Jump to content

Հռոմի ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի ֆորում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհրապարակ, հնագիտական հուշարձան, տեսարժան վայր, forum?, անշարժ գույք և տուրիստական վայր
Երկիր Իտալիա[1][2]
ԲնակավայրՀռոմ[1][2]
Շինության ձևհամալիր
Մասն էRoman Forum and the Palatine?
Ներկա վիճակավերակ
կայք
 Forum Romanum Վիքիպահեստում

Հռոմի ֆորում (լատին․՝ Forum Romanum, իտալ.՝ Foro Romano), ուղղանկյուն հրապարակ Հռոմի կենտրոնում՝ շրջապատված որոշ նշանավոր հնադարյան կառավարական շինությունների ավերակներով։ Հին քաղաքի բնակիչներն այս վայրն սկզբում հիշատակում էին որպես առևտրի հրապարակ՝ Forum Magnum կամ պարզապես Forum:

Այն դարեր շարունակ եղել է Հռոմի հասարակական կյանքի՝ Հռոմի հաղթական երթերի և ընտրությունների, հանրային ելույթների, Հռոմի քրեական դատավարությունների, գլադիատորական մրցույթների և առևտրային հարաբերությունների կենտրոնը։ Այստեղ արձաններն ու հուշարձաններն անմահացնում էին քաղաքի անվանի մարդկանց։ Հին Հռոմում այն համարվում էր ամենահայտնի հանդիպման վայրը, ինչպես նաև աշխարհում ողջ պատմության ընթացքում[3]։ Գտնվելով Պալատինում և Կապիտոլիում բլուրների միջև՝ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական բեկորներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք գրավում են տարեկան ավելի քան 4.5 միլիոն այցելուների[4]։

Հին քաղաքի ամենահին և ամենանշանավոր կառույցները գտնվում էին ֆորումի մոտակայքում։ Հռոմի թագավորության առաջին սրբատեղիներն ու տաճարները գտնվում էին հարավարևելյան հատվածում։ Դրանք ներառում էին հնադարյան նախկին թագավորական նստավայրը՝ Ռեգիան (մ.թ.ա. 8-րդ դար), և Վեստայի տաճարը (մ.թ.ա. 7-րդ դար), ինչպես նաև իր շուրջը գտնվող Վեստալուհիների տունը, որոնք բոլորը վերակառուցվել են Հռոմեական կայսրության հզորացումից հետո։

Հյուսիս-արևմուտքում են գտնվում այլ հինավուրց սրբատեղիներ, ինչպիսիք են Ումբիլիկուս Ուրբիսը (լատին․՝ Umbilicus Urbis)` Հռոմի պորտը, և Վուլկանալը (լատին․՝ VulcanalՎուլկան աստծո սրբատեղին, որը կառուցվել է Հռոմի հանրապետության նախկին կոմիցիումում (հավաքատեղի, լատին․՝ Comitium)։ Այստեղ է ձևավորվել Հռոմի սենատը, ինչպես նաև հանրապետական կառավարությունը։ Այս տարածքում աստիճանաբար հայտնվել են սենատը, կառավարական գրասենյակներ, տրիբունալներ, տաճարներ, հուշարձաններ և արձաններ։

Ժամանակի ընթացքում հնադարյան կոմիցիումը փոխարինվեց հարակից ավելի մեծ ֆորումով և դատական գործընթացները տեղափոխվեցին նորակառույց Էմիլիայի բազիլիկ (մ.թ.ա. 179 թվական)։ 130 տարի անց Հուլիոս Կեսարը կառուցեց Յուլիայի բազիլիկը, ինչպես նաև Կուրիա Յուլիան, որոնք ընդգրկում էին դատական մարմիններն ու սենատը։ Այս նոր ֆորումն այն ժամանակ ծառայում էր որպես վերակենդանացած քաղաքի հրապարակ, որտեղ ավելի մեծ թվով հռոմեացիներ կարող էին հավաքվել ինչպես առևտրային և քաղաքական, այնպես էլ դատական և կրոնական գործերով։

Ի վերջո, տնտեսական և դատական գործերի մեծ մասը ֆորումից տեղափոխվեց հյուսիսում գտնվող ավելի ընդարձակ և ավելի շքեղ շինություններ՝ Տրայանոսի ֆորում և Ուլպիայի բազիլիկ։ Կոնստանտինոս I-ի կառավարման օրոք կառուցվեց ֆորումի վերջին հսկայական շինությունը՝ Մաքսենտիոսի բազիլիկը (321 թվական)։ Դրանով ֆորումը կրկին դարձավ քաղաքական կենտրոն մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը՝ գրեթե 2 դար անց։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Հռոմի ավելի ուշ շրջանի կայսերական հրապարակների, որոնք կառուցվել են հին հունական քաղաքային հրապարակների մոդելով, Հռոմի ֆորումը զարգացել է աստիճանաբար և մաս առ մաս՝ երկար դարերի ընթացքում[5]։ Չնայած նրան, որ Սուլլան, Հուլիոս Կեսարը, Օգոստոսն ու այլք փորձել են կարգուկանոն հաստատել այդտեղ, նրանց դա որոշ չափով է հաջողվել։ Արդեն կայսերական շրջանում մեծ հասարական կառույցները, որոնք կուտակված էին կենտրոնական հրապարակում, նվազեցրել էին բացօթյա տարածքը 50 մետրով՝ հասցնելով 150 մետրի, իսկ որոշ տվյալներով՝ 75 մետրով՝ հասցնելով 200 մետրի։ Ֆորումի երկարությունը ձգվում էր հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք և տարածվում էր Կապիտոլիում բլրից մինչև Վելիում բլուր։ Ֆորումի կայսերական շրջանի բազիլիկները՝ Էմիլիայի բազիլիկը հյուսիսում և Յուլիայի բազիլիկը հարավում, եզրագծում էին նրա երկարությունն ու ապահովում վերջնական տեսքը։ Զուտ ֆորումն ընդգրկում էր հրապարակը, նրան շրջապատող շինություններն ու երբեմն նաև հավելյալ տարածք (լատին․՝ Forum Adjectum), որը ձգվում է մինչև Տիտոսի հաղթակամար[6]։

Սկզբում ֆորումի տարածքում ճահճային լիճ էր, որտեղ լցվում էին մոտակա բլուրներից հոսող ջրերը[7]։ Այն ցամաքեցվել է Մեծ կոյուղու (լատին․՝ Cloaca Maxima) միջոցով Տարքվինիոս Ավագի կողմից։ Տիբեր գետի վարարումներից առաջացած նստվածքի և մոտակա բլուրների քայքայման արդյունքում ֆորումի գետինը դարերի ընթացքում անընդհատ բարձրացել է։ Սալահատակների մնացորդների պեղումները ցույց են տալիս, որ մոտակա բլուրների քայքայման արդյունքում առաջացած նստվածքն արդեն բարձրացնում էր մակարդակը հանրապետության վաղ շրջանում[8]։

Քանի որ կառույցների շրջակա տարածքը բարձրանում էր, բնակիչները պարզապես ճանապարհները սալարկում էին մնացորդների վրա, քանի որ դրանք չափազանց շատ էին հեռացնելու համար։ Ֆորումի վերջին տրավերտինե սալահատակը, որ դեռ տեսանելի է, կառուցվել է դեռևս Օգոստոս կայսեր օրոք։ 19-րդ դարի պեղումները բացահայտել են մեկը մյուսի վրա կառուցված շերտեր։ Պեղումների ամենախոր շերտը ծովի մակարդակից բարձր էր ընդամենը 3.60 մետր։ Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ այդ մակարդակի վրա եղել է մարդկային գործունեություն՝ հայտնաբերելով կարբոնացված փայտ[9]։

Ե՛վ հանրապետության, և՛ կայսերական շրջանում ֆորումի ամենակարևոր գործառույթն այն է, որ այն ծառայում էր որպես ռազմական շքերթների (Հռոմի տրիումֆների), տոնակատարությունների կիզակետային վայր։ Հաղթանակած հրամանատարները քաղաք էին մտնում արևմտյան Հաղթանակի դարպասով (լատին․՝ Porta Triumphalis) և հաղթական պտույտ էին կատարում Պալատինում բլրի շուրջ, այնուհետև Վելիում բլրից Վիա Սակրայով հասնում էին ֆորում[10]։ Այստեղից նրանք բարձրանում էին Յուպիտեր Օպտիմուս Մաքսիմուսի տաճար՝ Կապիտոլիումի գագաթին։ Այնուհետև վերադառնում էին ֆորում՝ հանրության համար ճոխ խնջույքներ կազմակերպելու համար[11]։

Հռոմի ֆորում

Հռոմի թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի քարտեզը մ.թ.ա. 753 թվականին (ֆորումն ընդգծված է).

Ֆորումի սկզբնական ցածրադիր, խոտով ծածկված ջրատարածքները ցամաքեցվել են մ.թ.ա. 7-րդ դարում Մեծ կոյուղու կառուցմամբ, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ սկսեցին բնակվել 2 բլուրների միջև։

Ըստ ավանդույթի՝ ֆորումի ստեղծումը պայմանավորված է Պալատինում բլրի վրա իշխող Հռոմուլոսի՝ Հռոմի առաջին թագավորի, և իր մրցակցի՝ Կապիտոլիում բլրի տիրակալ Տիտուս Տատիոսի հաշտությամբ։ Պայքարից հետո հաշտությունը ձեռք է բերվել սաբինուհիների աղոթքների շնորհիվ։ Գտնվելով 2 բլուրների միջև՝ այն 2 կողմերի հանդիպման վայրն էր հանդիսանում։ Այդտեղ՝ Վուլկանալի մոտ, ըստ պատմության, 2 կողմերը վայր են դրել իրենց զենքերը և հաշտություն կնքել[12]։

Ֆորումը գտնվում էր սաբինուհիների ամրոցի պարիսպներից դուրս, իսկ մուտքը Սատուրնի դարպասից էր։ Այդ պարիսպները հիմնականում փլուզվել են երկու բլուրների միացումից[13]։ Սկզբում ֆորումը հանդիսանում էր կոմիցիումին հարակից բացօթյա շուկա, բայց հետագայում քաղաքական ելույթները, քաղաքացիական դատավարությունները և այլ հասարակական միջոցառումներ սկսեցին ավելի շատ տարածվել ֆորումում, ուստի աճող բնակչության կարիքները հոգալու համար տարբեր հրապարակներ ստեղծվեցին ամբողջ քաղաքում։

Վարկածներից մեկի համաձայն՝ Հռոմի երկրորդ թագավորը՝ Նումա Պոմպիլիոսն է (իշխել է մ.թ.ա. 715–673 թվականներին) հիմք դրել Վեստայի պաշտամունքին՝ կառուցելով Վեստալուհիների տունը և Վեստայի տաճարը, ինչպես նաև Ռեգիան՝ քաղաքի առաջին թագավորական պալատը։ Ավելի ուշ Տուլլոս Հոստիլիոսը (իշխել է մ.թ.ա. 673–642 թվականներին) կոմիցիումը տեղափոխեց հին Էտրուսկյան տաճար, որտեղ հավաքվում էր սենատը։ Նա նաև վերակառուցեց տաճարը՝ անվանելով Կուրիա Հոստիլիոս, որն ավելի մոտ էր հին էտրուսկյան տնակին, որտեղ սկզբնական շրջանում հավաքվում էր սենատը։

Հռոմի հանրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի ֆորումի քարտեզը: Հանրապետական Հռոմի կառույցները նշված են կարմիրով, կայսերական Հռոմինը՝ սևով:

Հանրապետության շրջանում կոմիցիումը դեռևս շարունակում էր կենտրոնական տեղ զբաղեցնել քաղաքի դատական և քաղաքական կյանքում[14]։ Ինչևէ, ավելի մեծ հավաքատեղի ստեղծելու համար սենատը սկսեց ընդարձակել կոմիցիումի և Վեստայի տաճարի միջև ընկած բացօթյա տարածքը՝ գնելով և քանդելով մոտակա առանձնատները։ Որոշ կոնսուլների կառուցապատման նախագծերը իրականացվում էին կոմիցիումի և մոտակա կենտրոնական հրապարակի վրա, որն էլ վերածվում էր ֆորումի[15]։

Ֆորումի առաջին տաճարները, որոնց կառուցման տարեթվերը հայտնի են, առաջացել են մ.թ.ա. 5-րդ դարում։ Դրանք են՝ Սատուրնի տաճարը (մ.թ.ա. 497 թվական)և Կաստորի և Պոլուքսի տաճարը (մ.թ.ա. 484 թվական)[16]։ Կոնկորդի տաճարը կառուցվել է հաջորդ դարում զինվորական և քաղաքական գործիչ Մարկոս Ֆուրիոս Կամիլլոսի կողմից։ Տրիբուն Գայոս Լիցինիոսն առաջինն էր, ով ընդհարվեց էլիտայի հետ ֆորումի պատճառով։ Այդ քայլը կրկնվեց 2 դար անց Գայոս Գրակիոսի կողմից[17]։

Սրանով սկիզբ դրվեց մի օրենքի (լատին․՝ locus popularis), ըստ որի երիտասարդ ազնվականներն իրավունք էին ստանում Ռոստրայից խոսելու ժողովրդի հետ։ Գրակիոսին հետևաբար մեղադրեցին Հին Հռոմի իրենց նախնիների ավանդույթները խախտելու մեջ(լատին․՝ mos maiorum)։ Մ.թ.ա. 318 թվականին, երբ Գայոս Մենիոսը դեռևս սենսոր էր, նա ֆորումի շրջակա շինություններին ավելացրեց պատշգամբներ (մենիանա՝ լատին․՝ maeniana), որպեսզի հանդիսատեսն ավելի լավ տեսնի այնտեղ կառուցված ժամանակավոր փայտե արենաներում անցկացվող խաղերը։

Հռոմի ֆորումում տեղադրվեցին նաև տրիբունների համար նախատեսված նստարաններ։ Սկզբում նրանք գտնվում էին սենատի կողքին, այնուհետև՝ Հռոմի հանրապետության ուշ շրջանում, դրանք տեղադրվեցին Պորցիայի բազիլիկի առջև։

Առաջին բազիլիկները կառուցվել են ֆորումում մ.թ.ա. 184 թվականին Կատոն Ավագի (Մարկոս Պորկիոս Կատոն) կողմից։ Ֆուլվիայի բազիլիկը կառուցվել է ֆորումի հրապարակի հյուսիսային հատվածում մ.թ.ա. 179 թվականին (այն վերակառուցվել և վերանվանվել է մի քանի անգամ՝ Ֆուլվիայի և Էմիլիայի բազիլիկ, Պաուլիի բազիլիկ, Էմիլիայի բազիլիկ)։ 9 տարի անց Սեմպրոնիոսի բազիլիկը կառուցվեց հարավային մասում[18]։

Կոմիցիում

Շատ սովորույթներ՝ կարևոր հավաքներ, ազնվականների հուղարկավորություններ ու խաղեր, աստիճանաբար կոմիցիումից տեղափոխվեցին ֆորում։ Հատկապես նշանակալի էր այսպես կոչված ազգային ժողովի (լատին․՝ comitia tributa) տեղափոխումը, որը մ.թ.ա. 145 թվականին հանդիսանում էր քաղաքական կարևոր գործոն։ Մ.թ.ա. 133 թվականին կարևոր ու աննախադեպ քաղաքական իրադարձություններ տեղի ունեցան ֆորումում, երբ մի խումբ սենատորներ այնտեղ սպանեցին տրիբուն Տիբերիոս Գրակիոսին[19]։

Մ.թ.ա. 80-ական թվականներին Սուլլայի բռնապետության օրոք հսկայական աշխատանք է տարվել ֆորումում, հրապարակի մակարդակը բարձրացվել է գրեթե մեկ մետրով և դրվել են մարմարե սալաքարեր[20]։

Մ.թ.ա. 78 թվականին Կապիտոլիում բլրի վրա՝ ֆորումի եզրին, այդ տարվա կոնսուլների՝ Մարկոս Լեպիդոս Էմիլիոսի և Քվինտոս Կատուլոսի հրամանով կառուցվում է վիթխարի Տաբուլարիումը։ Մ.թ.ա. 63 թվականին Ցիցերոնն իր հայտնի ելույթի միջոցով ֆորումում՝ Կոնկորդի տաճարում, դատապարտում է դավադիր Կատիլինայի համակիրներին։ Դատավճռից հետո նրանց տանում են Տուլիանում (լատին․՝ Tullianum)՝ մոտակա բանտ, որտեղ նրանք պետք է կրեին իրենց մահապատիժը[21]։

Ժամանակի ընթացքում կոմիցիումին փոխարինեց Կուրիան։ Հին հեղինակների մոտ այլևս չէին հանդիպում կոմիցիումն ու ֆորումը կապող գրվածքներ։ 200 թվականին՝ Սեպտիմիոս Սևերոսի իշխանության օրոք, ֆորումում տեղի ունեցան երկու դրամատիկ դեպքեր, որոնցից ամենահայտնին Մարկոս Անտոնիոսի մահախոսականն էր կիսակառույց ամբիոնից՝ Ռոստրայից, Հուլիոս Կեսարի հուղարկավորման ժամանակ և մյուսը Կեսարի մարմնի հանրային հրկիզումն էր Ռոստրայի մոտակայքում, որտեղ նրա զարմիկ Օկտավիանոսը Կեսարի մահից հետո կառուցեց Կեսարի տաճարը[22]։ Գրեթե 2 տարի անց Մարկոս Անտոնիոսը Ռոստրայի վատ համբավին ավելացրեց ևս մեկը՝ հանրությանը ցուցադրելով իր թշնամի Ցիցերոնի կտրված գլուխն ու աջ ձեռքը[23]։

Հռոմեական կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս Կեսարի մահից և դրան հաջորդող քաղաքացիական պատերազմներից հետո Օգոստոսը ավարտեց իր մորեղբոր սկսած գործը՝ ֆորումին տալով իր վերջնական տեսքը։ Դա ներառում էր հրապարակի հարավարևելյան վերջնամասը, որտեղ նա մ.թ.ա. 29 թվականին կառուցեց Կեսարի տաճարը և Օգոստոսի հաղթակամարը։ Ֆորումում է իրականացվել նաև կայսրերից մեկի սպանությունը։ 69 թվականին Գալբան դուրս էր եկել իր պալատից՝ ապստամբներին հանդիպելու, բայց այնքան թույլ էր, որ ստիպված էին նրան տանել պատգարակով։ Ֆորումում նրան անմիջապես դիմավորեցին իր հակառակորդ Օտոնի զինվորները և սպանեցին նրան։

Կայսրության սկզբնական շրջանում տնտեսական և դատական գործունեությունը ֆորումից տեղափոխվեց հյուսիս։ Տրայանոսի ֆորումի կառուցումից հետո (110 թվականին) այդ գործերը կատարվում էին Ուլպիայի բազիլիկում։

Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարի սպիտակ մարմարն ավելացվել է ֆորումի հյուսիսարևմտյան վերջնամասում՝ Կապիտոլիում բլրի ստորոտին՝ նախկին կոմիցիումի մոտ։ Այն կառուցվել է 203 թվականին՝ ի պատիվ Սեպտիմիոս Սևերոս կայսեր և իր 2 որդիների՝ հռոմեա-պարթևական պատերազմներում տարած հաղթանակի և այժմ ֆորումի ամենատեսանելի հուշարձանն է։ Դիոկլետիանոս կայսրը (իշխել է 284-305 թվականներին) Հռոմի քաղաքային ենթակառուցվածքների մեծագույն կառուցողներից վերջինն էր և նա ֆորումը նույնպես ընդգրկում էր իր նախագծերում։ Մինչև իր իշխանության գալը ֆորումում հիմնականում հանդիպում էին պատվո հուշարձաններ։ Նա վերակառուցեց և վերակազմավորեց այն՝ վերանորոգելով Սատուրնի և Վեստայի տաճարները և Կուրիան[24]։ Վերջինս վառվել էր, իսկ Դիոկլետիանոսի տարբերակը մինչև այսօր կարելի է տեսնել։

Կոնստանտինոս I-ի իշխանության օրոք՝ 312 թվականին, ավարտվեց Մաքսենտիոսի բազիլիկի շինարարությունը։ Այն պահպանում էր ֆորումի քաղաքական նշանակությունը մինչև Արևմտյան հռոմեական կայսրության անկումը 2 դար անց։

Հռոմ, ֆորումի ավերակները (1742)

6-րդ դարում ֆորումի որոշ հին շինություններ սկսեցին վերափոխվել քրիստոնեական եկեղեցիների։ 608 թվականի օգոստոսի 1-ին կանգնեցվեց Ֆոկասի սյունը՝ հռոմեական հաղթասյուն, որը նվիրվում էր հռոմեացի կայսր Ֆոկասին։ Այն վերջին հուշարձանն էր ֆորումում։ Արդեն 8-րդ դարում ֆորումի ամբողջ տարածքը շրջապատված էր քրիստոնեական եկեղեցիներով, որոնք զբաղեցնում էին լքված և ավերված տաճարների տարածքը[25]։

8-րդ դարի անանուն ճանապարհորդներից մեկն արձանագրել է, որ այդ ժամանակ ֆորումն արդեն մասնատվում էր։ Չնայած միջին դարերում դեռևս ֆորումի մասին հիշատակումներ կային՝ նրա հուշարձանները հիմնականում անտեսանելի էին և այդ տեղանքն ավելի հայտնի էր որպես Campo Vaccino կամ արոտավայր, որը գտնվում էր Կապիտոլիում բլրի և Կոլիզեումի միջև։

8-րդ դարից հետո ֆորումի կառույցները ապամոնտաժվեցին, վերադասավորվեցին և սկսեցին օգտագործվել ֆեոդալական աշտարակներ և ամրոցներ կառուցելու համար։ 13-րդ դարում այս վերակառուցված շինությունները քանդվեցին և ֆորումի տարածքը դարձավ աղբանոց։ Ապամոնտաժված միջնադարյան շինություններն ու անտիկ կառույցները նպաստեցին գետնի մակարդակի բարձրացմանը[26]։

Պեղումներ և պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորումի մանրամասն հնագիտական հատակագիծը

15-րդ դարավերջի նկարիչները նկարում էին ֆորումի ավերակները, հնություններ հավաքողները 16-րդ դարում արձանագրություններն էին պատճենում, իսկ մանրազնին պեղումները սկսել են 18-րդ դարում։

1803 թվականին Կառլո Ֆեան և այլ հնէաբաններ սկսեցին պեղումներ իրականացնել Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարը աղբից մաքրելու նպատակով, սակայն ամբողջական պեղումներ իրականացվեցին միայն 20-րդ դարի վերջին։

Մի քանի դարերի գտածոները ցուցադրվում են միասին, քանի որ հռոմեացիները սովորաբար կառուցում էին նախկին ավերակների վրա։

Via Fori Imperiali

Ներկայումս հնագիտական պեղումները շարունակվում են՝ իրականացնելով պարբերական վերականգնումներ։ Լինելով քաղաքի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ կարելի է ոտքով շրջագայել ֆորումի հին փողոցներով, որոնք վերականգնվել են՝ ստանալով կայսերական շրջանի տեսքը։ Ֆորումի թանգարանը գտնվում է ժամանակակից ճանապարհի (լատին․՝ Via dei Fori Imperiali) վերջում` Կոլիզեումի մոտ։

Այս փոքր թանգարանում կարելի է հանդիպել քանդակների և ճարտարապետական նմուշների ուշագրավ հավաքածուների։ Ներկայացվում է նաև ֆորումն իր նախկին տեսքով և ցուցադրվում են կարճ տեսահոլովակներ տարբեր լեզուներով։ Թանգարան կարելի է մուտք գործել ֆորումից և այն բացվում է 08.30-ին ու փակվում մայրամուտից մեկ ժամ առաջ։ Մուտքն արժե 12 եվրո։

Ֆորումը նկարներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի ֆորումը վիզուալ արտիստների համար դարեր շարունակ ոգեշնչման աղբյուր է եղել։ Հատկապես նշանավոր է Ջամբատիստա Պիրանեզին, ով 1748-76 թվականներին ստեղծել է 135 փորագրանկարներ, որտեղ մեծ տեղ էր զբաղեցնում ֆորումը։ Այժմ, սակայն, Պիրանեզիի պատկերած տեսարաններից ոչ բոլորն են հնարավոր տեսնել։

Ֆորումի ակնառու նկարիչներից են Մարտեն վան Հեմսկերկը, Պիռո Լիգորիոն, Կանալետոն, Կլոդ Լոռենը, Ջովաննի Պաոլո Պանինին, Հուբերտ Ռոբերտը և այլք։

Այլ ֆորումներ Հռոմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրայանոսի ֆորումը

Քաղաքի տարբեր մասերում նույնպես կային ֆորումներ, որոնց մնացորդները դեռ կարելի է տեսնել այսօր։ Դրանցից ամենակարևորները գտնվում են Հռոմի ֆորումի մոտակայքում և միասին մի համալիր են կազմում։ Դրանք են՝ Կեսարի ֆորումը (լատին․՝ Forum Iulium), Օգոստոսի ֆորումը լատին․՝ Forum Augustum, Ներվայի ֆորումը (լատին․՝ Forum Transitorium կամ Forum Nerva) և Տրայանոսի ֆորումը (լատին․՝ Forum TraianiՄուսոլինիի ժամանակաշրջանի ճարտարապետները հեռացրել են միջնադարյան և բարոկ շրջանի շերտերը և կառուցել են Via dei Fori Imperiali փողոցը։

Այլ ֆորումներից են՝

  • Forum Boarium՝ խոշոր եղջարավոր անասունների առևտրի համար նախատեսված, գտնվում է Պալատինում բլրի և Տիբեր գետի միջև,
  • Forum Holitorium՝ խոտաբույսերի և բանջարեղերնի առևտրի համար նախատեսված, գտնվում է Կապիտոլիում բլրի և Սերվիոսի պարսպի միջև,
  • Forum Piscarium՝ ձկան առևտրի համար նախատեսված, գտնվում է Կապիտոլիում բլրի և Տիբերի միջև՝ ներկայիս Հռոմեական գետտոյի տարածքում,
  • Forum Suarium՝ խոզի մսի առևտրի համար նախատեսված, գտնվում է Մարսյան դաշտի հյուսիսային հատվածում,
  • Forum Vinarium՝ գինու առևտրի համար նախատեսված, գտնվում է Ավենտինում բլրի և Տիբերի միջև։

Գոյություն են ունեցել նաև որոշ շուկաներ, սակայն դրանց մասին սակավաթիվ և ոչ ճշգրիտ տեղեկությունների պատճառով դրանք հնարավոր չէ գտնել այսօր[27]։

Ֆորումն անցյալում և ներկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաբուլարիում
Էմիլիայի բազիլիկ
Կոնկորդի տաճար
Սատուրնի տաճար
Կեսարի տաճար
Յուլիայի բազիլիկ
Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար
Վեստայի տաճար
Հռոմի ֆորում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. Grant, Michael (1970), The Roman Forum, London: Weidenfeld & Nicolson; Photos by Werner Forman, էջ 11.
  4. «La Stampa - La top ten dei monumenti più visti Primo il Colosseo, seconda Pompei». Lastampa.it. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  5. The Roman Forum. Harvard University Press, Cambridge, Massachusetts. 2009. ISBN 978-0-674-03341-2. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին. {{cite book}}: Text "Watkin, David" ignored (օգնություն), էջ 22.
  6. Grant, Op. cit., էջ 43.
  7. Lovell, Isabel (1904). Stories in Stone from the Roman Forum. էջեր 8–9.
  8. «Roman Forum». worldsiteguides.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  9. «Accept Terms and Conditions on JSTOR» (PDF). www.jstor.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  10. Grant, Op. cit., էջ 16.
  11. «Roman Triumph». www.unrv.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  12. Marucchi, Horace (1906). The Roman Forum and the Palatine According to the Latest Discoveries. Paris: Lefebvre. էջեր 1–2.
  13. Parker, John Henry (1881). The Architectural History of the City of Rome. Oxford: Parker and Company. էջ 122.
  14. Vasaly, Ann (1996). Representations: Images of the World in Ciceronian Oratory. Berkeley: University of California Press. ISBN 0-520-07755-5. {{cite book}}: Unknown parameter |էջ= ignored (օգնություն)
  15. Young, Norwood, ed. (1908). Handbook for Rome and the Campagna. London: John Murray. էջ 95. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Richmond, Ian Archibald, et al. (1996), Entry, "Forum Romanum", In: Hornblower, Simon and Antony Spawforth (eds.), The Oxford Classical Dictionary (3rd ed.), Oxford University Press, էջ 607.
  17. Beard, Mary; North, John A.; Price, Simon (1998). Religions of Rome: A History. Cambridge: Cambridge University Press. էջ 109 (note 139). ISBN 0-521-30401-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Karl Baedeker (1903). Italy: Handbook for Travellers. Leipzig: Karl Baedeker. էջ 251.
  19. «The Brothers Gracchi: The Tribunates of Tiberius and Gaius Gracchus». Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  20. Peter Connolly|Connolly, Peter and Hazel Dodge (1998), The Ancient City: Life in Classical Athens & Rome, Oxford University Press, pp 109.
  21. Watkin, Op. cit., էջ 79.
  22. Grant, Op. cit., էջեր 111-112.
  23. http://penelope.uchicago.edu/~grout/encyclopaedia_romana/calendar/cicero.html
  24. Connolly, Op. cit., pp 250-251.
  25. Marucchi, Op. cit., pg 9.
  26. Goodyear, W. H. (1899). Roman and Medieval Art. New York: Macmillan. էջ 109.
  27. Richardson, L., Jr. (1992). A New Topographical Dictionary of Ancient Rome. JHU Press. ISBN 9780801843006.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմի ֆորում» հոդվածին։