1860-1870-ական թվականներին հրատարակել է «Լա Ռյու» («La Rue»), «Լը փյոփլը» («Le Peup1е») դեմոկրատական թերթերը։ 1870 թվականի սեպտեմբեր 4-ի հեղափոխությունից հետո հիմնել է «Լը քրի դյու փյոփլը» («Le Cri du Peuple») թերթը, որն արգելվել է 1871 թվականի մարտի 12-ին և վերահրատարակվել կոմունայի ժամանակ։ Ժ.Վալեսը մասնակցել է 1871 թվականի մարտի 18-ի ապստամբությանը, ընտրվել է Փարիզյան կոմունայի և նրա լուսավորության հանձնաժողովի անդամ։ Կոմունայի պարտությունից հետո տարագրվել է Անգլիա։ «Լոնդոնյան փողոցը» (1884) ակնարկների գրքում և «Սովը Բյուզանսեում» (հրատարակվել է 1919 թվականին) վեպում մոտեցել է բանվոր դասակարգի պատմական դերի ըմբռնմանը։ 1880 թվականի ներումից հետո վերադարձել է Ֆրանսիա, 1883 թվականից նորից հրատարակել է «Լը ՔՐԻ դյու փյոփլը» թերթը։ Ժ. Վալեսի լավագույն ստեղծագործությունը «Ժակ Վենտրա» [մաս 1 «Երեխան» վերնագրով, 1879 (հրատարակվել է Ժան Լյա Ռյու կեղծանունով), մաս 2՝ «Բակալավր», 1881, մաս 3՝ «Ապստամբը», 1886 ] ինքնակենսագրական եռերգությունն է՝ նվիրված Փարիզյան կոմունայի նախապատմությանն ու պատմությանը։ Նա պայքարել է նատուրալիզմի և դեկադանսի դեմ («Իլյուզիոնիստները», 1867, հոդված), արվեստի առավելությունը տեսնում էր աշխատավոր մարդու շահերին ծառայելու («Ժողովրդական պոեզիա», 1881) և ժողովուրդների ազատագրմանը աջակցելու մեջ («Ժողովրդի զավակները», 1879)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 231)։