Օքսֆորդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օքսֆորդ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Օքսֆորդ | |||
անգլ.՝ Oxford | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Ենթարկում | Մեծ Բրիտանիա | ||
Համայնք | Օքսֆորդ | ||
Հիմնադրված է | 10-րդ դար թ. | ||
Մակերես | 45,59 կմ² | ||
Բնակչություն | ▲147 500 մարդ (2013)[1] | ||
Ագլոմերացիա | 1 171 390[2] մարդ | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 01865 | ||
Փոստային դասիչ | OX1, OX2, OX3, OX4, OX33, OX44 և OX postcode area | ||
Պաշտոնական կայք | oxford.gov.uk | ||
| |||
Օքսֆորդ (անգլ.՝ Oxford), քաղաք Մեծ Բրիտանիայում, Օքսֆորդշիր կոմսության մայրաքաղաքն է՝ Անգլիայի հյուսիսում։ Հայտնի է անգլալեզու երկրների ամենահին և Եվրոպայի ամենահին բուհերից մեկի՝ Օքսֆորդի համալսարանով։ Բոլոր մեկնաբանները փաստում են, որ այս համալսարանը լավագույնն է Անգլիայում և տարածաշրջանում, բացի այդ, այս համալսարանը տվել է մոտ 50 Նոբելյան մրցանակակիրներ։
Օքսֆորդը գտնվում է Թեմզա գետի ափին։ Հատկանշական է, որ քաղաքի մոտով հոսող գետի մի հատվածը՝ 10 մղոն երկարությամբ, ընդունված է անվանել The Ises։ 2008 թվականին բնակչությունը կազմում էր 153900 մարդ, որից մոտ 30000-ը համալսարանի ուսանողներն էին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքսֆորդն առաջին անգամ գրավոր կերպով նշվել է անգլոսաքսոնական տարեգրությունում՝ 912 թվականին։ Այն ժամանակ քաղաքի տեղում գտնվում էր «St Frideswide’s nunnery» մենաստանը։
1117 թվականին հիմնադրվեց Մեծ Բրիտանիայի առաջին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանը, որն ուներ հոգևորականներին ավելի հիմնավոր կրթություն տալու նպատակ։ Միայն Հենրիխ 2-րդի ժամանակ Օքսֆորդը դարձավ իսկական համալսարանական քաղաք։ 1355 թվականին՝ սուրբ Սխոլաստիկի տոնին քաղաքում տեղի ունեցան անկարգություններ, որոնց արդյունքում զոհվեց 63 ուսանող, ինչի համար քաղաքը հետագա 470 տարիների ընթացքում համալսարանին խորհրդանշական տուգանք էր վճարում։
Փոխադրամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքսֆորդը գտնվում է Լոնդոնից 90 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Բիրմինգհեմ 110 կմ դեպի հարավ-արևելք։ Լոնդոնն ու Բիրմինգհեմն իրար կապող M40 մայրուղին անցնում է Օքսֆորդից 10 կմ հեռավորության վրա։ Քաղաքով են անցնում նաև Անգլիայի և Ուելսի խոշորագույն քաղաքներն Օքսֆորդին կապող A34, A40 և A420 մայրուղիները։
1967 թվականին փակվեց Օքսֆորդը մեկ այլ շատ հին համալսարանին՝ Քեմբրիջին կապող Varsity Line-ը։ Այժմ գործում է միայն մի փոքր ճյուղ, որն Օքսֆորդից տանում է դեպի Բիստեր։ 2006 թվականին սկսվեցին Քեմբրիջի հետ երկաթուղային կապի վերականգնողական աշխատանքները։
Օքսֆորդյան արվարձան Կաուլին հայտնի է իր ավտոմոբիլային գործարանով, որը տարբեր ժամանակներում տարբեր մակնիշի ավտոմեքենաներ է արտադրել։ Առաջին ավտոմեքենան ստեղծվել է Վիլիամ Մորրիսոնի կողմից՝ սեփական ավտոտնակում (նա սկսել էր իր գործունեությունը հեծանիվների վերանորոգման կետում)։ Նույն այդ տասնամյակում նրա կողմից ստեղծված «Մորրիս Մոտոր Քոմփանի» ընկերությունը հիմնեց Մեծ Բրիտանիայի առաջին ավտոմեքենաներրի արտադրությունը։ 20-րդ դարի 80-ական թվականներին կազմակերպությունն անկում ապրեց, սակայն 21-րդ դարի սկզբին նրա հզորության հիմքերի վրա հաջողությամբ դրվեց «BMW Mini» ավտոմեքենայի արտադրությունը։
Օքսֆորդի տեսարժան վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքսֆորդի կենտրոնում տեղակայված Կարֆակսի աշտարակից և Սուրբ Մարիա եկեղեցու զանգակատնից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարանը։
Կրայստ Չերչը կառուցվել է 1546 թվականին՝ Հենրիխ 8-րդի կարգադրությամբ։ Այն Օքսֆորդի ամենամեծ քոլեջն է։ Քոլեջի հիմնադրման պահից նրա զանգերը հնչում են ամեն երեկո 101 անգամ (որպես առաքյալների թվի խորհրդանիշ)։ Նախկինում դրանք ազդարարում էին դարպասների փակումը և հոգևորականներին հորդորում վերադառնալ քոլեջ։ Քոլեջի մատուռը Օքսֆորդի տաճարն է՝ ամենափոքրն Անգլիայում։
Մագդալեն քոլեջը հիմնադրվել է 1458 թվականին՝ Վինչեստեր քոլեջի դասախոսներից մեկի կողմից։ Մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 6-ին, հոյակապ գոթական աշտարակի մոտ է հավաքվում քոլեջի երգչախումբը, որպեսզի երգի 17-րդ դարի հաղորդությունների ժամանակ կատարվող հիմնը։
Համալսարանական քոլեջը հիմնադրվել է 1849 թվականին։ 17-րդ դարի շենքը կառուցվել է՝ ռենեսանսի կամ ուշ գոթական ոճով։
Բոդլեյան գրադարանը հիմնադրվել է 1598 թվականին։ Այն Օքսֆորդի ամենամեծ գրադարանն է և պարունակում է 6 միլիոն գիրք։
Աշմոլի թանգարանը հիմնադրվել է 1683 թվականին։ Այն Անգլիայի առաջին թանգարանն էր, որը բաց էր այցելուների համար։ Այստեղ կարելի է տեսնել Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Միքելանջելոյի, Ռեմբրանդի, Կոնստեբլի ստեղծագործությունները։ «Cast Gallery»-ում կարելի է տեսնել հունական 250 արձաններ։
Օքսֆորդի պատմության թանգարանում 800-ամյա քաղաքի պատմությունն արտահայտված է մոմե պատկերներով։
Քաղաքի բուսաբանական այգին հիմնադրվել է 1621 թվականին։ Այստեղ ուսումնասիրվում էին դեղաբույսերը, ինչպես նաև գիտական նշանակություն ունեցող բույսերը։ Վարդերի այգին նվիրված է պենիցիլինը հայտնաբերողներին։
Ոչ պակաս հետաքրքրաշարժ վայր է փակ շուկան։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում՝ բաց երկնքի տակ։ Սանիտարահիգիենիկ նկատառումներից ելնելով՝ շուկան պետք է ոչնչացված լիներ, սակայն կառավարությունը որոշեց, որ ավելի նպատակահարմար կլինի տեղափոխել այդ կառույցը, ինչն էլ տեղի ունեցավ 1774 թվականին։
Օքսֆորդի այլ հայտնի թանգարանների շարքում են Օքսֆորդի պատմության թանգարանը, Բեյթի երաժշտական գործիքների թանգարանը, Օքսֆորդի համալսարանական թանգարանը։
Օքսֆորդում կարելի է գտնել աշխարհի ամենահայտնի փաբերը։ Դրանց շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում 1650 թվականին բացված «The Eagle and Child» փաբը, որը հայտնի է նրանով, որ այստեղ էր հավաքվում «Ինկլինգներ» գրական ակումբը (Դրա անդամներից էին Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, Քլայվ Սթեյփլս Լյուիսը)։ Բացի այդ, պետք է նշել «Lamb and Flag» և «Turf Tavern» փաբերը՝ հայտնի նրանով, որ այստեղ շատ է սիրել հաճախել Բիլ Քլինթոնը` Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին։
-
«The Eagle and Child» փաբը
-
«Lamb and Flag» փաբը
-
«Turf Tavern» փաբը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2004 Population Estimates
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսֆորդ» հոդվածին։ |
|