Սողացող ուրց |
---|
Ծաղկող բույսի ընդհանուր տեսքը |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Thymus serpyllum
|
|
դաշտուրց, թյում, խոռ, խուռ, ղռի, դաղձ, վայրի ծոթրին, մեշ
Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրություն, գետնի վրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացող ցողունով կիսաթուփ է։ Ունի ձվաձև տերևներ։ Ծաղկաբույլը հիմնականում գտնվում են ճյուղերի ծայրերին։ Բույսը ծաղկում է մայիսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ամբողջ բույսն ունի սուր, հաճելի, բուրավետ հոտ։ Հանդիպում է մեր հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում՝ քարքարոտ, արևաշատ լանջերին, քերծերին, բլուրների վրա, տափաստանային և ալպյան մարգագետիններում, սոճու և գիհու անտառներում, խամահողերում, դաշտերում և այլուր, հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով։ Պտղակալում է կանոնավոր, վատ է տանում ցուրտը։ Մեր հանրապետությունում, վայրի վիճակում աճում են նաև Մարշալի և Կոչի ուրցերը, որոնք իրենց պիտանելիությամբ մոտ են սողացող տեսակին։ «Սերպիլլում» հունարեն նշանակում է սողացող։
Ամբողջ բույսը պարունակում է 0,5-1% եթերայուղ, որի բաղադրիչ մասը կազմում են թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, տերպինեոլը, բոնրեոլը, ցինգիբերենը, ինչպես նաև դաբաղանյութեր, դառը նյութեր, խեժ, ֆլավոնոիդներ, սապոնիներ, պիգմենտ, սպիտակուցային նյութեր, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, խինաթթու, կոֆեինաթթու, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, մագնեզիում։
Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը դանակով կամ մանգաղով, առանց արմատը հանելու, կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա՝ տանիքում կամ քամահարվող սենյակում։ Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնում կոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում։ Այն կազմում է նախահումքի 25%-ը և պիտանի է օգտագործման շուրջ 3 տարի։ Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն՝ որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Հին եգիպտացորենները, այլ միջոցների հետ խառնած, ուրցը օգտագործել են գլխացավերի, իսկ ամբողջ բույսը՝ բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի, հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, մեզը, միաժամանակ փքահան է, հալում է ուռուցքները, օգնում դեղնուկին, զորություն տալու ուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալման ու փսխումը, թքահոսությունը, կերակրի հետ ուտելուց՝ օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում շնչառությունը, լուծում խուխը, դադարեցնում արյունխխումը, լավացնում մարսողությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։ Խառնված յուղի կամ գինու հետ, ուրցը բուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակում, մեղրաջրով՝ մաքրում է ստամոքսը և լյարդը, վերացնում աղեխիթերը։ Բույսը կործանարար է ազդում լվերի և ոջիլների վրա, բացում ֆլեգմոնան, վիժեցնող է, դուրս է բերում մեռած պտուղը արգանդից, գցում միզուղիների քարը։ Խառնված վարդի յուղի և քացախի հետ, քսելու ձևով, կտրում է գլխացավը, սպեղանու ձևով օգնում մեղվի խայթածին, սերմերը բացում են դաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը։
Բժշկապետը դեղաբույսն առաջարկել է նաև որպես հակաբեղմնավորիչ միջոց։ Համաձայն իր մեջբերումների, Հիպոկրատը ուրցն օգտագործել է ակամա միզարձակության, Ըռուֆոսն՝ ատամնացավի, իսկ Էհանան՝ տղամարդու սեռական թուլության ժամանակ։ Ըստ Մարտիրոս Սեբաստացու, ուրցը պայծառացնում է միտքը, ուժեղացնում զգայությունը, կտրում հազը, իսկ ըստ Գաբիկըանի, այն օգնում է ակաջի ցավին և մարսողությանը, լերդացավին, մեղրաջրով օգտագործելուց՝ բուժում է քոսը, մաշկի քորը և դեղնությունը։
Բուլղարիայում դեղաբույսը նշանակում են բրոնխիալ ասթմայի, վատ ախորժակի, աղեփքանքի, դիսպեպսիաների, խոցային հիվանդությունների, ողողման ձևով՝ ռևմատիզմի, նյարդային և մաշկային հիվանդությունների, ողողման ձևով՝ անգինայի ժամանակ։ Գերմանիայում այն նշանակում են հազի և վերքերի բուժման համար, Ֆրանսիայում՝ որպես հակասպաստիկ, հակաճիճվային, վերքամոքիչ, հյուսվածքների էպիթելիզացիան վերականգնող միջոց, հատկապես ուժեղ թթուներից առաջացած այրվածքների դեպքում։ Նշվում է նաև, որ բույսի թուրմը կանխում է երեխաների փորկապության առաջացումը։ Ավստրիայում ուրցը կիրառվում է գաստրիստների, աղեփքանքի և ճիճվակրության ժամանակ, ինչպես նաև որպես հակացնցումային և ախտահանիչ միջոց։ Այստեղ գտնում են, որ դեղաբույսի երկարավուն օգտագործումը, որպես բարդություն, կարող է առաջ բերել վահանագեղձի հիպոֆունկցիա։ Լեհաստանում դեղաբույսը համարվում է որպես մանրէական, հակաբորբոքիչ, հանգստացնող և ախորժակը լավացնող միջոց։ Այն լայնորեն կիրառվում է լյարդի և երիկամների հիվանդությունների, նևրալերգիաների, հոդային ախտահարումների, բրոնխիտների և բրոնխիալ ասթմայի ժամանակ։
Մեր կողմից, դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է խրոնիկական թերսեկրետոր գաստրիտների և խրոնիկական էնտերիտների ժամանակ։ Դեղաբույսը ամիս տևողությամբ կանոնավոր ընդունելիս բավականաչափ խթանում է ստամոքսահյութի ժամային լարվածությանը, աղաթթվի դեբիտ-ժամը և հյութի պրոտելիոտիկ ակտիվությունը։ Զգալի չափով նվազել է հյութի pH-ը, պակասել լորձի քանակը, արյան մեջ բարձրացել կարբոանհիդրազայի ակտիվությունը և լեզվի համայն ռեցեպցիան՝ համայն տարբեր գործոնների նկատմամբ։
Դեղաբույսից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1 օրում՝ 3 անգամ։ Կամ 1 ճաշի գդալ հումքը 1 լ. ջրում եփել մինչև եռալը, հովացնել ու քամել, ապա ընդունել 1/2 բաժակ, օրը 4 անգամ՝ նևրիտների և ռադիկուլիտների ժամանակ։ Կամ 15 գ. հումքը 20 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպել մեկական ճաշի գդալ՝ օրական 2-3 անգամ։ Կամ 10-15 գ. հումքը 30 րոպե թրմել լ եռման ջրում, հովացնել ու քամել, ապա օգտագործել թրջոցների ձևով՝ աչքի հիվանդությունների ժամանակ։ Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, հովացնում, քամում ու ըմպում մեկական ճաշի գդալ՝ օրական 4-6 անգամ։ Լոգանքի համար 100 գ հումքը 30 րոպե թրմում են 2 լ եռման ջրում, հետո ըստ պահանջի, ավելացնում լոգանքաջրին կամ օգտագործում կոկորդի ողողումների համար, կամ 50 գ հումքը 1 ժամ թրմում են 1 դույլ եռման ջրում և օգտագործում լոգանքի ձևով՝ ռևմատիզմի, ռադիկուլիտի, նևրիտների, գեղձախտի, էկզեմայի և սալջարդի ժամանակ։ Ոգեթորում պատրաստելու համար հումքը խառնում են 70 աստիճանի սպիրտի հետ, 1։5-ի հարաբերությամբ։ Այն ընդունում են տասնհինգական կաթիլ՝ օրական 3 գրամ։
Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսով ճաշերը, երշիկը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները։ Ուրցը հիանալի մեղրատու բույս է, տալիս է առատ նեկտար։ Եթերայուղը օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության մեջ, ինչպես նաև պարֆոմերիայում։ Ճյուղերը և արմատն ունեն կաշին դաբաղող հատկություն։ Չոր խոտի մեջ, Մասնակի խառնուրդի ձևով, ուրցը բարենպաստ է ազդում անասունների մարսողության վրա։ Բույսը դեկորատիվ է, լայնորեն կիրառվում է զարդերիզներ, շաղկագորգեր և ալպինարիաներ պատրաստելու համար։
- Արշավիր Թորոսյան Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան - 1983