Jump to content

Տատրակավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տատրակավանք՝ Տատրաբնակ Սուրբ Աստվածածին վանք, հայկական ճարտարապետական հուշարձան, Բաղեշից 2 կմ հյուսիս-արևմուտք, Գոմք գյուղի հյուսիս-արևելք կողմում, խոսրով կամ ծոցերով գետի աջ ափին։ Մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Գոմոց կամ Գոմաց Սուրբ Աստվածածին և Սուրբ Գեվորգ, սակայն ավելի հաճախ անվանվել է Տատրակավանք, տարբերելու համար հուշարձանախմբից ոչ հեռու գտնվող Ռշտունիքի Գոմք (Գոմս) գյուղի Սուրբ Գևորգ կամ Զոջգլուխ վանքից։ Պարագծով պարսպապատված վանքային համալիրի կենտրոնում արևելք-արևմուտք առանցքով տեղադրված է Վասպուրականում լայն տարածում գտած գլխավոր տաճար, գավիթ, զանգակատուն շենքերի հորինվածքային համադրումը, նրանց շուրջը՝ 8-10 երկհարկանի խցեր են և մի քանի վանքապատկան գոմեր։ Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին կենտրոնագմբեթ, մեծաչափ եկեղեցին ունի 1681 թվականի թվակիր շինարարական արձանագրություն։ Վանքի հիմնադրման թվականը հայտնի չէ, ավանդությունը այն վերագրում է Թադեոս առաքյալին։ Առաջին մատենագիտական հիշատակությունը վանքի մասին վերաբերում է 1414 թվականին։ 15-17-րդ դարերում Տատրակավանքը եղել է գրչության հայտնի կենտրոն, 17-րդ դարից՝ Բաղեշի թեմական առաջնորդարանը։ 1889 թվականից վանքում գործել է դպրոց։ Տատրակավանքը հիմնովին վերաշինվել է 17-րդ և 18-րդ դարերում, ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։