Կետանմաններ
Կետանմաններ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Cetacea
Brisson, 1762
|
||||||||
Ենթակարգեր | ||||||||
| ||||||||
|
Կետանմաններ կամ կետակերպեր(լատին․՝ Cetacea), ջրային կաթնասունների կարգ։ Ներառում է 85 տեսակի ջրային կաթնասունների՝ կետեր, դելֆիններ, ծովախոզեր, որոնք բնակվում են բոլոր օվկիանոսներում, որոշ ծովերում ու գետերում։ Ունեն իլիկանման մերկ մարմին, առջևի վերջավորությունները վերածվել են լողաթևերի, հետիններն անհետացել են, իսկ պոչը վերածվել է երկթիակ լողակի։ Մարմնի չափերն են 1 մ-ից մինչև 33 մ (կապույտ կետ)։ Ունենում են մեկ խոշոր ձագ։
Կետակերպերը բաժանվում են երկու ենթակարգի՝ բեղավոր կետեր և ատամնավոր կետեր։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հսկա չափերի (1, 2-33 մ) կենդանիներ են։ Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով։ Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են։ Մազածածկը, քրտինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել։ Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից։ Քթանցքերը ծածկված են փականներով։ Թոքերը խիստ առաձգական են։
Կմախքը սպունգանման է, ողնաշարը սրբոսկր չունի։ Կողերը 17 զույգ են, սակայն կրծոսկրի հետ միացած են 1-1 զույգը։ Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը։ Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները։ Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետերի կարգն ունի 2 ենթակարգ. անատամ կետեր կամ բեղավոր կետեր (ունեն 3 ընտանիք), իսկ ատամնավոր կետերն ունեն 4 ընտանիք։ Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանոսում՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա։
Ապրելակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու)։
Ատամնաշարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատամնավոր կետերը ունեն ամուր ատամնաշար, որը նրանց թույլ է տալիս սնվել ձկներով և այլ ծովային կենդանիներով։ Ի տարբերություն ատամնավոր կետերի, բեղավոր կետերի ատամնաշարը ավելի նուրբ է և պարունակում է կերատին (մարդկանց եղունգների մեջ առկա նյութ)։ Բեղավոր կետերը սնվում են հիմնականում պլանկտոնով, սակայն երբեմն կարող են որսալ նաև փոքր ծովային կենդանիներ։ Կապույտ կետերը օրական ուտում են մոտ 3.600 կգ ուտելիք։ Գորշ կետերը 130-140 օր տևող սննդակարգի ընթացքում ուտում են 150.000 կգ ուտելիք։ Ուտելիքը նրանց օրգանիզմը լցնում է ճարպով, որը նրանց հետագայում պետք է ավելի ցուրտ պայմաններում գոյատևելու համար։
Մեծ չափսի կետանմանները սնվում են փոքր ձկներով և այլ մանր ծովային կենդանիներով։ Գորշ կետերը հիմնականով սնվում են խեցգետիններով։ Բելուգաների սննդակարգի մեջ մտնում են մոտ 100 տեսակի տարբեր մեծ և փոքր ծովային կենդանիներ, որոնք ապրում են տարբեր խորությունների վրա։ Նրանք կարող են որսալ նույնիսկ չափսով շատ ավելի մեծ կենդանիների՝ ութոտնուկ, գիշատիչ ձկներ և այլն։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ կետանմանների նախնիները հնում ապրել են ցամաքի վրա, հետևաբար նրանք ժամանակի ընթացքում կորցրել են ետին վերջույթները։ Նրանց կողոսկրը դարերի ընթացքում փոքրացել է և օրգանիզմի համար համարյա ոչ մի դեր չի խաղում։ Սակայն արուների մոտ կողոսկրը իր չափսերով մեծ կարևորություն ունի բազմացման գործընթացի համար, քանի որ այն նպաստում է պենիսի լավ աշխատանքին։
Ծնում են 1 խոշոր ձագ։ Սեռահասուն են 2-6 տարում, կյանքի տևողությունը 30-50 տարի է։ Ապրում են ընտանիքներով կամ հոտերով։ Կետերի նախնիները (հավանաբար կրեոդոնտները) ջրային կյանքի են անցել համարյա 60 միլիոն տարի առաջ։
Հայտնի են 127 սեռի բրածո կետեր։
Էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետերի էվոլյուցիան ամենաբարդ և անհասկանալի փոփոխություններից մեկն է։ Գիտնականները հիմնական տեղեկությունները ստացել են բրածոների ուսումնասիրություններից։ Կետանմանները ծովային կաթնասուններ են և հետևաբար նրանց նախնիները միլիոնավոր տարիներ առաջ ապրել են ցամաքում։ Պակիսետուս հնագույն կենդանին համարվում է կետանմանների նախնին, ով ապրում էր ջրի ափին և ուտելիք հայթայթելու նպատակով նա հիմնականում սնվում էր ջրում։ Այնուհետև կենդանին սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել ջրում, և էվոլյուցիայի հետևանքով նրա ետին վերջույթները վերածվեցին հորիզոնական լողակների։
Ենթակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեղավոր կետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեղավոր կետերը (Mysticeti) կետակերպերի ամենախոշոր ներկայացուցիչներն են։ Հայտնի է բեղավոր կետերի 13 տեսակ՝ կապույտ կետ, գրենլանդական կամ բևեռային կետ, սովորական շերտավոր կետ (ֆինվալ), հյուսիսային շերտավոր կետ (սեյվալ), գորշ կետ, սապատավոր կետ, հարավային կետ և այլն։ Բեղավոր կետերը աշխարհի խոշորագույն կենդանիներն են։ Էգերն ավելի խոշոր են քան արուները։ Ատամների փոխարեն վերին ծնոտին ունեն մինչև 800 եղջերային թերթիկներ, որոնք կոչվում են բեղեր (այստեղի էլ բեղավոր կետեր անվանումը)։ Թերթիկների երկարությունը մինչև 4,5 մ է։ Դրանք օգնում են կուլ տված ջրից առանձնացնել պլանկտոնն ու մանր խեցգետնակերպերին, որոնցով սնվում են բեղավոր կետերը։ Բեղավոր կետերն ունեն զույգ քթանցքներ, որոնք գտնվում են գլխի վերևում։ դրանք ունեն փականներ, որոնք փակվում են, երբ կետը սուզվում է։ Երբ կետը հայտնվում է ջրի մակերևույթին, փականները բացվում են և կետը արտաշնչում է։ նրա թոքերից մղվող տաք օդը մինչև 10 մ բարձրությամբ գոլորշու ամպ է առաջացնում, որը երևում է հեռվից և կոչվում է կետի շատրվան։
Ատամնավոր կետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատամնավոր կետերը (Odontoceti) բեղավոր կետերից տարբերվում են նրանով, որ վերին ծնոտին ունեն ատամներ (ստորին ծնոտին ատամներ չունեն)։ Ատամների քանակը 2-ից մինչև 240 է, որոշ դելֆիններ ունեն ավելի քն 200, միաժանին (նարվալ)՝ ընդամենը երկու ատամ, որոնցից մեկն աճում և դառնում է հսկա ժանիք։ Ատամնավոր կետերը ունեն մեկ քթանցք։ Նրանք սնվում են ձկներով, գլխոտանիներով, երբեմն՝ ծովային կաթնասուններով։ մարմնի չափերով նկատելի զիջում են բեղավոր կետերին։ Ամենախոշոր տեսակը կաշալոտն է, որի մարմնի երկարությունը 20 մ է, իսկ քաշը՝ մինչև 50 տ։ Կաշալոտը համարվում է աշխարհի խոշորագույն գիշատիչը։ կաշալոտը սնվում է ծովային գլխոտանիներով՝ կաղամարներ, ութոտանիներ և այլն։ Ատամնավոր կետերը հրաշալի լողում են, կարող են զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն։ Նրանք ներառվում են 7 ընտանիքներում՝ դելֆինայիններ, միաժանիներ, կաշալոտայիններ, ծովախոզայիններ, գետային դելֆիններ և այլն։ Դելֆինները չղջիկների նման տիրապետում են էխոլոկացիայի ունակության՝ ուլտրաձայնային ազդանշանների օգնությամբ հրաշալի կողմնորոշվում են ջրում[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կենդանիների հանրագիտարան. Երևան: Վահագն Աբրահամյան. 2015. էջեր 98–99.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Rüdiger Wandrey - Gids van Walvissen en Robben (oorspr. Duits։ Stuttgart 1997); uitg. Tirion Baarn 2001
- Cetacea site
- walvis pagina van Greenpeace Արխիվացված 2005-01-07 Wayback Machine
- The Mammals that Conquered the Seas door Kate Wong en uitgebracht door Scientific American, Vol 286, No 5, May 2002
- Whales, Dolphins and Porpoises door Mark Carwardine, uitgegeven door Dorling Kindersley, 2000. ISBN 0-7513-2781-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 389)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետանմաններ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետանմաններ» հոդվածին։ |
|