Պիրոն Էլիդացի (հին հունարեն՝ Πύρρων, շուրջ մ.թ.ա. 360 - մ.թ.ա. 270 թթ.), հին հույն փիլիսոփա, կասկածամտական (սկեպտիկական) ուղղության հիմնադիր։ Եղել է այն գիտնականների թվում, որոնք մասնակցել են Ալեքսանդր Մակեդոնացու պարսկական արշավանքին, որի ընթացքում ծանոթացել է հնդիկ հիմոսոֆիստների և պարսիկ մոգերի ուսմունքին։ Պիրոնը որևէ գրավոր աշխատություն չի թողել, նրա մտքերը հավաքել և թղթին է հանձնել նրա աշակերտ Տիմոն Փլիունտացին։ Ուսուցանում էր, որ մարդը ոչինչ չի կարող ասել իրերի վերաբերյալ, նա նույնիսկ չի կարող գիտենալ՝ գոյություն ունե՞ն դրանք, թե չունեն։ Պիրոնի իդեալը ատարաքսիան է՝ անտարբերությունը ամեն ինչ հանդեպ, կատարյալ անդորրը, ազատությունը մտածելուց, դատելուց և տարակուսելուց։ Պիրոնի հայացքներին առարկել է հայ միջնադարյան փիլիսոփա Դավիթ Անհաղթը իր «Փիլիսոփայության սահմանումները» երկում (Դավիթ Անհաղթի երկի ամբողջական անվանումն է Եռամեծ և անհաղթ Դավթի փիլիսոփայութայն սահմանումները և բաժանումները՝ ուղղված Պիրոն Իմաստակի չորս դրույթների դեմ)[4]։