Հանցագործության սուբյեկտ
Հանցագործության սուբյեկտ, հանցանք կատարած անձ, ով ընդունակ է պատասխանատվություն կրել իր կատարած արարքի համար։ Հանցագործության սուբյեկտը հանցակազմի 4 անբաժանելի տարրերից մեկն է[1]։ Հանցագործության սուբյեկտի հատկանիշները ընկալվում են նաև որպես քրեական պատասխանատվսության պայմաններ[1]։ Չնայած քրեական իրավունքով պաշտպանվում են տարբեր օբյեկտներ, քրեական օրենքը այդ օբյեկտներին հասցված վնասների բոլոր իրավիճակները չի կարող նկարագրել։
Սուբյեկտը և հանցանք կատարած անձին նկարագրող այլ հասկացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ գիտնականներ առաջարկում են «հանցագործության սուբյեկտ» հասկացությունը փոխարինել «քրեական պատասխանատվության սուբյեկտ» հասկացությամբ։ Անկախ օգտագործված տերմինից՝ սուբյեկտը քրեական իրավունքում բնորոշվում է որպես հանցանք կատարած մեղսունակ ֆիզիկական անձ, ով հանցանք կատարելու պահին հասել է օրենքով սահմանված տարիքի[2]։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ «հանցագործության սուբյեկտ» և «քրեական պատասխանատվության սուբյեկտ» հասկացությունները տարբերվում են իրենց բովանդակությամբ։ Հանցագործության սուբյեկտն այն անձն է, ով իր արարքով վնաս է պատճառել քրեական իրավունքի կողմից պաշտպանվող հասարակական հարաբերություններին, այսինքն՝ հանցանք է կատարել։ Հարկ է նշել, որ արարք ասելով քրեական իրավունքում հասկանում են ինչպես գործողությունը, այնպես էլ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալը, այսինքն՝ անգործությունը։ Իհարկե, քրեական պատասխանատվության համար որոշակի նշանակություն ունեն նաև սուբյեկտի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են անձի սեռը, տարիքը, որոնք հատկապես հաշվի են առնվում պատժի անհատականացման և քրեակատարողական հիմնարկի տեսակը որոշելու ժամանակ։
«Հանցագործության սուբյեկտ» հասկացությունից պետք է տարբերել նաև «հանցագործի անձ» հասկացությունը։ Թեև երկու հասկացությունն էլ վերաբերում են նույն՝ հանցանք կատարած անձին, դրանք իրենց քրեաիրավական նշանակությամբ չեն համընկնում։ Հանցագործի անձը նրա տարբեր հատկանիշների ամբողջությունը, օրինակ՝ բնավորությունը, հակումները, խառնվածքը[3]։ Հանցագործության սուբյեկտը իրավաբանական հասկացություն է և իրավաբանորեն բնութագրում է հանցանք կատարած անձին։ Բնութագրիչներն այս դեպքում երեքն են․
- ֆիզիկական անձ լինելը
- մեղսունակությունը
- օրենքով սահմանված տարիքին հասնելը[4]։
Այսպես, հանցագործի անձ հասկացությունն ավելի լայն է, քան հանցագործության սուբյեկտ հասկացությունը։ Այդ իսկ պատճառով էլ դրանք տարբեր գործառույթներ ունեն․ սուբյեկտը քրեական պատասխանատվության ենթարկելու համար կարևորագույն հատկանիշ է, իսկ հանցագործի անձ հասկացությունը կարևոր դեր է խաղում պատժի անհատականացման ժամանակ, քանի որ միայն անձի հատկանիշների ամբողջությունը կարող է ապահովել պատժի այնպիսի նպատակների իրականացումը, ինչպիսիք են կանխումը և հանցագործի ուղղումը։ Անձը քրեական իրավունքում պետք է ունենա սուբյեկտի բոլոր հատկանիշները, և եթե այդ հատկանիշներից մեկը բացակայում է, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության[5]։
Հանցանք կատարելը սուբյեկտ չհանդիսացող անձի կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն իրավիճակներում, երբ հանրորեն վտանգավոր արարք է կատարել հանցագործության սուբյեկտի պարտադիր հատկանիշներին չբավարարող անձը, նրա նկատմսմբ քրեական պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել։ Եթե այդ անձի արարքը կապված է այսպես կոչված միջնորդավորված կատարման հետ (սա այն իրավիճակն է, երբ անձը հանցանք է կատարում քրեական պատասխանատվության սուբյեկտ չհանդիսացող անձի միջոցով, այսինքն հանցանքը կատարում է սուբյեկտ չհանդիսացողը), ապա սա կազմակերպչի քրեական պատասխանատվության վրա չի անդրադառնում։ Այս իրավիճակում հանցագործության սուբյեկտ է համարվում այն անձը, ով ստիպում է սուբյեկտ չհանդիսացողին հանցանք կատարել։ Սույբեկտ չհանդիսացող անձի կողմից հանցանքի կատարումն այս դեպքում չի դիտվում որպես հանցակցություն[6]։
Հանցագործության սուբյեկտի հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանցագործության սուբյեկտը, որպես հանցակազմի տարրերից մեկը, բնութագրվում է որոշակի հատկանիշներով։ Այդ հատկանիշների թվին են դասվում․
- ֆիզիկական անձ լինելը, չնայած որոշ երկրներում հանցագործության սուբյեկտ են համարվում նաև իրավաբանական անձինք,
- մեղսունակությունը,
- օրենքով սահմանված տարիքի հասած լինելը։
Տարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանցագործության սուբյեկտ կարող են համարվել ոչ թե բոլոր մեղսունակ ֆիզիկական անձինք, այլ միայն նրանք, ովքեր հանցանք կատարելու պահին հասել են օրենքով սահմանված տարիքի։ Սուբյեկտի համար տարիքային սահմանափակում սահմանելը պայմանավորված է նրանով, որ փոքրահասակները, ընդունակ չլինելով գիտակցել իրենց գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, չեն կարող պատասխանատվության ենթարկվել իրենց արարքների համար[7]։ Սեփական արարքների սոցիալական նշանակությունը հասկանալու, իր ցանկություններն ու մղումները հասարակական պահանջներին համապատասխանեցնելու, վարգագծի կանոնները խախտելու և քրեական պատասխանատվության իմաստը համակողմանի ընկալելու ընդունակությունները ծագում են ոչ թե անձի ծննդյան պահից, այլ զգալիորեն ավելի ուշ՝ անձի կենսաբանական ու սոցիալական զարգացմանը զուգընթաց։ Այսինքն միայն որոշակի տարիքի հասնելու դեպքում անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու տարիքի հարցը տարբեր երկրների օրենսդրությունը միակերպ չի լուծում։
Հայկական քրեական իրավունքում հին և միջնադարյան շրջանում ընդունված էր այն գաղափարը, որ մարդն իր հանցավոր գործողությունների համար հաշվետու լինելու և դրանք ղեկավարելու կարողությունը ձեռք է բերում միայն օրենքով սահմանված որոշակի տարիքի հասնելուց հետո։ Այդ տարիքից ցածր անձինք չպետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Օրինակ՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքով» 12 տարին լրացածները որոշ հանցագործությունների համար պատասխանատվության էին ենթարկվում ընդհանուր կարգով, չափահասների հետ համահավասար։ 10-11 տարեկանները պատժվում են սահմանված պատժի կեսի չափով։ Գոշը չի մատնանշում այն տարիքը, որից ցածր անձինք ընդհանրապես քրեական պատասխանատվություն չեն կրում։ Սմբատ Գունդստաբլի մոտ այդպիսի տարիք է համարվում 15 տարեկանը։
Մեղսունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձը կարող է իր կատարած հանցանքի համար պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, եթե մեղսունակ է, այսինքն՝ օժտված է գիտակցությամբ և կամքով։ Այն անձինք, ովքեր զրկված են իրենց արարքը գիտակցելու կարողությունից կամ գիտակցում են, սակայն ընդունակ չեն ղեկավարել այն, քրեական պատասխանատվության ենթակա չեն։ Մեղսունակության վերաբերյալ տեսությունը ձևավորվել է ֆրանսիական քրեական իրավունքում 18-րդ դարի վերջին։ Ենթադրվում է, որ ցանկացած քաղաքացի մեղսունակ է։ Սակայն հանրորեն վտանգավոր արարքի հանգամանքները, սուբյեկտի վարքագիծը հանցագործության պահին կամ դրանից հետո կարող են հանգեցնել նրա մեղսունակության վերաբերյալ կասկածների։ Այդպիսի ցանկացած կասկածի դեպքում նշանակվում է դատահոգեբուժական փորձաքննություն։
Անմեղսունակությունը ներառում է երկու չափանիշ՝ բժշկական և իրավաբանական։ Բժշկական չափանիշների հիմքը կազմում են դատական հոգեբուժություն գիտության դրույթները։ Բժշկական չափանիշն ընդգրկում է հոգեկան խանգարումների չորս ձևեր.
- քրոնիկ հոգեկան հիվանդություններ
- հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումներ
- տկարամտություն
- այլ հիվանդագին վիճակներ։
Սահմանափակ մեղսունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին իրավաբանական գրականության մեջ առաջ է քաշվել սահմանափակ մեղսունակության ինստիտուտը։ Քրեաիրավական տեսության մեջ սահմանափակ մեղսունակություն ասելով հասկանում ենք անձի հոգեկան այնպիսի վիճակը, երբ վերջինս ի վիճակի չէ ամբողջությամբ գիտակցել իր գործողություները և կամ ղեկավարել դրանք։ Անձի այդ հնարավորությունները սահմանափակվում են հոգեկան խնդիրների հետևանքով։
Որոշ երկրներում ընդունվել է այն տեսակետը, որ սահմանափակ մեղսունակությունն անմեղսունակության դրսևորում է, և սահմանափակ մեղսունակ վիճակում հանցանք կատարած անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության։ Հայկական քրեական իրավունքում սահմանափակ մեղսունակությունը համարվում է մեղսունակության դրսևորում, և սահմանափակ մեղսունակ վիճակում հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության։
Իրավաբանական անձանց պատասխանատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար հանցագործության սուբյեկտ են համարվում միայն ֆիզիկական անձինք։ «Ֆիզիկական անձ» հասկացությունը քրեական օրենսդրությամբ չի բացվում։ Սակայն դրա բնորոշումը բավականաչափ պարզ է․ որպես ֆիզիկական անձ իրավունքում հանդես է գալիս մարդը։ Սակայն հարցը նույնքան հստակ չէ իրավաբանական անձանց և նրանց քրեական պատասխանատվության հարցում։ Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը օպերատիվ կառավարման կամ տնտեսվարման այլ իրավունքով ունի առանձնացված գույք, ընդունակ է ինքնուրույն պատասխանատվություն կրել իր գույքով, հայցվոր և պատասխանող լինել դատարանում, ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ։ Ա․Պ․ Կազլովը ընդհանրացնում է այս հարցում առկա տարբեր տեսակետները[8]։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության սուբյեկտ ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով․
- քրեական իրավունքը և քաղաքացիական իրավունքը գործունակության տարբեր չափանիշներ են սահմանում
- կազմակերպությունների կողմից հանցագործություն կատարելու հավանականությունը բավականին մեծ է
- դատարանը կազմակերպություններին կարող է իր վճռով արգելել զբաղվել գործունեության մի շարք տեսակներով
- հնարավորություն կա իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել պատասխանատվության այնպիսի միջոցներ, ինչպիսիք են լուծարումը, առանձին վայրերում գործունեությունն արգելելը, տուգանքը և այլն
- իրավաբանական անձի առանձին կամքի առկայությունը, որը չի նույնանում իր անդամների անհատական կամքի հետ, և այդ կամքը կարող է հանցավոր լինել, ինչպես նաև իրավաբանական անձը հանցանք կարող է կատարել իր մարմինների միջոցով։
Սրան հակառակ առաջարկվում են հետևյալ տեսակետները.
- իրավաբանական անձինք պատասխանատվություն կարող են կրել ոչ թե բոլոր, այլ սոսկ մի քանի հանցագործությունների համար, օրինակ՝ հնարավոր չէ իրավաբանական անձին մեղադրել սպանության կամ բռնաբարության մեջ
- իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպիսիք են լուծարումը կամ լիկվիդացիան, քրեական պատիժ չեն համարվում, դրանք քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական պատասխանատվության միջոցներ են։
- խախտվում է անձնական պատասխանատվության սկզբունքը, ըստ որի յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում միայն իր կատարած արարքի համար. իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու դեպքում պատասխանատվության են ենթարկվում բոլոր մասնակիցները, նույնիսկ եթե տվյալ հանցագործության մեջ բացակայում է նրանց մեղքը
- հնարավոր է դատական նիստերի դահլիճում ապահովել մեղադրյալի ներկայությունը։
Քրեական պատասխանատվության ենթակա են միայն այն անձինք, ովքեր մեղավորությամբ կատարել են հանրորեն վտանգավոր արարք, որի հատկանիշները սահմանված են քրեական օրենքով, այն պայմանով, որ նրանք գիտակցեն իրենց գործողությունները և ընդունակ լինեն դրանք ղեկավարելու։ Մեղավոր լինելու կարողությունը բնորոշ է միայն մարդկանց։ Իրավաբանական անձանց պատասխանատվության ինստիտուտը շատ երկրների քրեական իրավունքում նորույթ է, այդ իսկ պատճառով հաճախ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելիս օգտագործվում են նաև քաղաքացիաիրավական ու վարչաիրավական կառուցակարգեր[9]։
Ներկայումս հաճախ շեշտվում է բնապահպանական հանցագործությունների համար իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու գաղափարը՝ հաշվի առնելով այդ հանցագործությունների կտրուկ աճն ու օր օրի վտանգվող էկոլոգիական համակարգը մեր մոլորակի վրա։ Սակայն իրականում այժմ հնարավոր չէ, որ որևէ մեկը ժողովրդի անունից հայց հարուցի դատարան էկոլոգիապես ոչ մաքուր մեքենաներ արտադրելու համար[10]։
Պատասխանատվությունը հարբած վիճակում հանցանք կատարելու համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ երկրներում քրեական օրենքներում ամրագրված են նորմեր, որոնք վերաբերում են հարբած վիճակում հանցանք կատարելուն։ Խոսքը վերաբերում է ֆիզիոլոգիական հարբածությանը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցագործությունների զգալի մասը կատարվում է հարբած վիճակում, այդ թվում՝ խուլիգանությունների, վեճերի, անձի դեմ ուղղված հանցագործությունների 50%-ը։ Քրեական իրավունքում հաճախ նշում են, որ այսպիսի անձանց քրեական պատասանատվությունից ազատելը հակասում է քրեական իրավունքի հասարակական խնդիրներին։ Սակայն ավելի վիճելի է հարբածության քրեաիրավական գնահատման հարցը։ Հարբած վիճակում հանցանք կատարած անձանց պատասխանատվության համար առաջարկվում է չորս հիմնական տեսակետ․
- այդպիսի անձանց համարել անմեղսունակ և չենթարկել քրեական պատասխանատվության
- այդ անձինք անմեղսունակ են, սակայն պետք է հարկադրական բուժում անցնեն
- հարբածությունը հոգեբանական անոմալիա է, որը հանգեցնում է սահմանափակ մեղսունակության
- այդ անձինք մեղսունակ են և ենթակա են քրեական պատասխանատվության։
Հատուկ սուբյեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ սուբյեկտը հանցանք կատարած այն անձն է, որը բացի հանցագործության սուբյեկտի ընդհանուր հատկանիշներից, պետք է բավարարի նաև այլ հատկանիշների, որոնք քրեական օրենքը սահմանում է առանձին հանցակազմերի համար։ Քրեաիրավական որոշ նորմեր կառուցված են այնպես, որ այդ հանցագործությունները կարող է գործել միայն այդ նորմերով սահմանված չափանիշներին բավարարող անձը։ Օրինակ՝ բռնաբարության սուբյեկտ կարող է լինել միայն արական սեռի ներկայացուցիչը, պետական դավաճանության սուբյեկտ՝ միայն քաղաքացին և այլն։ Այսպիսի դեպքերում ասում են, որ հանցանքը կատարվել է հատուկ սուբյեկտի կողմից։ Հանցագործության հատուկ սուբյեկտի հատկանիշները կարող են ինչպես ուղղակիորեն ամրագրվել օրենքում, այնպես էլ բխել նրանից, արտահայտվել ինչպես պոզիտիվ եղանակով, այսինքն՝ որոշ հատկանիշների առկայությամբ, այնպես էլ նեգատիվ եղանակով՝ որոշ հականիշների բացակայությամբ։
Հանցագործության սուբյեկտը ՀՀ քրեական իրավունքում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, ով հանցանք կատարելու պահին հասել է քրեական օրենսգրքով սահմանված տարիքի։ ՀՀ քրեական օրենսդրությունում կենդանիներն ու անշունչ առարկաները հանցագործության սուբյեկտներ չեն համարվում, այլ կարող են դիտվել որպես հանցագործության գործիք, եթե օգտագործվել են հանցավոր նպատակներով։ Գործող քրեական օրենսգիրքը սահմանում է այն տարիքը, որի լրանանալուց հետո անձը կարող է համարվել սուբյեկտ։ Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին մասի՝ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում 16 տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Այն անձինք, որոնց 14 տարին լրացել է նախքան հանցանք կատարելը, ենթակա են պատասխանատվության.
- սպանության
- առողջությանը դիտավորությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու
- մարդուն առևանգելու
- բռնաբարության
- սեքսուալ բնույթի բռնի գործողությունների
- ավազակության
- գողության
- կողոպուտի
- շորթման և մի քանի այլ հանցակազմերի համար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք։ Ընդհանուր մաս (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով), Ս․Առաքելյան, Ա․ Գաբուզյան, Հ․ Խաչիկյան և ուրիշներ, Երևան 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 См.: Уголовное право России. Части Общая и Особенная: учебник / Под ред. А. И. Рарога. М.: ТК Велби, Изд-во Проспект, 2004. C. 114.
- ↑ Уголовный закон: опыт теоретического моделирования. М., 1987. С. 65. Цит. по: Козлов А. П. Понятие преступления. СПб.: Издательство «Юридический центр Пресс», 2004. С. 408.
- ↑ См.: Криминология. Учебник / Под ред. В. Н. Кудрявцева и В. Е. Эминова. М.: Юристъ, 2005. С. 151.
- ↑ См.: Павлов В. Г. Субъект преступления. СПб.: Издательство «Юридический центр Пресс», 2001. С. 270
- ↑ См.: Российское уголовное право. Общая часть / Под ред. В. С. Комиссарова. СПб.: Питер, 2005. С. 203.
- ↑ Курс советского уголовного права. Т. 1. Изд. ЛГУ, 1968. С. 612. Цит. по.: И. Гонтарь. Посредственное исполнение: теория и проблемы судебной практики // Уголовное право. 2004. № 2. С. 18
- ↑ См.: Васильевский А. Возраст как условие уголовной ответственности // Законность. 2000. № 11. С. 23.
- ↑ См.: Козлов А. П. Понятие преступления. СПб.: Издательство «Юридический центр Пресс», 2004. С. 394—395; Таганцев Н. С. Курс русского уголовного права. Часть общая. Кн. 1. СПб., 1874. С. 6; Познышев С. В. Основные начала науки уголовного права. М., 1912. С. 128—131.
- ↑ См.: И. Ситковский. Проблемы ответственности юридических лиц в уголовном законодательстве // Уголовное право. 2002. № 4. С. 42-43.
- ↑ См.: Э. Жевлаков. К вопросу об ответственности юридических лиц за совершение экологических преступлений // Уголовное право. 2002. № 1. С. 112.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հանցագործության սուբյեկտ կատեգորիայում։ |