Ծնվել է Կ. Պոլսում։ Օժտված ֆիզիկական ահռելի ուժով և ճկունությամբ, երիտասարդ հասակից զբաղվել է լարախաղացությամբ։ Աստիճանաբար իր շուրջը համախմբելով կարող ուժեր՝ հիմնել է մի թատրոն-կրկես, որը արագ կերպով իր վրա է հրավիրել մայրաքաղաքի հասարակական լայն խավերի ուշադրությունը։ 1846 թվականին նրա խումբն ունեցել է հրապարակային առաջին ելույթը։ Քաջալերված հաջողությունից՝ հաջորդ տարի կազմել է Արամյան ընկերությունը, հիմնել փայտաշեն մի թատրոն-կրկես, սկսել կանոնավոր ներկայացումներ, որոնք շարունակվել են մինչև 1849 թ.։ 1848 թվականի աշնանը խումբը հանդիսավոր ներկայացում է կազմակերպել կայսերական ընտանիքից ինչ-որ մեկի հարսանիքի առթիվ։ Ներկա են եղել հարյուր հազարից ավել հանդիսականներ։ 1849 թվականին Կ. Պոլսում ծագած մի հրդեհ ոչնչացրել է Արամյան թատրոնի շենքը։ Գասպարյանը խումբը բերել է Կովկաս և Թիֆլիսում ունեցել նույնպիսի հաջողություն, վայելելով փոխարքա Վորոնցովի հովանավորությունը։ 1850 թվականի ամռանը եկել է Երևան և Ցախի մեյդան կոչված հրապարակում կրկնել ծրագիրը։ Երևանից հետո եղել է նաև այլ քաղաքներում և վերադարձել Կ. Պոլիս, որտեղ կառուցել է նոր թատրոն, համալրել խումբը նոր մարդկանցով և մոտ տասնհինգ տարի կանոնավոր գործել[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 694)։