Jump to content

Սուդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուդան (այլ կիրառումներ)
جمهورية السودان
Ջոմհուրիյատ աս-Սուդան
Սուդանի Հանրապետություն
Սուդանի դրոշ
Դրոշ
Սուդանի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Ալ-Նասր Լանա"  (Արաբերեն)
"Հաղթանակը մերն է"
Ազգային օրհներգ՝ نحن جند للہ جند الوطن  (Արաբերեն)
Մեն ենք Աստծու և մեր հողերին բանակը
Սուդանի դիրքը
Սուդանի դիրքը
ՄայրաքաղաքԽարթում
886, 068) 15°31′N, 32°35′E
Ամենամեծ քաղաք Օմդուրման
Պետական լեզուներ արաբերեն և անգլերեն
Կառավարում Government of National Unity (GONU)
 -  Նախագահ Օմար Հասան ալ-Բաշիր
 -  Առաջին Փոխնախագահ Սալվա Կլիիր
 -  Երկրորդ Փոխնախագահ Ալի Օսման Տահա
Անկախություն
 -  Եգիպտոսից և Միավորված Թագավորությունից հունվարի 1 1956 
Տարածք
 -  Ընդհանուր 1, 886, 068 կմ²  (15-րդ)
 -  Ջրային (%) 6
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 34, 992, 490  (33-րդ)
 -  1993 մարդահամարը 24, 940, 683 
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $84.755 բիլիոն (62-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $2, 522  (134-րդ)
ՄՆԶԻ (2004) 0.516  (141-րդ միջին)
Արժույթ Սուդանական պաունդ (SDG)
Ժամային գոտի (ՀԿԺ+3)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .sd
Հեռախոսային կոդ +249

Սուդան (արաբ․՝ السودان‎‎ as-Sūdān), Հյուսիսային Սուդան կամ պաշտոնապես` Սուդանի Դեմոկրատական Հանրապետություն (արաբ․՝ جمهورية السودان‎‎, տառադարձում` Ջումհուրիյաթ աս-Սուդան ադ Դիմոկրատիյա)` Հարավային Սուդանի անկախության հանրաքվեից հետո[1][2]։ Անվանումը՝ Սուդան - սևերի երկիր (սուդ արաբերեն նշանակում է սև), պետություն Աֆրիկայի հյուսիս-արևելքում։ Սահմանակից է Եգիպտոսին, Լիբիային, Չադին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, Զաիրին, Ուգանդային, Քենիային, Եթովպիային։ Տարածությունը՝ 1808, 8 հազար կմ2 բնակչությունը՝ 34, 6 միլիոն (2013)։ Վարչականորեն բաժանված է 18 նահանգի։ Մայրաքաղաքը՝ Խարթում (1, 8 միլիոն բնակչությամբ, 1983, Օմդուրմանի հետ)։

Պետական կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օմար ալ-Բաշիր Սուդանի նախագահը

Սուդանը նախագահական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1973 թվականից։ Պետության գլուխը նախագահն է․ նա նշանակում է փոխնախագահ, կառավարության անդամներին, նաև վարչապետն է և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը ժողովրդական ժողովն է (միապալատ պառլամենտ1972 թվականից Հարավային Սուդանը բաժանված էր 6 ինքնավար շրջանների, որտեղ ստեղծված են իշխանության մարմիններ։ Հարավային Սուդանի օրենսդիր մարմինը Հարավային Սուդանի ժողովրդական ժողովն է, կառավարությունը՝ Բարձրագույն գործադիր խորհուրդը։ 1985 թվականի ապրիլի 6-ին զինվորական հեղաշրջումից հետո սահմանադրությունը չեղյալ է հայտարարվել։

Ջեբել Բարկալ լեռը Նուբիայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Տարածքի մեծ մասը 300-1000 մ բարձրությամբ սարավանդ է։ Հյուսիսում Լիբիական և Նուբիական անապատներն են, արևմուտքում՝ Դարֆուր և Կորդոֆան սարավանդները։ Արևելքում Եթովպական բարձրավանդակի, հարավում՝ Կենտրոնաաֆրիկյան բարձրության (Կինիետի լեռ, 3187 մ, Սուդանի ամենաբարձր կետը) ճյուղավորումներն են, հյուսիս-արևելքում՝ Կարմիրծովյան լեռները։ Սուդանի տարածությունը գրավում է Աֆրիկական պլատֆորմի հյուսիսարևելյան մասը, որի հիմքը դուրս է գալիս երկրի մակերևույթ հարավ-արևմուտքում որպես Կենտրոնաաֆրիկյան զանգված, հյուսիս-արևելքում՝ Արաբա-Նուբիական վահան։ Արևելքում Նեղոսի սինեկլիզն է, հյուսիս-արևելքում՝ Կարմիր ծովի ճկվածքը։ Սպիտակ Նեղոսի վրա կան պղնձի, ոսկու, քրոմիտի, երկաթի, մարմարի, մանգանի և գիպսի հանքավայրեր։ Կլիման հյուսիսումում արևադարձային անապատային է (միջին ամսական ջերմաստիճանները 30-35 °C-ից 15-20°С են, տարեկան տեղումները՝ 200 մմ-ից պակաս), հարավում՝ հասարակածային մուսսոնային (միջին ամսական ջերմաստիճանները 23—30°С, տարեկան տեղումները՝ 500—1400 մմ)։ Հաճախակի են փոշե փոթորիկները (խաբուբ)։ Հիմնական գետը Նեղոսն է։ Կան սեզոնային գետեր։ Հարավում կարմիր ֆեռալիթային հողերի վրա տարածված են սավաննաները (բաոբաբներով ու ակացիաներով), ավելի հյուսիս, կարմրագորշ հողերի վրա՝ բարձր հացազգի խոտաբույսեր և լայնասաղարթ խոշոր ծառեր՝ բաոբաբներ, ակացիաներ, արմավենիներ։ Նրանք կազմում են սուդանական կամ տիպիկ սավաննաները։ Սուդանական սավաննան երկրագնդի ամենահարուստ և բազմազան կենդանական աշխարհ ունեցող շրջանն է[3]։ Կենդանիներից կան փիղ, ընձուղտ, առյուծ, գետաձի, կոկորդիլոս։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի բնակիչների ավելի քան կեսը արաբներ են, բնակվում են նաև նուբիացիներ, բեջաներ և այլք։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, կիրարկվում են իսլամական (հիջրա) և գրիգորյան տոմարները։ Հավատացյալների 70%ը մուսուլմաններ են, 25%-ը հետևում են տեղական հավատալիքների, կան քրիստոնյաներ։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2ու վրա 7 մարդ է, իսկ Սպիտակ և Կապույտ Նեղոսների միջագետքի հյուսիսում՝ մինչև 100 մարդ։ Քաղաքային բնակչությունը մոտ 15% է։ Խոշոր քաղաքներն են Խարթումը, Օմդուրմանը, Պորտ Սուդանը։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Դոնգոլայի ավերակները
Նուբիական բուրգերը Մերոեում

Հնագիտական տվյալները վկայում են, որ Սուդանի տարածքում մարդկային հասարակություն գոյություն է ունեցել դեռևս քարի դարում։ Մ.թ.ա. 7-րդ դարում Նեղոսի 3-րդ և 4-րդ սահանքների միջև առաջացել է պետություն՝ Նապատա կենտրոնով։ Մ․ թ․ ա․ 6-րդ դարում այդ պետության մայրաքաղաքը տեղափոխվել է Մերոե։ Սուդանի պատմության մ․ թ․ ա․ 8-մ․ թ․ ա. 3-րդ դարերում ընկած ժամանակահատվածը կոչվում է Նապատա-Մերոեի ժամանակաշրջան։ Մերոեի թագավորությունն ընդգրկել է Նեղոսի 1-ին սահանքից մինչև Կապույտ և Սպիտակ Նեղոսների միացման վայրն ընկած տարածքը։ Մ․ թ․ ա․ 3-մ․ թ․ 1-ին դարերում ձևավորվել է ինքնատիպ քաղաքակրթություն, որը բարերար ազդեցություն է գործել հարևան ժողովուրդների վրա։ Ստեղծվել է առաջին այբուբենը Աֆրիկայում, զարգացել են շինարարական արվեստը, գյուղատնտեսությունը, գիտությունը (աստղագիտություն, մաթեմատիկա, բժշկություն, աշխարհագրություն և այլն)։ Մ․ թ․ ա. 4-րդ դարում Ակսումի (պետություն Հյուսիսային Եթովպիայում) թագավոր Էզանան նվաճել է Մերոեի պետությունը։ 6-րդ դարում Սուդանի տարածքում տարածվել է քրիստոնեությունը, 7-րդ դարում ձևավորվել են մի շարք քրիստոնեական պետություններ։ 7-րդ դարի 40-ական թվականներին սկսվել է արաբների ներթափանցումը Սուդան, մասնավորապես՝ հյուսիսային և արևելյան շրջաններ։ Տարածվել է իսլամը և արաբական քաղաքակրթությունը, ձևավորվել են ֆեոդալական հարաբերությունները։ Սուդանի հարավում, գլխավորապես սևամորթների ցեղերով բնակեցված մասում, պահպանվել են տոհմատիրական կարգերը։ 13-րդ դարում Սուդանում զգալի չափով կախված էր մամլուքներից, երբեմն գտնվելով նրանց անմիջական իշխանության տակ։ 15-րդ դարի կեսից հարավից Սուդան են թափանցել սևամորթների ցեղեր, որոնք խառնվել են արաբներին, ընդունել նրանց լեզուն և կրոնը, հիմնել (14-րդ դարի վերջին-16-րդ դարի սկզբին) պետություններ (Սեննարի կամ Ֆունգերի և Դարֆուրի սուլթանությունները)։ 16-րդ դարի սկզբին Սուդանի որոշ տարածքներ (Սուակին, կարմիրծովյան նավահանգիստներ ևն) կցվել են Օսմանյան կայսրությանը։ 1820-1822 թվականներին Եգիպտոսի կառավարիչ Մուհամմեդ Ալիի զորքերը նվաճել են Սուդանը։ Սուդանը դարձել է Օսմանյան կայսրության բաղկացուցիչ մասը, թեև փաստական կառավարիչը Մուհամմեդ Ալին էր, որը Սուդանը բաժանել է նահանգների։ Այդ ժամանակ սկսվել է եվրոպացիների, հատկապես՝ անգլիացիների, ներթափանցումը Սուդան։ Անգլիացիների ճնշման տակ Եգիպտոսի կառավարիչը 1877 թվականին Սուդանի գեներալ-նահանգապետ է նշանակել անգլիացի Չ․ Գորդոնին, ինն այլ եվրոպացիներ նշանակվել են նահանգապետներ, հեռագրական ծառայության, նավագնացության և հարկահավաքման ծառայությունների պետեր։

Մուհամեդ Ահմեդ ալ-Մահդի Սուդանի կառավարիչ

Սուդանի բնակչությունը Մուհամմեդ Ահմեդի գլխավորությամբ 1881 թվականին ապստամբել է եգիպտական, թուրքական և անգլիական լծի դեմ։ 1885 թվականի հունվարին ապստամբները գրավել են Սուդանի վարչական կենտրոն Խարթումը, երկրից վտարել անգլիական և եգիպտական զորքերին, ստեղծել անկախ պետություն, որը գոյատևեց մինչև 1898 թվականը։ 1899 թվականի հունվարին և Եգիպտոսի միջև կնքված կոնվենցիայով Սուդանը հայտարարվեց Մեծ Բրիտանիայի և Եգիպտոսի համատեղ տիրապետություն (կոնդոմինիում)՝ «Անգլո-եգիպտական Սուդան» անվամբ։

Իսլամ Փաշա Եգիպտոսի և Սուդանի սուլթան

Իրականում Սուդանի միակ կառավարողը բրիտանական իմպերիալիզմն էր, որը երկիրը վերածեց ագրարահումքային կցորդի։ Սուդանի բնակչությունը բազմիցս ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղութարարների դեմ, հատկապես՝ 1918-1920 թվականներին։ Ձևավորվել են հայրենասիրական կազմակերպություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կազմավորվել են քաղաքական կուսակցություններ [«ալ-Ումմա» (1945), կոմունիստական (1946), ազգային յունիոնիստական (1952)], բանվորների արհմիութենական ֆեդերացիան (1950), գյուղացիական, երիտասարդական և այլ կազմակերպություններ։ 1956 թվականի հունվարի 1-ին Սուդանը հռչակվեց անկախ պետություն, դարձավ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի անդամ։ Սուդանում իշխանությունն անցավ բուրժուական կոմպրադորական և ֆեոդալական ցեղային ավագանու ներկայացուցիչների ձեռքը, որոնք չլուծեցին գաղութային տիրապետությունից մնացած բազմաթիվ քաղաքական և տնտեսական խնդիրներ։ 1958 թվականի նոյեմբերի 17-ին բանակի հրամանատարությունը կատարեց պետական հեղաշրջում։ Ստեղծվեց զինված ուժերի գլխավոր խորհուրդ՝ գեներալ-լեյտենանտ Իբրահիմ Աբբուդի գլխավորությամբ։ Երկրում հաստատվեց ռազմական դիկտատուրա, սրվեցին ազգային, կրոնական և սոցիալական հակասությունները։ 1964 թվականի հոկտեմբերի 29-ին Աբբուդի վարչակարգը տապալվեց։ Ստեղծվեց Սիացյալ ազգային ճակատի կառավարություն, որի կազմի մեջ մտան գորշող կուսակցությունները։ Նոր կառավարությունը մի շարք միջոցառումներ իրականացրեց երկրում դեմոկրատ, կարգ հաստատելու համար, իրենց գործունեությունը վերսկսեցին արհեստակցական և այլ կազմակերպություններ։ Սակայն «ալ-Ումմա», ազգային-յունիոնիստական կուսակցությունների և «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական կազմակերպության շուրջ խմբավորված աջ ուժերը 1965 թվականի դեկտեմբերին իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Սուդանում հաստատված նոր վարչակարգը տապալվեց 1969 թվականի մայիսի 25-ին՝ հեղափոխական հեղաշրջման հետևանքով, որ կատարեցին հայրենասեր զինվորականները։ Իշխանությունն անցավ հեղափոխական խորհրդին՝ գեներալ-մայոր Ջաֆար Նիմեյրիի գլխավորությամբ։ Երկիրը վերանվանվեց Սուդանի Դեմոկրատական Հանրապետություն (ՍԴՀ)։ Կազմվեց նոր կառավարություն հեղափոխական դեմոկրատներից և կոմունիստներից։ 1969-1972 թվականներին իրականացվեցին սոցիալ-քաղաքական և տնտեսական վերափոխումներ, որոշվեց հարավի նահանգներին տալ ինքնավարություն։ 1971 թվականի հուլիսի 19-22-ին ձախ տրամադրված սպաները փորձեցին պետական հեղաշրջում կատարել։ Նրանց հետ ունեցած կապերի մեջ մեղադրվեց կոմկուսը և ենթարկվեց խիստ հալածանքների, իսկ կուսակցության գլխավոր քարտուղար Ա․ Մահջուբը և այլ ղեկավարներ մահապատժի ենթարկվեցին։ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության մեջ ուժեղացան աջ միտումները։ Սուդանը սկսեց մերձենալ դիկտատուրական վարչակարգ ունեցող արաբական երկրներին, պաշտպանեց ԵԱՀ-ի նախագահ Անվար Սադաթի դավաճանական գիծը և Քեմփ Դևիդի համաձայնագիրը, սերտ կապեր հաստատեց արևմտյան տերությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ, որին իրավունք տվեց օգտագործելու իր տարածքը ռազմական նպատակներով։ 1985 թվականի ապրիլի 6-ին զինվորական հեղաշրջմամբ տապալվեց Նիմեյրիի կառավարությունը, ստեղծվեց անցումային զինվոր, խորհուրդ՝ Սիվար ադ-Դագաբի գլխավորությամբ։ Սուդանի և ԽՍՀՄ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1956 թվականի հունվարին։

Քաղաքական կուսակցություններ և արհմիություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուդանական սոցիալիստական միություն (ՍՍՄ), միակ լեգալ քաղաքական կազմակերպությունն է։ Կազմավորվել է 1972 թվականին, ունի ավելի քան 4 միլիոն անդամ։ Անլեգալ պայմաններում են գտնվում մի շարք քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ Սուդանի կոմունիստական կուսակցությունը։ ՍՍՄ-ի հսկողության տակ գործում են Սուդանի բանվորական արհմիությունների համընդհանուր ֆեդերացիան, ստեղծվել է 1950 թվականին, ունի ավելի քան 1 միլիոն անդամ, մտնում է ԱՀՖ-ի մեջ, Սուդանի ծառայողների արհմիությանների ֆեդերացիան, ունի ավելի քան 128 հազար անդամ (1983

Տնտեսա-աշխարհագրական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խարթում

Սուդանը տնտեսապես թույլ զարգացած ագրարային երկիր է։ Համաշխարհային շուկայում բարձրորակ բամբակի և արաբական խեժի հիմնական մատակարարներից է։ Ինքնագործ բնակչության մոտ 80%ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, որին բաժին է ընկնում համախառն հասարակական արդյունքի 40%ը։ Մշակվող հողատարածությունը կազմում է երկրի տարածքի 3%ը։ Մանր տնտեսությունները զուգակցվում են խոշոր ապրանքային տնտեսությունների հետ։ Ապրանքային գլխավոր կուլտուրան բամբակենին է, որի համախառն բերքով Ս․ Աֆրիկայում գրավում է 2-րդ տեղը՝ Եգիպտոսից հետո։ Մշակում են նաե քնջութ, գետնանուշ, կորեկ, սորգո և շաքարեղեգ։ Կորդոֆան սարավանդում հավաքում են արաբական խեժ։ Անասնապահությամբ զբաղվում է քոչվոր բնակչությունը (երկրի բնակչության մոտ 1/5-ը)։ 1980 թվականին երկրում կար մոտ 500 միլիոն անասուն (տավար, ոչխար, այծ, ուղտ)։ Զբաղվում են ձկնորսությամբ։ Արդյունաբերության մեջ զբաղված է ինքնագործ բնակչության ավելի քան 7%ը։ Արդյունաբերությունը վերամշակում է գյուղատնտեսական մթերքներ (յուղի, բանջարեղենի և մրգերի պահածոների, կաթնեղենի, շաքարի արտադրություն)։ Կան նաև բամբակազտիչ, տեքստիլ, կաշվիկոշիկի, փայտասղոցման, նավթավերամշակման, ցեմենտի արտադրության ձեռնարկություններ։ Արդյունահանում են ոսկի, քրոմի, երկաթի և մանգանի հանքանյութեր, աղ (ծովի ջրից)։ 1981 թվականին արտադրվել է 1, 18 միլիարդ կվ/ժ էլեկտրաէներգիա։ Արդյունաբերական կենտրոններն են Խարթումը, Պորտ Մուդանը, Հյուսիսային Խարթումը, Օմդուրմանը, Ատբարան։ Երկաթուղիների երկարությունը մոտ 4, 75 հազար կմ է (1982), ավտոճանապարհներինը՝ 21, 2 հազար կմ է(ավելի քան 3, 35 հազարը ասֆալտապատ), ներքին նավարկելի ուղիներինը՝ մոտ 6 հազար կմ։ Արտահանում է բամբակ (արտահանման արժեքի ավելի քան 42, 5%ը, 1981), արաբական խեժ, գետնանուշ, քնջութ, կաշի և այլն։ Ներմուծում է նավթամթերք, պարեն, արդադրակն ապրանքներ, մեքենաներ և սարքավորում։ Դրամական միավորը սուդանյան ֆունտն է։ 100 սուդանյան ֆունտը 33 ռուբլի 12 կոպեկ (1985

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուդանի ռազմաօդային ուժեր, Hongdu JL-8

Սուդանի զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ՌՕՈԻ-ից և ՌԾՈԻ-ից։ Ընդհանուր թիվը՝ 52, 1 հազար մարդ (1978)։ Գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է։ Ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության մինիստրը, անմիջականը՝ գլխավոր շտաբը։ Համալրումը կատարվում է զինապարտության օրենքի հիման վրա։ Ցամաքային զորքերն (50 հազար մարդ) ունեն 7 հետևակային, 2 զրահատանկային և 1 պարաշյուտային բրիգադ, 3 հրետանային, 3 զենիթահրետանային, 1 ինժեներական գունդ, 130 միջին, 30 թեթև տանկ, ավելի քան 350 զրահատրանսպորտյոր և զրահամեքենա են, ՌՕՈԻ (1500 մարդ)՝ 22 մարտական ինքնաթիռ, կալանիչ կործանիչների 1, կործանիչների 1, տրանսպորտային ինքնաթիռների 1, ուղղաթիռների 1 էսկադրիլիա, ՌԾՈԻ (600 մարդ)՝ 6 մեծ պահականավ, 9 պահականավակ և 3 դեսանտային նավ։ Կան նաև սահմանապահ ոստիկանություն և ազգային գվարդիա (ընդամենը մոտ 3, 5 հզ․ մարդ)։

Բժշկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1980-1984 թվականներին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 45, 3, մահացությունը՝ 16, 6, մանկական մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին՝ 117, 8։ Կյանքի միջին տևողությունը 45, 7 տարի է։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, որոնք մահացության հիմնական պատճառն են։ Տարածված են մալարիան, ստամոքս-աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունները, շիստոսոմատոզը, օնխոցերկոզը, մաշկային և ընդերային լեյշմանիոզը։ Նկատվում է սիրտ-անոթային համակարգի և ուռուցքային հիվանդությունների աճ։ 1981 թվականին գործում էր 160 հիվանդանոց՝ 17, 3 հազար մահճակալով (1000 բնակչին՝ 0, 9 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն էին կազմակերպում հիվանդանոցներին կից պոլիկլինիկաները, գյուղական վայրերում՝ 201 առողջապահության կենտրոն, 736 դիսպանսեր, վիրակապական 1901 կետ։ 1981 թվականին աշխատում էին 2, 2 հազար բժիշկ (8, 0 հազար բնակչին՝ 1 բժիշկ), 1, 6 հազար բժշկի օգնական, 207 ատամնաբույժ, 58 դեղագործ, 376 մանկաբարձ, 250 բուժքույր։ Բժիշկներ ու դեղագործներ են պատրաստում Խարթումի համալսարանի բժշկական ֆակուլտետը

Լուսավորություն և գիտական հիմնարկներըծ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանողուհի Խարթումից

Մինչև 1956 թվականը գրել-կարդալ գիտեր բնակչության միայն 5%ը։ Անկախություն ձեռք բերելուց հետո օրենք ընդունվեց ժողովրդական կրթության մասին (1956), ավելացվեցին հատկացումները լուսավորության զարգացման համար։ Երկրում կրթությունը պարտադիր չէ, դպրոց են ընդունվում 7—8 տարեկանները։ Տարրական դպրոցը (անվճար) 6-ամյա է, միասեռ, 6-ամյա միջնակարգը (վճարովի) ունի 2 փուլ (3+3)։ Պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնական հաստատությունները եռամյա կամ քառամյա են (տարրական կամ ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա)։ Տարրականում ուսուցումը տարվում է արաբ, (իսլամի հիմունքները՝ պարտադիր), միջնակարգ գում՝ անգլ․։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 6 արական և 3 իգական մանկավարժ, ուսումնարաններ (ոչ ւրիվ միջնակարգի հիմքի վրա), ոչ լրիվ միջնակարգի ուսուցիչներ՝ 1 արական և 1 իգական մանկավարժ, ուսումնարաններ (միջնակարգի հիմքի վրա), միջնակարգի ուսուցիչներ՝ Օմդուրմանի քառամյա ինստ-ը (հիմնվել է 1961 թվականին)։

Խարտունի համալսարան (հիմն. 1902)

Բուհերն են․ Խարթումի համալսարանը (հիմնվել է 1956 թվականին), Կահիրեի համալսարանի Խարթումի մասնաճյուղը (բացվել է 1955 թվականին), պոլիտեխնիկական ինստիտուտը (Խարթումում, 1950), Շամբատի գյուղատնտտեսական ինստիտուտը (1954)։ Բուհերում ուսուցումը վճարովի է։ Խոշոր գրադարաններն են․ Խարթումի համալսարանինը (հիմնվել է 1945 թվականին, 200 հազար գիրք) և Օմդուրմանի հանրայինը (1951, շուրջ 18 հազար գիրք)։ Կարևոր թանգարաններն են․ Սուդանի ազգայինը (1971), ազգագրականը (1956), Սուդանի բնապատմականը (1920), բոլորը՝ Խարթումում, Մերոեի թանգարան-արգելանոցը։ Գիտական աշխատանքները կոորդինացնում է հետազոտությունների ազգային խորհոլրդը (հիմնվել է 1970 թվականին), որին առընթեր է արևի էներգիայի հետազոտման ինստիտուտը։ Գիտական հիմնարկների մեծ մասը գտնվում է գյուղատնտեսության (ավելի քան 10 փորձակայան), արդյունաբերության և ընդերքի շահագործման (երկրբանական լաբորատորիա), տրանսպորտի և հաղորդակցության ուղիների (օդերևութաբանական բաժին՝ 4 կայանով), առողջապահության (Մուդանի բժշկական հետազոտական լաբորատորիա, 1935) և այլ մինիստրությունների համակարգում։ Գիտական աշխատանքներ են կատարվում Խարթումի համալսարանի ֆակուլտետներում (գյուղատնտեսական, ինժեներական, բնական գիտությունների, բժշկական, դեղագործական, հիդրոկենսբանական և այլն) և Աֆրիկայի ու Ասիայի ինստիտուտում։ Գործում են նաև արտասահմանյան (հիմնականում անգլերեն) ԳՀԻ-ներ։ XI․

Մամուլ, ռադիո, հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբ, հրատարակվում են «Ալ-Այամ» (1954 թվականից), «Աս-Մահաֆա» (1962 թվականից) օրաթերթերը, «Ալ-Քուվաթ ալ-Մուսալլահա» շաբաթաթերթը։ Գործում է կառավարական ինֆորմացիոն գործակալությունը՝ Սուդան Նյուս էյջենսին (ՍՈԻՆԱ), հիմնվել է 1970 թվականին, Խարթումում։ Ռադիոհաղորդումների ծառայությունը (1940 թվականից) պետական է, հեռուստատեսային ծառայությունը (1962 թվականից) վերահսկում է կառավարությունը։ Ռադիո-և հեռուստահաղորդումները վարվում են արաբերեն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Սուդանի մի մասի տարածքում զարգացել է հին նուբիացիների գրականություն։ Հին և միջնադարյան ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություններ չեն պահպանվել։ Ժողովրդական բանաստեղծական առաջին ասքերը ստեղծվել են 10-րդ դարում։ Գրականությունը զարգացել է որպես արաբական մշակույթի մաս։ Հրապարակախոսության երևան գալը կապված է 20-րդ դարի 10—20-ական թվականներին ազգային մամուլի սկզբնավորման հետ։ 1910 թվականին լույս է տեսել Աբդ ալ Քադեր ալ Մուխտարի «Մուդանի ուղեցույցը» առաջին պիեսը։ Մինչև 30-ական թվականները ընկած ժամանակամիջոցում գրականության զարգացման գործում մեծ դեր են կատարել բանաստեղծներ Աբու Ջուքուդան, Ալի Ահմադանին, Համզա ալ-Մալիկ Տունբուլը, Ցուսեֆ Բաշիր աթ Թիջանին։ Գրկ-յան բարեփոխումը պայմանավորված է գրական նոր հոսանքի՝ «Մադրասա ալ-Ֆաջր» («Դպրոց Լուսաբաց») և «Ալ-Ֆաջր» (1934 թվականի հուլիս 1935 թվականի օգոստոս) հանդեսի երևան գալով, որտեղ, արաբական դասական գրականության պրոպագանդայի, նոր թեմաների ու ձևերի որոնումների հետ միաժամանակ հիմնավորվեցին Սուդանի գրականության զարգացման սկզբունքները։ Այդ հոսանքի գաղափարախոսն է փիլիսոփա և քննադատ Մուհամմեդ Ահմեդ Մահջուբը (ծնվել է 1908 թվականին)։ Սուդանի պոեզիայում նեոդասական ուղղությունը ներկայացված է Մուհամեդ Մաիդ ալ Աբասիի, Աբդալլահ Աբդառահմանի և Աբդալլահ Օմար ալ-Բաննուի ավելնուններով։ Վիպակի ու վեպի ժանրերի հիմնադիրներն են Մուհամմեդ Ահմեդ Մահջուբը և Աբդ ալ-Խալիմ Մուհամմեդը։ Եգիպտական և խորհրդային գրականագետների ազդեցությամբ ձևավորված գրականության հաստատմանը նպաստել են 1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգային ազատագրական շարժման վերելքը և անկախության նվաճումը։ Սոցիալիստական, հակաիմպերիալիստական ուղղվածությունը բնորոշ է Հելի Աբդառահմանի (ծնվել է 1931 թվականին), Թաջ աս Սիր Հասանի (ծնվել է 1930), Մուհամմեդ ալ Ֆայտուրիի (ծնվել է 1931 թվականին) պոեզիային, Աբու Բեքր Խալիդի (ծնվել է 1932 թվականին), ազ-Զուբեյր Ալիի (ծնվել է 1928 թվականին) և հատկապես աթ-Թայիբ Աալեհի (ծնվել է 1929 թվականին) ռեալիստ, արձակին։ Ժամանակակից դրամատուրգիան և քննադատությունը (Մուհամմեդ Իբրահիմ աշ Շուշա, Աբդալլահ աթ-Թայիբ) առաջին քայլերն են անում։ Սուդանի գրական կազմակերպություններն են Սուդանի գրողների ասոցիացիան (հիմնվել է 1956 թվականին) և Սուդանի գրողների լիգան։ Գրավոր գրականության կողքին Սուդանում տարածված է բանավոր ժողովրդական պոեզիայի ժանրը՝ հյուսիսսուդանյանը, որը նման է արաբական մյուս երկրների բանահյուսությանը, և հարավսուդանյանը (տեղի լեզուներով), որը սերտորեն կապված է արևադարձային Աֆրիկայի մշակույթի հետ։

Ճարտարապետություն և կերպարվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոլիթի ժամանակաշրջանի մշակույթի հուշարձաններից են կենդանիների կավե արձանիկները, ծեփածո խեցեղենը, բազմաթիվ ժայռապատկերներ։ Մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում Սուդանի արվեստը զարգացել է հին եգիպտական մշակույթի հունով, սակայն մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի վերջին երևան են եկել տեղական առանձնահատկություններ։ Քրիստոնեության տարածմանը զուգընթաց (7-րդ դարի 2-րդ կեսից) կառուցվել են եկեղեցիներ, որոնք իրենց ճարտարապետությամբ և որմնանկարներով մոտ են ղպտիների մշակույթին։ 19-20-րդ դարերում ժողովրդի բնակելի տների առավել բնորոշ տիպերն են՝ հատակագծում ուղղանկյուն աղյուսաշեն խրճիթները, բուստակրաքարե բազմահարկ տները, հատակագծում՝ շրջանաձև, կավածեփ կամ հյուսածո, խոտածածկ կոնաձև տանիքով խրճիթները։ Եվրոպական տիպի շինությունների կառուցումը մինչև 20-րդ դարի կեսը իրականացվել է խոշոր կենտրոններում։ 1956 թվականից ծավալվել է արդյունաբերական և բնակելի շինարարություն։ Կերպարվեստի ավանդական տեսակներից տարածված են․ փայտի քանդակագործությունը, կավե արձանիկների պատրաստումը, հյուսիսային արաբների մոտ՝ պղնձե և արծաթե մանրարուրք կերտվածքների, կաշվե իրերի պատրաստումը, հարավային սևամորթների մոտ՝ գեղարվեստական հյուսքը։ 20-րդ դարի կեսից կազմավորվում է հաստոցային արվեստի ազգային դպրոցը (քանդակագործներ՝ Մ․ Կուա, Ա․ Համիդ, գեղանկարիչներ՝ Հ․ Աբբաս, Մ․ Օ․ Բեշիր, գրաֆիկ՝ Ա․ Ա․ Բորհան)։

1936 թվականին կազմակերպվել է Թատերական ընկերություն, որն սկզբում սպասարկել է դպրոցներին, 1940 թվականից սկսել է տալ հասարակական ներկայացումներ։ 1950 թվականին ընկերության հիման վրա գործել են դրամատիկական և երաժշտական թատերախմբեր, որոնք ներկայացումներ են տվել արաբերեն։ 1961 թվականից հանրապետությունում գործել են՝ ժամանակակից սուդանյան թատրոնը, Խարթումի թատերախումբը և ժողովրդական պարի մի քանի անսամբլ։ Երիտասարդ արտիստները սովորում են Եգիպտոսի և Իտալիայի գեղարվեստական դպրոցներում։

1968 թվականին ստեղծվել է կինովարչություն, որն իրականացրել է ուսումնական և փաստագրական ֆիլմերի թողարկումը։ Առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը՝ «Հույսեր և երազանքներ» (1969, ռեժիսոր ար Ռաշիդ Մահդի)։ Մինչև 1970 թվականը ֆիլմերի պրոկատով զբաղվել են հունական «Լիկաս դիստրիբյուտորս» և հայրենական «Մուդանս սինեմա» ընկերությունները։ 1970 թվականից հետո ֆիլմերի պրոկատը և կինոթատրոններն անցել են ինֆորմացիայի մինիստրությանը կից պետական կինոմիավորման տնօրինությանը։ 1972-1973 թվականներին կինոթատրոնները կրկին ապազգայնացվել են (միակ պետական կինոթատրոնը գործում է Խարթումում)։ Կինոպրոկատով և ֆիլմերի ներմուծումով զբաղվում են մասնավոր ֆիրմաներ։ Ռեժիսոր Ա․ Հաշեմը Կահիրեի սուդանցի ուսանողների կյանքի մասին նկարահանել է «Սերունդների պայքարը» (1972) կարճամետրաժ և այլ, ինչպես և «Եղբայրների ընդհարումը» (1973) լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերը։

Հայերը Սուդանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուդանի հայ համայնքը ձևավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին, չնայած դեռևս 17-18 դարերում այնտեղ եղել են հայեր, որոնցից ոմանց (Եղիա Ենոքյան, Հովհաննես եպիսկոպոս) նույնիսկ հանձնարարվել են դիվանագիտական առաքելություններ։ Սուդանում հայերի թիվն աճել է 1895-1896 թվականներիի համիդյան ջարդերից հետո։ Սուդանում հայերի կենտրոնանալուն նպաստել են նաև անգլիացիները, որոնք տարբեր մասնագիտությունների տեր հայերի հրավիրել են Ս՝ աշխատելու։ Մեծ թվով հայ գաղթականներ ապաստան գտան Ս-ում՝ Մեծ եղեռնից հետո։ Հայերը հիմնականում բնակություն հաստատեցին Խարթումում, Օմդուրմանում, Գեդարեֆում։ Մկզբում հայերը զբաղվում էին առևտրով և արհեստագործությամբ, հետագայում ավելացան երկրագործներ ու բանվորներ։ Մինչև 20-րդ դարի սկիզբը Սուդանում հայ հավաքական կյանք չկար։ Սուդանի հայերը սերտորեն կապված էին Եգիպտոսի ու Եթովպիայի հայ գաղութներին և նրանց միջոցով հաղորդակից էին լինում հայ ժողովրղի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։ 1911 թվականին Խարթումում հիմնվել է ՀԲԸՄ Սուդանի մասնաճյուղը։ 1917 թվականին (երբ անհրաժեշտ է դարձել ունենալ կենտրոնացնող կազմակերպություն) սուդանահայերը ընտրել են հինգ հոգուց բաղկացած գաղութային վարչություն։ Նույն թվականին էլ կազմել են կանոնադրություն և ներկայացրել սուդանական իշխանություններին՝ հաստատման։ Ըստ կանոնադրության հայկական վարչական ժողովի նախագահը հայերի ներկայացուցիչն էր տեղական իշխանությունների մոտ և իրավասու էր կարգադրել կրոնական ու ազգային բոլոր հարցերը։ Առաջին հայկական դպրոցը Սուդանում բացվել է Գեդարեֆում, 1930 թվականին։ 1956 թվականին (շինարարությունը սկսվել էր 1953 թվականին) Խարթումում բացվել է Հայ ազգային վարժարանը (փակվել է 1977 թվականին, Սուդանի իշխանությունների կողմից)։ 1984 թվականին Սուդանում կային 1000 հայ արհեստավորներ, առևտրականներ, ինչպես նաև մտավորականներ (բժիշկներ, ինժեներներ), խոշոր ձեռնարկատերեր և առևտրականներ (երբ 1970 թվականին Սուդանում օրենք ընդունվեց խոշոր ձեռնարկությունների ազգայնացման վերաբերյալ, ազգայնացվեցին նաև հայերին պատկանող ձեռնարկությունները. դա առաջ բերեց հայերի որոշ արտագաղթ Սուդանից)։ Խարթումում գործում է հայկական եկեղեցի, Հայկական ակումբ, որը փաստորեն Խարթումի և Օմդուրմանի հայության հավաքատեղին է։ Ակումբն ունի գրադարան, մարզական համալիր՝ ջրավազանով, ֆուտբոլի դաշտով։ Այստեղ կազմակերպվում են համերգներ տեղի հայերի ուժերով, ինչպես նաև ելույթ են ունենում օտարերկրյա խմբեր, այդ թվում՝ Խորհրդային Միությունից։ Սուդանի հայ համայնքը կապի մեջ էր Խորհրդային Հայաստանի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "The World Factbook: Sudan". Արխիվացված 2019-02-05 Wayback Machine U.S. Central Intelligence Agency. ISSN 1553-8133.
  2. Wells, John C. (2008), Longman Pronunciation Dictionary (3rd ed.), Longman, ISBN 9781405881180
  3. Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդան» հոդվածին։