Jump to content

Վիլանդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլանդրի
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորVillandry?[1]
Երկիր Ֆրանսիա[1]
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Gabriel-Julien Ouvrard?
Կայքchateauvillandry.fr(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Château de Villandry Վիքիպահեստում

Վիլանդրի (ֆր.՝ Château de Villandry), դղյակ Ֆրանսիայում, Լուարայի դղյակներից մեկը։ Գտնվում է Տուր քաղաքից 15 կմ արևմուտք։ Հայտնի է իր դոնժոնով, դեկորատիվ բանջարանոցներով, զարդապատկերներ և արհեստական լճակ ունեցող երեք այգիներով։

Դղյակի տեսքը

Վերածննդի շրջանի այս հիասքանչ դղյակը խոյանում է Լուարայի ափին։ 1189 թվականի հուլիսի 14-ին Վիլանդրիում, որն այդ ժամանակ Կոլոմբիե ամրությունն էր, կայացել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսի և Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի հանդիպումը։ Երկու արքաների զրույցը կայացել է հարավարևմտյան աշտարակում և ավարտվել Կոլոմբիեի հաշտության պայմանագրով` հօգուտ Ֆիլիպ II Օգոստոսի։

Մի քանի դար հետո դղյակը որպես սեփականություն ձեռք է բերել Ֆրանցիսկ I-ի պետական քարտուղար Ժան լե Բրետոնը, ում հանձնարարված էր հետևել Ֆոնթեբլո և Շամբոր դղյակների կառուցմանը։ Ժան լե Բրետոնը, որ արմատներով Շոտլանդիայից էին, ուզում է իր համար գեղեցիկ մի դղյակ կառուցել, որը կտարբերվեր արդեն գոյություն ունեցող միջնադարյան մյուս դղյակներից։ Բացի հին դոնժոնից` մնացած շինությունները քանդվում են։ 1536 թվականին Լուարայի ափին սկսվում է П-աձև նոր շենքի կառուցումը։

1754 թվականին դղյակի նոր տերը` մարքիզ Միշել-Անժ դե Կաստելանը, ով Պրովանսից էր, որոշում է նոր ժամանակներին համապատասխան ձևով փոխել դղյակի տեսքը. պատուհանները զարդարվում են կամարներով, ավելացվում են պատշգամբներ, առաջին հարկի կամարաշարի տեղում նոր շինություններ են կառուցվում խոհանոցի և միջանցքի համար։

19-րդ դարի սկզբին դղյակը պատկանում էր Նապոլեոն Բոնապարտի կրտսեր եղբորը` արքայազն Ժերոմին։ Այդ ժամանակ դղյակը ծաղկում է, քանի որ պետք է համապատասխաներ կայսերական պահանջներին։ Դղյակն այնուհետև անցնում է Էնգերլո ընտանիքին։

1906 թվականին դղյակը ձեռքէ է բերում դոկտոր Հոակիմ Կարվալիո և և Աննա Կոլեման ամուսնական զույգը, որն արվեստի մեծ սիրահար էր։ Նրանք ցանկանում են դղյակի նախնական տեսքը վերականգնել։ Վիլանդրիում կառուցում են կամարաշարեր, պատուհաններին տալիս են նախնական տեսքը, վերականգնում են այգիները։ Վերականգնողական աշխատանքներից անմասն են մնում հարավային ճակատը և դղյակի ներքին սրահները, որոնք վերափոխվել էին մարքիզ Կաստելանի օրոք։ Կարվալիոյի նախաձեռնությամբ ստեղծվում է պատմության հուշարձանների սեփականատերերի միավորում, որը Շեր և Լուարա գետերի ափերին կառուցված դղյակների ազատ մուտք է ապահովում։

Ներկայումս դղյակը պատկանում է Անրի Կորվալիոյին` Հոակիմ Կորվալիոյի ծոռանը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դղյակի երկու թևերը Վերածննդի ճարտարապետության բնորոշ օրինակներ են։ Նրանց շինարարության մեջ օգտագործվել են տարրեր, որ բնորոշ են 16-րդ դարի դղյակներին` մեծ պատուհաններ, որ ընդգծված են որմնասյուներով և խոյակներով, եզրազարդեր, պատուհաններ տանիքին։ Կառույցի ճակատային մասը մի փոքր անհամաչափ է, ինչը նկատվում է պատուհանաշարից։ Բակը երկու կողմերից շրջապատված է վեց սյունաշարերով։

Դղյակին ներսում առանձնանում են հյուրասենյակները, բնակելի սենյակները, աստիճանը, պատկերասրահը։ Յուրաքանչյուր սենյակից տարբեր անկյան տակ բացվում են այգու ամբողջական կամ մասնակի տեսարաններ։

Վիլանդրիի այգին

Վիլանդրի դղյակը մասամբ շրջապատված է ջրանցքով, իսկ նրա մերձակա տարածքում երեք շերտերով այգիներ են ստեղծված։ Բրետոնը, լինելով Ֆրանցիսկ I-ի դեսպանն Իտալիայում, հետաքրքրվել է Վերածննդի շրջանի իտալացի նշանավոր վարպետների կտավներում պատկերված այգիներով։ Դրանք հրաշալի ներդաշնակություն էին կազմում ճարտարապետական համալիրների հետ։ Այդպիսի այգիների հիմնումը Ֆրանսիայում առիթ դարձավ, որ վերանան քարե ցանկապատները։ Ընդարձակ ծառուղիները շրջապատվում էին ծաղկաթմբերով, որոնց սահմաններն ընդգծում էին խնամքով մշակված թփերով։

Վիլանդրիի այգիները ֆրանսիական այգեգործական արվեստի վառ դրսևորում են։ Նրանք տարածվում են երեք շարքերով, որոնցից յուրաքանչյուրը բարձրանում է մյուսի վրա։ Վերին մակարդակը ջրի հայելին է։ Միջին շերտի այգիները առաջին հարկի սենյակների հետ գտնվում են նույն հարթության վրա, իսկ այգիների առաջին շերտը բանջարանոցի տեսքով է ոճավորված։ Վերին շերտի ծառերը պտղատու են։

Միջին շերտի դեկորատիվ այգին կոչվում է «Սիրո այգի», քանի որ տոսախով ձևավորված չորս մեծ քառակուսիները սիրո այլաբանությունն են պատկերում։ Հյուսիսարևմտյան զանգվածը ներկայացնում է խոցված սրտեր, դեղինի գերակշռությամբ հյուսիսարևելյանը` անհավատարմություն։ Հարավարևմտյան զանգվածը ներկայացնում է կրակի լեզուներով սիրտ, ինչը մեղմ զգացմունքներ է խորհրդանշում, իսկ հարավարևելյան զանգվածը` սուսերով և արյան վառ կարմիր գույնով, խորհրդանշում է ողբերգական սերը։ Զբոսուղիների եզրին ձևավորված են լանգեդոկյան, մալթական և բասկյան խաչեր։

Մյուս կողմում դեկորատիվ բանջարանոց է, որից բացվում է հարևան գյուղի` ռոմանական ոճով եկեղեցին ընդգրկող համայնապատկեր։ Այգիների այս մասում բազմագույն թմբեր են, ուր տնկված են տարբեր բույսեր և ծառեր։ Այգիների այդ տեսակը պատմական հիմք ունի։ 16-րդ դարում հիմնվում էին այգիներ, որտեղ տնկվում էին Ամերիկայից և Եվրոպային անհայտ այլ մասերից բերված բույսերի նմուշներ։ Հենց այդ ավանդույթն է շարունակվել Վիլանդրիի այգիներում, որոնք վերականգնվել են 20-րդ դարի սկզբին դոկտոր Հոակիմ Կարվալիոյի ջանքերով։ Քառակուսի թմբերում կարելի է նկատել կաղամբի, գազարի, բազուկի, հազարի մշակաբույսեր, ինչպես նաև խնձորենիներ, տանձենիներ։ Բնապատկերն ամբողջացնում են շատրվանները, որոնք ի սկզբանե նախատեսված էին բույսերը ջրելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Le Livre d’Or (Chateaux de la Loire); responsable de l’edition Giovanna Bonechi
  • P. Le Noach, Histoire de Villandry et de son château, (Tours, impr. Mariotton, 1949)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլանդրի» հոդվածին։