Բաստուրմա
Բաստուրմա, Չորմիս, հատուկ եղանակով մշակված և չորացրած միս։ Բաստուրմա են անվանում նաև խորովածի համար նախապես քացախով, աղով, սոխով ու պղպեղով համեմած միսը։
Պատրաստման եղանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տավարի սուկին և մեջքամասի փափուկ միսը լվանում են, բաժանում 30 սմ երկարությամբ, 12 սմ լայնությամբ և 6 սմ հաստությամբ կտորների, դնում ամանի մեջ, վրան ցանում աղի, նատրիումի նիտրիտի (0,6 %) խառնուրդ, շորով ծածկում և պահում 2 օր, որից հետո միսը շրջում և դարձյալ պահում 2 օր։
Աղատոգորված միսը սառը ջրով թեթևակի լվանում են, ցամաքացնում փայտե ցանցի վրա, դնում սեղանին փռած շորի վրա, շորի եզրերը ձգելով միացնում այնպես, որ միսը մնում է շորի երկու շերտերի արանքում, շորի վրա դնում տախտակ, վրան՝ որևէ ծանրություն։ 5 ժամ հետո շորը փոխում են, միսը դարձյալ մամլում (ևս 12 ժամ)։ Այնուհետև մսի կտորները լարանով ամուր կապում են, կախում ստվերում և թողնում չորանալու (12 ժամ)։
Չամանի սերմերն ընտրում են, լվանում և ծեծում, խառնում ծեծած սխտորի, աղացած կարմիր պղպեղի հետ, ավելացնում այնքան ջուր, որ ստացվի նոսր թթվասերի թանձրության զանգված։
Մսի կտորները պատում են ստացված խառնուրդով, շարում ամանի մեջ և պահում 4 օր, որից հետո նշված գործողությունը կրկնում երեք անգամ՝ 3-4 օր ընդմիջումով։ 10-12 օր հետո միսն ամանից հանում են, կախում ստվերում և պահում տասը օր չորանալու[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տնային տնտեսության հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 1997, էջ 139։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 305)։ |