«Tunnel Vision», ամերիկացի երգիչ-երգահան Ջասթին Թիմբերլեյքի երգն է իր «The 20/20 Experience» (2013) կոչվող երրորդ ստուդիական ալբոմից։ Երգը խոսքերի և պրոդյուսերական աշխատանքների հեղինակներն են Ջասթին Թիմբերլեյքը, Թիմբալենդը և J-Roc-ը, իսկ խոսքերը լրացուցիչ գրվել է նաև Ջեյմս Ֆաունտլերոյի կողմից։ «Tunnel Vision» երգը թողարկվել է 2013 թվականի հունիսի 14-ին RCA Records լեյբլի կողմից, որպես ալբոմի երրորդ սինգլ։ Այն միջին տեմպով R&B երգ է[1], որը նաև կրում է ազդեցություն EDM ժանրից[2]։
Երգը հիմնականում արժանացել է դրական արձագանքների երաժշտական քննադատների կողմից, ովքեր գովաբանել են Թիմբալենդի կատարած աշխատանքը և այն համեմատել նախկինում երգչուհի Ալիայի հետ կատարած նրա աշխատանքի հետ։ «The 20/20 Experience» ալբոմի թողարկումից հետո երգը Հարավային Կորեայում և Միացյալ Նահանգներում բարձր վաճառքի արդյունքներ ունենալու շնորհիվ հայտնվել է այդ երկրների հիթ շքերթներում։ Երգը Հարավային Կորեայի սինգլների հիթ շքերթ է մտել 27-րդ հորիզոնականով և ունեցել է 6,670 օրինակի վաճառք[3]։ Այն նաև զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում։ Երգը իր ամենաբարձր հորիզոնականը գրանցել է Մեծ Բրիտանիայի R&B սինգլների հիթ շքերթում, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն են Ջոնաթան Քրեյվենը, Սայմոն Մաքլաֆլինը և Ջեֆ Նիկոլան, թողարկվել է 2013 թվականի հուլիսի 3-ին։ Յոթ րոպե տևողություն ունեցող տեսահոլովակի տարբեր կադրերում պարում են երեք մերկ աղջիկներ, որոնց մարմնի վրա ցուցադրվում են Ջասթին Թիմբերլեյքի և Թիմբալենդի դեմքերը[4]։ Քննադատները տեսահոլովակը անվանել են «Աշխատանքի համար ոչ անվտանգ» (Not Safe For Work) և նրանցից շատերը այն համեմատել են Ռոբին Թիքի«Blurred Lines» երգի տեսահոլովակի հետ[5][6]։ Երգի տեսահոլովակը չնայած ի սկզբանե Յութուբ վիդեոհոսթինգից արգելափակվել է, սակայն կարճ ժամանակահատվածում ետ է վերադարձվել միայն այն պայմանով որ տեսահոլովակը դիտելուց առաջ անհրաժեշտ է հաստատել տարիքը։
Ջասթին Թիմբերլեյքը առաջին անգամ երգը կատարել է 2013 թվականի հուլիսի 9-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Ֆենիքս պարկ զգոսայգում տեղի ունեցած համերգի ժամանակ[7]։ Երեք օր անց՝ հուլիսի 12-ին, նա կատարել է երգը Լոնդոնում անցկացված Wireless Festival փառատոնի ժամանակ[8]։ Երգը նաև ընդգրկված է եղել նրա Legends of the Summer Stadium Tour և The 20/20 Experience World Tour համերգային շրջագայությունների երգացանկում[9][10]։