Jump to content

Տեկորի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեկորի տաճար
Եկեղեցի

Տեկորի տաճար 1840-ական թթ.

ՏեղադրությունՏեկոր, Այրարատ նահանգ
ԱշխարհԱյրարատ
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Սահակ Կամսարական
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերակներ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԳմբեթավոր բազիլիկ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ5-րդ դար
Կառուցման ավարտ6-րդ դար
Ավերում1920-ական թթ.
Տեկորի տաճար (Թուրքիա)##
Տեկորի տաճար (Թուրքիա)
Տեկորի տաճար (Մեծ Հայք)##
Տեկորի տաճար (Մեծ Հայք)
40°22′17″ հս․ լ. 43°24′53″ ավ. ե.HGЯO

Տեկորի տաճար, գմբեթավոր բազիլիկ տիպին պատկանող եկեղեցի Շիրակ գավառի համանուն գյուղում Ախուրյանի վտակի աջ ափին՝ այժմ Թուրքիայի Կարսի մարզի Դիգոր քաղաքում, Անիից 20 կմ հարավ-արևմուտք։ Այժմ ամբողջովին ավերված է։ Ըստ շինարարական արձանագրության՝ Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի[1] վերջին քառորդում Սահակ Կամսարականի կողմից։ Այն որպես Ս. Սարգսի վկայարան հիմնադրել են կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունին, Արշակունյաց Հովհաննես եպիսկոպոսը՝ վանքի երեց Տայրոնի, Մանան Հազարապետի և Ուրան Հոռոմի մասնակցությամբ։ Տեկորի Ս. Երրորդություն վանքի այս արձանագրությունները մեզ հասած հայերեն ամենահին գրությունն է և պատկերացում է տալիս մեսրոպյան այբուբենի նախնական տարաձևերի մասին։ Տաճարը վկայությունների մեջ հանդիպում է նաև սուրբ Սարգսի և սուրբ Երրորդություն անվանումներով[2]։

Սկզբնապես (12-13 շարք) Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին կառուցվել է վարդագույն տուֆով՝ որպես եռանավ բազիլիկ։ Շինարարությունն ընդհատվել է 481-484-ին (կապված Պարսկաստանի տիրապետության դեմ հայերի համաժողովրդական ապստամբության հետ) և շարունակվել սպիտակավուն տուֆով՝ եկեղեցուն տալով քառամույթ գմբեթավոր հորինվածք, որի շնորհիվ այն քրիստոնեական ճարտարապետության մեջ տվյալ տիպի հնագույն թվագրված կառույցն է։ Դեռևս կանգուն վիճակում հանգամանորեն հետազոտվել է ճարտարապետ Թորոս Թորամանյանի կողմից 20-րդ դարի սկզբում։

Ըստ Թորոս Թորամանյանի հետազոտության՝ Հայաստանի մեջ, նախաքրիստոնեական դարերից մինչև քրիստոնեության15-րդ դարը, տաճարը ենթարկվել է ճարտարապետական արվեստի չորս վերածնության, որոնց առաջինը, կիկլոպյան պատերից հետո 4-րդ և 5-րդ դարերի մեջ է տեղի ունեցել, որիօրինակն է 5-րդ դարի Տեկորի հուշարձանը։ Թեև ապացույցներ կան, որ շենքը գոյություն ուներ նախքան 5-րդ դարը, 5-րդ դարում, ենթադրաբար քրիստոնեական տաճարի վերածվելիս ստացել է ներկա ձևի գլխավոր մասը (ինչպես նույնը պատահել է Երերույքի տաճարում)։ Շենքի թե՛ ներքին և թե՛ արտաքին ճակատների վրա կան անվիճելի ապացույցներ, որ 10-11-րդ դարերում նոր վերանորոգման հետևանքով, այդ դարերի ճարտարապետական արվեստի կնիքը դրվել է նոր կատարված վերանոնորոգումներում։

Տաճարի կառուցման որևէ թվական չկա շենքի վրա, միայն կառուցող Սահակ Կամսարականի և նման հիշատակված անունները, Հայր Ալիշանի քննությամբ 5-րդ դարի են։ Բացի արձանագրության մեջ հիշված 5-րդ դարի անունները, ճարտարապետական և շինարարական ոճերի քննությունը ևս այս շենքը տանում է մինչև 5-րդ դար[2]։

Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին բարձրացել է բազմաստիճան որմնախարսխի վրա, ունեցել է բարձր որմնասյուներ։ Հզոր մույթերի վրա բարձրացել է խորանարդաձև գմբեթը, որը հայկական ճարտարապետության մեջ մեզ հայտնի ամենավաղ քարե գմբեթն է և իր ձևով՝ միակը։ Հարուստ հարդարանք են ունեցել արտաքին ճակատները, սյունասրահների որմնասյուները, շքամուտքերը, լուսամուտների պսակները։ Գերակշռել են ականթի, խաղողի որթատունկի և ողկույզների քանդակնեը, ոճավորված զարդաձևերը, որոնցից մի քանիսն առաջին անգամ են հանդես եկել հայկական արվեստում։ Արևմտյան ճակատի հաևթության մեջ, խաչաձև լուսամուտների երկու կողմերում, քանդակված են եղել երկու կիսանդրի, վերևում՝ գավաթի մեջ դրված խաղողի ողկույզ կտցահարող զույգ սիրամարգեր։ Խորանը ծածկված է եղել որմնանկարներով։

Տաճարը տեղադրված է եղել բոլոր կողմերից ինը աստիճաններով շրջապատված հիմնահարթակի վրա։ Տաճարի ճարտարապետական մանրամասները բնորոշ էին հնավանդ ձևերով ու ինքնատիպությամբ։

10-11-րդ դարերում, երբ Բագրատունի թագուհիները նորոգել են այս շենքը, գլխավոր աշխատանքը կատարել են հյուսիսային պատի վրա արտաքուստ բոլորովին նոր քարեր շարելով։ Առաջ, երբ տանիքը պարզ էր, արևելյան և արևմտյան կողմի ֆրոնտոններ ուներ, և ֆրոնտոնների թեքումի համեմատ երկու կողմից վայրահակ տանիք ուներ, Բագրատունիները կառուցել են ֆրոնտոններ թե հյուսիսային և թե հարավային կողմում, որից առաջացել են անհամաչափություններ, սակայն հանուն սկզբունքի այդ անհամաչափություններին հանդուրժել են կտուրին իրենց ուզած ձևը տալու համար։

Ենթադրաբար առաջին անգամ Հայաստանում գմբեթ կառուցվում է հենց այս շենքի վրա, որը չափազանց տարօրինակ կերպով կազմվում է գմբեթի ներսում վայրահակ պատերով ձևավորված, վրան մի գտակով ծածկված, իսկ արտաքուստ բոլորովին քառակուսի։

Այս գմբեթը հարմարեցնելու համար հարկ եղավ ներքին փոփոխությսւններ կատարել, սյուներից տաշելով և կամ ավելացնելով ներքին սյուների հաստությունները, հնարավոր է եղած գմբեթի համապատասխան խարիսխներ պատրաստել։ Նաև, նախքան 10-րդ դարը, երբ շենքերը ծածկված են եղել կղմինդրով, այս տաճարի 10-11 դարերի քարյա ծածկույթներից ներքև շաղախի մեջ երևում են կղմինդրի բեկորներ, որոնք ոչ մի կասկած չեն թողնում, որ այս շենքը այնչափ հին է, որ պատկանում է 5-7-րդ դարաշրջաններին, ուր սովորական էր շենքի տանիքը ծածկել թրծած կղմինդրով։

Ներսը, արևմտյան կողմի հյուսիսից դեպի հարավ, մայր գմբեթակիր սյուները կապելու համար ձգված աղեղը, ինչպես երևում է, հնացած և վնասված էր, վերջին վերանորոգման ժամանակ աղեղը նորոգել են[2]։

Տաճարի հարավային կողմում արևելքից արևմուտք ձգվող բարձր բլուրի վրա կա մի կառույց, որը ժողովրդն անվանում է բերդ։ Բերդից մնացել են միայն կրկնակ պարիսպների հետքերը։ Այս բերդի մեջ չկան կրաշաղախ և սրբատաշ քարեր, այլ միայն երկաթի նման կարծր որձաքարերի հսկա կտորներ իրար վրա չոր-չոր շարված են։ Իրար վրա բարձրացած որձաքարի ահռելի զանգվածների մեջ կան երեքից չորս մետր խորանարդ ծավալի հասնող միակտուր բեկորներ։ Ամրոցն ունի հազիվ 500 մետր երկարություն և 200 մետր՝ լայնություն․ հարավային կողմը նույնպես պարիսպ ունի։ Արևմտյան կողմից, որտեղ ըստ Թորամանյանի եղել է մուտքի գլխավոր դուռը, դեպի ժայռի լանջերը տանող երկու ձեռագործ ճանապարհներ կան բացված, որոնցից մեկը տանում է արևմուտք՝ Ագրակի կողմը, իսկ մյուսը՝ դառնալով ամբողջ ամրոցի շուրջ հասնում է ուղղակի տաճարի արևմտյան դռան առաջ։ Ճանապարհներն ունեն մոտ հինգ մետր լայնություն, որոնց հարթ մակերևույթ տալու համար տեղ-տեղ ժայռերը քանդել են, տեղ-տեղ հսկա որձաքարի պատեր են շինել՝ ճանապարհի թեք կողմի վրա և այսպես, ճանապարհը հասել է մինչև տաճարի առջև։

Հավանաբար այս պողպատյա ամրոցը պատկանել է Կամսարական իշխաններին, ինչպես ստորոտի տաճարը, և այդ պատճառով ամենալայն և կանոնավոր ճանապարհը անցնում է տաճարի առջևով։

Ամրոցի ներսում շինության հետքեր չեն մնացել և, կարևորությունը կորցրել է դեռ Բագրատունիների օրոք, որովհետև տաճարին հարավային կողմում գտնված գերեզմանատունը, որի մեջ մինչև (ՆԾԹ) 1010 թվականի խաչքար և ուրիշ ժամանակակից թվականներով տապանաքարեր կան, գրավել է ճանապարհի մի կարևոր մասը, որով ճանապարհն անգործածելի է դարձել[2][3]։

Եկեղեցու ավերումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Տեկորի Ս. Երրորդություն վանքի վանահայր Հովհաննեսը, որին 724 թվականին կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցին մեղադրել է դավանաբանական մոլորությունների մեջ։ 10-րդ դ. նորոգվել է եկեղեցու գմբեթի վեղարը, նախկին կղմինդրե ծածկը փոխարինվել է քարե սալերով, նեղացվել են ճակատների լուսամուտները։ Ըստ պատերի փորագրված արձանագրությունների՝ 971-ին Խոսրովանույշ թագուհին ազատել է Տեկորը հարկերից, 999-ին վանքը ստացել է նվիրատվություններ, 1008-ին Կատրանիդե թագուհին ազատել է Տեկորը «քուստակ» հարկից, 1014-ին և 1018-ին հաստատվել է Տեկորի ապահարկությունը, 1042-ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու դուստրը ազատել է Տեկորը հարկից։

17-րդ դարում վանահայր Հովհաննես վարդապետը դիմադրել է վանքը կողոպտող ավազակներին և նահատակվել։ 19-րդ դ. Տեկորի Ս. Երրորդություն վանքը ունեցել է մոտ 300 հա վարելահողեր և արոտատեղիներ, որոնք 1888-ին տրվել են վարձով։ 20-րդ դարի սկզբին վանքի եկեղեցու վթարային վիճակի պատճառով ժամասացությունները դադարեցվել են։ 1911-ին փլվել է եկեղեցու գմբեթը։ 1920-ից հետո Տեկորի Ս. Երրորդություն վանքը լրիվ ավերվել է՝ շրջակա գյուղերի բնակիչները պատերից պոկել են քարերը և օգտագործել։

Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցու քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքը հետագայում նախատիպ է ծառայել Հայաստանի 6-17-րդ դդ. բազմաթիվ եկեղեցիների համար, իսկ 9-11-րդ դդ. անցել է Բյուզանդիա ու լայն տարածում ստացել ուղղափառ (օրթոդոքս) երկրներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վարձք N2 հուլիս-նոյեմբեր, գլխավոր խմբագիր Սամվել Կարապետյան 2010 թ. էջ 6
  2. 2,0 2,1 2,2 2,3 Թորոս Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, հ. 2 (խմբ. Կարո Ղաֆադարյան), Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակություն», 1948, էջ 69 — 300 էջ։
  3. «Ախուրյան» շաբաթաթերթ, 1909 թվական, № 39 (մայիսի 29)։ Նույնը տպագրված է «Հուշարար» ամսագրի 1912 թ. № 2-ի մեջ 20-27 էջերի վրա առանց ամրոցին վերաբերող հատվածի։