրունտում) աճեցման ժամանակ, դաշտավայրության մեջ՝ շաքարի ճակնդեղի սերմնաբույսերի խնամքի դեպքում։ Բոլոր ցողուններից կտրում են 2-3 սմ-ի չափով՝ ծաղկման փուլի սկզբում կամ զանգվածային ծաղկման ժամանակ։ Ծայրատում կատարվում է նաև քիմիական եղանակով՝ մալեինաթթվի հիդրազիդի պատրաստուկով, որը դադարեցնում է շիվերի աճը, ինչի հետևանքով ուժեղանում է սնուցող նյութերի հոսքը դեպի սերմեր և բարձրանում է դրանց բերքատվությունը։ Քիմիական ծայրատումը կատարում են ինքնաթիռներով՝ սրսկման միջոցով ճակնդեղի զանգվածային ծաղկման վերջին փուլում 1 հա-ի համար մալեինաթթվի հիդրազիդի ազդող նյութի 100 գ չափաքանակով։
Նոսրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոսրացումը կիրառում են սաղարթի խտացումը կանխելու և նրանում լուսավորվածությունը բարելավելու համար։ Սովորաբար, կարճացումը համակցում են նոսրացումով։ Պտղաբեր օրգանների էտը կարևոր նշանակություն ունի խնձորենու և տանձենու համար, նպաստում է ազատվելու ավելորդ պտղաբեր օրգաններից և խնայում սնուցման նյութերը։ Ցրտահարված ծառերի էտը, որպես կանոն, կատարում են ամռանը։ Նոսրացման ժամանակ հիմքից հեռացնում (կտրում) են չորացած, ցրտահարված կամ խանգարող ճյուղերը։