Մեծ ջրանցք
Մեծ ջրանցք | |
---|---|
Վենետիկի արբանյակային լուսանկար. կենտրոնում երևում է Մեծ ջրանցքը։ | |
Տեսակ | ջրանցք և տեսարժան վայր |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Վենետիկ |
Վայր | Վենետիկի պատմական կենտրոն |
Մասն է | Սան Մարկո, Սան Պոլո, Դորսոդուրո, Սանտա Կրոչե և Կանարեջո |
Գետաբերան | Վենետիկի ծովածոց |
Հոսող հոսքեր | Վենետիկի ծովածոց |
Բարձրություն (ԲԾՄ) | 0 մետր |
Երկարություն | 3,8 կմ |
Մեծ ջրանցք (իտալ.՝ Canal Grande՝ Կանալ գրանդե), Վենետիկի ամենահայտնի ջրանցքը։ Այն, սակայն, «ջրանցք» բառի նեղ իմաստով ջրանցք չէ, այսինքն՝ արհեստական եղանակով չի ստեղծվել, այլ նեղ վտակ է երկու կղզիների ծովածոցում, որոնցից մեկը Ռիալտոն է։
Ամենայն հավանականությամբ ջրանցքի անունով կղզին էլ են անվանել Ռիալտո։ Լատիներեն` rivus altus անվանումը (բառացի` խոր վտակ) փոփոխվելով դարձել է «Ռիալտո»։ Մեծ ջրանցքը քաղաքի տրանսպորտային գլխավոր ուղիներից է։
Մեծ ջրանցքով դեպի վար նավարկելը հարմար է ջրային ավտոբուսով՝ վապորետտոյով կամ գոնդոլներով։ Հատկապես գեղեցիկ է Մեծ ջրանցքի մայրամուտը իրեն շրջապատող շինություններով։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրանցքն անցնում է քաղաքի ողջ տարածքով։ Սկսվելով կայարանի մերձակա ծովածոցից` այն անցնում է ամբողջ քաղաքով շրջված S տառի հետագծով և ավարտվում է մաքսատան մոտ` Սան Մարկո և Լա Ջուդեկա ջրանցքներին միանալով։
Ջրանցքի երկարությունը 3.800 մ է, լայնությունը` 30-70 մ, խորությունը` 5 մ։
Ջրանցքը ափեր գրեթե չունի. դրանց փոխարինում են շինությունները, որոնք, որպես կանոն, կառուցված են ցցագերանների վրա և ունեն երկու ելք` մեկը դեպի փողոց, մյուսը դեպի ջրանցք։
Մեծ ջրանցքի մոտ են կենտրոնացված Վենետիկի ամենագեղեցիկ շենքերը։ Հենց այդ պատճառով էլ վենետիկցիները իրենց գլխավոր ջրային զարկերակն անվանում են «ջրանցք-պալատ» (իտալ.՝ Canalazzo): Ջրանցքի ափերին կա ավելի քան 100 պալատ, այդ թվում` Կա' Ռեցոնիկո, Կա’ դ’Օրո, Կա Ֆոսկարի, Պալացցո Բարբարիգո։
Քանի որ հիմնական շարժումը կատարվում է ջրանցքով, ապա ջրանցքի վրա ընդամենը չորս կամուրջ կա` Ռիալտոյի կամուրջը, Ակադեմիայի կամուրջը, Սկալցին և Սահմանադրության կամուրջը։
Ջրանցքով կարելի է տեղաշարժվել գոնդոլների և վապորետտոների (ջրային ավտոբուս) միջոցով։ Փոխադրման միջոց են ծառայում նաև լաստանավերը։
Տոնակատարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի առաջին կիրակի օրը կայանում է մրցություն վենետիկցի գոնդոլավարների միջև։ Իրադարձությանը հետևելու են գալիս հազարավոր հանդիսականներ։ Մրցությունը կազմակերպվում է Կիպրոսի թագուհի Կատերինա Կորնարոյի պատվին, ով 1489 թվականին հրաժարվել է գահից։ Գոնդոլավարները հագնում են 16-րդ դարի նավավարներին բնորոշ տոնական զգեստներ։
- Նոյեմբերի 21-ին վենետիկցիները, ի նշան Աստվածամոր հանդեպ ունեցած երախտագիտության, կազմակերպում են տոնակատարություն այն բանի առթիվ, որ 1630-38 թվականներին քաղաքը փրկվել է ժանտախտի համաճարակից։ Տոնի մասնակիցները, Մեծ ջրանցքն անցնելով ժամանակավոր կամրջով, ուղևորվում են Սանտա Մարիա դելա Սալյուտե տաճարը (իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute), որից հետո ճաշակում են իտալական ավանդական կերակուրներ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին օպերատոր Ալեքսանդրո Պրոմիոն աշխարհում առաջին անգամ իրականցրել է նկարահանում շարժման ընթացքում։ Պրոմիոն նկարահանում է կատարել Մեծ ջրանցքով լողացող նավակին ամրացված տեսախցիկով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ժորժ Սադուլ Համաշխարհային կինոյի պատմություն. — Մոսկվա: Искусство, 1958.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ջրանցք» հոդվածին։ |
|