Jump to content

Արզական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արզական
Ընդհանուր տեսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայք
ՇրջանՀրազդան
ՀամայնքԿոտայքի մարզ, Հրազդանի շրջան և Նոր Բայազետի գավառ
Առաջին հիշատակումVII դար
Այլ անվանումներԱրզաքյանդ, Արտավազդական
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն2751 մարդ (2012[1])
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0226
Ավտոմոբիլային կոդ42
Արզական (Հայաստան)##
Արզական (Հայաստան)

Արզական՝ գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 21 կմ հարավ-արևմուտք, Դալար գետի ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին։

Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։ Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից, մասամբ նաև Մուշից։
Արզականը հանդիսացել է առաջին կարգի աստիճանավոր Երևանցի Ղահրաման Մելիք–Աղամալյանի սեփական կալվածքը։ 1862 թվականին Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը եղել է Արզականում, հանդիպում է ունեցել 1-ին կարգի աստիճանավոր կալվածատեր Ղահրաման Մելիք–Աղամալյանի հետ։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցի վկայությամբ Արզաքանը տեղավորված է եղել երկու փոքրիկ ձորակների միջավայրում, այն ժամանակ ունեցել է 37 տնտեսութուն։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը գրում է. «Արժանի իշխանաց արժանավոր բնակարան և ամրոց է եղած ժամանակին Արզաքանը, նորա շրջավայրերը, որը և արժանի է ներկայի կալվածատեր մեծապատիվ իշխանին` Ղահրամանյան աղայի Մելիք–Աղամալյանցին, որի շնորհիվ եկեղեցին և եկեղեցիական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ են եղել»։
Գյուղի բնակչությունը գյուղատնտեսական կուլտուրաներից մշակել է ցորեն, գարի, ծխախոտ, կանեփ, վուշ և բոստանային կուլտուրաներ։ Գյուղն ունեցել է հետևյալ արտադրական օբյեկտները, որոնք պատկանել են բնիկ տեղացի հայերին 3 դարբնոց, 3 ջուլհականոց, 1 հյուսնոց, 1 բրդամշակման արհեստանոց, ունեցել է նաև ձիթահան պատրաստի վիճակում, որի արտադրական կարողությունը տարեկան եղել է 500 բատման կտավատի ձեթի արտադրություն։ 1831 թվականին գյուղն ունեցել է 7 ջրաղաց, որից միայն երկուսն է եղել սարքին վիճակում, բոլոր ջրաղացներն ունեցել են մեկ աչք։
Գյուղն ունեցել է իր սեփական հիդրոէլեկտրոկայանը, որը հիմնել է Աշոտ Վարդանյանը։ Արզականը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի ստորոտին, Հրազդան գետի աջակողմյան վտակ Դալար գետի ափին, ձորահովտում՝ մրգատու ծառերի մեջ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզական գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա։ Այն հայտնի է իր չքնաղ բնությամբ, տաք աղբյուրներով, բազմաթիվ պանսիոնատներով և հյուրանոցներով։

Գյուղը գտնվում է լեռների գոգավորության մեջ։ Այն Հրազդան քաղաքից գտնվում է 15 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք, իսկ Չարենցավան քաղաքից 8 կմ դեպի հյուսիս։ Շրջակայքի տարածքին բնորոշ են բարձրադիր լեռները, սարավանդները, կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռն ընթանում է ոչ այնքան երկարատև ձյունածածկույթով, ամառը՝ մեղմ ու զով։

Արզականը շրջապատված է Ծաղկունյաց լեռնաշղթայով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից, մասամբ նաև Մուշից և Թիֆլիսից։

Արզականի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 233 1130 1179 1445 1354 1946 2168 5343 2881 2390[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Արզական համայնքը դասվում է հանրապետության խոշոր գյուղական համայնքների շարքին։ Համայնքի վարչական տարածքում գտնվում է հազար միավորից ավել այգեգործական (ամառանոցային) տնտեսություններ և «Աղվերանի» հանգստի գոտին՝ շուրջ քսանհինգ հանգստյան տներով։
Գյուղում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնցից մի քանիսը հանքային տաք աղբյուրներ են, ունեն բուժիչ նշանակություն։ Այստեղ հասունանում են խնձորը, քաղցրահամ տանձը, անուշահամ ծիրանը սալորը, դեղձը։ Ծաղկունյաց լեռների լանջերին տարածված են թխկենու, կաղնու, հացենու և այլ ծառատեսակներ։
Կենդանիների աշխարհի ներկայացուցիչներից են գայլը, արջը, նապաստակը, եղնիկը, աղվեսը, բազմազան է նաև թռչնաշխարհը։ Արզականը պտղատնկարանային պետական տնտեսություն էր, զբաղվում էր տնկիների արտադրությամբ, հայտնի իր խնձորով, որի նկատմամբ անտարբեր չի եղել հայ գրող Ն. Զարյանը, գրելով իր «Արզականի խնձորները» բանաստեղծությունը։
Արզական համանքը հանրապետության այն գյուղական համայնքներից է, որն արդեն ունի իր հիմնական հատակագիծը հաստատված 2006 թվականի ՀՀ կառավարության կողմից, ըստ որի համայնքը պետք է զարգանա գյուղը եզերող բլրակների թեքությունների վրա, իսկ որպես հանգստի գոտի օգտագործվելու է Դալար գետի ափերը։

Աղվերան հանգստյան գոտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղ ժամանակներից Աղվերանը հայտնի է եղել իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի բնապատկերներով։ Աղվերանում են տեղակայված Հայաստանի բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ և հյուրատներ, որոնք ցանկացած սեզոնի գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Աղվերանի հանգստյան տներից և հյուրանոցներից են՝

  • Պարկ Ռեզորթ Աղվերան (Park Resort Aghveran)
  • Արթուրս (Arturs Hotel)
  • Բեսթ Վեսթերն Աղվերան
  • Ոսկե Գետակ (Voske Getak- Golden River)
  • Ալպիական Մանուշակ (Alpian Violet)
  • Աղվերան Ռեզորթ (Aghveran Resort Hotel)
  • Կրիստալ Ռեսորթ Աղվերան (Kristal Resort Aghveran)
  • Կարին հանգստյան տուն
  • Երեքնուկ Աղվերանի հանգստի տուն

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզականի տարածքում կան մարմարի, օխրայի, խճաքարի, տիտանի շահագործվող հանքավայրեր, հանքային ջրեր և բազմաթիվ աղբյուրներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզականն ունի երկու եկեղեցի` Սբ. Գևորգ (X դար) գյուղի գերեզմանատան մեջ և Սուրբ Ստեփանոս, որը գտնվում է հին գյուղի տարածքում։ Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը։

Արզականից 3 կմ հարավ-արևելք` Հրազդանի ձախ ափին, կան գյուղի ավերակներ։ Դա, ըստ տեղացիների, հին Արտավազդականի կամ Արտազականի ավերակներն են։ Արզկանում է գտնվում «Անհայտ զինվորի հուշարձանը»։

Եկեղեցիներ՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 33» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 11-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արզական» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 46