Քաղաքում կա երկաթբետոնե իրերի գործարան, կարի ֆաբրիկա, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։1930-1932թվականներին Ստարի Կրիմում է ապրել և մահացել գրող Ա․ Մ․ Գրինը, ուր և բացվել է Գրինի տուն-թանգարանը։ Ստարի Կրիմը գոյություն է ունեցել դեռևս մինչև մոնղոլ-թաթարների կողմից Ղրիմի գրավումը (13 դարում), մինչև 14 դարը կոչվել է Սուրխաթ, Սոլխատ, իսկ մինչև Ղրիմը Ռուսաստանին միանալը (1783) էսկի Ղրիմ։ 13 դարը Ոսկե ՀորդայիՂրիմի ուլուսի կենտրոնն էր։ Ստարի Կրիմում՝ Սուրխաթում, որը ղրիմահայության բնակատեղիներից էր, հայերը զանգվածաբար սկսել են հաստատվել 14 դարի սկզբից, թեև կարծիքներ կան, որ Գալիցիայի իշխան Ֆեոդոր Դմիտրիևիչի 1062 թվականի հրովարտակը վերաբերվել է սոլխատցիներին՝ այսինքն հայերին։ «Սուրխաթ» բառը քաղաքին մերձակա լեռան և Սուրբ Խաչ վանքի հայերեն անվանման՝ ջենովացիների կողմից աղավաղված ձևն է։ Արդեն 14 դարուին քաղաքում հայերը ունեին մի քանի եկեղեցի, ձեռագրերում պահպանվել են իննի անունները՝ Մ․ Աստվածածին, Ս․ Լուսավորիչ, Ս․ Սիմեոն, Սուրբ Խաչ, Ս․ Գևորգ, Ս․ Հարություն, Ս․ Ստեփանոս, Ս․ Օգսենտ, Ս․ Սարգիս և Հայր Հովհաննեսի մենաստանը։ Քաղաքից 2,5 կմ հեռավորության վրա էր գտնվում ղրիմահայերի հոգևոր և մշակութային կենտրոն Սուրբ Խաչ վանքը։ Գրիչների վկայությամբ «հոյակապ» և «հռչակավոր» այս քաղաքում 14 դարում կար մի առանձին հայկ․ թաղամաս, որը կոչվում էր Վերին հողետներ՝ շենքերի հողածածկ լինելու պատճառով։ Քաղաքում և նրա շրջակայքում մեծ թիվ էին կազմում հայ երկրագործական համայնքները։ 15դարի կեսին Սուրխաթի հայ բնակչությունն աճել է Կաֆայից եկած հայերի հաշվին, որտեղ ջենովական իշխանությունները գործադրում էին ծանր հարկադրում, կրոն, հետապնդումներ և այլն։ Սինչև 15 դարի սկիզբը Ստարի Կրիմը քարավանային առևտրի հիմնական հանգույցն էր Ղրիմում, իսկ առևտրի մեծ բաժինը պատկանում էր հայերին։ Կաֆայի հայ և այլազգի վաճառականները այստեղ էին բերում Ռուսաստանի մորթեղենը, և արյլազգի մետաքս ու համեմունքներ։ Խանության մայրաքաղաքը Բախչիսարայ տեղափոխվելուց (1428) հետո Ստարի Կրիմը անկում է ապրել և 16 դարի սկզբին որպես վաճառաշահ քաղաք բոլորովին աղքատացել է։ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո, 1799 թվականի հոկտեմբերի 28-ի հրովարտակով Ստարի Կրիմը 12 դեսյատին հողով տրվել է Ղրիմում նորահաստատ հայերին։ Հրովարտակի համաձայն 1808 թվականից քաղաքում սկսել է գործել հայկական ռատուշա, որը տիպիկ բուրժ․ ինքնավարական մարմին էր և մինչև 1870 թվականը վարում էր քաղաքի հայերի (1500 մարդ) դատական, վարչական և տնտեսական գործերը։ Մինչև 19 դարի վերջը Ստարի Կրիմը գրեթե հայկական քաղաք էր 2000 բնակչությամբ, որի հիմնական զբաղմունքները արհեստագործությունն էր, այգեգործությունը, անասնապահությունը, կային նաև մոմի, կաշվի, կղմինդրի ձեռնարկություններ։ 19–րդ դարի 70-ական թվականներին Ստարի Կրիմի հայերին տված արտոնությունների վերացումը և Սիմֆերոպոլի տնտեսական բարձրացումը բացասաբար են անդրադարձել հայերի թվաքանակի վրա։ Հայության գերակշիռ մասը դարեվերջին հեռացել է Ստարի Կրիմից և հաստատվել թերակղզու՝ առևտրա-արհեստավորական գործունեության համար առավել նպաստավոր վայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։