Jump to content

Հովհաննես Իմաստասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Իմաստասեր
Ծնվել է1045[1]
ԾննդավայրParisos[1]
Մահացել է1129[1]
Մահվան վայրՀաղպատ, Վրաց թագավորություն[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունմատենագիր, փիլիսոփա, գիտնական և ուսուցիչ

Հովհաննես Սարկավագ (նաև՝ Հովհաննես Իմաստասեր, 1045[1], Parisos[1] - 1129[1], Հաղպատ, Վրաց թագավորություն[1]), հայ մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է քահանայի ընտանիքում։ Սովորել է Հաղպատի վանքում, ապա՝ Գևորգ Ուռճացի վարդապետի մոտ։ Ստացել է բազմակողմանի կրթություն։ Երկար տարիներ ապրել ու գործել է Անիում, ղեկավարել է Անիի բարձրագույն դպրոցը, որը ձեռք է բերել գիտական–փիլիսոփայական ուղղվածություն։ Աստվածաբանությունից բացի նրա ղեկավարած դպրոցում ուսուցանվել են քերականություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, տոմարագիտություն, տիեզերագիտություն և այլ առարկաներ։ Հետագայում գլխավորել է Հաղպատի դպրոցը, որը նրա շնորհիվ դարձել է գիտության և մշակույթի նշանավոր կենտրոն։ Մեծ համբավ է վայելել նաև վրաց եպիսկոպոսների շրջանում և արքունիքում։ Վերականգնել և զարգացրել է «ամենայն նսեմացեալ և խամրացեալ գիտութիւնք»։ Բազմակողմանի և խոր գիտելիքների համար Հովհաննես Սարկավագը հռչակվել է որպես «Սոփեստոս», «Իմաստասեր», «Վարդապէտն մեծ», «Պոետիկոս»։ Պահպանվել է Հովհաննես Սարկավագի շիրմաքարը՝ «Արձանս այս սեմական է Սոփեստոսի Սարկաւագին» մակագրությամբ։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Սարկավագը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Մեկնել է անտիկ և քրիստոնյա հեղինակների մի շարք երկեր։ Գրել է նաև փիլիսոփայական, բնագիտական, տոմարագիտական, գեղագիտական, գեղարվեստական, բարոյագիտական, աստվածաբանական բնույթի ինքնուրույն աշխատություններ։ Կորել է նրա պատմական երկը, որից մեջբերումներ է կատարել Սամուել Անեցին։ Հովհաննես Սարկավագը մեծ ուշադրություն է դարձրել անցյալի գրավոր ժառանգությանը։ Նա սրբագրել, խմբագրել և արտագրել է աղճատված և անընթեռնելի դարձած բազում բնագիր աշխատություններ։

Հովհաննես Սարկավագը կրոնական բնույթի իդեալիզմի դիրքերից քննադատել է աշխարհի առաջացման մոնիստական–մատերիալիստական և դուալիզմին մոտեցող ըմբռնումները։ Ըստ նրա սկզբնականն Աստվածն է. այն ինչ որ կա, նախապես եղել է Աստծու մտքում և նրա կամքով դարձել է իրականություն։ Արարված բնությունն ինքը ևս հանդես է գալիս որպես ստեղծագործող։ Քանի որ յուրաքանչյուր առարկա ենթակա է փոփոխման, անցման՝ մի վիճակից մյուսին, ապա ողջ բնությունն ունի գոյության երկակի ձև՝ որպես իրականություն և որպես հնարավորություն։ Վերջինս իրականության մեջ թաքնված արմատն ու սկիզբն է այն ամենի, հետագայում փոփոխության միջոցով վերածվում է իրականի։ Հնարավորությունն ու իրականությունն անխզելիորեն կապված են ու պայմանավորվում են միմյանց։ Նա փոփոխության պրոցեսը ընկալում է մետաֆիզիկորեն, կարծելով, որ բնության մեջ նորը չի առաջանում։ Սակայն, անդրադառնալով բնության առանձին իրերի ու երևույթների շարժման պատճառների հարցերին, նա ցուցաբերել է դիալեկտիկական մտածողության որոշ տարրեր։ Բարձր գնահատելով մարդկային ճանաչողական հնարավորությունները՝ նա հանդես է եկել բնության երևույթների գերբնականացման ու սնոտիապաշտության դեմ, պահանջել է թափանցել բնության գաղտնիքների մեջ, ճանաչել շրջապատող աշխարհը, որն իր ժամանակին առաջադիմական պահանջ էր։ Նա կարծում էր, որ կոնկրետ–զգայական աշխարհը հասանելի է մարդկային իմացությանը։ Ճանաչողությունը չիմացությունից դեպի իմացություն, թերի իմացությունից դեպի առավել լրիվ իմացություն ընթացող երկարատև պրոցես է. այն անցնում է զգայական՝ առաջին և անհրաժեշտ աստիճանը, որին հաջորդում է բնական իմացությունը։ Բացառիկ երևույթ էին գիտելիքների ձեռքբերման և նրանց հավաստիությունը ստուգելու խնդրում փորձի դերի մասին նրա դատողությունները, ճշմարտության մասին առաջ քաշած գաղափարները, նոմինալիստական մտածելակերպի առանձին արտահայտությունները և այլն։ Հովհաննես Սարկավագը ընդունել է երկրի գնդաձևությունը։

Հաղպատի վանքը, որտեղ սովորել և իր գիտակրթական գործունեությունն է իրականացրել Հովհաննես Իմաստասերը

Պահպանվել է Հովհաննես Սարկավագի մաթեմատիկական մի աշխատություն՝ «Յաղագս անկիւնաւոր թուոց» վերնագրով, որտեղ տրված են այսպես կոչված եռանկյուն, քառանկյուն, մինչև 14–անկյուն թվերը։ Աշխատության ընդօրինակություններից մեկը պարունակում է նաև պյութագորասյան բազմապատկման աղյուսակի հայկական տարբերակը։

Արվեստի տեսության բնագավառում նոր խոսք է «Բան իմաստութեան ի պատճառս...» 188–տողանոց չափածո երկը, որը երկխոսություն է բանաստեղծի ու «սարեկի» միջև։ Թեման արվեստի ակունքների խնդիրն է։ Հովհաննես Սարկավագը արվեստի աղբյուրը տեսնում է բնության մեջ։ Ըստ նրա՝ որքան արվեստը մոտենա բնությանը, այնքան ավելի կատարյալ կլինի։ Բանականությունն է արվեստի բարձրագույն վիճակը։ Նա գտնում էր, որ բարձր արվեստի հասնելու համար անհրաժեշտ է տաղանդի առկայություն և համառ ու նպատակասլաց աշխատանք։ Նա պահանջում էր խոսքի ստեղծագործության ազատություն։

Հովհաննես Սարկավագը զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցով։ 1080 թվականին, երբ լրացել է հայոց Մեծ թվականի առաջին պարբերաշրջանը, նա կազմել է հետագա 532 տարիների (մինչև 1616 թվականը) աղյուսակը, որը կոչվել է Սարկավագագիր տոմար։ Իսկ 1084 թվականին ստեղծել է Հայոց փոքր թվականը, որը կոչվել է «Սարկավագագիր»։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Սարկավագը 11-12-րդ դարերի երևելի երաժշտագետներից ու երգահաններից է, որ նշանակելի ավանդ է մուծել Անիի և Հաղպատի գիտական ավանդությունների զարգացման մեջ և ուղի հարթել դեպի Կիլիկիա անցումն իրագործող հայկական երաժշտական մշակույթի հետագա ծաղկման համար։ Հովհաննես Սարկավագի, որպես երաժշտի, գործունեությունը կապված է երաժշտական գեղագիտության, գիտական ու գործնական տեսության, կատարողական արվեստի և ստեղծագործության հետ։ Անեղծանելի հետքեր է թողել հայ միջնադարյան արվեստի փիլիսոփայության, այդ թվում և ուղղակի՝ երաժշտական գեղագիտության զարգացման մեջ։ «Բան իմաստութեան» քերթվածում, մասնավորապես, երաժշտությունը համարում է սովորովի գեղարվեստ, որ ծագում և զարգանում է որպես բնությանը նմանվելու և բնությունից սովորելու մարդկային ձգտման անմիջական արդյունք։ Եվ ի դեմս բնության, ունենալով գեղեցկության ու բարձրագույն ներդաշնակության հավերժական, իր համապարփակությամբ անհասանալի, մի տիպար, վերջինիս հասնելու ձգտման մեջ ձեռք է բերում կատարելագործման հավիտենապես գործող հզոր ազդակներ։ Ինչպես պարզվում է, ուսման և կրթության ասպարեզում Գրիգոր Մագիստրոսի բարենորոգումները շարունակելով դրանք ի կատար ածած Հովհաննես Սարկավագը, քերականության տոմարի և թվաբանության շարքում դաս է տվել նաև ընդհանրապես «քառյակ արվեստները», որոնցից մեկն էր երաժշտագիտությունը։ Նմանապես՝ պարզվում է, որ Հովհաննես Սարկավագը իրեն աշակերտած հոգևորականներին ուսուցանել է նաև երաժշտության նշագրության հիմունքները, ինչպես և ծիսական մատյանների երաժշտանշանագրական բովանդակությունը բացահայտելու՝ ընթերցելու–վերծանելու սկզբունքները։ Հայտնի է Հովհաննես Սարկավագի կատարած նշանակալի գործը սաղմոսերգության նորոգության ասպարեզում։ Որպես ստեղծագործող, նա նշանակալի ավանդ է մուծել աղոթքի ժանրի զարգացման մեջ, լծվել է գանձարան ժողովածուի նյութերի կուտակմանը և էապես հարստացրել շարականների հորինման փորձը։ Ղևոնդյանց հիշատակին նվիրված նրա «Անճառելի բանդ Աստուած» մանկունքը բարձրարվեստ մի կոթող է, որ նշանակալի չափով զարգացնելով Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականի գրական ու երաժշտական բաղադրիչների կառուցվածքային լավագույն հատկանիշները, անմիջականորեն նախապատրաստում է Ներսես Շնորհալու՝ Ավարայրի ճակատամարտի հերոսներին ոգեկոչող «Նորահրաշ պսակաւոր» ստեղծագործությունը։

Հովհաննես Իմաստասերը 1129 թվականին Հաղպատ գյուղում։ Գերեզմանը գտնվում է Հաղպատի վանական համալիրի զանգակատան հյուսիս-արևմտյան կողմում[2]։ Նրա տապանաքարը ընդգրկված է Հաղպատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ստորագրված 04.02.2004 թվականին, (էլեկտրոնային տարբերակ)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Իմաստասեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 565