Հոր մահից հետո՝ 306 թվականին, զորքի կողմից հռչակվել է «օգոստոս», 312 թվականին Մուլվիյան կամրջի մոտ Մակսենտիոսի և 323 թվականին Լիկիանոսի նկատմամբ տարած հաղթանակներից հետո դարձել է Հռոմեական կայսրության միանձնյա տիրակալ։ 313 թվականին Միլանի հրովարտակով թույլատրել է քրիստոնեական դավանանքը, իսկ հետագայում սկսել է բացահայտորեն հովանավորել քրիստոնեությանը։ 330 թվականին պետության մայրաքաղաքը տեղափոխել է Կոստանդնուպոլիս, իրականացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումներ։ Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճին ընդունելով քրիստոնեական մկրտությունը։ Կոստանդիանոս կայսրը մի շարք քրիստոնեական եկեղեցիների, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։
Հայ միջնադարյան մատենագրության մեջ Կոստանդիանոս Ա կայսրը հայտնի է հիմնականում Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» և բյուզանդական պատմիչների տվյալներով։ Ագաթանգեղոսը և Մովսես Խորենացին հաղորդում են կայսեր և Հայոց արքա Տրդատի կապերի մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 614)։