Վիտամին B12
Վիտամին B12ը (ցիանոկոբալամին), C63H88CoN14O14P քիմիական բանաձևով, կոբալտ–կորինային կոմպլեքս, որում Со-ի ատոմը միացած է ցիան խմբի, նուկլեոտիդային մնացորդի և 4 վերականգնված պիրոլային օղակների հետ։
Ֆիզիկաքիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլային զանգվածը՝ 1355,4։ Մուգ կարմիր բյուրեղներ են, լուծվում են ջրում և բևեռային օրգանական լուծիչներում։ Մտնում է մի շարք ֆերմենտների բաղադրության մեջ։ Ակտիվացնում է սպիտակուցային փոխանակությունը։ Ցիանոկոբալամինի մոլեկուլում CN խումբը կարող է փոխարինվել OH, ONO, SՕ3 խմբերով, Cl, Br և այլ ատոմներով։ Ստացված ածանցյալները՝ կոբալամինները, իրենց բուժիչ ակտիվությամբ չեն տարբերվում ցիանոկոբալամինից։ Բնական աղբյուրներում հանդիպում են ցիանակոբալամինին մոտ միացություններ՝ կեղծ B12 վիտամիններ, որոնք միկրօրգանիզմների համար ակտիվ են, մարդու և կենդանիների համար ոչ ակտիվ։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտամին B12-ն անջատվել է 1948 թվականին լյարդից բյուրեղային վիճակում։ Դորոտի Հոջքինը 1955 թվականին ռենտգենա-կառուցվածքային անալիզով հայտնաբերեց վիտամին B12-ի կառուցվածքը։ Այս աշխատանքի համար 1964 թվականին նրան պարգևատրեցին Նոբելյան մրցանակով։ Վիտամին B12-ը միակ վիտամինն է, որն իր կառուցվածքում պարունակում է կոբալտ մետաղը։ Վիտամինի կառուցվածքը պարունակում է կորինի օղակ, դիմեթիլբենզիմիդազոլ, ռիբոզ և ֆոսֆորական թթու։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ո՛չ կենդանական և ո՛չ էլ բուսական օրգանիզմներն ընդունակ չեն սինթեզելու վիտամին B12: Սա միակ վիտամինն է, որ բացառապես սինթեզվում է միայն միկրոօրգանիզմներով՝ բակտերիաներով, ակտինոմիցետներով և կապտականաչավուն ջրիմուռներով։ Կենդանական օրգանիզմներում վիտամին B12-ով հարուստ են լյարդը և երիկամները, միսը, ձուկը։
Օրվա պահանջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտամին B12-ի օրվա պահանջը չնչին քանակություն է, այն ընդամենը 1-2 մկգ է։ Վիտամին B12-ի նշանակալից քանակություն են պարունակում լյարդը, երիկամները, ձկնեղենը հատկապես լյարդում և խավիարում։ Ավելի քիչ քանակություն պարունակում են միսը, կաթը, կաթնաշոռը, պանիրը, ձվի դեղնուցը։
Վիտամինակոֆերմենտային ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտամին B12-ը երկու կոֆերմենտների ձևով է հանդես գալիս՝
- ցիտոպլազմայում մեթիլկոբալամինի,
- միտոքոնդրիումներում՝ 5՛- դեզօքսիադենոզիլկոբալամինի։
Վիտամինի ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտամին B12-ը մուգ կարմիր գույնով բյուրեղներ են, լուծվում են ջրում և սպիրտում։ Վիտամին B12 - ը՝
- ջերմության նկատմամբ կայուն է,
- լուսազգայուն է,
- էնտերիտների ժամանակ կորցնում է ակտիվությունը,
- ստամոքսի և աղիքների ռեզեկցիաները (խանգարում են նորմալ ներծծումը),
- նեոմիցինը, պարաամինասալիցիլաթթուն, կոլխիցինը ազդում են ակտիվության վրա,
- ազոտի երկօքսիդի գերքանակություններն ազդում են ակտիվության վրա։
Վիտամինի կենսաբանական դեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցում է՝
- տրանսմեթիլացման ռեակցիաներին (մեթիլկոբալամին)՝
- հոմոցիստեինից մեթիոնինի առաջացմանը,
- խոլինի սինթեզին,
- ֆոսֆոլիպիդների փոխանակությանը,
- լիպոպրոտեինների փոխանակությանը,
- ֆոլաթթվի ածացանյալների փոխարկման ռեակցիաներին, որոնք՝որպես ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի նախորդներ, անհրաժեշտ են նուկլեոտիդների սինթեզի համար (մեթիլխմբերիմիջանկյալ փոխադրիչ՝ տրանսմեթիլազաների ակտիվատոր)։
- իզոմերացման ռեակցիաներին (5’-դեզօքսիադենոզիլկոբալամին)՝
- կենտ թվով ճարպաթթուների փոխանակությանը. Կենդանական հյուսվածքներում վիտամինի անբավարարությունը կապված է կոբալամինի ներծծման խանգարման հետ, որը պայմանավորված է Կասլի ներքին գործոնի սինթեզի խանգարմամբ։ Կասլի ներքին գործոնը սինթեզվում է ստամոքսի շրջադիր բջիջներում։ Այն գլիկոպրոտեին (մուկոպրոտեիդ) է 93.000Դ զանգվածով։ Միանում է վիտամին B12-ին Ca2+-ի մասնակցությամբ։ Կասլի արտաքին գործոնը վիտամինի ալիմենտար ընդունման ձևն է (կենդանական սննդի մեջ սպիտակուցների հետ միացած)։ Ստամոքսում պրոտեազաները քայքայում են վիտամինին միացած սպիտակուցները։ Վիտամին B 12-ը, միանալով Կասլի ներքին գործոնին (մուկոպրոտեիդին), ներծծվում է արյան մեջ։ Արյան մեջ վիտամինը շրջանառում է սպիտակուց ներին միացած վիճակում՝ հիմնականում գլոբուլիններիհետ։ Վիտամին B 12-ը կարող է պահեստավորվել լյարդում (1մկգ-ը 1գ լյարդի հաշվին)։
Վիտամինային անբավարարության կլինիկական արտահայտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտամին B12 - ի հիպովիտամինոզի պատճառ կարող են լինել ստամոքսահյութի ցածր թթվայնությունը, որը կարող է առաջանալ լորձաթաղանթի վնասման արդյունքում։
- ԱՍՏ-ի էպիթելի ռեէպիթելիզացիայի խանգարումը՝
- բերանախոռոչի, կերակրափողի, ստամոքսի և մասնավորապես աղիքների լորձաթաղանթի խոցանեկրոտիկ փոփոխությունները։
- Ստամոքսի տոտալ հեռացման վիրահատությունը։
- Վիտամին B12-ի անբավարարության հիմնական նշաններից են պերնիցիոզ (չարորակ) անեմիան։
- Թրոմբոցիտոպենիան, լեյկոպենիան։
- Նևրոլոգիական խանգարումները, նյարդային բջիջների ճարպային դիստրոֆիան, դեմիելինիզացիան, հաղորդակցման խանգարումները։
- Խախտվում է արյունաստեղծման պրոցեսը, որն առաջին հերթին կապված է նուկլեինաթթուների փոխանակության, մասնավորապես, արյունաստեղծման համակարգում արագ կիսվող բջիջներում՝ ԴՆԹ-ի սինթեզի խանգարման հետ։
- Արյունաստեղծման ֆունկցիայի խանգարման հետևանքով վիտամին B12-ի ավիտամինոզին բնորոշ ախտանիշներից է նաև ԿՆՀ-ի ընկճումը, որը բացատրվում է մեթիօլմալոնատի տոքսիկ հատկությամբ։ Այն կուտակվում է օրգանիզմում կենտ թվով ճարպաթթուների փոխանակության, ինչպես նաև որոշ ածխածնային ճյուղավորված շղթա ունեցող ամինաթթուների քայքայման խանգարման հետևանքով (մեթիլմալոնիլային ացիդոզ)։ Ախտորոշիչ նշանակություն ունի մեզում մեթիլմալոնաթթվի և պրոպիոնաթթվի որոշումը։ Վիտամին B12-ը՝ որպես դեղամիջոց, կիրառվում է սուր սակավարյունությունը բուժելու, պոլինևրիտների, երիկամների հիվանդությունների ժամանակ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 155)։ |