Օսկար դե լա Ռենտա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռենտա (այլ կիրառումներ)
Օսկար դե լա Ռենտա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1932[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 20, 2014[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Քենթ, Կոնեկտիկուտ |
Քաղաքացիություն | Իսպանիա, Դոմինիկյան Հանրապետություն և ԱՄՆ |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | դիզայներ, նորաձևության դիզայներ և ոճաբան |
Ամուսին | Աննեթ դե լա Ռենտա և Ֆրանսուազ դե Լանգլադ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | oscardelarenta.com |
Oscar de la Renta Վիքիպահեստում |
Օսկար դե լա Ռենտա (անգլ.՝ Oscar de la Renta), իսկական անունը՝ Օսկար-Արիստիդ Ռենտա-Ֆիալիո (իսպ.՝ Oscar Aristides Renta Fiallo, հուլիսի 22, 1932[1][2][3][…], Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն[4] - հոկտեմբերի 20, 2014[1][2][3][…], Քենթ, Կոնեկտիկուտ), դոմինիկյան ծագմամբ ամերիկացի մոդելավորող, «Օսկար դե լա Ռենտա» ընկերության հիմնադիր (անգլ.՝ Oscar de la Renta): Ժակլին Քենեդուց սկսած՝ պատասխանատու է եղել ԱՄՆ-ի առաջին բոլոր տիկնանց հագուստի համար՝ Նենսի Ռեյգան, Լորա Բուշ և Հիլարի Քլինթոն։ Երկու անգամ եղել է մոդելավորողների ամերիկյան խորհրդի նախագահը, 1993-2002 թվականներին հավաքածուներ է ստեղծել «Պիեռ Բալմեն» նորաձևության տան համար (ֆր.՝ Pierre Balmain, դարձել առաջին ամերիկացին, որը գլխավորել Է Փարիզի Բարձր նորաձևության[en] տունը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսկար դե լա Ռենտան ընտանիքի 7 երեխաներից ավագն էր և միակ տղա երեխան։ Նրա հայրը՝ պուերտոռիկացի Օսկար Ռենտան, ապահովագրական ընկերության սեփականատեր էր, մայրը՝ Կարմեն Մարիա Անտոնիա Ֆիալիոն, ուներ իսպանական ծագում, ում նախնիները 17-րդ դարի վերջին Դոմինիկյան Հանրապետություն էին տեղափոխվել Կանարյան կղզիներից։ Նրա նախապապը հայրական կողմից՝ Խոսե դե լա Ռենտան[en], տարիներ շարունակ Պոնսի քաղաքապետն էր, մորեղբայրը՝ Ֆաբիո Ֆիալիոն[en], դիվանագետ էր և գրող։
18 տարեկանում Օսկարը կորցրեց մորը։ 1951 թ. 19 տարեկանում նա գնաց Իսպանիա, որտեղ սովորում էր Սան Ֆերնանդոյի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Վաստակում էր թերթերի և տեղական ատելյեների համար կանանց հագուստի մոդելներ նկարելով։ 1956 թվականին նահանգապետի կինը՝ Ֆրանչեսկա Լոջը[en], տեսնելով նրա նկարները, պատվիրեց նրան իր դստեր ավարտական երեկոյի զգեստի դիզայնը։ Այդ պարահանդեսային շորով Բեատրիսի նկարը հայտնվեց «Life» ամսագրի շապիկին, որից հետո Օսկարը տարվեց նորաձևությամբ։ Նա սկսեց նկարել իսպանական նորաձևության առաջատար տների համար և շուտով որպես նկարիչ աշխատանքի ընդունվեց Քրիստոբալ Բալենսիագայի մոտ, որին հետագայում համարում էր իր ուսուցիչը։ 1961 թվականին Ռենտան տեղափոխվեց Փարիզ, որտեղ դարձավ իսպանացի մոդելավորող Անտոնիո Կաստիլոյի[en] օգնականը, որն աշխատում էր «Լանվեն» նորաձևության տան համար։
1963 թվականին ցանկանալով զբաղվել «պրետ-ա-պորտե»-ով՝ պատրաստի հագուստի մոդելներով` որպես ավելի շահավետ գործ, հետևելով Դիանա Վրիլանդի խորհրդին՝ տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ սկսեց աշխատել որպես Էլիզաբեթ Արդենի նորաձևության կայսրության մոդելավորող։ Երկու տարի անց՝ 1965 թվականին, անցավ աշխատելու Ջեյն Դերբիի[en] մոտ, որը ԱՄՆ-ում կանացի պատրաստի հագուստի առաջատար մոդելավորող էր։ Նույն թվականին Նյու Յորքում տեղի ունեցավ նրա հավաքածուի առաջին ցուցադրությունը։ Ջեյն Դերբիի մահից հետո՝ նույն թվականի օգոստոսին, սկսեց «Օսկար դե լա Ռենտան Ջեյն Դերբիի համար» ապրանքապիտակով հագուստ թողարկել։ 1966-ից սկսած՝ միայն իր անունն էր դնում։
1969 թվականին Օսկար դե լա Ռենտան ստացավ ԱՄՆ քաղաքացիություն։ 1974 թվականին նրան անցավ Դերբիի նորաձևության տան լիակատար վերահսկողությունը, որն այդուհետ սկսեց աշխատել նրա անունով։ 1977 թվականին ներկայացրեց իր առաջին բույրը։ Նույն թվականին «Միսս Տիեզերք» մրցույթի ժյուրիի անդամ էր։
Երկու անգամ՝ 1973-1976 և 1986-1988 թվականներին, եղել է մոդելավորողների ամերիկյան խորհրդի նախագահը։
1992 թվականին հրավիրվեց հավաքածուներ ստեղծելու «Պիեռ Բալմեն» նորաձևության տան համար՝ դառնալով առաջին ամերիկացին, որը գլխավորեց Փարիզի Բարձր նորաձևության տունը։ Այս նորաձևության տան համար աշխատեց մինչև 2002 թվականը։
1997 թվականին Խուլիո Իգլեսիասի հետ դարձավ «Grupo Puntacana» ընկերության համասեփականատերը, որը հիմնադրվել էր 1969 թվականին Ֆրենկ Ռեյնիերիի և Թեոդոր Հիլի կողմից։ Վերջինս Puntacana Resort and Club զբոսաշրջային համալիրի սեփականատերն էր և զբաղվում էր Պունտա Կանայի (Դոմինիկյան Հանրապետություն) համալիր զարգացմամբ։ 2003 թ.-ին ձևակերպեց այնտեղ ռեստորան, Tortuga Bay հյուրանոցի 13 վիլլա և սեփական բուտիկ՝ 1000 մ² մակերեսով։
2001 թվականին նրա սեփական ընկերությունը սկսեց զարդեր, կոշիկներ, պայուսակներ և այլաքսեսուարներ արտադրել, 2005 թվականին Մեդիսոն պողոտայում գտնվող խանութ բացեց, 2006 թվականին սկսեց ստեղծել հարսանյաց զգեստների հավաքածուներ։ 2008 թվականին ընկերությունը դուրս եկավ միջազգային հարթակ՝ խանութներ բացելով Աթենքում, Մադրիդում, իսկ հաջորդ տարի՝ Դուբայում։ 2012 թվականին գործարկեց մանկական հագուստի և տան համար նախատեսված ապրանքների արտադրություն։
Օսկար դե լա Ռենտան շրջանառության մեջ դրեց այնպիսի հասկացություն, ինչպիսին է նորաձևության զոհը։ ԱՄՆ-ում թևավոր արտահայտություն էր. ««Օսկարին» կհագնենք Օսկար»։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու անգամ ամուսնացած է եղել։ 1967 թվականին ամուսնացել է խմբագիր և նորաձևության քննադատ Ֆրանսուազ դե Լանգլադի հետ։ 1989 թվականին՝ նրա մահից վեց տարի անց, ամուսնացել է բարերար Աննեթ Ռիդի (Աննեթ դե լա Ռենտա) հետ։ Երկուսի հետ էլ Օսկար դե լա Ռենտան ծանոթացել է Վինձորի դուքսի և Ուոլիս Սիմփսոնի, Վինձորի դքսուհու ընդունելությունների ժամանակ։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Օսկար դե լա Ռենտան նպաստել է Դոմինիկյան Հանրապետությունում դպրոցի և մանկական կենտրոնի կառուցմանը, որը նախատեսված էր 1500 երեխայի համար։ Նա Մետրոպոլիտեն օպերայի և Կարնեգի Հոլի հոգաբարձուների խորհրդի անդամ էր, մասնակցել է այնպիսի բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին, ինչպիսիք են «New Yorkers for Children» և «Americas Society»: 2004 թվականից սկսած՝ եղել է Իսպանիայի թագուհի Սոֆիայի ինստիտուտի նախագահը։
Հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Oscar de la Renta նորաձևության տան մամուլի ծառայությունը հայտնեց, որ մոդելյորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ 2013 թվականին հայտարարվեց ընկերության հիմնադրի բուժման հաջող ավարտի և վերջնական ապաքինման մասին։
Օսկար դե լա Ռենտան մահացավ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին՝ 82 տարեկան հասակում։ Այդ պահին նա ԱՄՆ-ի գործող ամենահին մոդելավորողն էր։ Նրա վերջին աշխատանքներից մեկը դարձավ դերասան Ջորջ Քլունիի հարսնացուի՝ Ամալ Ալամուդիի հարսանեկան զգեստը։ Իր մահից քիչ առաջ Դե լա Ռենտան հայտարարեց իր նորաձևության տան գեղարվեստական ղեկավարումը մոդելավորող Փիթեր Քոփինգին փոխանցելու մասին, որը նախկինում գլխավորում էր Nina Ricci ապրանքանիշը[7]։
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967 - Կոթի մրցանակ[en] Road of Spices հավաքածուի համար
- 1968 - Նեյման-Մարկուսի մրցանակ[en] և Կոթի մրցանակ («Վերադարձ»)
- 1971 - Կոթի մրցանակ («Փառքի սրահ, հիշատակում»)
- 1973 - Կոթի մրցանակ («Փառքի սրահ»)
- 1989 - Ջոֆրի Բինի[en] մրցանակը կյանքի ձեռքբերումների համար (շնորհվել է 1990 թվականի փետրվարին CFDA-ի մրցանակների հանձնման արարողության ժամանակ)
- 1996 - իսպանական ժառանգության հիմնադրամի[en] մրցանակ կյանքի ձեռքբերումների համար
- 1999 - Պատվո լեգեոնի շքանշանի հրամանատար
- 1999 - Ոսկե շքանշան արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[en] (2000 թվականին մրցանակը ստացել Է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ից)
- 2000 - «Տարվա դիզայներ» (CFDA մրցանակ)՝ կանանց հագուստի հավաքածուի համար
- 2006 - կյանքի ձեռքբերումների մրցանակ Փարսոնսի դիզայնի նոր դպրոցի[en] նորաձևության 58-րդ ամենամյա ցուցադրությունում
- 2007 - «Տարվա դիզայներ» (CFDA մրցանակ)՝ կանանց հագուստի հավաքածուի համար
- 2009 - Superstar Award մրցանակ ամերիկյան նորաձևության արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի համար, Fashion Group International
- 2013 - Էլինոր Լամբերտի մրցանակ (CFDA մրցանակ), մրցանակը հանձնել Է Հիլարի Քլինթոնը
- 2014 - Քարնեգի Հոլ շքանշան
Օսկար դե լա Ռենտան նաև Քրիստափոր Կոլումբոսի շքանշանի մեծ սպա է և Դոմինիկյան Հանրապետության բարձրագույն պարգևի՝ Սանչեսի, Դուարտեի և Մելայի արժանիքների համար շքանշանի մրցանակակիր։
2000 թվականին մոդելյորը գլխավորեց պուերտոռիկացու օրվան նվիրված նյույորքյան ավանդական շքերթը՝ Հինգերորդ պողոտայով անցնելով որպես «ազգային մարշալ»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.cnn.com/2014/10/20/living/oscar-de-la-renta-death/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129020265 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
- ↑ Emily Farra. Oscar de la Renta May Have Found a Successor. // 12 սեպտեմբերի 2014
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար դե լա Ռենտայի կենսագրության ուղենիշները նրա ստեղծած ընկերության կայքում
- Cathy Horyn. Oscar's...Wild! // New York Times, 19 փետրվարի 2009.
- David Amsden. Dynasty // New York Magazine, 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար դե լա Ռենտա» հոդվածին։ |
|