Jump to content

Վիտամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բ-կոմպլեքսի վիտամինային հաբերի մի շիշ

Վիտամիններ (լատին․՝ vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինը պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է[1], բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ[2]։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր՝ նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։

Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր[3]։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։ Որոշ վիտամիններ, օրինակ վիտամին D-ն, կատարում են հորմոնանման ֆունկցիա՝ կարգավորելով հանքային նյութերի փոխանակությունն օրգանիզմում կամ ինչպես վիտամին A-ն է՝ բջիջների և հյուսվածքների աճն ու տարբերակումը։ Վիտամինների ամենամեծ խումբը B վիտամինային կոմպլեքսն է, որոնք խաղում են ֆերմենտների կոֆակտորների դեր՝ կատալիզելով նյոթափոխանակային ռեակցիաները։ Այս առումով, վիտամինները մտնում են ֆերմենտների կազմի մեջ որպես պրոսթետիկ խմվի մի մաս։ Օրինակ՝ բիոտինը ճարպաթթուների ստեղծմանը մասնակցող ֆերմենտների կազմի մեջ է մտնում։ Վիտամինները կարող են նաև կատալիզում խաղալ կոֆերմենտների դեր՝ տեղափոխելով քիմիական ֆունկցիոնալ խմբեր կամ էլեկտրոններ մի մոլեկուլից՝ մյուսը։ Օրինակ՝ ֆոլաթթուն բջջում կարող է տեղափոխել մեթիլ, ֆորմիլ և մեթիլեն խմբերը։ Չնայած վիտամինների ֆերմենտ-սուբստրատ ռեակցիաներում մասնակցելոլւ ֆունկցիան առավել հայտնին է, վիտամինների մյուս ֆունկցիաները նույնպես հավասարապես կարևոր են[4]։

Մինչև 1930-ականների կեսերը, երբ առաջին անգամ կիսասինթետիկ ճանապարհով ստացան վիտամին B-ն և C-ն, վիտամինների միակ աղբյուրը սնունդն էր։ 20-րդ դարի կեսից վիտամինները սկսվեցին արդեն քիմիական ճանապարհով սինթեզվել և վաճառվել, առանձին կամ մուլտիվիտամինային կոմպլեքսների ձևով։ Վիտամինների կառուցվածքային ակտիվությունը, ֆունկցիան և առողջության մեջ դերը ուսումնասիրող գիտությունն անվանվում է վիտամինոլոգիա[5]։

Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։

Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի վիտամիններով, բայց զուրկ են մյուսներից։ Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն (հիպովիտամինոզ), ավիտամինություն)։ Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների(հիպերվիտամինոզ)։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։

Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Տարիքի հետ օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում Է։

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։ Ջրալույծ վիտամիններ`

  • B խմբի բոլոր վիտամինները,
  • Վիտամին C-ն,
  • Վիտամին PP-ն։

ճարպալույծ վիտամիններ`

  • Վիտամին A-ն,
  • Վիտամին D-ն,
  • Վիտամին E-ն,
  • Վիտամին K-ն։

Ջրալույծ վիտամիններից առավել հայտնի է C վիտամինը (ասկորբինաթթու), որն առկա է մի շարք ֆերմենտների կազմի մեջ։ C վիտամինի բացակայության պարագայում օրգանիզմում զարգանում է ծանր ավիտամինոզ՝ լնդախտ (ցինգա)։ Մարդը թուլանում է, նվազում է նրա կայունությունը տարբեր վարակների և շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Լնդերը սկսում են արյունաթորել, ատամները՝ շարժվել և, ի վերջո՝ ընկնում են։ Առավել շատ C վիտամին պարունակվում է մասուրի և սև հաղարջի պտուղներում, կիտրոնում, կաղամբում (այդ թվում՝ թթու)։ Մարդուն օրական անհրաժեշտ է 50-100մգ C վիտամին։ Վարակիչ հիվանդությունների պարագայում այդ չափաբաժինն անհրաժեշտ է մեծացնել 3-5 անգամ, քանի որ C վիտամինն առկա է հակամարմինների առաջացմանը նպաստող ֆերմենտների կազմի մեջ։

Ճարպալուծ վիտամինների շարքում առավել կարևորվում է A վիտամինը, որն անհրաժեշտ է էպիթելային հյուսվածքների բնականոն աճի համար։ Բացի այդ, A վիտամինը մասնակցում է տեսողական գունակ ռոդոպսինի ձևավորումն ապահովող ֆերմենտների աշխատանքին։ A ավիտամինոզի կամ թերվիտամինոզի պարագայում կարող են զարգանալ մաշկի կամ լորձաթաղանթների խոցեր, «հավկուրություն»՝ մթնշաղային տեսողության խանգարում։ A վիտամինը պարունակվում է առավելապես լյարդում, կենդանական ծագմամբ մթերքներում՝ կարագում, պանրում։ Սակայն բույսերում այս վիտամինը կարող է սինթեզվել նրանցում պարունակվող դեղին գունանյութից՝ կարոտինից։ Կարոտինը պարունակվում է գազարում, կարմիր պղպեղում, ծիրանում, դդմի մեջ և կարմիր գույնի այլ մրգերում ու բանջարեղենում։ Կարոտինն ավելի լավ յուրացվում է եփելուց հետո, A վիտամինի վերածվում է բարակ աղիներում։

Վիտամինի քանակի խանգարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամինների քանակի փոփոխումը, խանգարումը օրգանիզմում կապված է երեք հիմնական պաթոլոգիական վիճակների հետ.

A վիտամին (ռետինոլ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար։ A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն)։ A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում։ Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն։

B1 վիտամին (թիամին)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի նյութափոխանակության համար։ Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի։ B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը։ Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց։

B2 վիտամին (ռիբոֆլավին)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման շարժընթացներին։ Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը։ Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը։ Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում։ B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությամբ։B2 վիտամինները կարևոր են մարդու կենսագործունեության և առողջ ապրելակերպի համար։

B3 կամ PP վիտամին (նիկոտինամիդ,նիկոտինաթթու)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը։ Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում։ Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից։

B5 վիտամին (պանտոտենաթթու)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար։ Կանոնավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները։ Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում։ Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել։

B6 վիտամին (պիրիդօքսին)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են։ Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն։ B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում։

B9 վիտամին (ֆոլացին)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B¹² վիտամինի յուրացմանը։ Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ։ Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում։ Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից։ Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը։

B12 վիտամին (ցիանակոբալամին)

[խմբագրել | խմբագրել կոդը]
B12 վիտամին

Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը։ Անբավարարության դեպքում զարգանում է սակավարյունություն։ Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում։

B15 վիտամին (կալցիումի պանգամատ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն։ Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ։

D վիտամին (կալցիֆերոլներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութ, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը)։ Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ։ D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։ Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում։ Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում)։ Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել՝ քվարցային լամպով ճառագայթահարելով։ Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ։

E վիտամին (տոկոֆերոլներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները։ Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում։

K վիտամին (ֆիլոքինոններ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է արյան մակարդմանը։ Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից։ Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում։ Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում։ Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը։

Վիտամինանման նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամինանման նյութերը կենսաբանորեն ակտիվ միացություններ են։ Դրանցից են կենսաֆլավոնոիդները (կանոնավորում են մազանոթների թափանցելիությունը), խոլինը [ունի ճարպահակ (լիպոտրոպ) ազդեցություն], ինոզիտը (մասնակցում է ածխաջրերի փոխանակությանը), պանգամաթթուն (որի կալցիումական աղն ունի հակաթերթթվածնային ազդեցություն) և այլն։ P վիտամին (կենսաֆլավոնոիդներ). նյութերի խումբ է, որը բարձրացնում է մազանոթների պատերի կայունությունը, վերացնում դրանց բարձր թափանցելիությունը։ Այդ նյութերից են ռուտինը, տանինը։ Առավել արդյունավետ են C վիտամինի զուգակցությամբ։ Պարունակվում են թեյում (առանձնապես՝ կանաչ), մասուրում, կիտրոնում, խուրմայում, սև հաղարջում, սև արոսենու պտուղներում, խաղողում, սալորում, տաքդեղում, հնդկաձավարում։

Վիտամինների օգտագործման և հայտնաբերման պատմությունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր շարունակ ճանապարհորդությունների ժամանակ ծովային նավերի վրա անսպասելիորեն հայտնվում էր լնդախտ կոչվող սոսկալի հիվանդությունը։ Սկսում էին արյունահոսել մարդկանց լնդերը, շարժվել ատամները։ Նավաստիները թուլանում և ուժասպառ վայր էին ընկնում։ Լնդախտն ավելի շատ զոհ էր խլում, քան նավաբեկությունները։ Այդ ժամանակ չգիտեին, որ լնդախտն առաջանում է սննդի մեջ C վիտամինի պակասից։ XVI դարում բժիշկներն սկսեցին մշակել լնդախտի բուժման եղանակներ։ Ճանապարհորդության մեկնելիս անգլիական ռազմածովային նավատորմում, որպես սննդի կարևորագույն մաս, վերցնում էին կիտրոն։ XVIII դարում ռախիտի բուժման համար սկսեցին լայնորեն օգտագործել ձողաձկան լյարդի ճարպը։ Հին չինական գրավոր աղբյուրներում հիշատակվում է հավկուրություն հիվանդությունը, որն արտահայտվում էր մթության մեջ մարդու տեսողության վատացմամբ։ Այս հիվանդության բուժումը՝ սննդի մեջ լյարդի օգտագործմամբ, առաջինն առաջարկել է Հիպոկրատը։ Բուժիչ նպատակով վիտամինների օգտագործումը՝ վիտամինաբուժությունը, նախկինում կիրառվում էր դրանց անբավարարության ժամանակ։ XX դարի կեսերին վիտամինաբուժության շրջանակն զգալիորեն ընդլայնվեց. վիտամիններն սկսեցին օգտագործել ինչպես սննդի, այնպես էլ անասնակերի վիտամինացման համար։ Ժամանակակից բժշկության մեջ լայնորեն կիրառվում են նաև պոլիվիտամինները, որոնցից են պիկովիտը, մուլտինը, յունիկապը, մուլտի տաբսը, բևի պլեքսը և այլն։ Վիտամինները, որպես ինքնուրույն քիմիական նյութ, հայտնաբերել է ռուս բժիշկ Ն. Լունինը 1880 թ-ին։ Նա պարզել է, որ օրգանիզմի բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմնական բաղկացուցիչ մասերից (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), անհրաժեշտ են նաև այլ նյութեր, որոնց բացակայությունը հանգեցնում է հիվանդությունների կամ մահվան։ Այնուհետև նիդեռլանդացի բժիշկ, մանրէաբան Ք. Էյկմանը ցույց է տվել, որ մարդկանց բերի-բերի հիվանդության պատճառը թեփահանված բրնձի օգտագործումն է, և այն կարելի է բուժել բրնձի թեփի պատրաստուկներով։ 1912 թ-ին լեհ բժիշկ Կ. Նունկը բրնձի թեփից անջատել է մի բյուրեղային նյութ, որը բուժում էր բերի-բերին, ցույց տվել, որ այն պարունակում է ազոտ (ամին խմբի ձևով), և անվանել է վիտամին։

Վիտամինների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտամին Անվանումը Օրական անհրաժեշտությունը (չափահաս մարդուն)
A Ռետինոլ (Retinol) 900մկգ
B1 Թիամին (Thiamine) 1,5մգ
B2 Ռիբոֆլավին (Riboflavin) 1,8մգ
B3(PP) Նիկոտինաթթու (Niacin) 20մգ
B4 Խոլին (Choline) 425-550մգ
B5 Պանտոտենաթթու (Pantothenic acid) 5մգ
B6 Պիրիդոքսին (Pyridoxine) 2մգ
B7(H) Բիոտին (Biotin) 50մկգ
B8 Ինոզիտ (Inositol) 500մգ
B9 Ֆոլաթթու (Folic acid) 400մկգ
B10 n-Ամինաբենզաթթու (n-Aminobenzoic acid) հաստատված չէ
B11 Լևոկարնիտին (Carnitine) 300մգ
B12 Ցիանկոբալամին (cobalamin) 3մկգ
B13 Օրոտաթթու (Orotic acid) 0,5-1,5մգ
B15 Պանգամաթթու (Pangamic acid) 50-150մգ
B17 Ամիգդալին (Amygdalin)
C Ասկորբինաթթու (Ascorbic acid|Ascorbic acid) 90մգ
D Կալցիֆերոլ (Calciferol) 10-15մկգ
E α-, β-, γ-տոկոֆերոլներ (Tocopherol) 15մգ
F Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուների տրիգլիցերիդների խառնուրդ տվյալներ չկան
K Ֆիլոխինոն phylloquinone) 120մկգ
N Լիպոեաթթու (Lipoic acid) 30մկգ
P Բիոֆլավոնոիդներ (Bioflavonoids) տվյալներ չկան
U Մեթիոնին (Methionine)

Վիտամինների ներծծում օրգանիզմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպալույծ վիտամինների, ինչպիսիք են A, K, D, E, ընդունման ժամանակ անհրաժեշտ է լեղի, որն արտադրվում է ուտելուց հետո[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Use and Safety of Dietary Supplements Արխիվացված 2019-03-27 Wayback Machine NIH office of Dietary Supplements.
  2. Fortmann, SP; Burda, BU; Senger, CA; Lin, JS; Whitlock, EP (2013 թ․ նոյեմբերի 12). «Vitamin and Mineral Supplements in the Primary Prevention of Cardiovascular Disease and Cancer: An Updated Systematic Evidence Review for the U.S. Preventive Services Task Force». Annals of Internal Medicine. 159 (12): 824–34. doi:10.7326/0003-4819-159-12-201312170-00729. ISSN 0003-4819. PMID 24217421.
  3. Maton, Anthea; Jean Hopkins; Charles William McLaughlin; Susan Johnson; Maryanna Quon Warner; David LaHart; Jill D. Wright (1993). Human Biology and Health. Englewood Cliffs, New Jersey, USA: Prentice Hall. ISBN 0-13-981176-1. OCLC 32308337.
  4. Bolander FF (2006). «Vitamins: not just for enzymes». Curr Opin Investig Drugs. 7 (10): 912–5. PMID 17086936.
  5. Mosby's (2015 թ․ մայիսի 13). «Vitaminology». The free dictionary. Mosby's Medical Dictionary, 8th edition. (2009).
  6. Ռուդոլֆ Համազասպի Հակոբյան. «Դեղերի անհամատեղելիությունը, էջ 79» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտամին» հոդվածին։