Սկզբում եղել է Մարտին Լյութերի կողմնակիցը, հետագայում հակադրվել է նրա ուսմունքին։ Ակտիվորեն մասնակցել է 1520-ական թթ․ Գերմանիայում ծավալված հեղափոխական իրադարձություններին։ 1521-ին Չեխիայում հրատարակել է «Պրահայի մանիֆեստը», որտեղ շարադրել է իր հեղափոխական ուսմունքի հիմնադրույթները, ժողովրդին կոչ արել վերածնել և զարգացնել տաբորականների (Հուսյան շարժման հեղափոխական թևի ներկայացուցիչների) հեղափոխական ավանդույթները։ Գյուղացիական պատերազմի պարտությունից հետո գերվել և մահապատժի է ենթարկվել։ Մյունյցերիի կրոնափիլիսոփայական պանթեիստական ուսմունքն ուղղված էր քրիստոնեության բոլոր հիմնական դոգմաների դեմ և մոտ էր աթեիզմին։ Մյունցերի պանթեիզմը սոցիալական ուղղվածություն ուներ, ամեն ինչ համաշխարհային ամբողջի մասն է, և անհատները հասարակական շահից տարբեր շահ չեն կարող ունենալ։ Մյունցերի Ռեֆորմացիան դիտում էր որպես հասարակության վերափոխում ընդհանուրի շահին համապատասխան և կոչ անում ժողովրդական հեղափոխությամբ հաստատել «աստվածային թագավորություն», որտեղ չի լինի մասնավոր սեփականություն ու շահագործում։ Մյունցերիի հասարակական-քաղաքական ծրագիրը Ֆրիդրիխ էնգելսը բնութագրել է որպես «կոմունիզմի կանխագուշակում երևակայությամբ»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 650)։