Jump to content

Ընկուզենի սև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկուզենի սև
Ընկուզենի սև
Ընկուզենի սև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Ընկուզազգիներ (Juglandaceae)
Ցեղ Ընկուզենի (Juglans)
Տեսակ Ընկուզենի սև (J. nigra)
Միջազգային անվանում
Juglans nigra
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ընկուզենի սև (լատին․՝ Juglans nigra), ընկուզազգիների ընտանիքի, ընկուզենի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր, ճյուղատարած, տերեւաթափ ծառեր են՝ 35-40, երբեմն՝ 50 մ բարձրությամբ։ Բնի տրամագիծը հասնում է մինչեւ 1,5 մ-ի։ Այն ծածկված է խոր ճաքճքված, գրեթե սև կեղևով։ Ընձյուղները ձիթականաչ են, սկզբնական շրջանում ծածկված մոխրադեղնավուն աղվամազով եւ նոսր ոսպնյակներով։ Բողբոջները ձվաձև են կամ կլորավուն։ Տերևները կենտ փետրաձև են, 25-50 սմ երկարությամբ, կազմված 11-19 (երբեմն՝ 23) երկարավուն-ձվաձեւ տերեւներից, որոնց երկարությունը հասնում է 6 -10 սմ-ի, լայնությունը՝ 2,5-3,5 սմ-ի, սրածայր, մանր ատամնաեզր, կարճ կոթունավոր, սկզբում աղվամազով են ծածկված, հետագայում մերկանում են։

Բացվում են մայիսի կեսերին։ Տերևաթափը դիտվում է սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին։ Առէջային ծաղիկների երկարությունը հասնում է 6-15 սմ-ի, իսկ տրամագիծը 1-2 սմ-ի, առէջների թիվը հասնում է 20-30-ի, որոնք ունեն ծիրանագույն փոշանոթներ։ Վարսանդային ծաղիկները 3-5-ական են։ Կեղծ կորիզապտուղը գնդաձեւ է կամ տանձաձեւ, 3,5-5 սմ տրամագծով, պտղակոթը մազմզուկապատ է։ Ընկույզը կլոր է, ձվաձև կամ հակառակ-ձվաձև, սրագագաթ, 3-4 սմ տրամագծով, մուգ դարչնագույն, երկու ատամնաալիքաձև երկարավուն ելուստներով, նրանց միջև ընկած տարածությունը ծածկված է խոր ակոսիկներով։ Կճեպը հաստ է և պինդ։ Արագ է աճում։ Պահանջկոտ է հողի նկատմամբ, խոնավասեր է։ Արտակարգ ցրտադիմացկուն է։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Մասսաչուսետսից դեպի հարավ մինչ7 Ֆլորիդա եւ Տեխաս, մեծ մասամբ աճում է լեռներում, լայնասաղարթ անտառներում, բերրի եւ բավականին խոնավ հողերում։ Մեր հանրապետության պայմաններում հազվադեպ է հանդիպում։ Հատուկենտ ծառեր կան Երևանում, Գյումրիում (կանաչ տնկարկներում), բուսաբանական այգում եւ նրա լեռնային բաժանմունքներում, դենդրարիներում։ Հանդիպում է անտառկուլտուրաներում։ Ամենուրեք լավ է հարմարվել տեղի պայմաններին՝ ցրտադիմացկուն է, շոգադիմացկուն, լավ է տանում ժամանակավոր երաշտը։ Խորհուրդ է տրվում մեր հանրապետության բոլոր դենդրոլոգիական շրջանների համար։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտը խիստ արժեքավոր է։ Ընկույզը համեղ է և պարունակում է 55-60% ճարպեր։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես գեղեցիկ, հզոր պարկային ծառատեսակ, որը կարելի է օգտագործել մասսիվներում, խմբերում, ծառուղիներում եւ որպես սոլիտեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (216)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկուզենի սև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկուզենի սև» հոդվածին։