Jump to content

Հայկական (Մակեդոնական) հարստություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակեդոնական (Հայկական) հարստություն, բյուզանդական կայսերական հարստություն, նստել է Բյուզանդական գահին 867-1056 թթ.

Բարսեղ Ա Մակեդոնացին, նրա որդի Կոստանդիանոսը և երկրորդ կինը՝ Եվդոկիա Ինգերինան

Հարստության անունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր անունը Մակեդոնական (Հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր՝ Բարսեղ Ա-ի (Վասիլ I) ծննդավայր Մակեդոնիա բյուզանդական վարչական թեմի անունից։

Ռուսական (խորհրդային) պատմական դպրոցի ներկայացուցիչների երկերում 867-1056 թթ բյուզանդական կայսրերի նկատմամբ օգտագործվում է Մակեդոնական հարստություն եզրույթը։ Օտարազգի պատմաբանների մեծամասնությունը ևս օգտագործում են «Մակեդոնական հարստություն» անվանումը (անգլերեն՝ Macedonian dynasty)։ Սակայն ոչ ռուսալեզու և այդ թվում՝ հայ պատմագրության մեջ կիրառվում է այլընտրանքային՝ «Հայկական հարստություն» անվանումը։ «Հայկական հարստություն» (անգլերեն՝ Armenian dynasty) եզրույթի կիրառման կողմնակիցները գտնում են, որ այն ավելի ճշգրիտ է, քան «Մակեդոնական հարստություն» եզրույթը, քանի որ տվյալ հարստության օրոք մի շարք բյուզանդական կայսրեր, ռազմական ընտրանիի և չինովնիկության բազմաթիվ ներկայացուցիչներ հայկական ծագում ունեին։

Հարստության ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Բարսեղ Ա նախնիների մասին առավել մանրամասն պատմությունը պարունակում է այսպես կոչված «Թեոփանեսի շարունակող»-ի տարեգրությունը։ Բարսեղ Ա մասին պատմող գլխի հեղինակ Կոստանդիանոս Է Ծիրանածինը, որը նրա թոռն էր, գրում է, որ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից։

Հարստության սկզբնավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից։ 867 թ կազմակերպում է կայսրի սպանությունը և միանձնա զբաղեցնելով գահը, հիմնադրում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը։

Մակեդոնական Վերածնունդ (867—1057)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնական (Հայկական) հարստության օրոք Բյուզանդական կայսրությունը քաղաքական և մշակութային վերելք է ապրում։ Բարսեղ Ա հետնորդների մեջ հանդես են գալիս բավականին կիրթ գործիչներ, որոնք բարեհամբույր էին տրամադրված անտիկ մշակույթի հանդեպ։ Այսպես, Կոստանդիանոս Է Ծիրանածինը (գահակալության տարիները՝ 913-959) գրքերի մոլի սիրահար էր, գրական տաղանդով օժտված անձնավորություն, ստեղծել է մի շարք բժշկական, պատմական և գյուղատնտեսական երկասիրություններ, իսկ Լևոն Զ՝ աստվածաբան ու պոետ էր։

Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զարմացնում էր իր հեքիաթային շքեղությամբ և պերճանքով։ Նրա տաճարների և աշխարհիկ կառույցների վայելչությունն ու փայլը հմայիչ տպավորություն էր թողնում մեծ քաղաքի հյուրերի վրա։ Զարգանում էր ոսկերչությունը, կիրառական արվեստը։ Աճում էր եկեղեցիների և վանքերի թիվը։

Հարստության վերջին ներկայացուցիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական հարստության տիրակալների ժամանակաշրջանում իր առավելագույն հզորությանը Բյուզանդիան հասավ Բարսեղ Բ օրոք (958 - 1025)։ Հարստության վերջին ներկայացուցիչը կայսրուհի Թեոդորան էր (հունարեն՝ Θεοδώρα) (984 - 1056, գահակալել է 1055 հունվարի 11-ից առ 1056 թ օգոստոսի 31-ը)։

Քաղաքականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինաստիայի կայսրերի զգալի մասը խոչնդոտել է խոշոր հողատիրության զարգացումը, վարել մանր գյուղացիական հողատիրությունը պահպանելու քաղաքականություն (գյուղացիությանը հարկատու և բանակը համալրող հիմնական տարրն էր)։ Բյուզանդական բանակը արաբներից վերագրավել է զգալի տարածքները, կայսրությանն է ենթարկել Բուլղարիան։ Բանակում վճռական դեր է խաղացել հայ իշխանների զորքը, աչքի են ընկել հայազգի զորավարներ Մելիասը (Մլեհ Մեծ), Հովհաննես և Թեոփիլոս Կուրկուասները և ուրիշներ։ Դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում Բյուզանդիան, Հուստինիանոս I-ից հետո, վերստին հասավ իր հզորության գագաթնակետին։ Հայաստանը դիտելով իբրև արաբներին հակազդող ուժ, սկզբնական ժամանակաշրջանում վարել են հայերի հետ դաշնակցելու քաղաքականություն (893-թվականին կնքվել է առևտրական պայմանագիր, 973 կամ 974-թվականին՝ հաշտություն և այլն)։ Հետագայում՝ մասնավորապես Վասիլ II-ի և Կոստանդին IX Մոնոմախոսի ժամանակ, երբ խալիֆայությունը թուլացել էր, և Հայաստանի նշանակությունը ընկել, աստիճանաբար զավթել են Բագրատունյաց Հայաստանի հողերը, իսկ 1045-թվականին վերացրել թագավորությունը։

Մակեդոնական (Հայկական) հարստության կայսրերի ցանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վասիլ Ա Մակեդոնացի (հունարեն՝ Βασίλειος Α΄ο Μακεδών, շուրջ 811 - 886, օգոստոսի 29)
  • Լևոն Զ Իմաստասեր կամ Փիլիսոփա (հունարեն՝ Λέων ΣΤ' ο Σοφός, Leōn VI, 866, սեպտեմբերի 19 - 912, մայիսի 11)
  • Ալեքսանդր (греч. Αλέξανδρος) (շուրջ 870 - 6 հունիս 913) - Կայսր՝ 912 մայիսի 11-ից
  • Կոստանդիանոս Է Ծիրանածին (հունարեն՝ Κωνσταντίνος Ζ' ο Πορφυρογέννητος, 17/18 մայիս 905 - 9 նոյեմբերի 959) - անվանապես գահակալել է 913 թվականից, իրապես՝ 945 թվականից
  • Ռոմանոս Ա Լեկապենոս (հունարեն՝ Ρωμανός Α΄ Λακαπήνος, շուրջ 870 - 15 հունիսի 948) - Կայսր 920 առ 944
  • Ռոմանոս Բ Կրտսեր (հունարեն՝ Ρωμανός Β΄, 938 - 963) - Կայսր 9 նոյեմբեր 959 առ 963
  • Նիկեփորոս Բ Փոկաս (հունարեն՝ Νικηφόρος Β΄ Φωκάς, շուրջ 912 - 969) - զորավար, այնուհետև կայսր 963 առ 969
  • Հովհաննես Ա Չմշկիկ (տոհմային անունը՝ Կուրկուաս, հունարեն՝ Ιωάννης «Τσιμισκής» Κουρκούας, շուրջ 925 - 10 հունվարի 976) - Կայսր 969 առ 976
  • Բարսեղ Բ Բուլղարասպան (հունարեն՝ Βασίλειος B' Βουλγαροκτόνος, 958 կամ 956 - 1025) - Կայսր 976 թ հունվարից
  • Կոստանդիանոս Ը (հունարեն՝ Κωνσταντίνος Η΄, 960 - 15 նոյեմբերի 1028) - Կայսր (որպես գահակից՝ մանկության տարիներից), իրապես՝ 1025 - 1028
  • Զոյե (հունարեն՝ Ζωή) (շուրջ 978 - 1050) - գահակից 1028 նոյեմբերի 15-ից առ 1050, կայսրուհի 1042 թ ապրիլի 19-ից առ հուլիսի 11-ը
  • Ռոմանոս Գ Արգիր (հունարեն՝ Ρωμανός Γ΄ Αργυρός, 968 - 11 ապրիլի 1034) - Կայսր 1028-1034
  • Միքայել Դ Պաֆլագոնացի (հունարեն՝ Μιχαήλ Δ΄ Παφλαγών, 1010 - 10 դեկտեմբեր 1041)
  • Միքայել V Կալաֆաթոս (հունարեն՝ Μιχαήλ Ε΄ Καλαφάτης, 1015 - 24 օգոստոսի 1042) - գահակալել է չորս ամիս 1042 թ
  • Թեոդորա (հունարեն՝ Θεοδώρα, 984 - 31 օգոստոսի, 1056) - գահակից (1028 - 1030), կայսրուհի 11 հունվարի 1055 առ 31 օգոստոսի 1056
  • Կոստանդիանոս Թ Մոնոմախ (հունարեն՝ Κωνσταντίνος Θ΄ Μονομάχος, շուրջ 1000 - 11 հունվարի 1055) - Կայսր 11 հունիս 1042 առ 11 հունվար 1055
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 172