Ռոդոպներ, Ռոդոպյան լեռներ, գտնվում են Բալկանյան թերակղզում, Բուլղարիայում և Հունաստանում։ Երկարությունը մոտ 240 կմ է, բարձրությունը՝ մինչև 2191 մետր (Դոլյամ Պերելիկ լեռ)։ Կազմված են կրաքարերից, ավազաքարերից, բյուրեղային և հրաբխային ապարներից։ Տարեկան տեղումները 650-1000 մմ են։ Գետերը սահանքավոր են, ունեն հիդրոէներգետիկ մեծ պաշարներ։ Կան ՀԷԿ-երի կասկադներ և ջրամբարներ։ Հարավային լանջերը ծածկված են թփուտներով, մշտադալար կաղնու պուրակներով, հյուսիսային լանջերը՝ կաղնու, հաճարենու և ասեղնատերև անտառներով, 1800-2000 մետրից բարձր՝ մերձալպյան մարգագետիններով ու թփուտներով։ Կան երկաթի, քրոմի, բազմամետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, բալնեոլոգիական և կլիմայական առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։