Jump to content

Օրիգամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրիգամի առարկաներ

Օրիգամի (ճապ.՝ 折り紙, օրի՝ «ծալում», կամի՝ «թուղթ» (կամի դարձել է գամի ռենդակուի պատճառով), բառացի՝ «ծալած թուղթ»), դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, թղթից առարկաներ պատրաստելու հնագույն արվեստ։

Օրիգամիի արվեստի արմատները Հին Չինաստանում են, որտեղ էլ հայտնագործվել է թուղթը։ Ի սկզբանե օրիգամին օգտագործվել է կրոնական ծեսերի ժամանակ։ Երկար ժամանակ արվեստի այս ձևը հասանելի էր միայն հասարակության վերին խավերին, որտեղ լավ ապրելու չափանիշ էր թղթի հետ աշխատելու արվեստին տիրապետելը։

Դասական օրիգամին պատրաստվում է քառակուսի թղթից։

Գոյություն ունեն օրիգամի պատրաստելու տարբեր ձևեր և եղանակներ, բազմապիսի պայմանական նշաններ, որոնք անհրաժեշտ են օրիգամին պատրաստելու ընթացքի սխեմա ձևավորելու համար։ Պայմանական նշանների մեծ մասը կիրառության մեջ է դրվել 20-րդ դարի կեսերին հայտնի ճապոնացի վարպետ Ակիրա Յոսիձավայի կողմից (1911-2005)։

Դասական օրիգամիի պատրաստելը ենթադրում է միայն թղթի օգտագործումը՝ առանց սոսնձի և մկրատի։ Դրա հետ մեկտեղ դժվար մոդելի ձևավորման համար օգտագործվում է սկզբնական թերթի հագեցումը սոսնձային մասսայով, որը պարունակում է մեթիլցելյուլոզա[1]։

Ճապոնացի դպրոցականներ, որ հազար թղթե կռունկներ են պատրաստել Սադակո Սասակիի հիշատակի օրը Հիրոսիմայում

Եվրոպայում, Չինաստանում և Ճապոնիայում ձևավորվել են թղթի ծալելով իրեր պատրաստելու ավանդույթներ, որոնց մասին հիշատակել են պատմաբանները։ Դրանք հիմնականում եղել են միմյանցից առանձին ավանդույթներ մինչև 20-րդ դարը։

Չինաստանում ավանդական հուղարկավորությունների ժամանակ սովորաբար այրվել է ծալած թուղթ, որոնք մեծ մասամբ պատրաստվել են ոսկու բնակտորների (յուանբաո) ձևով։ Փայտի կամ կավե կրկնօրինակների փոխարեն թուղթ այրելու սովորույթը վերագրվում է Սուն դինաստիայի իշխանության տարիներին (905-1125), սակայն հայտնի չէ, թե ինչպես է ծալվել թուղթը[2]։

Ճապոնիայում թղթե մոդելի մասին առաջին միանշանակ հիշատակումը կատարվել է Իհարա Սայկակուի կարճ բանաստեղծության մեջ 1680 թվականին. նա հիշաատկել է ավանդական թղթե թիթեռներ, որ օգտագործվել են սինտո հարսանիքներում[3]։ Թղթի ծալումն ունեցել է ծիսական որոշակի նշանակություն Էդո ժամանակաշրջանի ճապոնական մշակույթում. նոշիներն ամրացվել են նվերների վրա, ինչպես ներկայում օգտագործվում են բացիկները։ Դա վերածվել է ժամանցի ձևի. Ճապոնիայում հրատարակված առաջին երկու ուսուցողական գրքերն ունեն ժամանցային բնույթ։

Եվրոպայում զարգացած է եղել անձեռոցիկներ ծալելու արվեստը, որ ծաղկում է ապրել հատկապես 17-18-րդ դարերում։ Դրանից հետո այդ արվեստն սկսել է քիչ օգտագործվել և գրեթե մոռացության է մատնվել. պատմաբան Ջոան Սալասը դա բացատրել է կենցաղում ճենապակու ներմուծմամբ, որը փոխարինել է անձեռոցիկի բարդ ծալքերին՝ որպես ընթրիքի սեղանի կարգավիճակի խորհրդանիշ ազնվականների շրջանում[4]։ Այնուամենայնիվ, հետագայում պահպանվել են այդ արվեստի որոշ մեթոդներ ու հիմունքներ։ 19-րդ դարի սկզբին Ֆրիդրիխ Ֆրյոբելը թուղթ ծալելու զբաղմունքն առաջարկել է որպես ուսուցողական մեթոդ մանկապարտեզներում երեխաներին մոտորիկայի զարգացման համար[5]։

Երբ 1860-ական թվականներին Ճապոնիան բացել է իր սահմանները, նրանք ներմուծել են Ֆրյոբելի մանկապարտեզային ուսուցման համակարգն ու դրա հետ միաժամանակ նաև թղթի ծալելու վերաբերյալ գերմանական գաղափարները։ Դա ներառել է կտրվածքներ կատարելու արգելքը, ինչպես նաև որպես մեկնարկային ձև երկգույն քառակուսու օգտագործումը։ Այդ և Եվրոպայից ներմուծված այլ կանոններ ներառվել են ճապոնական ավանդույթներում։ Նախքան այդ ճապոնացիներն օգտագործում էին զանազան մեկնարկային ձևեր, հաճախ կատարում էին կտրվածքներ, իսկ եթե պետք էր ներկել կամ այլ նշաններ կատարել, դա արվում էր թուղթը ծալելուց հետո[6]։

1900-ական թվականների սկզբին Ակիրա Յոսիձավան, Կոսյո Ուտիյաման և այլք սկսել են ստեղծել ու գրանցել օրիգինալ օրիգամի աշխատանքներ։ Ակիրա Յոսիձավան կատարել է մի շարք հայտնագործություններ, որոնցից են խոնավ ծալումը և Յոսիձավա-Ռանդլեթի դիագրամաների համակարգը, իսկ նրա աշխատանքները նպաստել են արվեստի այդ ձևի վերածննդին[7]։ 1980-ական թվականներին սկսել են համակարգված կերպով ուսումնասիրվել ծալված ձևերի մաթեմատիկական հատկությունները, ինչը նպաստել է օրիգամի մոդելների բարդացմանը[8]։

Օրիգամիի տեսակներն ու տեխնիկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդուլային օրիգամի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսուդամա

Օրիգամիի ամենահայտնի տարատեսակներից մեկը մոդուլային օրիգամին է, որում ամբողջական պատկերն ստացվում է միանման մասերի՝ մոդուլների միավորումից։ Յուրաքանչյուր մոդուլ պատրաստվում է դասական օրիգամիի պատրաստման եղանակով՝ մեկ քառակուսաձև թղթով, իսկ այնուհետև մասերը միացվում են մեկը մյուսի մեջ ծալելու միջոցով։ Մոդուլային օրիգամիի պատրաստման տեխնիկայով հաճախ պատրաստվում են տուփեր, հարթ և տարածական աստղեր, գնդաձև առարկաներ։

Պարզ օրիգամի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ օրիգամին օրիգամիի ոճ է, որ հորինվել է բրիտանացի Ջոն Սմիթի կողմից։ Պարզ օրիգամին սահմանափակվում է հետ ու առաջ ծալումներով։ Այս ոճի նպատակն է անփորձ օրիգամիստների, ինչպես նաև շարժողական սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց գործը հեշտացնելն է։ Վերոնշյալ սահմանափակումը պայմանավորում է բազմաթիվ (բայց ոչ բոլոր) բարդ հնարների անհնարինությունը, որոնք օգտագործվում են սովորական օրիգամիի դեպքում, ինչի պատճառով մշակվում են նմանատիպ արդյունք տվող նոր մեթոդներ։

Խոնավ ծալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոնավ ծալումը ծալման տեխնիկա է, որ մշակել է Ակիրա Յոսիձավան։ Օգտագործվում է ջրով թրջած թուղթ, որպեսզի պատկերներին հաղորդի հարթ գծեր, արտահայտչություն, ինչպես նաև կոշտություն։ Այս մեթոդը հատկապես վերաբերում է ոչ երկրաչափական այնպիսի օբյեկտներին, ինչպիսիք են կենդանիների ու ծաղիկների ֆիգուրաները։ Այս դեպքում նրանք շատ ավելի բնական տեսք ունենև ավելի մոտ են բնօրինակին։

Ոչ բոլոր թղթերն են հարմար թաց ծալման համար, միայն նրանք, որոնց արտադրության ընթացքում ավելացնում են ջրում լուծվող սոսինձ՝ մանրաթելերի սոսնձման համար։ Որպես կանոն, այս հատկությամբ օժտված են թղթի ստվար տեսակները։

Թուղթ և այլ նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ծալելու համար հարմար է ցանկացած թուղթ, բայց վերջինիս ընտրությունը մեծապես ազդում է ինչպես ծալման գործընթացի, այնպես էլ մոդելի վերջնական տեսքի վրա։

Ոչ բարդ այնպիսի մոդելների համար, ինչպիսիք են կռունկը կամ ջրային ռումբը, հարմար է սովորական տպագրական թուղթը (70-90 գ/մ²)։ Թղթի ավելի ծանր տեսակները (ավելի քան 100 գ/մ²) կարող են օգտագործվել խոնավ ծալումների համար։

Կա նաև հատուկ թուղթ օրիգամիի համար, որը հաճախ կոչվում է «կամի» (ճապոներեն՝ թուղթ)։ Այն անմիջապես վաճառվում է քառակուսու ձևով, կողմերի չափերը տատանվում են 2,5 սանտիմետրից մինչև 25 սմ և ավելի։ Սովորաբար այդպիսի թղթի մի կողմը սպիտակ է, իսկ մյուս կողմը՝ գունավոր, բայց հանդիպում են նաև երկգույն և զարդանկարներով տարատեսակներ։ Օրիգամիի թուղթը տպագրականից մի փոքր թեթև է, ինչն այն հարմար է դարձնում ֆիգուրաների լայն տեսականու համար։

Փայլաթիթեղային թուղթը, կամ ինչպես հաճախ անվանում են «սենդվիչը», փայլաթիթեղի բարակ շերտ է՝ սոսնձված բարակ թղթին, երբեմն փայլաթիթեղին թուղթը սոսնձված է լինում երկու կողմից։ Այս նյութն ունի կարևոր այն առավելությունը, որ լավ է պահպանում ձևը և թույլ է տալիս մշակել փոքր մանրամասները։

Ճապոնիայում որպես օրիգամիի նյութ գերիշխում է վասի (ճապ.՝ 和紙) անվանումով թղթի տեսակը։ Վասին սովորական թղթից ծանր է, պատրաստվում է փայտանյութից և օգտագործվում է ավանդական բազմաթիվ արվեստներում։ Վասին սովորաբար պատրաստում են Edgeworthia papyrifera կեղևի մանրաթելերից, բայց կարող է նաև արտադրվել եղեգնից, կանեփաթելից, բրնձից և ցորենից։

Օրիգամիի համար առավել հաճախ օգտագործվում են քառակուսաձև թղթեր, բայց թույլատրվում են նաև այլ ձևաչափեր։ Օրինակ՝ ուղղանկյուն (հաճախ А ֆորմատի), եռանկյուն, հնգանկյուն, վեցանկյուն և ութանկյուն, շրջանաձև թերթեր։

Մաթեմատիկան օրիգամիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգամիի պրակտիկան և ուսումնասիրությունն առնչվում է մաթեմատիկայի որոշ ոլորտներին։

Համակարգչային ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվել են օրիգամիի պատրաստմանն օգնող համակարգչային մի շարք ծրագրեր, որոնցից են՝ TreeMaker և Oripa[9]։ TreeMaker-ն օգնում է ստեղծել նոր օրիգամի հիմքեր հատուկ նպատակների համար[10], իսկ Oripa-ն փորձում է գտնել տվյալ օրիգամիի ծալելու ձևն ըստ նմուշների[11]։

Հեղինակային իրավունքը և էթիկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգամիի դիզայնի հեղինակային իրավունքը և մոդելների օգտագործումը օրիգամիի համայնքում դառնում է ավելի ու ավելի կարևոր խնդիր, քանի որ ինտերնետը հեշտացրել է ծովահեն նկարների վաճառքը և տարածումը[12]։ Լավ էթիկետ է համարվում օրիգամիի մոդելները ցուցադրելիս միշտ նշել հեղինակին և աղբյուրը։ Նշվում է, որ դիզայնի և մոդելների հեղինակային իրավունքը պատկանում է օրիգամիի հեղինակին, սակայն վիճելի է դրանց պաշտպանության աստիճանը և թե որքանով դա կարող է կիրառվել։ Համաձայն այս տեսակետի՝ անձը, ով պատրաստում է մոդելը՝ օգտագործելով օրինական ձևով ձեռք բերված դիզայնը, կարող է հրապարակայնորեն ցուցադրել մոդելը, եթե այդ իրավունքները հատուկ պաշտպանված չեն։ Մինչդեռ, օրինակ, գումարով կամ լուսանկարի կոմերցիոն օգտագործման համար կպահանջվի հեղինակի համաձայնությունը[13]։ Ստեղծվել է օրիգամիների հեղինակների և ստեղծողների խումբ, օրիգամիի նկարիչների հեղինակային իրավունքները, շահերը ներկայացնելու և մոդելների օգտագործման թույլտվության հարցումները հեշտացնելու համար։ Այնուամենայնիվ, ճապոնական դատարանը վճռեց, որ օրիգամիի մոդելը ծալելու մեթոդը «պարունակում է գաղափար, և ոչ թե ստեղծագործական արտահայտություն, և, հետևաբար, պաշտպանված չէ հեղինակային իրավունքի մասին օրենքով»[14]։ Բացի այդ, դատարանը հայտարարեց, որ «օրիգամիի ծալման մեթոդը հանրային սեփականությունն է և հանրավոր չէ չօգտագործել նույն ծալքերը կամ նույն սլաքները՝ ցույց տալու համար, թե որ ուղղությամբ պետք է ծալել թուղթը»։ Հետևաբար, օրինական է մեկ այլ հեղինակի մոդելի ծալքերը և հրահանգները վերագծել, նույնիսկ եթե վերագծված հրահանգները նմանություններ ունեն բնօրինակների հետ։ Վերագծված հրահանգները կարող են հրապարակվել (և նույնիսկ վաճառվել) առանց բնօրինակ հեղինակի թույլտվության։ Ճապոնիայի որոշումը կարող է համահունչ լինել ԱՄՆ Հեղինակային իրավունքի գրասենյակի հետ, որը պդում է, որ «հեղինակային իրավունքը չի պաշտպանում գաղափարները, հասկացությունները, համակարգերը կամ որևէ գործողության մեթոդները»[15]։

Ժողովրդական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Խաղաթղթե տնակ» սերիալի առաջին եթերաշրջանի վեցերորդ էպիզոդում Քլեր Անդերվուդն անտուն մարդուն տալիս է թղթադրամ, և վերջինս հետագայում վերադարձնում է թղթադրամը՝ ծալած թռչունի ձևով[16]։ Դրանից հետո Քլերն սկսում է պատրաստել օրիգամի կենդանիներ և յոթերորդ էպիզոդում մի քանիսը տալիս է Փիթեր Ռուսոյին, որպեսզի փոխանցի իր երեխաներին[17]։
  • «Սայրի վազորդ» (անգլ.՝ «Blade Runner») ֆիլմում Գաֆը պատրաստում է օրիգամի ֆիլմի ամբողջ ընթացքում, և միաեղջյուրի ձևով պատրաստված օրիգամին կարևոր դեր է կատարում սյուժեում[18]։
  • Յուն Հա Լիի փիլիսոփայական-գիտաֆանտաստիկ «Ghostweight» ստեղծագործությունը ծավալվում է օրիգամիի շուրջը։ Պատմվածքում օրիգամին ծառայում է որպես պատմության փոխաբերություն. Ճիշտ չէ, թե մեռյալին չի կարելի ծալել։ Քառակուսին դառնում է օդապարիկ, դառնում է կարապ, պատմությունը դառնում է լուր, դառնում է երգ։ Նույնիսկ հիշատակի ակտը աղավաղում է ճշմարտությունը»[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Román Díaz Origami Essence. — L'Atlier du Gresivaudan, 2010. — С. 160. — ISBN 2-84424-063-1
  2. Laing, Ellen Johnston (2004). Up In Flames. Stanford University Press. ISBN 978-0-8047-3455-4.
  3. Hatori Koshiro. «History of Origami». K's Origami. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  4. Joan Sallas. "Gefaltete Schönheit." 2010.
  5. Meher McArthur, Robert J. Lang Folding Paper, The Infinite Possibilities of Origami. — International Arts and Artists, 2011. — С. 96. — ISBN 978-0-9662859-6-3
  6. "History of Origami in the East and West before Interfusion", by Koshiro Hatori. From Origami^5, ed. Patsy Wang Iverson et al. CRC Press 2011.
  7. Margalit Fox (2005 թ․ ապրիլի 2). «Akira Yoshizawa, 94, Modern Origami Master». New York Times.
  8. Lang, Robert J. "Origami Design Secrets" Dover Publications, 2003.
  9. Patsy Wang-Iverson; Robert James Lang; Mark Yim, eds. (2010). Origami 5: Fifth International Meeting of Origami Science, Mathematics, and Education. CRC Press. էջեր 335–370. ISBN 978-1-56881-714-9.
  10. Lang, Robert. «TreeMaker». Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  11. Mitani, Jun. «ORIPA: Origami Pattern Editor». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  12. Robinson, Nick (2008). Origami Kit for Dummies. Wiley. էջեր 36–38. ISBN 978-0-470-75857-1.
  13. «Origami Copyright Analysis+FAQ» (PDF). OrigamiUSA. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  14. «Japanese Origami Artist Loses Copyright Battle With Japanese Television Station». Keissen Associates. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. «What Does Copyright Protect?». Copyright.gov. United States Copyright Office. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. «House of Cards: Chapter 6». AV Club. Արխիվացված է օրիգինալից 2019-04-25-ին. Վերցված է 2018-11-26-ին.
  17. «House of Cards: Chapter 7». AV Club. Արխիվացված է օրիգինալից 2019-04-25-ին. Վերցված է 2018-11-26-ին.
  18. Greenwald, Ted. «Q&A: Ridley Scott Has Finally Created the Blade Runner He Always Imagined». Wired. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  19. Molly Brown, "King Arthur and the Knights of the Postmodern Fable"; in: The Middle Ages in Popular Culture: Medievalism and Genre – Student Edition, 2015, p. 163

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Meher McArthur, Robert J. Lang Folding Paper, The Infinite Possibilities of Origami. — International Arts and Artists, 2011. — С. 96. — ISBN 978-0-9662859-6-3
  • Román Díaz Origami Essence. — L'Atlier du Gresivaudan, 2010. — С. 160. — ISBN 2-84424-063-1
  • Афонькин С. Ю., Афонькина Е. Ю. Энциклопедия оригами. — СПб.: ООО Издательский дом "Кристалл", 2000. — 272 с. — 20 000 экз. — ISBN 5-306-00002-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրիգամի» հոդվածին։