Gorgoroth
Գորգորոթ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Gorgoroth |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | բլեք մետալ |
Գործունեություն | 1992 | –այժմ
Լեյբլ | Century Media Records, Forces of Satan Records?, Nuclear Blast և Candlelight Records? |
Կայք | gorgoroth.info |
Gorgoroth Վիքիպահեստում |
Gorgoroth, նորվեգական բլեք մետալ խումբ, ժանրի ամենահայտնի ներկայացուցիչներից։ Հիմնադրվել է 1992 թվականին։ «Gorgoroth» անվանումը վերցվել է Ջ․ Ռ․ Ռ․ Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպից․ Գորգորոթը Մորդորի հրաբխային մոխրով ծածկված սարահարթ է։
2007 թվականի վերջին խումբը պառակտվեց։ Մի կողմից Gorgoroth-ի հիմնադիր և մշտական անդամ կիթառահար Ինֆերնուսը (իրական անունը՝ Ռոջեր Թիեգս), մյուս կողմից բաս կիթառահար Քինգ օֆ Հելլը (իրական անունը՝ Կատո Վիսնես) և վոկալիստ Գաալը (իրական անունը՝ Քրիստիան Էսպեդալ) հայտարարեցին խմբի անվանման վրա իրենց իրավունքների մասին։ Նորվեգիայի պատենտների բյուրոն որոշում ընդունեց հօգուտ Քինգ օֆ Հելլի և Գաալի[1]։ Դրան ի պատասխան, Ինֆերնուսը դիմեց Օսլոյի դատարան։ 2009 թվականի մարտին կայացված վճռով Gorgoroth-ի ապրանքային նշանի իրավունքը Քինգին ու Գաալին վերագրելու որոշումն անվավեր համարվեց և ձևակերպվեց Ինֆերնուսի անունով[2]։
Խումբը երբեք չի հրապարակել իր երգերի տեքստերը, բայց վերնագրերից արդեն իսկ պարզ է, որ ոգեշնչման հիմնական աղբյուրը սատանիզմն է։ Երաժիշտները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ իրենց համար երաժշտությունը երկրորդային է. գլխավորը երգերի հակաքրիստոնեական ուղղվածությունն է[3][4]։ Սեմ Դանի «Մետալիստի ճանապարհորդությունը» ֆիլմում այն հարցին, թե ինչ գաղափարախոսություն է կանգնած Gorgoroth-ի երգերի հետևում, Գաալը պատասխանում է․ «Սատանան»։
Բացի այդ, Gorgoroth-ը սկանդալային ճանաչում է ձեռք բերել խմբի երաժիշտների մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դատական գործերի ու տարատեսակ միջադեպերի շնորհիվ։
Խմբի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Gorgoroth խումբը 1992 թվականին հիմնադրել են կիթառահար Ինֆերնուսը[5], վոկալիստ Հաթը (նորվ.՝ Hat, «ատելություն») և հարվածային գործիքներ նվագող Գոաթը (անգլ.՝ Goat, «այծ»)։ Առաջին բասիստը Չետերն էր (Kjetter), բայց խմբի հետ աշխատելու հենց առաջին տարում նա ձերբակալվում է փայտե եկեղեցի այրելու համար[6] (1990-ականների սկզբներին եկեղեցիներ այրելը ամենատարածված հակաքրիստոնեական ակցիան էր)։ 1993 թվականին թողարկվում է A Sorcery Written In Blood-ի առաջին դեմո ձայնագրությունը[7], որն ավելի ուշ վերահրապարակվում է Burzum-ի հետ համատեղ՝ Burzum & Gorgoroth անվանմամբ։ A Sorcery Written In Blood-ի թողարկումից հետո պայմանագիր են ստորագրում Embassy Records լեյբլի հետ և ձայնագրում Pentagram դեբյուտային ալբոմը[8]։ Դեմոյի և ալբոմի ձայնագրություններին մասնակցում էր Emperor-ի բասիստ Սամոթը, բայց 1994 թվականին նա ևս ձերբակալվում և ազատազրկվում է եկեղեցի այրելու մեղադրանքով[6]։ Հենց այդ ժամանակ խումբը լքում է Գոաթը, ում ժամանակավորապես փոխարինելու է գալիս Ֆրոսթը՝ Satyricon-ից։ 1994 թվականի մայիսին Gorgoroth-ը ելույթներ էր ունենում Օսլոյում գտնվող Lusa Lottes Metal Pub-ում՝ Enslaved, Dissection, Gehenna և Dark Funeral խմբերի հետ համատեղ[9]։
Հենց այդ կազմով խումբը ձայնագրում է երկրորդ ալբոմը՝ Antichrist (1996 թվական), որը Ինֆերնուսը նվիրում է Mayhem-ի կիթառահար Եվրոնիմուսի հիշատակին[10]։ Այս ալբոմի ձայնագրման աշխատանքների ժամանակ Ինֆերնուսը նվագում էր կիթառային և բաս-կիթառային հատվածները։ Ալբոմի ներքին ձևավորումը ներառում էր «Never stop the madness» ընկերությանն աջակցող լոզունգներ[6] (ընկերություն, որը պայքարում էր ծանր թմրանյութերի օրինականացման համար, որի ոգեշնչման աղբյուրներից էր Եվրոնիմուսը, և որի հիմնական գաղափարներից էր այն, որ ծանր թմրադեղերի շնորհիվ թույլերը կմահանան՝ տեղը զիջելով ուժեղներին)։ Ալբոմի ձայնագրման աշխատանքների ավարտից հետո Հաթը լքում է Gorgoroth-ը։ Նա պատրաստվում էր հեռանալ մինչև ալբոմի ձայնագրման ավարտը, բայց համաձայնել էր մնալ վոկալային հատվածները ձայնագրելու համար։ Հաթին փոխարինում է նոր վոկալիստը՝ Պեստը (նորվ.՝ Pest, «ժանտախտ»)։ Խմբին միանում են նաև բասիստ Արեսը (իրական անունը՝ Ռոննի Հովլանդ) և հարվածային գործիքահար Գրիմը (նախկինում նվագում էր Immortal խմբի կազմում)։ 1995 թվականի դեկտեմբերին Gorgoroth-ը ելույթներ էր ունենում Լոնդոնում՝ Cradle of Filth-ի ու Primordial-ի հետ[11]
Antichrist-ը խումբը դարձնում է բլեք-մետալային բեմի գլխավորներից։ Gorgoroth-ը Satyricon-ի ու Dissection-ի հետ հյուրախաղեր է կազմակերպում Նորվեգիայում ու Մեծ Բրիտանիայում։ Երրորդ ալբոմը՝ Under The Sign Of Hell-ը (1997 թվական) նույնպես բավականին հաջողակ է ստացվում։ Նույն թվականի աշնանը Gorgoroth-ը կազմակերպում է իր առաջին եվրոպական հյուրախաղերը, իսկ հաջորդ տարի պայմանագիր է կնքում խոշորագույն մետալիստական լեյբլերից մեկի՝ Nuclear Blast-ի հետ (Գերմանիա)[12]։ Այդ ժամանակ Գրիմը դուրս է գալիս խմբի կազմից, որպեսզի կենտրոնանա Borknagar-ում իր մասնակցության վրա։ Նրան փոխարինելու համար հրավիրում են Վրոլոկին (իրական անունը՝ Էրիկ Հագերնես)։
Nuclear Blast-ի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ ալբոմը՝ Destroyer (1998 թվական) թողարկվում է արդեն Nuclear Blast լեյբլով։ Այն իրենից ներկայացնում էր նախկինում ձայնագրված տրեկերի հավաքածու, որում մասնակցություն ունեին խմբի տարբեր ժամանակաշրջաններ ներկայացնում տարբեր երաժիշտներ։ Հենց այդ ժամանակ Gorgoroth-ի կազմում հերթական անգամ վոկալիստի փոփոխություն է կատարվում, բայց Պեստին փոխարինած Գաալը միայն հիմնական տրեկն է կատարում։ Ալբոմի երաժշտության հեղինակներից էր նաև նոր կիթառահար Տորմենտորը (իրական անունը՝ Բոլլո Հեյերդալ)։ Destroyer-ը դառնում է խմբի ձայնագրած առաջին ալբոմը, որում ստեղնաշարային գործիքներ են կիրառվել (հետագայում ձայնագրվում է ևս մեկը), ինչի համար հրավիրել են Իվար Բյորնսոնին՝ Enslaved-ից (aka Daimonion)։ Destroyer-ի թողարկմանը հաջորդում են Cradle of Filth-ի, Old Man's Child-ի և Einherjer-ի հետ հյուրախաղեր[13] և ելույթներ Wacken Open Air[14] և Tuska Open Air խոշորագույն մետալ փառատոններում։
1999 թվականին՝ Incipit Satan ալբոմի ձայնագրման աշխատանքների մեկնարկից առաջ, խմբի կազմում հերթական անգամ փոփոխություններ կատարվեցին։ Բասիստ Արեսն ու հարվածայինահար Վրոլոկը դուրս եկան խմբից՝ իրենց հիմնական խմբի՝ Aeternus-ի վրա կենտրոնանալու համար։ Եկան նոր անդամներ՝ հարվածային Էրլենդ Էրիքսենը և բասիստ Քինգ օֆ Հելը (Թոմ Կատո Վիսնես)։ Ինչպես նախկինում՝ հիմնական կոմպոզիտորը կիթառահար Ինֆերնուսն էր։ Այս անգամ Gorgoroth-ը որոշում է բլեք մետալի դասական հնչողությանն ավելացնել նոյզի, ինդասթրիալի ու դարք էմբիենթի տարրեր։ Այս փոփոխությունը լավ նկատելի էր հաջորդ երկու ալբոմներում, իսկ հենց Incipit Satan-ում խումբը առավելագույնս հեռանում է ավանդական բլեք մետալից․ «When Love Rages Wild In My Heart» երգը հրավիրված վոկալիստը կատարում է մաքուր ձայնով։
Շուտով հարվածայինների վրա Էրիքսենին փոխարինելու է գալիս Կվիտրաֆնը (Kvitrafn, իրական անունը՝ Էյնար Սելվիկ)։ 2000 թվականի հունիսին Gorgoroth-ը ելույթ է ունենում Բերգենի Hole in the Sky փառատոնում։ Այդ հետագայում ամենամյա բնույթ ստացած փառատոնը նվիրված էր հարվածաին գործիքահար Էրիկ Բրյոդրեշիֆթին, ով առավել հայտնի է որպես Գրիմ (Grim)։ Նա տարբեր ժամանակներում հանդես է եկել Immortal և Borknagar խմբերի կազմում, իսկ 1997 թվականին մասնակցել է Under the Sign of Hell-ի ձայնագրմանը։ 2001 թվականին խումբն առաջին անգամ ելույթներ է ունենում ԱՄՆ-ում՝ Միլոուկիի փառատոնի շրջանակներում, իսկ աշնանը հյուրախաղերով ճանապարհորդում է Մեքսիկայում և Կոլումբիայում։ 2002 թվականի փետրվարին Գաալը բանտարկվում և տուգանվում 190 000 նորվեգական կրոնով մարդու ծեծի ենթարկելու համար[15][16]։
2002 թվականին Gorgoroth-ի կազմից դուրս է գալիս Տորմենտորը, ով արդեն շուրջ վեց տարի խմբի կիթառահարն էր։ «Twilight of the Idols» (անվանումը վերցված է Ֆրիդրիխ Նիցշեի աշխատությունից) նոր ալբոմը ձայնագրվում է առանց նրա։ Այն ներկայացվում էր բլեք մետալի ավանդական ձևով, բայց կային որոշ տարբերություների նախորդ ալբոմների համեմատ։ Այս և հաջորդ ալբոմի երաժշտությունը մեծ մասամբ գրել էր Քինգ օֆ Հելը։ Ալբոմի օրիգինալ ետնանկարը Եվրոպայում արգելվեց, քանի որ այն պատկերում էր այրված Ֆանտոֆտի ստավկիրկը[12]։
Կրակովի միջադեպը, բանտարկություններ և լեյբլի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի փետրվարի 1-ին Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունենում Gorgoroth-ի համերգը, որը հեռարձակվում էր Լեհաստանի պետական հեռուստաընկերությամբ[17] և ի վերջո պետք է դառնար DVD Black Mass in Krakow-ի հիմնական նյութը։ Համերգի ժամանակ բեմը արյունով էր ծածկված, դրված էին ցցերի վրա հագցված ոչխարի գլուխներ, սատանիստական սիմվոլիկան արտահայտող առարկաներ, իսկ հետևի պլանում խաչեր ու մերկ մոդելներ էին։ Անսպասելիորեն մոդելներից մեկը կորցնում է գիտակցությունը, ինչի պատճառով ստիպված են լինում շտապ օգնություն կանչել։
Լեհական ոստիկանությունը բռնագրավում է համերգի ձայնագրության սկավառակները, քրեական գործ է հարուցվում հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Երբ խմբի անդամները վերադառնում են Նորվեգիա, նրանց հարցաքննվել են Բերգենի դատարանում[17][18]։ Gorgoroth-ի երաժիշտներից ոչ մեկին ի վերջո մեղադրանք չի ներկայացվում, բայց համերգի կազմակերպիչները, ովքեր պնդում էին, որ գաղափար անգամ չունեին շոուի անցկացման կարգի մասին[19], ստիպված են լինում հսկայական տուգանք վճարել (10 000 զլոտի[20])։ Ձայնագրությունների բռնագրավման պատճառով համերգային DVD-ն թողարկվում է միայն 2008 թվականին[19]։
Կրակովի համերգից կարճ ժամանակ անց Gorgoroth-ը դուրս է գալիս Nuclear Blast-ից։ Հենց այդ ժամանակ խումբը լքում է նաև Կվիտրաֆնը։ Նրան պետք է փոխարիներ Ֆրոսթը, բայց նրան չի հաջողվում Gorgoroth-ի հետ աշխատանքը համատեղել Satyricon-ի հետ[12]։
2004 թվականի ընթացքում Gorgoroth-ը հյուրախաղեր է ունենում Հարավային Ամերիկայում, ընդ որում Սալվադորի համերգն ուղեկցվում է մի շարք անկարգություններով[6]։ Այս հյուրախաղերի շրջանակներում խումբն առաջին անգամ ելույթ է ունենում Inferno Metal Festival (ապրիլ, 2004 թվական)[21] փառատոնում, իսկ աշնանը համերգների շարք է սկսվում Եվրոպայում և Կենտրոնական Ամերկայում։ Այս համերգների ժամանակ խմբի կազմում էին նաև կիթառահար Թելոքը (Teloch) և հարվածայինահար Դըրժ Ռեպը (Dirge Rep; իրական անունը՝ Պեր Հուսեբո, Enslaved-ի նախկին անդամ)։ 2005 թվականին ելույթները շարունակվում էին։
Ad Majorem Sathanas Gloriam յոթերորդ ստուդիական ալբոմը հրապարակվում է շվեդական Regain Records լեյբլով 2006 թվականի հունիսի 19-ին։ Ալբոմի ձայնագրման աշխատանքները ձգձգվում էին տարուց ավելի՝ սկսած 2005 թվականի հունվարից[22]։ Ժամանակավորապես հարվածայինների վրա կրկին Ֆրոսթն էր, ով խմբի կազմում պարբերաբար ելույթներ էր ունենում սկսած 1994-1995 թվականներից։ Ad Majorem Sathanas Gloriam-ը նորվեգական վարկանշային աղյուսակներում հասավ 22-րդ հորիզոնականին[23] և ներկայացվեց Spellemannprisen նորվեգական գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության լավագույն մետալ ալբոմ անվանակարգում, բայց մրցանակին ի վերջո արժանացավ Enslaved-ի «Ruun» ալբոմը[24]։ «Carving a Giant» երգի համար նկարահանվում է խմբի պատմության մեջ առաջին տեսահոլովակը։ 2006 թվականի հունիսի 27-ին Քինգ օֆ Հելլը դուրս է գալիս խմբից․ ըստ պաշտոնական հայտարարության՝ պատճառը գաղափարական անհամաձայնություններն էին[4][25]։ Դրանից մեկ ամիս անց տված հարցազրույցում նա հաստատում է, որ իր հեռանալու պատճառն այ պրոբլեմներն էին, որոնք նա ունենում էր Gorgoroth-ի իմիջը հասարակության մեջ ներկայացնելիս[26]։
2006 թվականի գարնանը Գաալը նորից ձերբակալվում է, այս անգամ՝ 41-ամյա տղամարդուն դաժան ծեծի ենթարկելու և «արյունը խմելու» սպառնալիքի համար (դեպքը տեղի էր ունեցել 2001 թվականին)։ Վճիռը կայացվել էր 2004 թվականին․ Գաալին դատապարտել էին 18 ամիս ազատազրկման և տուգանվել 104 000 նորվեգական կրոնով[27]։ Բողոքարկումից հետո ազատազրկման ժամկետը կրճատվում է և հասցվում 14 ամսի, իսկ տուգանքի չափը մեծանում է՝ 190 000 կրոն[23]։ Ad Majorem Sathanas Gloriam-ի վոկալի ձայնագրությունն ու տեքստերի մշակումը կատարվում է Գաալի ազատազրկումից երկու շաբաթ առաջ[26]։ Նա ձերբակալվում է նույն թվականի դեկտեմբերին[23]։
Գաալի հետ միաժամանակ ձերբակալված էր նաև Ինֆերնուսը՝ բռնաբարության մեղադրանքով։ 2005 թվականի մայիսին Ինֆերնուսն ու նրա ընկերը դատապարտվել էին 3 տարի ազատազրկման և 155 000-ական կրոն տուգանքի (այդ թվում 55 000 կրոն հօգուտ տուժածի)[28]։ Բողոքարկումից հետո Ինֆերնուսի վրայից բռնաբարության մեղադրանքը հանվում է, փոխարենը նրան մեղավոր են ճանաչում սեռական ոտնձգություններ կատարելու մեջ՝ մեղմացուցիչ հանգամանքներով։ Ընկերոջ մեղադրանքը մնում է ուժի մեջ[29][30]։ 2007 թվականի մարտին Ինֆերնուսը ժամկետից շուտ ազատ է արձակվում[31]։
Քինգը նորից դառնում է խմբի մշտական բասիսիտը, իսկ 2007 թվականի հունվարին ներկայացնում է Gorgoroth-ը Լոս Անջելեսի պրոմոակցիայի ժամանակ[32]։
Խմբի պառակտումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հոկտեմբերին Ինֆերնուսն MySpace-ի իր էջում գրառում կատարեց, որում ասվում էր, որ խումբը պառակտվել է, և Ինֆերնուսը մի կողմից և Գաալն ու Քինգ օֆ Հելլը մյուս կողմից կշարունակեն աշխատել առանձին։ Ընդ որում խմբի անվան իրավունքների հարցը մնում էր չլուծված[33]։ Նույն օրը Գաալն ու Քինգ օֆ Հելլը ևս նմանատիպ գրառումներ կատարեցին, որոնցում ասվում էր, որ իրենք կշարունակեն ելույթներ ունենալ Gorgoroth անվամբ, քանի որ հենց «իրենք էին խմբի հիմնական շարժիչ ուժը վերջին ութ տարիների ընթացքում»[34]։ Երկու օր անց հրապարակվում է Գաալի ևս մի հայտարարություն, որում ասվում է, որ «Gorgoroth-ը չի պառակտվել, այն պարզապես կշարունակի գոյություն ունենալ այլ կազմով»[35]։ Ինֆերնուսն իր հերթին հայտարարում է, որ Gorgoroth անվան նկատմամբ հավակնություններ ունի, քանի որ խմբի միակ անդամն է, ով խումբը չի լքել հիմնադրման օրվանից[36]։
Այս հայտարարությունների հրապարակման հետ գրեթե միաժամանակ Գաալն ու Քինգ օֆ Հելլը հայտարարեցին այն երաժիշտների անունները, ովքեր իրենց հետ պետք է հյուրախաղերի գնային․ նրանք էին կիթառահար Տելոքը (Teloch, Մորտեն Իվերսեն) և Նիկոլաս Բարկերը (Cradle of Filth-ի և Dimmu Borgir-ի նախկին հարվածայինահարը)։ Հելլհամերը հայտարարվեց խմբի հիմնական հարվածայի գործիքներ նվագող[37][38]։
Քինգ օֆ Հելլն ու Գաալը մի կողմից և Ինֆերնուսը մյուս կողմից դիմեցին Նորվեգիայի պատենտային բյուրո (Patentstyret)՝ խմբի անվանման օրինական իրավատեր ճանաչվելու պահանջով։ 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Regain Records լեյբլը հայտարարում է, որ իրենց կարծիքով Ինֆերնուսը «խմբի անվան, լոգոտիպի ու ապրանքային նշանի միակ օրինական իրավատերն է»[39]։ Լեյբլի մենեջեր Պեր Գյուլլենբեքը (շվեդ.՝ Per Gyllenbäck) նշում է, որ «Gorgoroth-ի հետ պայմանագիրը կնքելու ժամանակ բանակցությունները վարում էր Ինֆերնուսը՝ խմբի մյուս անդամների ստորագրությամբ լիազորագրով[6]։ Այնուամենայնիվ Պատենտային բյուրոն որոշումը կայացնում է հօգուտ Քինգի ու Գաալի։ Այս միջադեպից հետո վերջիններս հայտարարում են, որ չեղյալ են համարում Regain-ի հետ պայմանագիրը և իրենց նոր ալբոմի ձայնագրման համար նոր լեյբլ են փնտրում[1]։
Ինֆերնուսն բացում է իր կայքն՝ www.gorgoroth.info և հայտարարում, որ պլանավորում է Regain Records լեյբլով ձայնագրել նոր ալբոմ «Quantos Possunt ad Satanitatem Trahunt»[40]։ Ինֆերնուսի Gorgoroth-ի կազմում էին ամերիկացի կիթառահար Ֆրենկ Ուոտկինսը (Obituary) և շվեդ հարվածայինահար Թոմաս Ասկլունդը (Dissection, Dark Funeral)[40]։
2008 թվականի հունիսին լեհական Metal Mind Productions լեյբլը վերջապես թողարկում է Black Mass Krakow 2004-ի DVD-ն, որը ձայնագրվել էր 2004 թվականի տեղի ունեցած համերգի ժամանակ։ DVD-ն միանգամից հայտնվում է նորվեգական չարթերի չորրորդ հորիզոնականում[41]։ Հունիսի 23-ին Regain Records-ով լույս է տեսնում True Norwegian Black Metal — Live in Grieghallen համերգային ալբոմը։ Ալբոմի ձայնագրման աշխատանքներն սկսվել էին մինչև խմբի պառակտումը, այդ իսկ պատճառով նրա ստեղծմանը մասնակցել են և՛ Ինֆերնուսը, և՛ Քինգն ու Գաալը[42]։ Հուլիսի վերջին շվեդական Մալմյո քաղաքի դատարանն արգելում է սկավառակի վաճառքը Gorgoroth անվան իրավունքների հետ կապված խախտումների պատճառով։ Գաալն ու Քինգ օֆ հելլը բացի այդ մեղադրում են լեյբլին ի սկզբանե Քինգի կողմից կատարված բաս կիթառային հատվածների ապօրինի վերաձայնագրման համար[43][44]։ Ավելի ուշ որոշումը հաստատվում է վերադաս դատարանի կողմից[45]։
Ժամանակավոր երաժիշտների խմբի հետ Քինգն ու Գաալը 2008 թվականի օգոստոսին սկսում են նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները[46]։ Հելհամերը չի կարողանում միանալ աշխատանքին ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով[47], այդ իսկ պատճառով հարվածային գործիքների հատվածը նվագում է Ֆրոսթը։ Մյուս կողմից Ինֆերնուսին, Ուոթկինսին ու Ասքլունդին միանում է կիթառահար Տորմենտորը, ով Gorgoroth-ի կազմում եղել է մոտ վեց տարի, և նախկին վոկալիստ Պեստը, ում փոխարեն եկել էր Գաալը 1998 թվականին[48]։
Ինֆերնուսը նոր դատական գործ էր սկսել, որով հակառակորդներին մեղադրում էր իր մեջքի հետևում ապրանքային նշանի գրանցման հայտ ներկայացնելու մեջ։ Գործի քննությունը սկսվել էր 2009 թվականի հունվարին, որոշումը կայացվեց նույն թվականի մարտին։ Դատարանը մերժեց Գաալի ու Քինգ օֆ Հելլի հայտը և Ինֆերնուսին ժանաչեց խմբի անվան ու ապրանքային նշանի օրինական սեփականատեր[2](անգլ.)։ Այդ ժամանակ Գաալն ու Քինգը հայտարարեցին God Seed (Ad Majorem Sathanas Gloriam-ի երգի անունով)[49] խմբի ստեղծման մասին։ 2009 թվականի օգոստոսին Գաալը որոշեց հեռանալ մետալ երաժշտությունից[50]։
Ներկայում Թոմաս Ասկլունդը խմբի զուտ ստուդիո անդամ է։ Համերգների ժամանակ ելույթ են ունենում սեսիոն երաժիշտներ։ Տորմենտորի՝ խմբի կազմում գրանցված լինելը զուտ անվանական է. ստուդիայում բոլոր կիթառային հատվածները նվագում է Ինֆերնուսը։
2012 թվականին հայտարավում է խմբի կազմից Պեստին վռնդելու մասին։ Պատճառն այն էր, որ նա հրաժարվում էր մասնակցել Հարավային Ամերիկայում կայանալիք հյուրախաղերին։ Սեսիոն վոկալիս է դառնում Հոեսթը (Taake, Ragnarok)։ Այդ շրջանում որպես մշտական վոկալիստ խմբի անդամ է դառնում Աթերիգները՝ սերբական Triumfall խմբից։
2013 թվականի սեպտեմբերին խումբն սկսում է «Instinctus Bestialis» նոր ալբոմի ձայնագրությունը, որը թողարկվեց 2015 թվականի հունիսի 12-ին։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցում էին Infernus-ը (կիթառ), Tomas Asklund-ը (հարվածայիններ; ex-Dissection, Dark Funeral), Bøddel-ը (նաև հայտնի է որպես Frank Watkins, բաս; ex-OBITUARY) և նոր վոկալիստ Atterignerը[51]։
2015 թվականի հոկտեմբերի 18-ին 47 տարեկան հասակում քաղցկեղից մահանում է խմբի բասիստ Ֆրենկ Ուոթկինսը[52]։
Ոճը և ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջանում, երբ Gorgoroth-ը դեռ «հում» բլեք մետալ էր կատարում, նրանց երաժշտության վրա մեծ ազդեցություն ունեին պրոտո-բլեք-մետալ խմբերը, որոնք բլեք մետալի ու թրեշ մետալի խառնուրդ էին նվագում, օրինակ՝ Celtic Frost կամ Bathory[3]։ «Pentagram» ալբոմում քննդատները նկատեցին անգամ պոստ պանկի ու հարդքորի ազդեցություն[53]։ Չնայած կազմի անընդհատ փոփոխություններին, Gorgoroth-ը պահում էր «ֆիրմային» արագ ու ագրեսիվ հնչողությունը։ Ինչպես այլ բլեք մետալ խմբեր (Mayhem, Satyricon, Emperor, Ulver), Gorgoroth-ը որոշակի փուլերում փորձարկումներ էր անում հնչողության հետ․ «Destroyer» և «Incipit Satan» ալբոմներում կարելի է գտնել նոյզի ու էմբիենթի տարրեր, բայց վերջին ալբոմներում խումբը վերադարձել է բլեք մետալի ավանդական հնչողությանը։ Հարցազրույցի ժամանակ Գաալը հայտարարել էր, որ իր երաժշտական ճաշակն ու նախընտրությունները չեն սահմանափակվում մետալով, այլ ընդգրկում են ամենատարբեր կատարողների գործեր՝ Դեյվիդ Բոուիից մինչև Վիվալդի[54]։ Տորմենտորն իր հերթին հայտարարել էր այնպիսի խմբերի ազդեցությունների մասին, ինչպիսիք են՝ Mercyful Fate, Black Sabbath, Slayer, Possessed և Tormentor[55]։
Gorgoroth-ի երաժշտության մեջ կարևոր դեր են խաղում գաղափարական տարրերը։ Համերգային ելույթների ժամանակ խմբի անդամները կրում են բացառապես սև հագուստ, քորփսփեյնթ, շիպեր, իսկ ալբոմների ետնանկարների ձևավորման մեջ լայնորեն կիրառում են սատանիստական սիմվոլիկա։ Ըստ Ինֆերնուսի՝ բլեք մետալ կատարող երաժիշտը պետք է սատանիստ լինի[4]։ Գաալը, ով սկանդինավյան շամանիզմ էր դավանում, հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինքը սատանիստ չէ, բայց դեմ չի, որ իրեն սատանիստ համարեն/անվանեն, քանի որ այն դեմ է քրիստոնեությանը[54]։ Բացի այդ, երաժիշտները մեկ անգամ չէ, որ նշել են Նիցշեի աշխատանքների՝ իրենց վրա թողած ազդեցության մասին[3]։ «Twilight of the Idols» (անգլերենից թարգմանաբար՝ «Աստվածների մթնշաղ») ալբոմի անվանումը վերցված է Նիցշեի համանուն գրքից, Նիցշեն հիշատակվում է «Incipit Satan» ալբոմի բուկլետում, որպես ոգեշնչող[56]։ Տորմենտորը ոգեշնչման աղբյուրների ցանկում նշում է Ֆրիդրիխ Նիցշեի, Մարտին Հայդեգերի ոը Բենեդիկտ Սպինոզայի աշխատանքները[55]։
Երգերի տեքստերն ու սատանիզմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Gorgoroth-ը հայտնի է իր բացահայտ սատանիստական և հակակրոնական տեքստերով[57]։ Խմբի հիմնադիր և կիթառահար Ինֆերնուսն իրեն իսկական սատանիստ է համարում և անգամ ներկայանում է որպես «Սատանայի նախարարը Երկրի վրա»։ Նա հիմնադրել է Gorgoroth-ը, որպեսզի արտահայտի իր սատանիստական հավատալիքները[58][59]։ Խմբի նախկին վոկալիստ Գաալը բացահայտ հակաքրիստոնեական է։ Սեմ Դանի «Մետալիստի ճանապարհորդությունը» ֆիլմում այն հարցին, թե ինչ գաղափարախոսություն է կանգնած Gorgoroth-ի երգերի հետևում, Գաալը պարզապես պատասխանում է․ «Սատանան»։ Երբ նրան հարցնում են, թե իր կարծիքով ինչ է խորհրդանշում սատանան, նա պատասխանում է․ "Ազատություն"[60]։
Հակաքրիստոնեական ու սատանիստական թեմաների կիրառությունը Գաալն ասպես է մեկնաբանում․
Մենք ապրում ենք քրիստոնեական աշխարհում և ստիպված ենք խոսել նրանց լեզվով․․․ Երբ ես օգտագործում եմ «սատանա» բառը, դա նշանակում է բնական վիճակ, մարդու կամքը, ցանկությունը՝ դառնալ գերմարդ և չճնշվել եկեղեցու ու նրա օրենքների կողմից, որոնք ստեղծված են միայն զանգվածներին ճնշելու ու վերահսկելու համար[61]։ |
Գաալն ու Ինֆերնուսն իրենց բացահայտ համակրանքն էին հայտնում 1990-ական թվականներին բլեք մետալիստների շրջանում տարածված եկեղեցիներ այրելու հակաքրիստոնեական ակցիայի նկատմամբ։ Ավելի ուշ Գաալն ասել է․ «Պետք է ավելի շատերը լինեին (եկեղեցի այրողներ), և ավելի շատերը կլինեն»[60]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Թողարկման ամսաթիվ | Անվանում | Լեյբլ |
---|---|---|---|
1994 | 12 հոկտեմբերի | Pentagram | Embassy Productions |
1996 | 3 հուլիսի | Antichrist | Malicious Records |
997 | 20 հոկտեմբերի | Under the Sign of Hell | Malicious Records |
1998 | 18 մայիսի | Destroyer — Or About How To Philosophize With the Hammer | Nuclear Blast |
2000 | 7 փետրվարի | Incipit Satan | Nuclear Blast |
2003 | 21 հուլիսի | Twilight of the Idols — In Conspiracy With Satan | Nuclear Blast |
2006 | 19 հունիսի | Ad Majorem Sathanas Gloriam | Regain Records |
2009 | 21 հոկտեմբերի | Quantos Possunt ad Satanitatem Trahunt | Regain Records |
2015 | 8 հունիսի | Instinctus Bestialis | Soulseller Records |
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Թողարկման ամսաթիվ | Անվանում | Լեյբլ | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1996 | The Last Tormentor | Malicious Records | մինի ալբոմ | |
2007 | նոյեմբեր | Bergen 1996 | Regain Records (MCD)/Forces of Satan Records | The Last Tormentor ստեղծագործություն |
2008 | 23 հունիսի | True Norwegian Black Metal — Live in Grieghallen | Regain Records |
Դեմո
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Թողարկման ամսաթիվ | Անվանում | Լոյբլ |
---|---|---|---|
1993 | 28 ապրիլի | A Sorcery Written In Blood | Ինքնուրույն |
1994 | Promo '94 | Ինքնուրույն |
DVD
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Թողարկման ամսաթիվ | Անվանում | Լեյբլ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1999 | 8 նոյեմբերի | Death... Is Just the Beginning V | Nuclear Blast | Խմբի ելույթների հավաքածու, որը թողարկվել է Nuclear Blast լեյբլով։ Ներառում է Revelation of Doom կոմպոզիցիան, որը ձայնագրվել է Wacken Open Air֊ի ժամանակ, 1998 թվական |
2008 | 9 հունիսի | Black Mass Krakow 2004 | Metal Mind Productions |
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինֆերնուս (Infernus; Ռոջեր Թիեգս)՝ կիթար (1992 թվականից)
- Թոմաս Ասկլունդ՝ հարվածային գործիքներ (2007 թվականից)
- Տորմենտոր (Tormentor; Բոլլո Հեյերդալ)՝ կիթառ (1996—2002, 2008 թվականից)
- Atterigner՝ վոկալ (2012 թվականից)
Նախկին կամ սեսիոն անդամեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիթառ
- Տորմենտոր (Tormentor; Բոլլո Հեյերդալ) (1996-2002)
- Ապոլիոն (Apollyon; Օլե Յորգեն Մո)՝ համերգային կիթառահար (2003-2004)
- Սկագ (Skagg; Սթիան Լեգրեյդ)՝ համերգային կիթառահար
- Վոկալ
- Հաթ (Hat) (1992—1995)
- Պեստ (Pest) (1995—1997, 2008-2012)[62]
- Գաալ (Gaahl; Քրիստիան Էսպեդալ)՝ (1998-2007)
- Բաս կիթառ
- Կյետար (Kjettar) (1993)
- Սամոթ (Samoth; Թոմաս Հաուգեն) (1994: Pentagram).
- Սթորմ (Storm) (1996)
- Արես (Ares; Ռոնի Հովլանդ) (1996-1998)
- Թ-Ռիփեր (T-Reaper; Թորգրիմ Օյրե) (1998)
- Քինգ օֆ Հելլ (King ov Hell; Թոմ Կատո Վիսնես)՝ (1999-2006, 2007)
- Ֆրենկ Ուոտկինս՝ բաս կիթառ (2007 - 2015)
- Հարվածայիններ
- Գոաթ Պերվերտոր (Goat Pervertor) (1992-1994)
- Ֆրոսթ (Frost; ՎիդարժԿյետիլ Հարալսթադ) (199411996, 2006։ Antichrist և Ad Majorem Sathanas Gloriam).
- Գրիմ (Grim; Էրիկ Բրյոդրեշիֆթ) (1996-1997)։ Նվագել է նաև Immortal-ում և Borknagar-ում։ Ինքնասպան է եղել 1999 թվականի հոկտեմբերի 4-ին։
- Վրոլոկ (Vrolok) (1998)
- Սերսյանտ (Sersjant; Էռլենդ Էրիկսեն) (1999-2000)
- Քվիտրաֆն (Kvitrafn; Էյնար Սելվիկ) (2000-2004)
- Դիրժ Ռեպ (Dirge Rep; Պեր Հուսեբո)՝ համերգային հարվածայնահար
- Ստեղնաշարայիններ
- Դայմոնիոն (Daimonion; Իվար Բյորնսոն) (1998, 2000։ Destroyer և Incipit Satan)
Կազմերի պատմությունը մինչև պառակտումը
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «GORGOROTH's GAAHL, KING Retain Ownership Of Band's Name And Logo». Blabbermouth.net. 2007 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.(անգլ.)
- ↑ 2,0 2,1 «INFERNUS Claims Victory In GORGOROTH Name Dispute». Blabbermouth.net. 2009 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.(անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Ինֆերնուսի The Metal Crypt-ին տված հարցազրույցը
- ↑ 4,0 4,1 4,2 Ինֆերնուսի Live-Metal.Net-ին տված հարցազրույցը, 18 հուլիսի 2006 թվական(չաշխատող հղում)
- ↑ «Gorgoroth – Band». Gorgoroth.info. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.(անգլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Grow, Cory. «Why the most dangerous true Norwegian black-metal band of the decade turned on itself». Revolver. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Gorgoroth – Albums». Gorgoroth.info. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.(անգլ.)
- ↑ «Gorgoroth – Albums». Gorgoroth.info. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.(անգլ.)
- ↑ «Կենսագրություն։ Gehenna». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Gorgoroth-ի կենսագրությունը Metal-observer.com-ում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Primordial-ի պաշտոնական կայքէջը
- ↑ 12,0 12,1 12,2 Sharpe-Young, G. (2009). «Gorgoroth». MusicMight. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
- ↑ CRADLE OF FILTH posters & t-shirts — Buy CRADLE OF FILTH posters & t-shirts at Pushposters.com Արխիվացված 2009-03-31 Wayback Machine(անգլ.)
- ↑ Wacken Open Air 1998 Արխիվացված 2009-03-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Gorgoroth-vokalist må i fengsel». Bergensavisen. 22 փետրվարի, 2005. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.(նորվ.)(անգլ.)
- ↑ «Gorgoroth Singer Denies Cruelty To Animals». Metalundeground.com. 6 փետրվարի, 2004. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.(անգլ.)
- ↑ 17,0 17,1 «Norwegian black metal band shocks Poland». Aftenposten. 4 февраля 2004. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «GORGOROTH: 'Black Mass In Krakow' DVD May Get Released After All». Blabbermouth.net. 3 մարտի, 2005. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 19,0 19,1 «GORGOROTH: Controversial Krakow Concert To Be Released On DVD». Blabbermouth.net. 14 марта 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Organizator koncertu Gorgoroth skazany!». muzyka.onet.pl. 26 июня 2007. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.(լեհ.)
- ↑ Inferno Metal Festival 2004 Արխիվացված 2008-06-15 Wayback Machine(անգլ.)
- ↑ Ad Majorem Sathanas Gloriam -ը Metal-archives.com-ում
- ↑ 23,0 23,1 23,2 «Gorgoroth singer released from prison». metalhammer.co.uk. 9 հունվարի, 2007. Վերցված է 2008 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «ENSLAVED Wins Norwegian 'GRAMMY' In 'Metal' Category». Blabbermouth.net. 27 հունվարի, 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «GORGOROTH Part Ways With Bassist KING OV HELL». Blabbermouth.net. 27 հունիսի, 2006. Վերցված է 2008 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 26,0 26,1 «Քինգի հարցազրույցը 2006 թվականի հուլիսի 27-ին». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «GORGOROTH Singer Appeals Sentence». Blabbermouth.net. 27 հունիսի, 2004. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «GORGOROTH Guitarist Sentenced To Three Years In Prison For Rape». Blabbermouth.net. 25 մայիսի, 2005. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «GORGOROTH Guitarist Convicted Of Aggravated Sexual Assault, Is Cleared Of Rape Charge». Blabbermouth.net. 11 հունվարի, 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «NORWEGIAN ROCKER CLEARED OF RAPE, FOUND GUILTY OF SEXUAL ASSAULT». contactmusic.com. 18 հունվարի, 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Gorgoroth - Guitarist Released From Jail». metalstorm.ee. 24 մարտի, 2007. Վերցված է 2008 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Gorgoroth Frontman Released From Prison». heavymetal.about.com. 8 հունվարի, 2007. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «GORGOROTH To Split Up?». Blabbermouth.net. 21 հոկտեմբերի, 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «GORGOROTH Vocalist, Bassist Vow To Carry On Following Split With Guitarist». Blabbermouth.net. 21 հոկտեմբերի, 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
- ↑ «GORGOROTH Frontman: 'We Will Raise The Flame Higher And Brighter Than Ever'». Blabbermouth.net. 2007 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
- ↑ «GORGOROTH Guitarist INFERNUS: 'My Intention Is To Continue For Another 15 Years!'». Blabbermouth.net. 2007 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
- ↑ «GORGOROTH Recruits Drummer NICK BARKER For European Tour». Blabbermouth.net. 29 հոկտեմբերի, 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «MAYHEM Drummer HELLHAMMER Joins GAAHL-Fronted Version Of GORGOROTH». Blabbermouth.net. 25 հոկտեմբերի, 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Gorgoroth statement December 13th 2007». Regain Records. 13 դեկտեմբերի, 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 40,0 40,1 «GORGOROTH Guitarist INFERNUS Says New Lineup Will Include Members Of OBITUARY, DISSECTION». Blabbermouth.net. 26 декабря 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «GORGOROTH's First-Ever DVD Lands On Norwegian Chart». Blabbermouth.net. 2008 թ․ հունիսի 18. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
- ↑ «GORGOROTH Begins Work On Live Album». Blabbermouth.net. 2007 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 8 հուլիսի 2008 թվական-ին.(անգլ.)
- ↑ «GORGOROTH's GAAHL, KING Force REGAIN RECORDS To Stop Distribution Of 'Live In Greighallen'». Blabbermouth.net. 2008 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.(անգլ.)
- ↑ «REGAIN RECORDS Issues Statement Regarding GORGOROTH 'Live In Grieghallen' Dispute». Blabbermouth.net. 2008 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.(անգլ.)
- ↑ «INFERNUS Vs. KING OV HELL: GORGOROTH Name Dispute To Land In Norwegian Court». Blabbermouth.net. 2008 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.(անգլ.)
- ↑ «GAAHL-Fronted GORGOROTH Cancels Dates Due To Recording Schedule». Blabbermouth.net. 2008 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.(անգլ.)
- ↑ «Hellhammer a.k.a Jan Axel Blomberg Interview». Scarlet Metal. 17 сентября 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 16 декабря 2008-ին.(անգլ.)
- ↑ «INFERNUS-Led Version Of GORGOROTH Completes Lineup». Blabbermouth.net. 2008 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.(անգլ.)
- ↑ «Former GORGOROTH Members Launch GOD SEED». Blabbermouth.net. 2009 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.(անգլ.)
- ↑ «GORGOROTH-ի նախկին ֆրոնթմեն Գաալը հեռանում է ծանր երաժշտությունից». Headbanger.ru. 2009 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 18 օգոստոսի, 2009-ին.(անգլ.)
- ↑ «Gorgoroth Begins Recording New Album» (անգլերեն). Blabbermouth.net. 2013 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.(անգլ.)
- ↑ «Former Obituary Bassist Frank Watkins Dies At 47». Blabbermouth.net. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Գրախոսություն Allmusic-ում Pentagram ալբոմի համար
- ↑ 54,0 54,1 Գաալի հարցազրույցը Արխիվացված 2014-10-14 Wayback Machine tartareandesire.com
- ↑ 55,0 55,1 Dark City Ամսագիր նոյեմբեր 2000 (փորձնական համար). էջ 28
- ↑ Incipit Satan ալբոմը գրախոսականը Allmusic-ում
- ↑ «Gorgoroth | Biography, Albums, & Streaming Radio». AllMusic. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.(անգլ.)
- ↑ «Bio/Manifesto». Gorgoroth official website. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին. «Gorgoroth was founded by Infernus in 1992 as a strategy to perpetrate sonic and spiritual violence upon the world in order to bring forth change in peoples perception of being therein. Thus, through metal music, Satans minister on earth summoned an avatara of the forces of darkness and did let it manifestate through a variety of attempts on creating what was perceived as ultimate black metal taking form on stage as well as in a variety of studio recordings. [...] With the devoted presence of the new full time members Gaahl and King, as well as a not a day too early achieved social and mental fundament for future work, a deal was inked with the german label Nuclear Blast and the band to a bigger extent adopted the position as a live performance act taking upon them several tours worldwide bringing its sinister presence and the word of Satan to new territories...»(անգլ.)
- ↑ [1] Արխիվացված Ապրիլ 9, 2009 Wayback Machine(անգլ.)
- ↑ 60,0 60,1 «Metal: A Headbanger's Journey (2005)». IMDb. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.(անգլ.)
- ↑ «Gorgoroth interview @». Tartareandesire.com. 2004 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.(անգլ.)
- ↑ GORGOROTH ANNOUNCE NEW VOCALIST AFTER FIRING THOMAS ‘PEST’ KRONENES(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gorgoroth» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |