Պալիատիվ օգնություն
Պալիատիվ օգնություն (ֆրանսերեն՝ palliatif, լատիներեն՝ pallium ծածկոց, թիկնոց բառից), ամոքիչ օգնություն, մոտեցում, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների (քաղցկեղով և կյանքը սահմանափակող այլ հիվանդություններ) խնդրին բախվող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրա հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով[1]։
«Պալիատիվ» հասկացությունն առաջացել է լատիներեն «pallium» բառից, որն ունի «դիմակ», «թիկնոց» բառերի նշանակությունը։ Դա ներկայացնում է պալիատիվ (ամոքիչ) օգնության բովանդակությունը և փիլիսոփայությունը. անբուժելի հիվանդության դրսևորումների հարթեցում, մեղմացում և/կամ թիկնոցով ծածկում՝ ծածկոցի ստեղծում բոլոր նրանց պաշտպանության համար, ովքեր մնացել են «ցրտում և անօգնական պայմաններում»։
Պալիատիվ խնամքը տրամադրվում է բժիշկների, բուժքույրերի և առողջապահական այլ մասնագետների կողմից։ Դեղորայքը և բուժման ձևերը համարվում են պալիատիվ, եթե դրանք մեղմացնում են ախտանիշները՝ առանց հիվանդության վրա բուժիչ ազդեցության։
Չնայած պալիատիվ խնամքը նոր երևույթ չէ, սակայն շատ բժիշկներ նախընտրում են կենտրոնանալ հիվանդների ամբողջական բուժման վրա։ Ախտանիշների կրճատմանն ուղղված բուժման եղանակները համարվում են վնասակար, կախվածություն առաջացնող և այլ կողմակի հետևանքներ ունեցող[2]։
Պալիատիվ խնամքի կարևոր հատկանիշ է այն, որ ինչպիսին էլ լինի հիվանդությունը, ինչպիսի փուլում էլ այն գտնվի, ինչպիսի բուժումներ էլ անցկացված լինեն, այնուամենայնիվ, գլխավոր նպատակը հիվանդի տառապանքների թեթևացումը և կյանքի որակի բարելավումն է։ Այն հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալիատիվ խնամքը սկսել է կիրառվել հոսպիսային (հյուրատնային) շարժման (անգլերեն՝ «hospice movement») շրջանակներում և ներկայումս ունի լայն տարածում։ Հոսպիսները (hյուրատներ) 4-րդ դարում ճանապարհորդների հանգստի վայրեր էին։ 19-րդ դարում կրոնական կարգով հոսպիսներ ստեղծվեցին Իռլանդիայի և Լոնդոնի մահամերձ անձանց համար։ Ժամանակակից հոսպիսը համեմատաբար նոր հասկացություն է, որը սկիզբ է առնում Մեծ Բրիտանիայում 1967 թվականին հիմնված Սբ. Քրիստոֆերի Հոսպիսի ստեղծումից։ Այն հիմնադրվել է Սեսիլի Սոնդերսի կողմից, ով հանդիսանում է հոսպիսային ժամանակակից շարժման հիմնադիրը։
Վերջին տարիներին հոսպիսային շարժումն ունի բավականին մեծ տարածում։ Մեծ Բրիտանիայում 2005 թվականին հաշվվում էին մոտ 1700 հոսպիսային ծառայություններ չափահասների և երեխաների համար։ Այդ ծառայությունները ֆինանսավորվում են առողջապահության հատվածի կամ բարեգործությունների շնորհիվ և անվճար են բուժվող բոլոր հիվանդների համար։
ԱՄՆ-ում հոսպիսները կամավորական շարժումից աճել են մինչև առողջապահական հատվածի լայնածավալ ու կարևոր հատված։ 2005 թվականին ավելի քան 1,2 միլիոն անձինք և նրանց ընտանիքները ստանում էին հոսպիսային խնամք։ Դրանք առողջապահական խնամքի միակ եղանակն են, որն ընդգրկում է դեղորայք, բժշկական սարքավորումներ, խնամքի և հարազատների ներկայության շաբաթական 24 ժամ/7 օր հասանելիություն։ Հոսպիսային խնամքի մեծ մասը իրականացվում է տնային պայմաններում, ինչպես նաև հասանելի է ծերանոցներում, հիվանդանոցներում, բանտերում և այլուր։ Ներկայումս ԱՄՆ-ում գործում են պալիատիվ խնամքի ավելի քան 1400 ծրագրեր, որոնք գործում են հիվանդանոցների ավելի քան 80%-ում[4]։
Հոսպիսների և պալիատիվ խնամքի միջազգային ասոցիացիան (IAHPC) ստեղծվել է 1997 թվականին՝ խրախուսելու և հնարավորություն տալու յուրաքանչյուր երկրի ստեղծելու պալիատիվ խնամքի սեփական մոդելը[5]։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է պալիատիվ խնամքի զարգացումն ամբողջ աշխարհում։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ավելի լավ մասնագիտական կրթություն, ունենալ համապատասխան գիտելիքներ և ունակություններ ունեցող բուժաշխատողներ։
Նպատակը և խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալիատիվ օգնությունը.
- մեղմացնում է ցավերը և անհանգստություն պատճառող այլ ախտանիշներ,
- ընդունում է կյանքը և վերաբերվում մահվանը որպես բնական երևույթի,
- չի ձգտում երկարաձգել կամ կարճացնել կյանքի տևողությունը,
- ընդգրկում է հիվանդի խնամքի հոգեբանական և հոգևոր կողմեր,
- հիվանդներին առաջարկում է աջակցման այնպիսի համակարգ, որպեսզի նրանք հնարավորինս ակտիվ կյանքով ապրեն մինչև մահ,
- աջակցում է հիվանդի հարազատներին հիվանդության ընթացքում և սգո շրջանում,
- հիվանդների և նրանց հարազատների կարիքները հոգալիս կիրառվում է թիմային մոտեցում,
- բարձրացնում է կյանքի որակը և նպաստում հիվանդության առավել բարեհաջող ընթացքին,
- կիրառելի է ծանր հիվանդության վաղ շրջանում՝ ի լրումն բուժական այլ միջոցառումների (օրինակ՝ քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա),
- ներառում է հետազոտությունների իրականացում, որոնց նպատակն է կլինիկական ախտանիշների և բարդությունների առավել լավ ըմբռնում և բուժում[6]։
Պալիատիվ օգնության նպատակներն ու խնդիրներն են.
- Ծանր ախտանշանների բավարար ցավազրկում և թեթևացում,
- Հիվանդին և նրան խնամող հարազատներին հոգեբանական աջակցություն,
- Հիվանդի կողմից մահվան ընկալման ձևավորում՝ որպես մարդու ուղու բնական փուլ,
- Հիվանդի և նրան խնամող հարազատների հոգևոր պահանջմունքների բավարարում,
- Մահացու հիվանդության և մահվան անխուսափելիության հետ կապված սոցիալական, իրավաբանական և բարոյական խնդիրների լուծում[7]։
Պալիատիվ բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բժշկության բաժին է, որի նպատակն է բժշկագիտության ժամանակակից մեթոդների և ձեռքբերումների կիրառումը բուժման այնպիսի ընթացակարգերի համար, որոնք ուղղված են թեթևացնելու հիվանդի վիճակը այն դեպքում, երբ արմատական բուժման հնարավորություն այլևս չկա։
Պալիատիվ օգնությունը տարբերվում է պալիատիվ բժշկությունից և իր մեջ է ներառում վերջինս։
Պալիատիվ օգնությունը սկսել է լայնորեն կիրառվել քաղցկեղից բացի նաև այլ հիվանդությունների դեպքում՝ քրոնիկ, պրոգրեսիվ թոքային խանգարումներ, երիկամային հիվանդություն, սրտի քրոնիկ անբավարարություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամոլություն և պրոգրեսիվ նյարդաբանական հիվանդություններ[8]։
Պալիատիվ խնամքը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալիատիվ խնամքը նոր երևույթ է Հայաստանում, որը սկիզբ է առել 2003 թվականին, երբ ստեղծվեց Հակացավային և պալիատիվ խնամքի ասոցիացիան։ Հայաստանում պալիատիվ խնամքը ներդնելու համար իրականացվել է կարիքների գնահատում և հաստատվել հայեցակարգ, որի նպատակն է պալիատիվ խնամքի մշակումը և ներդրումը։ Ներկայումս մշակվել են պալիատիվ խնամքի ազգային ստանդարտներ և ուղեցույցներ։ Բժիշկների վերապատրաստման ծրագիրը պատրաստելու հարցում ուղեցույց են հանդիսանում Պալիատիվ Խնամքի Եվրոպական Ասոցիացիայի (ՊԽԵԱ, անգլերեն հապավում՝ EAPC) բուհական և հետբուհական ծրագրերի ձևավորման հանձնարարականները[3]։
Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) օգնության առաջին ծառայությունը բացվել է 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնում[9]։ Բժշկական օգնության այս տեսակի զարգացման նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որը նախարարի հանձնարարությամբ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և անցել առաջին ընթերցմամբ[10]։ 2015 թվականին Հայաստանում պալիատիվ օգնության զարգացման նպատակով նախատեսված են որոշակի ծրագրեր և նախաձեռնություններ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. պալիատիվ օգնության սահմանում (անգլերեն), 2015-05-06
- ↑ Seymour, J. E; D. Clark; M. Winslow (2004). "Morphine use in cancer pain: from 'last resort' to 'gold standard'. Poster presentation at the Third Research Forum of the European Association of Palliative Care". Palliative Medicine 18 (4): 378.
- ↑ 3,0 3,1 «Դերեկ Դոյլ, Ռոջեր Վուդրաֆ, «ՊԱԼԻԱՏԻՎ ԽՆԱՄՔԻ ՁԵՌՆԱՐԿ»։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Center to Advance Palliative Care (անգլերեն)
- ↑ IAHPC History (անգլերեն)
- ↑ WHO Definition of Palliative Care (անգլերեն)
- ↑ ПАЛЛИАТИВНАЯ ПОМОЩЬ - СОВРЕМЕННОЕ НАПРАВЛЕНИЕ ОБЩЕСТВЕННОГО ЗДРАВООХРАНЕНИЯ Արխիվացված 2011-11-04 Wayback Machine (ռուսերեն)
- ↑ Walsh D, Gombeski WR, Goldstein P, Hayes D, Armour M (1994). "Managing a palliative oncology program: the role of a business plan".
- ↑ Ուռուցքաբանության կենտրոնում կգործի պալիատիվ օգնության առաջին ծառայությունը Վերցված է 2015-05-06
- ↑ ՀՀ ԱՆ. Ամոքիչ բուժօգնությունը` առողջապահական համակարգի անբաժանելի մաս Վերցված է 2015-05-06
- ↑ Քննարկվեցին ամոքիչ բժշկական օգնության և խնամքի հարցերը Վերցված է 2015-05-06