Jump to content

Այրարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրարատ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էգավառ
Գլխավոր քաղաքԱրտաշատ
Այլ քաղաքներԱրմավիր, Վաղարշապատ, Դվին, Կաղզվան, Երվանդաշատ, Անի, Շիրակավան, Ոսկյանք, Զարեհավան, Լուսաղբյուր, Նիգատուն, Կարս, Երևան, Բագարան, Արշակավան, Ուրծ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Այրարատը Մեծ Հայքի քարտեզի վրա

Այրարատ, Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։ Այրարատը, իր սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «Փոքր աշխարհ»-ների մեջ, ամենաընդարձակներից է։

Այրարատ անվան ստուգաբանությամբ զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է Արարատ անվան հետ[1]։

Այրարատը հանդիսացել է հայ ժողովրդի քաղաքական միավորման, տնտեսական կյանքի և մշակույթի կենտրոնը։ Մեր մատենագիրները մեծ գովեստով են խոսում Այրարատի մասին։

Եվ արդ՝ զայսպիսի զըղձակերտ գաւառ, զչնաշխարիկ և զամենալի ըստ տուչուեթեան ամենախնամ արարչին Աստուծոյ, զԱյրարատեան գաւառ, որ է գլուխ աշխարհիս Հայոց, զգաւառն համբաւատենչ, զգաւառն ամենալի, որ բերէ յինքեան զօրինակ լիութեան...
- Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և թուղթ առ Վահան Մամիկոնեան (աշխատասիրությամբ՝ Գ. Տեր-Մկրտչյան և Ստ. Մալխասյանց, Տփղիս, 1904, էջ 23-24)

:

Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Շիրակավանը, Կարսը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։

Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «Աշխարհացույցի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններիս ծանոթ են Բասեն, Շիրակ, Բագրևանդ գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարատյան հարթությունը՝ Ախուրյանի գետախառնուրդից մինչև Շարուրի դաշտը։ 5-րդ դարի մեր պատմիչները Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ում նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին։ Իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր Արշակունիների ոստանը՝ արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին Բագրատունիները, Արշարունիքում և Շիրակի մի մասում՝ Կամսարականները, Շիրակի մյուս մասում՝ Դիմաքսյանները, Վանանդում՝ Վանանդի իշխանները։

Հետագա շրջանում, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր քաղաքական անկախությունը, Այրարատի այն մասում, ուր նախկինում իշխում էին, հանդես եկան նոր նախարարական տներ՝ Ուրծի, Արածի իշխանները, Արագածոտնի մի մասը գրավում են Ամատունիները (Ամատունիները Արագածոտնում կալվածքներ ունեին դեռևս 4-րդ դարում՝ Խոսրով Կոտակի ժամանակներից), Կոգովիտ գավառն անցնում է Բագրատունիներին, Վարաժնունիքում հանդես են գալիս Վարաժնունիները և այլն։ Այսպիսով, Այրարատը փաստորեն մինչև Հայաստանի երկրորդ բաժանումը (591) մասնատված էր մի շարք վարչա-քաղաքական միավորների՝ նախարարությունների։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո էլ Այրարատը մնաց մասնատված, սակայն այդ բաժանմամբ նա գրեթե ամբողջությամբ անցավ Բյուզանդական կայսրությանը (միայն արևելյան մի փոքր մասը մնաց պարսկական կողմում)։ Բյուզանիայի համար Այրարատը՝ Տուրուբերանի հետ միասին, ներկայացնում էր վարչական մի միավոր։ Այդ է պատճառը, որ «Աշխարհացոյց»-ում Այրարատի տակ հասկացվել են ոչ միայն նախկին Արշակունիների արքունական գավառները, այլև 591-ի բաժանմամբ Բյուզանդիայի անցած հսկայական տարածքի հյուսիսային մեծ մասը։

7-րդ դարի կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Բագրատունիների թագավորության շրջանում Այրարատն ամբողջությամբ մտնում է նրա տարածքի մեջ։ Սակայն այստեղ, Բագրատունիների ընդարձակ իշխանություններից բացի, կային տեղական մի շարք իշխանություններ, որոնք զբաղեցնում էին երկրի այս կամ այն մասը։ Ամենից ուժեղը Պահլավունիների իշխանությունն էր, որի իշխանները Բագրատունիների թագավորության վերջին շրջանում կատարում էին սպարապետի պաշտոնը։

Սելջուկները իրենց արշավանքների ընթացքում մեծ հարված հասցրին Այրարատյան աշխարհին։ Սելջուկ-թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող արշավանքների հետևանքով Այրարատում ոչնչացան բազմահազար հայեր, ավերվեցին բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ։ Սելջուկների տիրապետությունը կարճատև եղավ։ Վրաց հզորացած պետության օգնությամբ, Զաքարյանների օրոք, հայերն աստիճանաբար հյուսիսարևելյան Հայաստանից դուրս քշեցին սելջուկ-թուրքերին, որի կազմում էր և Այրարատը։ Սակայն քաղաքական իրադարձությունները շատ շուտով փոխվեց։ 13-րդ դարի 20-ական թվականներից ակսած Հարավային Կովկասի, այդ թվում և Հայաստանի վրա են արշավում մոնղոլ-թաթարները, որոնք ավերիչ ու կողոպտիչ մի քանի արշավանքներից հետո իրենց տիրապետությունն են հաստատում Հայաստանում[1]։

XV դ Այրարատը նվաճեցին Կարա–Կոյունլուները, ապա՝ Ակ–Կոյունլուները։ 1502–ին Այրարատին տիրացավ Սեֆևյան Պարսկաստանը։ XVII դ Թուրք–պարսկական պատերազմների հետևանքով Այրարատը ամայացավ։ 1639–ի հաշտության պայմանագրով Այրարատի մեծ մասն անցավ Պարսկաստանին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։

Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտկունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում է դեպի արևելք՝ Թոնդուրեկ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները, այս մասում նրա մեջ է մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է[1]։

Սահմանային լեռնաշղթաներից բացի, Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Արարատները։ Հյուսիսային մասում բարձրանում են Արագած և Արայի գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր, որոնք երկրի այդ շրջանին տալիս են լեռնային բնույթ։ Նշված լեռնաշղթաներն ու առանձին գագաթները Այրարատի հարթավայրային բնույթը քիչ են փոխում, որովհետև մեծ լեռնաշղթաները ձգվում են նրա սահմանային վայրերով, իսկ Հայկական Պարը, փոքր լեռնաճյուղերն ու առանձին գագաթները միայն առանձին «կղզիներ» են, որոնք վեր են բարձրանում ընդհանուր առմամբ դաշտային ռելիեֆ ունեցող այս նահանգի այս ու այն կողմում[1]։

Այրարատի մի փոքր մասը, որն ընկած է Հայկական Պարից մի փոքր հարավ, ոռոգվում էր Արածանիով։ Այրարատի մյուս մեծ մասը պատկանում էր Արաքսի ավազանին։ Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին Մեծամորի լիճը և Գայլատուն։ Այրարատում բավական մեծ տարածում են ունեցել ճահիճները՝ հատկապես Կոգովիտ գավառում[1]։

Այրարատի կլիմայական պայմանները բազմազան են։ Կլիման ուղղահայաց ուղղությամբ կազմում է մի շարք գոտիներ՝ կիսաանապատներից (միջին Արաքսի հովիտ) մինչև լեռնային ցուրտ գոտին (Մեծ Մասսի և Արագածի բարձրադիր շրջանները)։ Ընդհանուր առմամբ կլիման խիստ ցամաքային է։ Տարեկան միջին տեղումների քանակը 350-400 մմ-ից չի անցնում։ Ջերմության տատանումը շատ խիստ է արտահայտվում[1]։ Դեռ խոր հնությունից սկսած Այրարատյան աշխարհում, չոր կլիմայի պատճառով, ոռոգման նպատակներով կառուցվել են ջրանցքներ, ամբարտակներ, արհեստական լճակներ /Արագածից հարավ,Մեծամոր լճի, Երևանի շրջաններում, Գեղամա լեռների արևմտյան ստորոտներում, վաղեմի Արմավիր քաղաքի մոտ, Սուրմառիի շրջանում և այլուր/։ Սակայն ոռոգման այս կառույցների մեծագույն մասը ավերվեց մոնղոլական տիրապետության ժամանակ։

Բուսական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրարատը անտառներով շատ աղքատ է։ Անտառները շատ թե քիչ մեծ տարածում ունեն միայն այժմյան Սարիղամիշի շրջանում, որը հնում կազմում էր Վանանդ գավառի մի մասը, և Վարաժնունիք գավառում (այժմյան Ծաղկաձորն ու Հանքավանի ձորը)։ Այրարատում հնում տնկվել են նաև մի քանի պուրակ-անտառներ՝ Դվինի, Արմավիր քաղաքի մոտ և Բագարանի շրջանում։ Այրարատի ցածրադիր վայրերում բավական տարածված են աղուտները։ Այս գոտուն բնորոշ են փշաբույսերը։ Սրանից վեր տարածվում են տափաստանները, որոնց բնորոշ բույսերը փետրախոտերն են։ Ավելի վեր, ըստ կարգի, պետք է գար անտառային գոտին, սակայն Այրարատում այդ գոտին արտահայտվում է տեղ-տեղ, այն էլ ոչ թե կատարյալ անտառի ձևով, այլ՝ թփուտների։ Բարձրադիր գոտում ընկած են ալպյան մարգագետինները, որոնք մեծ տարածում ունեն հատկապես Արագածի և Հայկական պարի բարձրադիր շրջաններում։ Մշակաբույսերից Այրարատում հատկապես աչքի են ընկել հացահատիկները, բանջարեղենը, բամբակը և քնջութը, այգեգործական մշակաբույսերից՝ խաղողը, դեղձը, ծիրանը, տանձը, սալորը և այլն[1]։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրարատյան աշխարհում, Հայկական լեռնաշխարհի մյուս շրջանների նման, տարածված են բարեխառն գոտու կենդանիները։ Տնտեսական խոշոր նշանակություն է ունեցել Արարատյան դաշտի ճահճուտներում ապրող որդի մի տեսակը, որից պատրաստել են ընտիր, չգունաթափվող «որդան կարմիր» ներկը։

Որդան կարմիր

[1]

Բնական հարստություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրարատյան աշխարհը հնագույն ժամանակներից աչքի է ընկել բնական բազմատեսակ հարստություններով։ Ամենից առաջ այն նշանավոր էր սեղանի աղով (Կողբ և Կաղզվան)։ Ներկայումս էլ այդ աղահանքերը չեն կորցրել իրենց նշանակությունը։ Մետաղի հանքային հարստություններով Այրարատը աղքատ էր։ Այստեղ միայն հիշատակվում են ոսկի, պղինձ և երկաթ։ Ոսկին հանդես է եկել ոչ թե հանքերով, այլ ավազի հետ խառը։ Պղնձի հանքերով հայտնի է Վարաժնունիք գավառը։ Այրարատը շատ ավելի նշանավոր էր շինանյութերով ու հանքային ջրերով։ Այստեղ տարածված են տարբեր գույնի բազմատեսակ տուֆեր, մարմարներ, գրանիտներ, բազալտներ, ավազ, կավ, կրաքարեր։ Այրարատ աշխարհում էին գտնվում հնում մեծ հռչակ ստացած, Վարշակի ջերմուկները (այժմյան Դիադինի շրջանում), Արզնին և հանքային ջրերի այլ վայրեր[1]։

Այրարատը բաղկացած է հետևյալ 22 գավառներից.

Բասեն կոչվում էր նաև Բասյան (Բասեան)- կենտրոնը՝ Բասեն, Գաբեղյանք (Գաբեղեանք)- կենտրոնը՝ Կաղզվան (Կաղզուան) Աբեղյանք (Աբեղեանք)- կենտրոնը՝ Մժնկերտ։ Բասեն անունը էթնիկական ծագում ունի։ Հնագույն ժամանակներում Բասենն իր մեջ ընդգրկել է մի լայնածավալ տարածություն։ Նրա կազմի մեջ մտնում էր ոչ միայն «Աշխարհացոհց»-ում նկարագրված Բասենը, այլև ամբողջ Վանանդ գավառը, որը կոչվել է Վերին Բասեն։ Բասենը, Աբեղյանքը, Գաբեղյանքը և Հավնունիքը միասին վերցրած կազմում էին մի բնաշխարհ՝ ֆիզիկաաշխարհագրական մի շրջան, որը համապատասխանում է այժմյան Բասենի գավառին։ Բասենը տարածվում էր արևմտյան մասում, դրանից արևելք գտնվում էին Աբեղյանքը և Հավնունիքը։ Վերջինն երկուսից առաջինը տարածվում էր Երասխի հյուսիսային կողմում, իսկ երկրորդը՝Հավնունիք (Հաւնունիք)- կենտրոնը՝ Ավնիկ (Աւնիկ)։ հարավային։ Ծայր արևելյան մասում տարածվում էր Գաբեղյանքը, որը սահմանակցում էր Արշարունիք գավառին

Արշարունիք կոչվում էր նաև Երասխաձոր- կենտրոնը՝ Բագարան։ Այս գավառը սկզբնապես պատկանում էր Արշակունիների արքունական տանը, սակայն հետագայում տրվում է Կամսարական նախարարական տանը։ Տարածվում էր Երասխ և Ախուրյան գետերի կազմած արևմտյան անկյունում։ Արշարունիքում էին գտնվում Կաղզվանի հայտնի աղահանքերը։ Արշարունիքը Այրարատի առավել նշանավոր գավառներից էր։ Այն հատկապես կարևոր դեր է խաղացել Բագրատունիների թագավորության շրջանում։

Բագրևանդ (Բագրևանդ)- կենտրոնը՝ Բագավան (Բագաւան)։ Տարածվում էր Արածանիի վերնագավառում՝ Հայկական պարի, Ծաղկանց և Դիադինի լեռների միջև։ Հնում Բագրևանդը գրավել է ավելի մեծ տարածք։ Այն ժամանակներում նրա մեջ է մտել նաև Ծաղկոտն գավառը։ Բագրևանդի տարածքի մեծ մասը կազմում էր այժմյան Ալաշկերտի դաշտը, որը հայտնի էր իր բերիությամբ։

Ծաղկոտն, կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)։ Տարածվում է Ծաղկանց լեռների շրջանում։ Սկզբում պատկանում էր Գնունիների նախարարական տանը, իսկ հետագայում, հավանաբար Արշակ Բ-ի օրոք, անցնում է Արշակունիների արքունիքին։

Այրարատ նահանգի ավանդական տարազները։

Վանանդ կոչվում էր նաև Անփայտ Բասյան (Անփայտ Բասեան)- կենտրոնը՝ Կարս։ Գավառը տարածքով համընկնում է այժմյան Կարսի և Սարիղամիշի շրջաններին։ 8-րդ դարի վերջերից այս գավառին տեր են դառնում Բագրատունիները։

Շիրակ, կենտրոնը՝ Անի։ Գրավում է բավականաչափ ընդարձակ տարածություն։ Նա փռված է Ախուրյան գետի երկու ափերին՝ նրա վերին հոսանքից մինչև ստորին հոսանքն ընկած շրջաններում։ Դաշտային գավառ էր, առանձնապես զարգացած էր հացահատիկային կուլտուրաների մշակությունը։

Արագածոտն, կենտրոնը՝ Վաղարշապատ։ Այս գավառի սահմանները անորոշ են։ Պատմական քարտեզների վրա Արագածոտն երբերմն տեղադրվում է միայն Արագած լեռան հարավային լանջերին։ Ըստ Ալիշանի գավառի հյուսիսային սահմանը հասնում էր Ապարան գետի ակունքների շրջանը, հարավային սահմանը՝ Երասխ, իսկ արևմուտքից ու արևելքից սահմանակցված էր Շիրակ և Կոտայք գավառներին։

Ճակատք, կենտրոնը՝ Կողբ։ Այս գավառը շրջապատված էր Արագածոտն, Արշարունիք, Բագրևանդ, Կոգովիտ և Մասյացոտն գավառներով։ Տարածքով համապատասխանում է այժմյան ամբողջ Կողբի, Սուրմալուի և Իգդիրի շրջաններին։ Ճակատքի հարավային և արևմտյան մասերը լեռնոտ են, մինչդեռ հյուսիսային շրջանները, որոնք տարածվում են Արաքսի աջ ափի ուղղությամբ, հարթավայրային են և հայտնի են իրենց բերրի հողերով։

Մասյացոտն (Մասեացոտն), կենտրոնը՝ Ցոլակերտ։ Իր անունը ստացել է համանուն լեռնագագաթների անունից, տարածվում է Մեծ և Փոքր Մասիսների հրաբխային զանգվածների շրջանում, խիստ լեռնային գավառ է, ունի սուր կլիմա։

Կոգովիտ, կենտրոնը՝ Արշակավան (Արշակաւան)։ Այս գավառը սահմանափակված էր բնական արգելագծերով՝ լեռներով։ Կոգովիտն իր տարածքով համապատասխանում էր այժմյան հին Բայազետի շրջանին։ Այս գավառի մի զգալի մասը պատած է ճահիճներով։ Նրա մեջ էին մտնում Գայլատու լիճը և Կոգովիտ կոչված շամբը՝ ծանծաղ լճակը, այժմյան Բայազետից հյուսիս։

Աշոցք, կենտրոնը՝ Աշոցք։ Աշոցք գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Շիրակի մարզի Աշոցքի շրջանին։ Այն ունի դաշտային ցուրտ ու համեմատաբար խոնավ կլիմա։

Նիգ, կենտրոնը՝ Քասաղ։ Տարածվում է Քասախ գետի վերին հոսանքի շրջանում։ Համապատասխանում է այժմյան Ապարանի շրջանին և Հրազդանի շրջանի մի մասին։ Այս գավառը Արշակունիների թագավորության շրջանում պատկանում էր արքունիքին։ Դրան հաջորդող հետագա դարերի ընթացքում նրա վարչական վիճակը մնում է մթության մեջ։

Կոտայք, կենտրոնը՝ Երևան (Երևան)։ Գավառը բաղկացած է այժմյան Կոտայքի և Հրազդանի շրջանների տարածքներից և Արտաշատի ու Էջմիածնի շրջանների մի մասից, որն ընկած է Հրազդան գետի հովոտում։ Կոտայք անունը հնագույն ծագում ունի և կապված է նույնանուն ցեղանվան հետ։

Մազազ, կենտրոնը՝ Պորտակ։ Այն սկզբանպես կազմում էր Ոստան գավառի մի մասը։ Հետագայում՝ 5-րդ դարից նա հիշատակվում է որպես առանձին գավառ։ Մազազը գրավում էր Ազատ գետի վերին հոսանքի շրջանները։ Ունի լեռնային ռելիեֆ։

Վարաժնունիք, կենտրոնը՝ Հովք։

Ոստան Հայոց, կենտրոնը՝ Արտաշատ։ Տարածությամբ մեծ չէր, գրավում էր միայն Ազատ գետի միջին և ստորին հոսանքների հովիտը, որը շոգ և չոր կլիմա ունի։ Հավանաբար Ոստանի մեջ մտնում էր նաև Շարուրի դաշտը, որը տարածվում է Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։

Ուրծաձոր, կենտրոնը՝ Ուրծ։ Արած, կենտրոնը՝ Արած։ Շարուրդաշտ, կենտրոնը՝ Շարուր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրարատյան աշխարհի բնակչության խտությունը, Հայաստանի մյուս մասերի համեմատությամբ, մեծ էր։ Բնակիչների գերազանց մեծամասնությունը հայեր էին։ Հայերից բացի, Այրարատում՝ հատկապես քաղաքներում, բնակվել են նաև հրեաներ, ասորիներ, հույներ և պարսիկներ։ Արաբների տիրապետության շրջանում՝ 8-րդ դարի երկրորդ կեսից սկսած, Այրարատի որոշ քաղաքներում բնակություն են հաստատել զգալի թվով արաբներ, որոնք հիմնականում կատարում էին վարչական աշխատանք և կայազորային ծառայություն։ Ավելի ուշ շրջանում՝ 11-13-րդ դդ, Այրարատ են մուտք գործում նաև սելջուկ-թուրքեր, մոնղոլ-թաթարներ և այլ ցեղեր[1]։

Հայաստանի ճանապարհների կենտրոնը Այրարատյան աշխարհն էր։ Երկրի ճանապարհների կարևորագույն հանգուցակետերը՝ Արմավիրը, Արտաշատը, Դվինը և Անին գտնվում էին Այրարատում։ Ուրարտական շրջանում Այրարատում ճանապարհների կարևորագույն հանգուցակետը Արգիշտիխինիլին էր, որն Ուրարտական պետության անկումից հետո իր տեղը զիգեց Երվանդաշատին (Ախուրյանի գետաբերանի մոտ)։ Հետագայում, երբ Հայաստանը ձեռք բերեց քաղաքական անկախություն, Այրարատում արագ կերպով բարձրացավ Արտաշեսյանների մայրաքաղաք Արտաշատը։ Մինչև 5-րդ դարի երկրորդ կեսը Արտաշատը Այրարատով անցնող ճանապարհների սիրտն էր։ Արտաշատից դուրս էին գալիս տարանցիկ առևտրի կարևոր մի քանի ճանապարհներ, որոնք ունեին նաև ռազնավարական խոշոր նշանակություն։ Դրանցից առանձնապես կարևոր էին երեքը.

5-րդ դարի երկրորդ կեսից Այրարատի ճանապարհների գլխավոր հանգույցը դառնում է Դվինը։ Դվինից դուրս էին գալիս հինգ գլխավոր ճանապարհներ, որոնք նկարագրված են «Մղոնաչափք»-ում։ Այդ ճանապարհներն ունեին հետևյալ ուղղությունները՝

Ավելի ուշ շրջանում՝ 10-րդ դարում, չնայած Դվինը մնում էր որպես տարանցիկ առևտրի ճանապարհների կենտրոն, Այրարատում բարձրանում է նաև Անին։ Վերջինս իր հերթին մի քանի ճանապարհներով կապված էր ինչպես Հայաստանի տարբեր մասերի, նույնպես և հարևան երկրների ու Սև ծովի նավահանգիստների հետ։ Անիից դուրս եկող տարանցիկ ճանապարհներից կարևոր են.

Արարատյան աշխարհով անցնող նշված ճանապարհները, որոնց կարևոր կենտրոնները Դվին և Անի մայրաքաղաքներն էին, արտակարգ մեծ նշանակություն ստացան մասնավորապես IX դարի վերջից մինչև սելջուկյան արշավանքները։ Այդ շրջանում խալիֆայության և Բյուզանդիայի միջև տեղի ունեցող երկարատև պատերազմների պատճառով Միջագետքով, Սիրիայով և Միջերկրական ծովով կատարվող համաշխարհային առևտուրը գրեթե կանգ էր առել։ Հենց այդ պատճառով էլ համաշխարհային առևտրի մեջ անչափ մեծացել էր Հյուսիս-արևելյան Հայաստանի, այդ թվում Այրարատյան աշխարհի դերը։

Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում, տնտեսության ընդհանուր հետադիմության հետ, Այրարատյան աշխարհի նախկին փարթամ քաղաքները և դրանցից դուրս եկող ճանապարհները կորցնում են իրենց տնտեսական նշանակությունը։ Քաղաքների մեծ մասը աստիճանաբար վեր է ածվում սովորական բնակավայրերի, մի մասն էլ ընդմիշտ վերանում է պատմական ասպարեզից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թադիկ Հակոբյան «Հայաստանի պատմական աշխարհագրություն» Երևան, 1984։ Նորմալ բան չէիք կարող գրել??չէէէէէէէ հավես չկա
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 121-128։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 352