Հռիփսիմե (3-րդ դար, Հռոմ, Վատիկան - 301, Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք), քրիստոնյա նահատակ կույս, սուրբ։ Ըստ ավանդ. պատմության՝ 37 քրիստոնյա ազնվազարմ կանայք Հռիփսիմեի գլխավորությամբ, խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախել են Մեծ Հայք և զբաղվել քրիստոնեական քարոզչությամբ։ Վաղարշապատում սրատվել են Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի հրամանով։ Դեպքից 9 օր անց բանտից ազատված Գրիգոր Ա Լուսավորիչը թաղելով նահատակներին, Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում կառուցել է Հռիփսիմյանց Վկայարանը կամ Հանգստարանը (տես Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի), որի շինաքարերը «մեղքերը քավող» Տրդատը բերել է Մասիս սարից։ Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս նահատակներին դասել է սրբերի կարգը, իսկ նրանց հիշատակի օրը մտցրել եկեղեցու տոնացույցում։ Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ մինչև 13-րդ դար կաթողիկոսարանում պահվում էին Հռիփսիմեի մասունքները, որոնք Հռոմկլայի գրավման ժամանակ (1292) մամլուքները տարել են Եգիպտոս՝ որպես ավար։ Հռիփսիմեի գերեզմանը գտնվում է համանուն տաճարում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 596)։