Jump to content

Համզաթ-բեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համզաթ-բեկ
Ծնվել է1789
ԾննդավայրԳոցատլ, Ավարական խանություն, Դաղստան
Մահացել էհոկտեմբերի 1, 1834(1834-10-01)
Մահվան վայրԽունզախ, Դաղստան
Կրոնիսլամ

Համզաթ-բեկ (1789, Գոցատլ, Ավարական խանություն, Դաղստան – հոկտեբերի 1, 1834, Խունզախ, Դաղստան), Դաղստանում ստեղծված ռազմա-աստվածապետական շարժման ղեկավար՝ երկրորդ իմամը (1832-1834 թվականներին)։

Համզաթ-բեկը ծնվել է 1789 թվականին Ավարական խանության Հուցալ կամ Գոցատլ մեծ գյուղում՝ ավար ազնվական հոր և ոչ-ազնվական մոր ընտանիքում։ Հետևաբար, պատկանել է «ջանկա» դասակարգին։ Հայրը եղել է խանության տիրակալ Ալի Սուլթան Ահմադ խանի մտերիմը և ավարների շրջանում հայտնի էր իր խիզախությամբ և կառավարչական հմտություններով։ Համզաթ-բեկն իր պատանեկության մի քանի տարին անցկացրել է Խունզախում՝ խանի նստավայրում, որտեղ Ալի Սուլթան Ահմադի այրին՝ Պախու Բիկեն կազմակերպել է նրա կրթությունը[1]: Համզաթ-բեկը մի շարք գիտնականների մոտ սովորել է շաֆիական իսլամական իրավունք և արաբերեն[2]: Պատանեկության տարիներին ալկոհոլ էր օգտագործում, բայց Ղազի Մուհամմադի հետ ծանոթանալուց հետո բարեփոխել է իր վարքագիծը, դարձել եռանդուն մուսուլման և միացել Ղազի Մուհամմեդի շարժմանը՝ Դաղստանում շարիաթի կիրառման և ադաթի (ավանդական օրենք) վերացման համար[1]: Ի տարբերություն Ղազի Մուհամմադի և երրորդ իմամ Շամիլի, Համզաթ-բեկը երբեք չմիացավ Նաքշբանդիյա-Խալիդիյա սուֆիական միաբանությանը[2]:

Ղազի Մուհամմադի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականի վերջերին և 1830 թվականի սկզբին Ղազի Մուհամմադը հռչակվել է Դաղստանի իմամ (կրոնական և քաղաքական առաջնորդ) և սրբազան պատերազմ (ջիհադ կամ ղազավաթ) հայտարարել ռուսների դեմ։ Համզաթ-բեկը մասնակցել էր ռուսների դեմ կռիվներին դեռևս 1826 թվականին․ հնարավոր է, որ նա է օգնեց Ղազի Մուհամմադին համոզել սրբազան պատերազմ հայտարարել[3]։ Դարձել է Ղազի Մուհամմեդի առաջատար հրամանատարներից մեկը։ Երբ 1830 թվականին ռուսները գրավեցին Չարթալահը (Դաղստանից հարավ, այժմյան Ադրբեջանում), Համզաթ-բեկը գլխավորել է ռուսների դեմ հակահարձակումներից մեկը[1]։ 1830 թվականի աշնանը Համզաթ-բեկն ասպատակել է Կախեթի Ալազանի հովտի վրացական բնակավայրերը։ 1831 թվականի սկզբին Ղազի Մուհամմեդի հետ համատեղ հայտարարություն է արել՝ հորդորելով տարածաշրջանի մուսուլմաններին շարունակել պայքարը ռուսների դեմ։ Սակայն 1831 թվականի հունիսին Համզաթ-բեկը ինքն էր բանակցում ռուսների հետ։ Բանակցությունների ընթացքում ռուսների կողմից գերեվարվել է և տարվել Թիֆլիս։ Ազատ արձակվելու դիմաց որդուն է պատանդ տվել։ Գերության մեջ որդու մահից հետո կրկին միացել է Ղազի Մուհամմադին[2]։ 1832 թվականի հուլիսի սկզբին վիրավորվել է, սակայն այդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին նորից արշավել է Չարթալահ։ Գիմրիի ճակատամարտի սկզբում գտնվում էր իր հայրենի գյուղում։ Մարտի մասին լուր ստանալուն պես շտապել է օգնելու Ղազի Մուհամմադի ուժերին, սակայն նրան չի հաջողվել մարտի ավարտից առաջ հասնել[3]։ 1832 թվականի հոկտեմբերի 29-ին Գիմրիի ճակատամարտում սպանվել է Ղազի Մուհամմադը[1]։

Դաղստանի իմամ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համզաթ-բեկի դրոշի կրկօրինակ (Դաղստանի Հանրապետության ազգային թանգարան)

Ղազի Մուհամմեդի մահից հետո Համզաթ-բեկը իմամ է հռչակվել Դաղստանի հոգևորականների և ավագանու կողմից։ Դա արվել է շեյխ Մուհամմադ ալ-Յարաղիի նախաձեռնությամբ[4] Որոշ աղբյուրների համաձայն՝ նոր իմամի ընտրությունը եղել է Համզաթ-բեկի և Շամիլի միջև, բայց քանի որ դեռ Շամիլը ապաքինվում էր Գիմրիի ճակատամարտում ստացած վերքերից և Համզաթը, որպես հարուստ ազնվական, ավելի միջոցներ ուներ մարդկանց իր կողմը գրավելու համար[5]։

Այդ ժամանակ շատերը լքել էին ջիհադիստական շարժումը և տեղական էլիտաներից քչերն էին նախապես ընդունում Համզաթ-բեկի իշխանությունը[6]։ Սկզբում նրա իշխանությունը տարածվում էր միայն Հուստալ, Աշիլթա, Գիմրի, Թիլիք և Մոհոխ համայնքների վրա։ Նա ուժ է կիրառել՝ համայնքները վերադարձնելու իմամատի վերահսկողության տակ[7]։ 1832 թվականի ամռանը Համզաթ-բեկը կրկին ասպատակել է Կախեթ և պատժիչ հարձակումներ իրականացրել կենտրոնական Դաղստանի ավարական և դարգինական համայնքների վրա, որոնք համագործակցել էին ռուսների հետ[2]։ Միաժամանակ, Համզաթ-բեկ փորձել է բանակցել ռուսների հետ։ Ռուսները նրան հրավիրել են բանակցությունների Տեմիր-Խան-Շուրայում, բայց նա չէր վստահում ռուսներին և գնալու փոխարեն նամակներ է ուղարկել։ Այս նամակներից մեկում նա առաջարկել է հաշտություն Ռուսաստանի այն պայմանով, որ ռուսները չխանգարեն շարիաթի կիրառումը։ Նամակն անպատասխան է մնացել, և Համզաթ-բեկը դիմել է կումիկների շամխալին (Թարքիի իշխանին)` միջնորդի դեր կատարելու խնդրանքով։ Համզաթ-բեկը տեղյակ չէր, որ շամխալը ինքն էր հորդորում ռուսներին հարձակվել իմամի վրա։ Այս բանակցությունները նույնպես ձախողվեցին և Համզաթ-բեկը այլևս չի բանակցել ռուսների հետ[7]։

1833 թվականի հոկտեմբերին Համզաթ-բեկը Գերգեբիլ գյուղին ստիպել է ընդունել իր իշխանությունը՝ ջախջախելով Գերգեբիլին օգնության հասած շամխալի, Մեհթուլիի խանի և Աքուշայի համայնքի ուժերին[8]։ Ի տարբերություն իր նախորդի և հաջորդի, որոնք հիմնականում ապավինում էին Դաղստանի ազատ գյուղացիությանը (ուզդենների), Համզաթ-բեկը փորձում էր իր կողմը գրավել Ավարական խանության իշխող ընտանիքին։ Ավարական խանության փաստացի կառավարիչ Պախու Բիկեն երբեմն ընդունում էր Համզաթ-բեկի՝ շարիաթն ընդունելու կոչերը, բայց նաև հայցում էր Ռուսաստանի օգնությունը՝ խանության անկախությունը պահպանելու համար[2]։ Բացի այդ, ռուսները Պախու Բիկեի վրա ճնշում էին գործադրում, որ նա ընդդիմանա Համզաթ-բեկին։ 1834 թվականի մարտին Պախու Բիկեն գաղտնաբար փորձել է կազմակերպել Համզաթ-բեկի սպանությունը[8]։

1834 թվականի սկզբին Համզաթ-բեկն արդեն վերահսկում էր Ավարական խանության շուրջը գտնվող գյուղախմբերի մեծ մասը, այդ թվում՝ Քոյսուբուն, Գումբեթը, Անդին և Անդալալը[2]։ 1834 թվականի ամռանը պաշարել է խանության կենտրոն Խունզախը։ Բանակցությունների ընթացքում Պախու Բիկեն իր երկու որդիներին պատանդ է տվել Համզաթ-բեկին։ Օգոստոսի 25-ին Պախու Բիկեի մեկ այլ որդին եկել է բանակցելու Համզաթ-բեկի հետ, բայց հանդիպման ժամանակ սկսվել է կռիվ, որում սպանվել են Պախու Բիկեի երկու որդիները՝ Նուսալը և Ումման, Համզաթ-բեկի եղբայրը և հետևորդներից մի քանիսը։ Այնուհետև Համզաթ-բեկը ներխուժել է Խունզախ և սպանել է տվել Պախու Բիկեին և խանության իշխող ընտանիքի բոլոր կանանց, բացառությամբ Պախու Բիկեի հղի հարսի[1]։ Սրանից հետո Համզաթ-բեկը, ըստ երևույթին, հավակնել է ավարական խանի տիտղոսին՝ փորձելով համատեղել ավանդական ազնվականության իշխանությունն իր շարժման կրոնական իշխանության հետ։ [2]

Այնուհետև Համզաթ-բեկը դաշնակցել է Չեչնիայի կարևոր զորապետ Հաջ Տաշոյի հետ, ինչը անհանգստացրել է ռուսներին։ 1834 թվականի սեպտեմբերի սկզբին Համզաթ-բեկը վերսկսել իր արշավանքները և հարձակվել Ցուդախար գյուղի վրա, սակայն պարտության է մատնվել։ Ռուսները նոր գործողություններ էին ծրագրում իմամի դեմ։ Սակայն 1834 թվականի հոկտեմբերի 1-ին Համզաթ-բեկը Խունզախի մզկիթի մոտ սպանվել է Հաջի Մուրադի (Լև Տոլստոյի համանուն վիպակի հերոսը) եղբայր Հաջի Օսմանի կողմից[2]։ Ըստ երևույթին, սպանությունը վրեժխնդրություն էր Ավարական խանության իշխող ընտանիքի կոտորածի համար․ Օսմանն ու Հաջի Մուրադը եղել են խանի կաթնեղբայրները[9]։ Համզաթ-բեկի սպանողն անմիջապես սպանվել է[10]։ Համզաթ-բեկին իմամի պաշտոնում հաջորդել է Շամիլը[2]։ Նրա գերեզմանը գտնվում է Խունզախում[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gammer, 1994
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Kemper, 2017
  3. 3,0 3,1 Gammer, 1994, էջ 60
  4. Gammer, 1994, էջեր 60-61
  5. Покровский Н. И., 2000, էջ 223
  6. King, 2008, էջ 72
  7. 7,0 7,1 Gammer, 1994, էջ 61
  8. 8,0 8,1 Gammer, 1994, էջ 62
  9. Gammer, 1994, էջ 63
  10. Baddeley, 1908, էջ 288
  11. Gammer, 1994, էջ 328, n. 33
  • Baddeley, John F. (1908). The Russian Conquest of the Caucasus. London: Longmans, Green and Co.
  • Gammer, Moshe (1994). Muslim Resistance to the Tsar: Shamil and the Conquest of Chechnia and Daghestan. London: Frank Cass. ISBN 0-7146-3431-X.
  • Kemper, Michael (2017). «Ḥamzat-Bek al-Dāghistānī». Encyclopaedia of Islam, THREE. doi:10.1163/1573-3912_ei3_COM_30286.
  • King, Charles (2008). The Ghost of Freedom: A History of the Caucasus. Oxford University Press. ISBN 9780195177756.
  • Покровский Н. И. Кавказские войны и имамат Шамиля / Предисл. Н. Н. Покровского, введ. и прим. В. Г. Гаджиева. — М.: РОССПЭН, 2000. — С. 511. — ISBN 5-8243-0078-X
  • Муханов В. М. ГАМЗА́Т-БЕК // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов.. — М., 2000. — Т. 6.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Не­ве­ров­ский А. Ис­треб­ле­ние авар­ских ха­нов в 1834 г. СПб., 1848
  • Гам­зат-бек – вто­рой имам Чеч­ни и Да­ге­ста­на // Кав­каз­ский сбор­ник. 1911. Т. 31
  • Смерть хан­ши Па­ху-Би­ке // Кав­каз­ский сбор­ник. 1911. Т. 31
  • Му­хам­мед-Та­хир аль Ка­ра­хи. Блеск да­ге­стан­ских са­бель в не­ко­то­рых ша­ми­лев­ских бит­вах. Ма­хач­ка­ла, 1990
  • Бли­ев М. М., Де­го­ев В. В. Кав­каз­ская вой­на. М., 1994