Իոսիֆ Պանչիչ
Իոսիֆ Պանչիչ սերբ.՝ Јосиф Панчић | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5 (17), 1814[1] Ugrini, Բուզետ, Իստրիա, Խորվաթիա կամ Բելգրադ, Օսմանյան կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 25 (մարտի 8), 1888[1] (73 տարեկան) Բելգրադ, Սերբիայի թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Սերբիայի իշխանություն և Սերբիայի թագավորություն |
Մասնագիտություն | բուսաբան, կենսաբան, համալսարանի դասախոս, բժիշկ, բնագետ և դպրոցի դասատու |
Հաստատություն(ներ) | Բելգրադի համալսարան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն, բժշկություն[2] և բնական գիտություն[2] |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գրականության ընկերություն |
Ալմա մատեր | Բուդապեշտի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | սերբերեն[2] և խորվաթերեն[2] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Pančić |
Josif Pančić Վիքիպահեստում |
Իոսիֆ Պանչիչ (սերբ.՝ Јосиф Панчић, ապրիլի 5 (17), 1814[1], Ugrini, Բուզետ, Իստրիա, Խորվաթիա և Բելգրադ, Օսմանյան կայսրություն[2] - փետրվարի 25 (մարտի 8), 1888[1], Բելգրադ, Սերբիայի թագավորություն[1]), սերբ բժիշկ, բուսաբան և Սերբական թագավորական ակադեմիայի առաջին նախագահ։ Նա հայտնաբերել է նոր տեսակի փշատերև, որը կոչվում է Պանչիչի եղևնի կամ Սերբական եղևնի (սերբ.՝ Панчићева оморика)։ Կոպաոնիկ լեռան ամենաբարձր գագաթը կոչվում է Պանչիչի գագաթ (Панчичев-Врх, 2017 մ), որի վրա գտնվում է Պանչիչի դամբարանը նրա մարմնի մնացորդներով (այժմ Կոսովոյի տարածքում)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանչիչը ծնվել է Խորվաթիայի Վինոդոլսկա համայնքի Ուգրին գյուղում, (այդ ժամանակ Ավստրիական կայսրության կազմում), կաթոլիկ ընտանիքում, Պավելի եւ Մարգարիտայի չորրորդ երեխան է եղել։ Ըստ ավանդության, Պանչիչը ծնունդով Հերցեգովինայից է եղել, և հնագույն ժամանակներից նրանք եկել են Ուգրինի գյուղ, որը գտնվում է հյուսիսային մասում` Վինոդոլսկ համայնքի Վելեբիտի կազմում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոսիֆ Պանչիչի ծնողներն աղքատ էին, իսկ նրա հորեղբայրը Գոսպիչի ավագ սարկավագն է եղել (կամ եպիսկոպոսի օգնական), ով զբաղվել է տղայի կրթությամբ։ Իոսիֆը տարրական կրթությունը ստացել է Գոսպիչում, իսկ միջնակարգը` Ռիեկայում։ Ռիեկայից Իոսիֆը տեղափոխվել է Զագրեբ (1830), կրթությունը շարունակելով բարձրագույն դպրոցում {Regia Academica Scientiarum}։ Հունգարացիների հետ շփվելուվ նա իմանալով Բժշկական համալսարանի մասին, որտեղ այդ ժամանակ դասավանդվում էին բնագիտական առարկաներ, ցանկացել է ուսումը այնտեղ շարունակել։ Նա 1842 թվականի սեպտեմբերի 7-ին ավարտել է Բժշկական համալսարանը` ստանալով բժշկության դոկտորի կոչում (թեզը` {Taxilogia botanica}), որը նա նվիրել է իր հորեղբորը` Գրգուրին։ Պանչիչը Բուդապեշտում սովորելու տարիներին մասնակցել է նաև Բուսաբանության դասընթացներին և ստիպված է եղել վաստակել` ֆրանսերեն և իտալերեն դասեր տալով։ Դա բավական երկար է տևել, քանի որ ուսումնառությունը տևել է 10 տարի։ Կրթության տարիներին նա ծանոթացել է անվանի պրոֆեսոր, բուսաբան Ջոզեֆ Սադլերի (Sadler József) հետ։ Ավելի ուշ, նրա դասախոսությունները հիշելով Իոսիֆը գրել է.
Եվ առաջին կուրսից ես սիրեցի բուսաբանությունը և որոշեցի դառնալ բուսաբան[3]։ |
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանչիչը չցանկանալով պետական ծառայության անցնել` մասնավոր բժիշկ է աշխատել։ Բայց բժշկական փորձառությունը ապրուստին չէր բավարարում, քանի որ բավականաչափ հիվանդներ չկային և եղածներն էլ հիմնականում աղքատներ էին։ Նա երկու տարի Բանատում` Ռուբսբերգում է անցկացրել, որտեղ զբաղվել է հանքահորի սեփականատիրոջ երեխաների դաստիարակությամբ։ Այդ ընթացքում նա ծանոթացել է Բանատի բնությանը, այցելել է Դելիբլատսկի ավազներ (սերբ.՝ Делиблатска пешчара) և բարձրացել է Կարպատներ, հանքերում հանդիպել է շատ հետաքրքիր լեռնային ապարների և հանքանքարերի։ Նա հավաքել է Բանատի ֆլորայի շատ հետաքրքիր բույսեր։
Երկու տարի անց նա գնացել է Կերպարի, որպեսզի այցելի իր բարերար հորեղբորը` Գրգուրին և եղբորը` Մատիին։ Այնտեղ նա շրջել է մերձակայքում, բարձրացել է Վելեբիտ և շատ բույսեր է հավաքել։
Վիեննա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանչիչը մեկնում է Վիեննա, որպեսզի լրացնի իր հերբարիումը, որը կուտակել էր Պեշտեում, Բուդիում, Էրդելսկինում և Տրանսիլվանիայում[4]։ Վիեննայի բնագիտության պատմության թանգարանում ուսումնասիրել է իր հավաքած բույսերը, նաև միաժամանակ մասնակցել է բուսաբան Էնդլերի դասախոսություններին։ Վիեննայում նա մնացել է մեկ տարի և այդ ընթացքում բախվել է Սերբիայի և Խորվաթիայի արտագաղթին, ծանոթացել է հայրենակիցներ Ֆրանց Միկլոշիչի և Վուկ Կարաջիչի հետ։ Վուկը նրա համար Սերբիայի իշխանություններին ուղղված երաշխավորագիր է գրում, որում ասվում է, որ նա ցանկանում է բնակվել Սերբական Իշխանությունում և ուսումնասիրել նրա բնությունը։ Նա ակնկալում էր, որ դրամական օգնություն կստանա Ռուսաստանից (որն այդպես էլ չի ստացել)։ Պանչիչի մոտ գրեթե գումար չկար և Վուկի խորհրդին հետևելով տեղափոխվում է Սերբիա` նպատակ ունենալով Ուժիցեում նշանակում ստանալ։
Սերբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանչիչը Սերբիա է եկել 1846 թվականի մայիսին, իշխան Ալեքսանդր Կարագեորգիևիչի իշխանության ժամանակ։ Բայց քանի որ Վուկը Սերբիայում շատ թշնամիներ ուներ, ապա նրա հանձնարարականը ոչինչ չարժեր, նույնիսկ Պանչիչին սկսեցին կասկածանքով նայել, մտածելով, որ նա արտասահմանում լրտեսական աշխատանք է կատարել։ Նա մեկնում է Ուցիչ` բուսականության ուսումնասիրությունը շարունակելու[5]։
Պանչիչը բժիշկ աշխատելու հրավեր է ստանում Արտաքին գործերի նախարար Ավրամ Պետրոնիևիչից, որը Յագոդինա մարզի Բելիցա գյուղում ապակեգործական գործարան ուներ։ Նա որպես բժիշկ աշխատել է` պայքարելով տիֆի վարակի դեմ, որը տարածվել էր գործարանի աշխատակիցների շրջանում։ Պանչիչը այդտեղ աշխատել է կես տարի և բարեհաջող ավարտել է իր գործը։ Յագոդինայում Պանչիչին սիրում էին և գնահատում` որպես բարեխիղճ բժիշկ և ազնիվ մարդ։
1847 թվականի փետրվարին Պանչիչը նշանակվեց Յագոդինայի մարզի ֆիզիկուս (ավագ բժիշկ)։ Սակայն նախորդ տարում սկսված փորձությունները շարունակվեցին. նա գնաց Տեմնից, հետո Օպարիկի օկրուգի մոտականքում գտնվող Լևաչ (Պրևեշկ լիճ) և Լյուբոստինե վանական համալիր։ Հունիսի կեսերին նա տեղափոխվեց Բանե Ալեքսինաչկա, որտեղից առաջին անգամ հայտնվեց Ռտան և Օզրեն լեռներում։ Նույն թվականին Ավստրո-Հունգարիայի քաղաքացիությունից հրաժարվելու և Սերբիայի քաղաքացիություն ընդունելու ցանկություն հայտնեց։
1847 թվականի նոյեմբերի 12-ին նա տեղափոխվում է Կրագուևաց և մարզային բժշկի ժամանակավոր նշանակում է ստանում։ Յագոդինում եղած ժամանակ Պանչիչը եղել է սերբական Չուպրիա քաղաքում և այնտեղ հանդիպել է Լյուդմիլա Միլևային և 1849 թվականի հունվարին` ուղղափառություն ընդունելով ամուսնացել է նրա հետ Չուպրիայի ուղղափառ եկեղեցում։ Նրանք ունեցել են երեք որդի և չորս դուստր, որոնցից երկու որդիները մահացել են մանուկ հասակում։
Բնագիտության պրոֆեսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]1850 թվականի հունվարի 8-ին Իոսիֆ Պանչիչը նշանակվել է «Սերբական գրականության միության» (սերբ.՝ Друштво српске словесности) անդամ, իսկ 1853 թվականին նա Կրագուևացից մեկնում է Բելգրադ, որտեղ էլ նշանակվում է Բելգրադի համալսարանի (այն ժամանակ` Սերբական թագավորական լիցեյ) բնագիտական առարկաների պրոֆեսոր։ Նա դասավանդում էր բուսաբանություն, կենդանաբանություն, երկրաբանություն և հանքաբանություն, ինչպես նաև գրեթե 15 տարի ագրոնոմիա[6]։ Նա առաջին պայմանագրային պրոֆեսորն է եղել, բայց երբ 1854 թվականին Սերբիայի քաղաքացիություն ստացավ, նշանակվել է լիցեյի լիարժեք պրոֆեսոր։ 1854 թվականին նա իր անունը փոխել է. նախկին Իոսիպը դարձել է Իոսիֆ։
Ռեկտոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբիայի քաղաքացիություն ստանալուց հետո Պանչիչը Սերբական գիտական ընկերության անդամ է դարձել և լիցեյի պրոֆեսոր է նշանակվել չունենալով դոկտորական ատենախոսություն կամ գիտական հոդված։ Նրան պրոֆեսորի պաշտոնը տվել են իր գիտելիքների և համոզմունքների հիման վրա, քանի որ նա հանդիսանում էր Սերբիայի բուսաբանության լավագույն մասնագետը։ Նա բազմիցս ընտրվել է Բելգրադի բարձրագույն դպրոցի ռեկտոր (1866, 1868, 1869, 1870, 1871 և 1872)։
Պանչիչը տարիների աշխատանքի արդյունքում հայտնաբերել է 102 և նկարագրել է շուրջ 2500 տեսակի բույսեր։ Նա մինչև կյանքի վերջը աշխատել է Լիցեյում, որը հետագայում դարձավ Սերբիայի բարձրագույն դպրոց (ապագա` Բելգրադի համալսարան)։
Պանչիչի եղևնի
[խմբագրել | խմբագրել կոդը]1855 թվականին Պանչիչը առաջինն էր, որ հայտնեց, որ Արևմտյան Սերբիայում սոճազգիների ընտանիքի մի հազվագյուտ ամորիկա (Սերբական եղևնի) փշատերև տեսակ կա[7][8]։ «Omorika» բառը բոսնիերեն և սերբերեն բանահյուսության մեջ խորհրդանշում է սլացիկություն[9]։ Տասը տարի անց նա ստացավ եղևնու երկու ճյուղեր։ Եվս տասը տարի պահանջվեց, որ Տարա լեռան վրա, Ջուրիչի գյուղակի մոտ 1877 թվականի օգոստոսի 1-ին (ըստ որոշ աղբյուրների ՝ 1875 թվականին)[10][11] գտնվեր մինչ այդ անհայտ մերկասերմը։ Այն կոչվել է բուսաբան Իոսիֆ Պանչիչի անունով «Պանչիչի սլացիկ» (սերբ.՝ Панчићева оморика, բոս․՝ Pančićeva omorika)։ Դա փշատերև մշտադալար ծառ է կոնաձև թագով։
Պանչիչի կարդամին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոսիֆ Պանչիչի Կոպանիկում հավաքած հերբարիումի ցանկում գրանցված տեսակներից մեկը նույնպես կոչվում է նրա անունով Պանչիչի կարդամին (Pančićeva režuha (Cardamine pancicii))։ Դա ոչ մեծ սպիտակ ծաղիկներով բույս է, էնդեմիկ տեսակ, որը միայն Կոպանոնիկում է աճում[12][13]։
Մահ և հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանչիչը մահացել է 1888 թվականի փետրվարի 25-ին/մարտի 8-ին, «Բուսաբանական այգի» գիրքը ավարտելուց հետո և նախաբանը գրելուց մի քանի օր անց։ Նա մինչև կյանքի ավարտը աշխատել է, եղել է աշխույժ, գիտակից և բարեխիղճ։ «Բալկանյան թերակղզու առաջնեկը» (սերբ.՝ «Првенац Балканског полуострова») գիրքը գրել է հիվանդության օրերի ընթացքում։
Պանչիչի դամբարանը գտնվում է Կոպաոնիկ լեռան ամենաբարձր գագաթին, որը նախկինում «Միլանի գագաթ» էր կոչվում։ Պանչիչի մահից հետո այն վերանվանվել է Պանչիչի գագաթ։
Հազվադեպ կգտնվի մեկ այլ բուսաբան, որ կապված լինի որևէ տեղանքի հետ այնքան, որքան Պանչիչն է կապված եղել Կոպաոնիկ լեռան հետ։ Նա 16 անգամ բարձրացել է լեռը. առաջին անգամ 1851 թվականին, իսկ վերջին անգամ, երբ 72 տարեկան էր։ Նա իր կյանքի մի մասը նվիրել է լեռան բուսածածկույթը ուսումնասիրելուն։ Նրա ցանկությունն էր թաղված լինել լեռան վրա, շրջապատված իր սիրելի բույսերով[14]։ |
Նրա ցանկությունը կատարվել է 1951 թվականի հուլիսի 7-ին` լեռան գագաթն առաջին անգամ նրա բարձրանալուց հարյուր տարի անց, երբ 2000 մասնակիցներից կազմված լեռնագնացների հսկայական մի խումբ իր երթը սկսեց Բելգրադի Ուսանողական հրապարակից և ավարտեց Պանչիչի գագաթին։ Նրանք իրենց հետ տեղափոխեցին բուսաբանի մարմնի մասունքները, որոնք տեղադրվել էին նրա անունը կրող Սերբական եղևնուց պատրաստած դագաղի մեջ[14]։
1999 թվականին շինությունը փլուզվել է ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների հետևանքով[15][16]։ Սակայն Պանչիչի բույսերը պահպանվել են և շարունակում են հիշեցնել նվիրված բուսաբանին։
Ներկայումս սարի գագաթին տեղադրված է նաև Սերբական բանակի ռազմական բազան։
-
Իոսիֆ Պանչիչի դամբարանը Պանչիչի գագաթի (սերբ.՝ Pančićev vrh, 2017 մ) վրա (Կոպաոնիկ լեռան ամենաբարձր գագաթ)
-
Տարայի Ազգային պակի ցուցանակ, որտեղ Պանչիչը գտել է Սերբական եղևնին (Pančićeva omorika), Զաովին լիճ, Տարա լեռ
Գիտական կազմակերպությունների անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերբերենի միություն (սերբ.՝ Друштво српске словесности)
- Սերբիայի Թագավորական ակադեմիայի նախագահ և պատվավոր անդամ
- Սերբիայի գիտնականների միություն
- Սերբիայի հնագիտական միություն
- Սերբիայի բժիշկների միություն
- Երգչախմբային միություն
- Լեհաստանի տնտեսագիտական միություն
- Բավարիայի մի քանի ընթերցասրահների Պատվավոր անդամ
Թղթակից-անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
- Հունգարիայի գիտությունների ակադեմիա
- Բրանդենբուրգի Բուսաբանների միություն
- Վիեննայի Երկրաբանության ինստիտուտ, Շերբուրի Բնագիտական միություն, և Վիեննայի կենդանաբանական բուսաբանական միություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #119252317 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Vasić, Olja. "Josif Pančić and the new Fora of Serbia" Արխիվացված 2016-08-04 Wayback Machine Flora Mediterranea. 23: 209–214. ISSN 2240-4538. Retrieved 20 October 2015.
- ↑ Josif Pančić, 1861: Zur Moosflora des nördlichen Banats.
- ↑ Spasa Sotirov, Branislav Miltojević Klimava država
- ↑ Miomir Komatina (31 March 2004). Medical Geology: Effects of Geological Environments on Human Health. Elsevier. էջ 359-. ISBN 978-0-08-053609-5.
- ↑ Farjon, A. (1990). Pinaceae. Drawings and Descriptions of the Genera. Koeltz Scientific. ISBN 3-87429-298-3
- ↑ Крюссман Г. Хвойные породы / Пер. с нем. — М.: Лесная промышленность, 1986. — С. 164—165. — 256 с. — 7500 экз. — ISBN 3-489-60222-6.
- ↑ UICN : espèce Picea omorika (Pančić) Purk., 1877
- ↑ Picea omorika (Pancic) Purk., 1877, Botanique
- ↑ Rushforth, K. (1999). Trees of Britain and Europe. Collins ISBN 0-00-220013-9.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
- ↑ „Lokalni endemiti”. Արխիվացված 2017-01-06 Wayback Machine npkopaonik.com.
- ↑ 14,0 14,1 [1]
- ↑ Bombing of Cultural Monuments.
- ↑ «Sempervivum kopaonikense in Kopaonik gora». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сајт посвећен Јосифу Панчићу, Биолошки факултет /Վլադիմիր Իոսիֆ Պանրիրին նվիրված կայք, Կենսաբանական ֆակուլտետ, (սերբ.)
- Биографија Јосифа Панчића на сајту САНУ Արխիվացված 2011-07-27 Wayback Machine /Իոսիֆ Պանչիչի կենսագրությունը Սերբիայի գիտությունների եւ արվեստի ակադեմիայի կայքում, (սերբ.)
- „Љубав на први ботанички поглед“ /«Առաջին հայացքից սիրահարվել բուսաբանությանը» Спаса Сотиров и Бранислав Милтојевић, Вечерње новости, фељтон, 2008, Երեկոյան լուրեր, ֆելիետոն, 2008, (սերբ.)
- 200 година Панчића (Б92, 18. април 2014) / Պանչիչի 200-ամյակը, (սերբ.)
- Живот и прикљученија Јосифа Панчића („Политикин Забавник“, 21. јун 2013) /Իոսիֆ Պանչիչի կյանքն ու արկածները, (սերբ.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Պանչիչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Պանչիչ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1814 ծնունդներ
- Խորվաթիայում ծնվածներ
- Բելգրադ քաղաքում ծնվածներ
- Մարտի 8 մահեր
- 1888 մահեր
- Բելգրադ քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բելգրադի համալսարանի ռեկտորներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Բուսաբաններ
- Կենդանաբաններ
- Սերբ բժիշկներ
- Սերբիայի գիտնականներ
- Սերբիայի կենսաբաններ
- Սուրբ Սավվայի շքանշանի ասպետներ
- Ավստրիական կայսրության անձինք