Jump to content

Աքվինկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքվինկում
Aquincum*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Հունգարիա Հունգարիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
Համար 400
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Աքվինկում (լատիներեն՝ Aquincum) քաղաքը Հռոմեական կայսրության մի բնակավայր էր այսօրվա Բուդապեշտի տարածքում։ Այն եղել է Հռոմեական կայսրության Ներքին Պաննոնիա նահանգի կենտրոնը։ Աքվինկումը Հռոմեական կայսրության կարևորագայն քաղաքներից մեկն էր Ք.հ. 1-ին դարից մինչև 5-րդ։ Ռազմական նշանակություն ուներ իր աշխարհագրական դիրքի հետևանքով, մաս կազմելով հռոմեական Լիմեսի։

Աքվինկումի ավերակները, Բուդապեշտ
Քաղաքի դիրքը Հռոմեական կայսրությունում

Աքվինկումի վայրում հռոմեացիներից առաջ ապրել են կելտեր, որոնք հիմնադրել են Ակ-ինկ բնակավայրը։ Տարածքը հարուստ էր աղբյուրներով, որոնք արդեն կելտերն օգտագործել են որպես բաղնիք։ Հռոմեացիները Ք.ա. 1-ին դարի վերջերին նվաճել են Ակ-ինկի շրջանը և հիմնել զինվորական ճամբարներ։ Աքվինկումի բերդերը, ճամբարները, զինվորական և քաղաքացիական ավանները կառուցվել են Դոմիցիանոս, Տրայանոս, Կոմմոդոս, Կարակալլա և Գալլիենոս հռոմեական կայսրերի կողմից։ Քաղաքի ձևավորմանը նպաստել են նաև Հադրիանոս, Սեպտիմիոս Սեվերոս և Կոստանդիանոս Ա կայսրերի ձեռնարկած միջոցները։ 4-րդ դարի կեսերից, բարբարոսների հարձակումների հետևանքով քաղաքացիական բնակչությունը աստիճանաբար հեռացավ քաղաքից։ 433 թվականին քաղաքը հանձնվել է հոներին։

Աքվինկումը 3-րդ դարում, իր ծաղկման ժամանակ, 60.000 բնակիչ ուներ։ Բնակչությունը բաղկացած էր զինվորներից, վարչական աշխատողներից, առևտրականներից և արհեստավորներից։ Քաղաքացիական թաղամասը շրջապատվում էր խոշոր պարսպով։ Գլխավոր պողոտաների խաչմերուկում գտնվում էր ֆորումը, որի մոտակայքում կառուցվել է Կապիտոլիումի Եռյակին (Յուպիտեր, Յունոնա, Միներվա) նվիրված տաճարը։ Ֆորումի դիմաց էր Հասարակական բաղնիքը, բայց բոլոր թաղերն էլ ունեին իրենց բաղնիքները։ Բնակելի շենքերը միացված էին ջրամատակարարման համակարգին, կեղտաջուրը տարվում էր հատուկ ջրանցքներով։ Հարուստ քաղաքացիների շենքերում կար նաև ջեռուցման համակարգ։ Պատերը զարդարված էին որմնանկարներով, որոնք պատրաստվել են Հռոմից եկած վարպետների կողմից։ Բացի բաղնիքներից, տաճարներից և վարչության շենքերից, քաղաքում մեծ դեր են խաղացել նաև ամֆիթատրոնները, շուկաները, խանութները և դրամի փոխանակման կետերը։ Երաժշտական կյանքի մասին վկայում է հրշեջների կացարանում հայտնավերված ջրային երգեհոնը։ 4-րդ դարում կառուցվել են քրիստոնեական եկեղեցիներ։

Աքվինկումի կառույցները հետագայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

5-9-րդ դարերում հոները, լանգոբարդները և ավարները բնակվել են Աքվինկումի տարածքում։ 9-րդ դարից հունգարացիներ էին ապրում այդտեղ, և շենքերի պատերը ծառայել են որպես նոր շենքերի հիմք միջնադարյան հունգարական քաղաքում, մինչև թուրքերի ներխուժումը։ Քաղաքացիական թաղամասի ավերակները հայտնաբերվել և պեղվել են 19-րդ դարի վերջում։ 1945 թվականից հետո խորհրդային իշխանության կողմից հուշարձանների մեծ մասը քանդվել է նոր թաղամաս («Չերեմուշկա») կառուցելու ընթացքում։ Հնագետները հնարավորություն չունեին նորահայտ շենքերը բավականաչափ ուսումնասիրելու։ Աքվինկում քաղաքի տարածքում գտնվում է հիմա Օբուդայի խրուշչովյան ոճով զանգվածը, իսկ հռոմեական քաղաքի կենտրոնի մի մասը կարող է դիտվել «Աքվինկում» բացօթյա թանգարանում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքվինկումի ավերակները Արխիվացված 2009-11-14 Wayback Machine

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 400
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքվինկում» հոդվածին։