Հայաստան
Հայաստան Հայաստանի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Օրհներգ՝ Մեր հայրենիք |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Երևան | |||
Պետական լեզու | Հայերեն[1] | |||
Էթնիկ խմբեր (2022) | ||||
Կրոն | 97,1 % քրիստոնեություն, որից 92,6 % հայ առաքելական[3] | |||
Կառավարում | Խորհրդարանական | |||
- | նախագահ | Վահագն Խաչատուրյան | ||
- | վարչապետ | Նիկոլ Փաշինյան | ||
- | Ազգային ժողովի նախագահ | Ալեն Սիմոնյան | ||
Հիմնադրում և անկախացում | ||||
- | անկախության հռչակում | 1918 թ․ մայիսի 28 | ||
- | անկախության վերականգնում | 1991 թ․ սեպտեմբերի 21 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 29,743 կմ² (138-րդ) | ||
- | Ջրային (%) | 4.71[4] | ||
Բնակչություն | ||||
- | 2024 նախահաշիվը | 3,024,500[5] (137-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | $58.497 միլիարդ[6] (115-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $19,745[6] (81-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | $24.540 միլիարդ[6] (115-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $8,283[6] (82-րդ) | ||
Ջինի (2022) | 27.9[7] | |||
ՄՆԶԻ (2022) | 0.786[8] | |||
Արժույթ | Դրամ (֏) (AMD) | |||
Ժամային գոտի | Հայաստանի ժամանակ (ՀԿԺ+4) | |||
Ազգային դոմեն | .հայ .am |
|||
Հեռախոսային կոդ | +374 |
Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), դեպի ծով ելք չունեցող պետություն Հարավային Կովկասում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ² տարածք և ունի 3 միլիոն մարդ բնակչություն[9]։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն[3]։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է[10]։
Ըստ հայոց պատմահայր Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորի ճակատամարտում հաղթել է Ասորեստանի բռնարար տիրակալ Բելին և անկախություն նվաճել[11]։ Հայալեզու ցեղերը Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում ապրել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերից։ Արամե արքայի ջանքերով մ․թ․ա․ 860 թվականին հիմնադրվել է Վանի թագավորությունը, որի գոյության ժամանակահատվածում էլ՝ մ․թ․ա․ 782 թվականին, Արգիշտի Ա թագավորը հիմնադրել է ժամանակակից մայրաքաղաք Երևանը։ Մ․թ․ա․ 1-ին դարում՝ Տիգրան Բ Մեծի կառավարման տարիներին, Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին՝ ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ 4-րդ դարում՝ 301 թվականին, Հայաստանը դարձել է առաջին պետությունն աշխարհում, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ 5-րդ դարում, Հայաստանը բաժանվել է Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 9-րդ դարում Բագրատունիները վճռական պայքար մղելով արաբ նվաճողների դեմ, վերականգնել են հայկական անկախ թագավորությունը, որը, սակայն, անկում է ապրել 1045-ին՝ Բյուզանդիայի դեմ պատերազմների և ներքին պառակտումների պատճառով։ 11-14-րդ դարերում Միջերկրական ծովի ափին գոյություն է ունեցել Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։ 16-19-րդ դարերում հայերի հայրենիքը, որը կազմված էր Արևելյան և Արևմտյան Հայաստաններից, ընկել է Օսմանյան և Պարսկական տերությունների իշխանության տակ։ 19-րդ դարում Արևելյան Հայաստանը անցել է Ռուսական կայսրությանը, իսկ Արևմտյան Հայաստանը շարունակել մնալ Օսմանյան իշխանության ներքո։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտասարդ թուրքերի կառավարությունն իրականացրել է հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության և բնաջնջման է ենթարկվել Օսմանյան կայսրության հայ բնակչությունը[12][13][14][15][16][17]։ 1918 թվականին՝ Ռուսական հեղափոխությունից և Ռուսական կայսրության անկումից հետո, Հայաստանը հռչակել է իր անկախությունը, որի արդյունքում ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետությունը։ 1920 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Հայաստանը ենթարկվել է ռուս-թուրքական ագրեսիայի և մի շարք տարածքային կորուստներով ներառվել ԽՍՀՄ կազմ որպես Հայկական ԽՍՀ[18]։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։
Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27-ի[19] ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի[20] համապետական հանրաքվեների արդյունքում։
Հայաստանը ՄԱԿ-ի[21], Եվրոպայի խորհրդի[22], Առևտրի համաշխարհային կազմակերպության[23][24], Միջազգային քրեական դատարանի[25] և այլ միջազգային կազմակերպությունների անդամ է[26]։
Մինչև 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ավարտը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից էր Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման հիման վրա Արցախյան հակամարտության խաղաղ և արդարացի լուծումը[27]։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի դադարեցման վերաբերյալ կնքված կապիտուլացիոն հայտարարությունից հետո[28] և հատկապես 2023 թվականին կտրուկ փոխվում է Հայաստանի գործող իշխանության դիրքորոշումը՝ Արցախի Հանրապետության վերաբերյալ և հասնում այնպիսի կետի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներով «լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»[29][30][31]։
Անվանում
«Հայաստան» անվանումը վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ «Հայաստան» անվան առաջացման վերաբերյալ տարբեր ժամանակներում տարածված են եղել տարբեր վարկածներ։ Ըստ հայկական ավանդույթի՝ հայոց անվանադիր նախնին Հայկն է, որի անունով էլ սերունդները հետագայում կոչվել են հայկազունք, հայք, հայեր, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ։ Միջնադարում «Հայ» արմատին ավելացավ իրանական -ստան՝ «տեղանք» նշանակող վերջածանցը, որի արդյունքում երկրի անունը դարձավ «Հայաստան»։ «Հայաստան» եզրույթը առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում՝ Ագաթանգեողի[32][33], Փավստոս Բուզանդի[34][35], Ղազար Փարպեցու[36], Կորյունի[37] և Սեբեոսի[38] աշխատություններում։
Համաձայն Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի՝ «Արմենիա» անունն սկիզբ է առել «Արամ» անունից, որը Հայկ Նահապետի ուղիղ ժառանգորդն էր, իսկ ըստ Լեոյի՝ կոչվել է հայոց ծագման մասին հունական առասպելի հերոս Արմենիոսի անունից, որը գալով Թեսալիայից՝ բնակվություն է հաստատում Հայկական լեռնաշխարհում և ձուլվում այնտեղ ապրող ցեղերի հետ[39]։
Ըստ մեկ այլ վարկածի՝ հայերի ինքնանվանումն առաջացել է Հայասա պետության անվանումից[40][41]։ Հին պարսկական «Արմինա» անվանումը (𐎠𐎼𐎷𐎡𐎴) հիշատակվում է մ.թ.ա. 523-521 թվականների Բեհիսթունյան արձանագրությունում, որն առաջացել է մեկ այլ հայկական ցեղի՝ Արմե ցեղի (Արմե-Շուպրիա) անվանումից[42]։ Ժամանակի ընթացքում հունական արտասանության ձևով պայմանավորված «Արմինա» տեղանունը փոխարկվել է «Արմենիա»-ի։ Հին հունարեն «Ἀρμενία» կամ «Ἀρμένιος» եզրույթները առաջին անգամ կիրառվել են մ.թ․ա․ 6-5-րդ դարերի պատմիչ Հեկատեոս Միլեթացու աշխատությունում[43], իսկ արդեն մ․թ․ա․ 401 թվականի շրջակայքում Քսենոփոնը նկարագրել է հայ գյուղական կյանքի և հյուրընկալության վերաբերյալ մի շարք դրվագներ[44]։
Պատմություն
Նախնադարյան Հայաստան
Հայ ժողովուրդը կազմավորվել և իր պատմական ուղին անցել է Հայկական լեռնաշխարհում։ Դա հնագույն մարդու նախնական բնակեցման տարածքներից է, որը հարուստ է նախնադարի բոլոր փուլերին վերաբերող պատմահնագիտական հուշարձաններով[45]։
Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին պալեոլիթը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 000 տարի առաջ[46]։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի հնավայրեր, կայաններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Դրանցից հայտնի է Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը, որի տարիքը մոտ 1,8 միլիոն տարի է։ Այն Հարավարևմտյան Ասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում նաև Ազոխի քարայրն Արցախի Հանրապետությունում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում[46]։ Միջին պալեոլիթի ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։ Վերին պալեոլիթն ընդգրկում է մոտ 40000–14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին պալեոլիթի շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։
Միջին քարի դարի հուշարձանների թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում[47]։
Նոր քարի դարի ընթացքում՝ մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջերից, արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հազարամյակից[48]։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»[49]։ Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։
Մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերին և 4-րդ հազարամյակի ընթացքում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխել են պղնձի-քարի դար (էնեոլիթ), որին հաջորդում է բրոնզի դարը (մ.թ.ա. 3–2-րդ հազարամյակներ)։ Լեռնաշխարհը ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը[50]։ Տարածում է գտնում Կուր-Արաքսյան մշակույթը. հայտնի է Շենգավիթյան մշակութային համալիրը Երևանի հարավարևմտյան մասում[51]։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեղք-Վանաձորյան մշակութային համալիրները[52]։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջին բրոնզիդարյան մշակույթը[53]։ Մ.թ.ա. 16-րդ դարի վերջից մ.թ.ա. 13-րդ դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը[54]։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։
Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը՝ Սյունիք, Մուշ, Խնուս և այլն, Առաջավոր Ասիայում դարձավ հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։ Հայկական լեռնաշխարհում տարածված նախնադարյան կրոնի ու աշխարհընկալման ամենավաղ ձևերից հայտնի են տոտեմիզմը և անիմիզմը[55]։
Վաղ պետական կազմավորումներ և Վանի թագավորություն
Պատմական Հայաստանի տարածքում առաջացած հնագույն պետությունը Վանի թագավորությունն էր (օտար աղբյուրներում հիշատակվում է որպես «Ուրարտու»)՝ Վան մայրաքաղաքով (մ.թ.ա. 9-6-րդ դարեր)։ Այն հզորության գագաթնակետին է հասել Մենուա (մ.թ.ա. 810–786), Արգիշտի Ա (մ.թ.ա. 786–764) և Սարդուրի Բ (մ.թ.ա. 764–735) արքաների օրոք՝ զբաղեցնելով Հայկական լեռնաշխարհի տարածքի զգալի մասը, արևմտյան Իրանը, հարավային Միջագետքը և Միջերկրական ծովի ափամերձ տարածքները։ Արարատյան դաշտի տարածքում հիմնադրվել են Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի և Էրեբունի քաղաք-ամրոցները. վերջինիս անվան հետ է ընդունված կապել Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի՝ Երևանի անվանումը։
Վանի թագավորությունից մեզ են հասել բազմաթիվ քարե արձանագրություններ, բերդերի ու տաճարների մնացորդներ, որոնք վկայում են պետության հարուստ մշակույթի ու զարգացած պետական համակարգի մասին։ մ.թ.ա. 8-րդ դարի կեսերից սկսած Վանի թագավորությունը թուլանում և անկում է ապրում Ասորեստանի և Հյուսիսային Կովկասի ցեղերի՝ սկյութների ու կիմերների դեմ պատերազմների արդյունքում։ Վանի վերջին թագավոր Ռուսա Դ-ն իշխել է մ.թ.ա. 609-590 (կամ 585) թվականներին, որից հետո Վանի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ։ Հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Վանի թագավորության տարածքում, որին հաջորդած Երվանդունյաց թագավորությունը հանդես է եկել որպես առաջին համահայկական թագավորություն։ Համաշխարհային պատմագիտության մեջ չկա միարժեք կարծիք Վանի թագավորության և հայ ժողովրդի կապի մասին։ Գիտնականների զգալի մասը առանձնացնում է ուրարտական լեզուն և մշակույթը հայկականից՝ համարելով, որ հայկական ցեղերը գերիշխանության են հասել Հայկական լեռնաշխարհի տարածքում միայն Վանի թագավորության կործանումից հետո։ Ըստ մեկ այլ վարկածի, որն ընդունվում է մի քանի հայ պատմաբանների կողմից, Վանի կամ Արարատյան թագավորությունը ի սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և մ.թ.ա. 6-րդ դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող արքայատոհմի փոփոխություն։
Մեծ Հայքի թագավորություն
Մ.թ.ա. 570-ական թվականներին Միջին Արևելքի քաղաքական ասպարեզում է հայտնվում Երվանդունիների թագավորությունը։ Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Դրա մասին են վկայում հույն պատմիչ Հերոդոտոսի, ասորի ճանապարհորդ Մար Աբաս Կատինայի և այլոց աշխատությունները։ Երվանդ Ա Հայկազյանի որդին՝ Տիգրան Ա-ն (մ.թ.ա. մոտ 560–535), պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Բ Մեծի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537 թվականին՝ Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան-Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարավերջը։
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331 թվականին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ-ն իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 - մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ.թ.ա. 331 թվականին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև փոքրասիական մի քանի պետություններ՝ Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։
Մ.թ.ա. 3-րդ դարի ընթացքում Մեծ Հայքից անջատվում են Ծոփքի և Կոմմագենեի թագավորությունները, որտեղ նույնպես իշխում էին Երվանդունիները։ Նրանք հատում են սեփական դրամները, կառուցում քաղաքներ ու բերդեր։ Հայաստանը կորցնում է միասնականությունը, ինչը վտանգ է հանդիսանում իր անկախության համար։ Ծայրագավառներից շատերը անցնում են հարևան պետությունների ազդեցության և գերիշխանության տակ։
Երվանդ Դ Վերջինը (մ.թ.ա. 220–201) Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, որից քիչ հյուսիս՝ Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարան ավանը։ Մ.թ.ա. 200 թվականին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը տապալել է Երվանդ Դ-ին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ։
Արտաշեսյանների թագավորություն
Ալեքսանդր Մեծի մահից հետո նրա կայսրությունը բաժանվել է մի քանի մասերի և նրա զորավարներից մեկը՝ Սելևկոս Նիկատորը, մ.թ.ա. 3-րդ դարում ստեղծել է մի պետություն, որն իրեն է ենթարկել նաև Մեծ Հայքը։ Մ.թ.ա. 190 թվականին սելևկյան արքա Անտիոքոս III Մեծի բանակը հռոմեացիների կողմից ջախջախվել է Մագնեսիայի ճակատամարտում։ Առիթից օգտվելով Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում իրենց հայտարարել են անկախ թագավորներ։
Արտաշես Ա-ն (մ.թ.ա. 189–160) իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ, որոնք նպաստել են պետության տնտեսության զարգացմանը։ Ռազմական բարեփոխումների շնորհիվ նա ընդարձակեց երկրի սահմանները և միավորեց երկրից անջատած ծայրագավառները։ Արարատյան դաշտի Խոր վիրապ կոչվող վայրում հիմնվեց Արտաշատ քաղաքը, որը ժամանակակիցների կողմից երբեմն անվանվում էր «Հայկական Կարթագեն», քանի որ քաղաքի կառուցման վայրն ընտրել էր Հանիբալը։
Հայաստանը Արտաշեսյանների օրոք հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95–55)։ Նա գրավեց Ծոփքը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտանեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը, իսկ մ.թ.ա. 83 թվականին՝ Սելևկյանների պետությունը և մայրաքաղաք Անտիոքը, որն ուներ ավելի քան կես միլիոն բնակչություն։ Տիգրան Մեծի տերությունը ավանդաբար ընդունված է անվանել «Ծովից ծով Հայաստան»։ Ի նշան հզորության և աշխարհակալ պետության՝ մ.թ.ա․ 80 թվականին Հայկական Տավրոսի մատույցներում հիմնվեց նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտը, որը շրջափակված էր բարձր բերդապարիսպներով։ Տիգրանակերտն ու Արտաշատը միմյանց հետ կապված էին «Արքունի ճանապարհ»-ով։ Մ.թ.ա. 69 թվականին մայրաքաղաքը գրավվեց հռոմեացի Լուկուլլոսի կողմից՝ հայ-հռոմեական պատերազմի ընթացքում (մ.թ.ա. 69–66)։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը ծանր հաշտության պայմանագիր կնքեց, որի արդյունքում Տիգրան Մեծը հրաժարվեց իր նվաճած հողերից, և պարտավորվեց տարեկան 600 տաղանդ ռազմատուգանք վճարել և հարկ եղած դեպքում Հռոմեական կայսրությանը օգնել զորքով։
Տիգրան Մեծի որդու՝ Արտավազդ Բ-ի օրոք (մ.թ.ա. 55–34) Հայաստանը դարձավ հռոմեա-պարթևական պատերազմի թատերաբեմ։ Մարկոս Կրասսոսի և Մարկոս Անտոնիոսի արշավանքների արդյունքում Հայաստանը զգալիորեն կորցրեց իր ինքնուրույնությունը. հայոց արքան ընտանիքի հետ գերվեց, իսկ նրան հաջորդած մի քանի թագավորները չկարողացան վերականգնել նախկին հզորությունը։ Մ.թ. 1 թվականին Արտաշեսյան հարստությունը վերացվեց[56]։
Արշակունիների թագավորություն
Արտաշեսյան թագավորության անկումից հետո կես դար Արտաշատում գահ էին բարձրանում Հռոմի և Պարթևստանի դրածոները։ Իրավիճակը կայունացավ, երբ 52 թվականին գահ բարձրացավ պարթևների արքա Վաղարշ Արշակունու եղբայրը՝ Տրդատը։ 54 թվականին, չհաշտվելով դրա հետ, Հռոմի կայսր Ներոնը պատերազմ սկսեց հայ-պարթևական դաշինքի դեմ։ 59 թվականին հռոմեական զորքերը Կորբուլոնի գլխավորությամբ արշավեցին Հայաստանի վրա և գրավեցին ու ավերեցին Տիգրանակերտն ու Արտաշատը։ 62 թվականին Հռանդեայում հայ-պարթևական զորքերը հակահարված տվեցին հռոմեացիներին, և 63 թվականին Հռոմի կայսր Ներոնը ճանաչում է Տրդատի գահակալությունը։ 66 թվականին Տրդատը Հռոմից վերադառնում է Հայաստան՝ որպես հայոց թագավոր և հիմք է դնում Արշակունիների հարստությանը (66–428)։
2-3-րդ դարերում՝ մինչև 226 թվականի հեղաշրջումն Իրանում, Հայաստանը շարունակում էր լինել համեմատաբար խաղաղ վիճակում՝ հովանավոր Հռոմի և դաշնակից Պարթևստանի հարևանությամբ։ Հայաստանում Արտաշատից ոչ հեռու հիմնադրվում է նոր մայրաքաղաք Վաղարշապատը։ Իրանում իշխանության գալուց հետո Սասանյանները ցանկանում են գահընկեց անել նաև հայ Արշակունիներին և Պարսկաստանին միացնել Մեծ Հայքի թագավորությունը։ 4-րդ դարի սկզբին՝ 301 թվականին, հայոց արքա Տրդատ Գ-ն (287–330) քրիստոնեությունն ընդունում է որպես հայոց պետության պաշտոնական կրոն՝ Գրիգոր Լուսավորչին կաթողիկոսական գլխավորությամբ։ Երկրորդ դարակազմիկ իրադարձությունը ավատատիրական կարգերի հաստատումն էր։ Տրդատի որդու՝ Խոսրով Գ Կոտակի օրոք (331–338) կառուցվում է ևս մեկ մայրաքաղաք՝ Դվինը։
Արշակ Բ Արշակունու օրոք (350–368) սրվում են հարաբերությունները պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացի (309–379) հետ։ Երկրում սկսվում է ներքին լարվածություն, ապա այն ներքաշվում է պատերազմի մեջ։ Արդյունքում հայոց թագավորը փակվում է Անհուշ բերդում, իսկ իր որդին՝ Պապը, գահ է բարձրանում հռոմեացիների օգնությամբ։ Որոշ ժամանակ անց՝ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվում է երկու մասի։ Հռոմեական (Արևմտյան) Հայաստանում թագավոր է կարգվում Պապի որդի Արշակ Գ-ն (378–389), իսկ մնացած երկրում՝ Խոսրով Դ-ն (384–389)։ Վերջինիս որդի Վռամշապուհի (389–415) օրոք՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայերենի այբուբենը[57]։ 428 թվականին ներքին երկպառակությունների արդյունքում հայոց պետականությունը կործանվում է։
Միջնադար
Վաղ միջնադար
Վռամշապուհ արքայի օրոք (389–415) Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է հայերենի այբուբենը։ Հայ գրերի գյուտը Արշակունիների դարաշրջանի երրորդ խոշոր իրադարձությունն էր։ Վռամշապուհի որդու՝ Արտաշես Գ-ի (423–428) գահընկեց արվելուց հետո՝ 428 թվականին, Հայաստանի արևելյան մասը հռչակվեց որպես պարսից տերության առանձնահատուկ վարչատարածքային միավոր՝ մարզպանություն։ Արևմտյան Հայաստանի որոշ գավառներ՝ Մեծ Հայքի Ծոփք, Աղձնիք ու Բարձր Հայք նահանգներն ու Փոքր Հայքը, շարունակեցին մնալ Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության տարածքում։
Մարզպանական Հայաստանն արտոնյալ կարգավիճակով ինքնավար պետություն էր, որտեղ պահպանվում էին հայ նախարարների և բարձրադաս հոգևորականների ավանդական իրավունքներն ու արտոնություները, պաշտոնակալությունները, հայկական զորաբանակը և հարկային համակարգը։ Հայ նախարարների քաղաքական միասնությունն արտահայտվում էր ընդհանուր զորաբանակով, որը գլխավորում էր Հայոց սպարապետը, կառավարման միասնական համակարգով, ըստ անհրաժեշտության Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվող համազգային ժողովով։ Հայաստանում մարզպան են նշանակվել նաև ազգությամբ հայ մեծատոհմիկ նախարարներ, որոնցից առաջինն էր Վասակ Սյունին (443–451)։ 440-ական թվականներին պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Հայաստանի պետական ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական սովորական նահանգի վերածելու քաղաքականություն։
Դրան հաջորդեց 447 թվականին անցկացված աշխարհագիրը (մարդահամար և եկամուտների հաշվառում), մեհյանների ու ատրուշանների կառուցումը։ Պարսից շահ Հազկերտ Բ-ն 449 թվականին հատուկ հրովարտակով հայոց նախարարներից պահանջեց ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականությունը, որով հայերը կզատվեին հարևան բյուզանդացիներից և աստիճանաբար կձուլվեին պարսիկներին։ Հայերը մերժում են այս պահանջը և ընդվզում պարսիկների դեմ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։ 450 թվականին սկսվում է Վարդանանց պատերազմը, որն ավարտվում է Ավարայրի ճակատամարտով (մայիսի 26, 451 թվական)։ Հայերը հետագայում ևս ստիպված են եղել պայքարել ինքնուրույնությունը պահպանելու համար (Վահանանց պատերազմ, 481–484, Կարմիր Վարդանի ապստամբություն, 571–572), ինչի արդյունքում տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ բաժանումը (591) և երկրի հիմնական մասն անցել է Բյուզանդական կայսրությանը։ Հայաստանի բյուզանդական հատվածում ևս կայսրերը վարում էին ձուլման քաղաքականություն։ Հուստինիանոս Ա կայսրը (527–565), ով ձգտում էր վերականգնել նախկին Հռոմեական կայսրության հզորությունը, իրեն էր ենթարկել Հյուսիսային Աֆրիկան, Իսպանիան ու Իտալիայի որոշ գավառներ։ Նա վերացնում է հորից ավագ որդի ժառանգության իրավունքը, ինչի արդյունքում հայ նախարարական տների հզորությունը վերանում է, և նրանք վերածվում են շարքային բերդատերերի։ Հայ նախարարներին ստիպում էին մեկնել կայսրության սահմաններ՝ պայքարելու թշնամիների դեմ։ Հիշարժան է Սմբատ Բագրատունու ըմբոստացումը Մորիկ կայսեր դեմ։ Դրա արդյունքում կայսրը նրան նետել տվեց Կոստանդնուպոլսի կրկեսի գազանների առջև՝ հոշոտման։ Հայ նախարարը կարողացավ հաղթել ցուլին, առյուծին ու արջին, ապա ազատ արձակվեց։
Արմինիա կուսակալություն
7-րդ դարի 30-ական թվականներին Արաբական թերակղզում տեղի ունեցած քաղաքական ու կրոնական տեղաշարժերի արդյունքում ձևավորվեց Արաբական խալիֆայությունը։ 640–650 թվականներին Արաբական երեք անգամ արշավել են Հայաստան, որից հետո հայ նախարարները Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ որոշեցին հաշտության և դաշնային պայմանագիր կնքել արաբների հետ։ 652 թվականին հայերը Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ Դամասկոսում կնքում են հայ-արաբական պայմանագիրը, որով Հայաստանը կես դար ժամանակահատվածով արտոնյալ դիրք ու ինքնիշխանություն է ստանում։ 698-700 թվականներին արաբների հերթական արշավանքի արդյունքում Հայաստանը գրավվեց, և Վրաստանի ու Աղվանքի հետ մտցվեց մեկ վարչաքաղաքական միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ։ Երկիրը սկսեց կառավարել արաբ ոստիկանը, ով նստում էր Դվին քաղաքում։ Նրան զուգահեռ բարձր դիրք ունեին կրոնական առաջնորդ հայոց կաթողիկոսը և քաղաքական առաջնորդ հայոց իշխանը։ Արաբ հարկահավաքի պաշտոնի կողքին կար հայկական համարժեքը՝ իշխանաց իշխանը։ Հայոց այրուձիի հրամանատարությունը շարունակում էր գտնվել սպարապետի ձեռքում։ Միաժամանակ, Վասպուրականում, Սյունիքում և Վրաստանում 9-րդ դարից նշանակվում է գահերեց իշխանի պաշտոնը։ Նա վերադասի իրավունք էր ստանում մյուս բերդատեր նախարարների հանդեպ։
Արաբական տիրապետությունը երկպառակություն է մտցնում հայ ավագանու շարքերում. Արշակունի թագավորների թագադիր ասպետները՝ Սպերի տեր Բագրատունիները կարողանում են իրենց շուրջ համախմբել բազմաթիվ նախարարական տներ, ովքեր սատարում են արաբական քաղաքականությունը, և սեփական ուժերով պետությունը վերականգնելու գաղափարը։ Դրան հակառակ Տայքի տերերը՝ հայոց սպարապետի պաշտոն զբաղեցնող Մամիկոնյանները, ունեին բյուզանդական կողմնորոշում և փորձում էին կայսրության զորքերով դուրս վտարել արաբներին Հայաստանից և վերականգնել բյուզանդական գերիշխանությունը։ 8-րդ դարում հայերը մի քանի անգամ ապստամբեցին Արաբական խալիֆայության դեմ, սակայն էական արդյունքի չկարողացան հասնել՝ այս անջատվածության պատճառով։ Մեկդարյա պայքարն ավարտվեց Բագրատունիների հաղթանակով, ովքեր գլխավորեցին հայոց պետականության վերականգնման պայքարը։
8-րդ դարի վերջից Բագրատունիները գլխավորում էին երկրի բոլոր կարևոր պաշտոնները, և գահերեց իշխաններ նշանակում իրենց հավատարիմ զինակիցներին՝ Արծրունիներին, Սյունիներին ու վրաց Բագրատունիներին։ Աշոտ Մսակեր Բագրատունին դարձավ հայոց իշխան և իր տիրույթներին միացրեց Մամիկոնյանների հայրենիք Տարոնը և Տայքը, Կամսարական իշխանների կալվածք Շիրակը և Արագածոտնը։ IX դարի կեսին՝ 850–855 թվականներին, հայերը կրկին ապստամբության դրոշ բարձրացրին արաբական տիրապետության դեմ։ 850 թվականին հայերը Հայաստանից հեռացնում են ոստիկան Աբուսեթին, իսկ 851 թվականին արաբական բանակի գլուխ է անցնում նրա որդի Յուսուֆը։ Հայոց մարզպան և իշխանաց իշխան Բագրատ Բագրատունու որդիները՝ Աշոտն ու Դավիթը, կարողանում են արժանի հակահարված տալ թշնամու զորքերին, իսկ Յուսուֆը սպանվում է։ Այս դեպքերն արտացոլված են Սասունցի Դավիթ էպոսի հիմքում։
853–855 թվականներին պայքարը ղեկավարում էր Բագրատի եղբոր՝ Սմբատ Խոստովանողի որդի Աշոտը։ Նա պայքարում է թուրք զորավար Բուղայի բանակի դեմ և 855 թվականին հաղթանակով ավարտում ապստամբությունը[58]։ Աշոտը 855 թվականին դառնում է հայոց իշխան, ապա նաև՝ սպարապետ ու իշխանաց իշխան։ Շատերի վկայությամբ՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը։ Դրան նպաստում է նաև 876 թվականին հայազգի Բարսեղ Ա Մակեդոնացի կայսեր գահակալումը և Հայկական (Մակեդոնական) հարստության հիմնադրումը Բյուզանդիայում։ 885 թվականին կաթողիկոս Գևորգ Գառնեցին Բագարան քաղաքում Աշոտին օծում է հայոց թագավոր։ Թագ և թագավորական զգեստներ են ուղարկում Բաղդադի խալիֆն ու Բյուզանդիայի կայսրը. հայոց պետականությունը վերականգնվում է Բագրատունիների դրոշի ներքո։
Բագրատունիների թագավորություն
885 թվականին Աշոտ Բագրատունին դարձավ նոր արքայատոհմի հիմնադիր, որը Հայաստանում իշխեց մինչև 1045 թվականը։ Նա ստեղծեց 40 000-անոց բանակ, որի սպարապետ դարձավ իր եղբայր Աբասը։ Հայոց թագավորությունը վերականգնվեց, և Աշոտի որդի Սմբատի թագավորությամբ (890–914) դարձավ շառանգական ավատաիրական միապետություն։ Հայոց թագավորի աջակցությամբ Տայքի Բագրատունյաց տոհմի Ատրներսեհ իշխանը կարգվեց Վրաստանի թագավոր։
Սմբատ թագավորի օրոք երկրում հաստատվեց անկայուն իրավիճակ, որից օգտվեց հարևան Ատրպատականի ամիրայությունը։ 908 թվականին Գագիկ Արծրունուն ճանաչելով հայոց թագավոր՝ նա ցանկացավ խալիֆայության հսկողության տակ վերցնել Հայաստանը։ Միաշամանակ թշնամու կողմն անցավ Սմբատի եղբայր Աշոտ սպարապետը։ 914–922 թվականներին տևած պատերազմը Սմբատի որդի Աշոտ Երկաթը (914–928) ավարտեց հաղթանակով։ Անժառանգ Աշոտին փոխարինեց եղբայր Աբասը (928–953), ով հիմնադրեց Կարս մայրաքաղաքը և Կարսի առաքելոց եկեղեցին։ 961 թվականին Աբասի որդի Աշոտ Գ Ողորմածը (953–977) Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք է դարձնում Անին։ Քաղաքի զարգացման համար մեծ ջանք ու միջոցներ են ծախսել Սմբատ Բ Տիեզերակալ (977–990) և Գագիկ Ա (990–1020) շահնշահը։ Վերջինիս կինը՝ Կատրանիդե թագուհին, ավարտին է հասցնում Անիի մայր տաճարի կառուցումը (1001)։
Զարգացած միջնադարում բոլոր միապետություններն անցել են ավատատիրական մասնատվածության փուլը։ Դեռ Սմբատ Ա թագավորի օրոք սկսվել էր Բագրատունյաց թագավորության մասնատումը. 908 թվականին որպես ինքնուրույն, թեև ենթակա միավոր առաջացել էր Վասպուրականի թագավորությունը (908–1021)՝ Արծրունիների գլխավորությամբ, իսկ Տարոնի ու Տայքի իշխանությունները դարձել էին Բագրատունիների կողմից կառավարվող ինքնուրույն միավորներ։ Մայրաքաղաքի՝ Կարսից Անի փոխադրելուց հետո առաջանում է Կարսի (Վանանդի) (963-1065), ավելի ուշ՝ Տաշիր-Ձորագետի թագավորությունը (978-1113)։ 987 թվականին ինքնուրույն թագավորություն է ստեղծվում Սյունիքում (987–1170)՝ Սյունիների գլխավորությամբ, իսկ 1008 թվականին Անիի Բագրատունիների վերահսկողությունից վերջնականապես ազատվում և որպես ինքնուրույն պետություն է դառնում Վրաց թագավորությունը՝ Բագրատիոնիների գլխավորությամբ։ Հետագայում՝ Գագիկ Ա-ի որդիների միջև ծավալված գահակալական պայքարի արդյունքում արևելյան ու արևմտյան հատվածների է բաժանվում բուն արքունի տիրույթը՝ Հովհաննես-Սմբատի ու Աշոտ Քաջի միջև։ Վերջինիս որդին 1045 թվականին գահընկեց է արվում, և բուն Հայաստանում հայ ժողովուրդը մոտ մեկ հազարամյակ զրկվում է սեփական պետություն ունենալուց։
Բագրատունիների թագավորության օրոք Հայաստանը բարգավաճում է. զարգանում են արհեստները ու միջազգային առևտուրը, նոր փուլ են մտնում երկրագործությունը և անասնապահությունը, որոնց արտադրանքը ուներ արդեն միջազգային պահանջարկ։ Տնտեսության զարգացման հետ մեկտեղ զարգանում են հին քաղաքները, առաջանում են նորերը։ Որպես միջնադարյան քաղաքներ հայտնի էին Դվինը, Կարսը, Անին, Արծնը (հետագայում՝ Արզրում), Վանը, Երևանը։ Կառուցվում են նոր բերդեր ու ամրոցներ, վանքեր ու եկեղեցիներ, ավելի է կատարելագործվում հայկական ճարտարապետությունը։ Այդ դարաշրջանից մեզ հասած բազմաթիվ եկեղեցիներ ունեն համաշխարհային հռչակ, իսկ Հաղպատի ու Սանահինի վանքերը գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Կիլիկյան Հայաստան
Հայկական լեռնաշխարհի հարավային սահմանների մոտ գտնվում է Կիլիկիա երկրամասը (հունարեն՝ «կալիս», «կալիկա», թարգմանաբար՝ նշանակում են «քարքարոտ»)։ Ունեցել է երեք հիմնական շրջան՝ լեռնային, դաշտային և բլորոտ կամ քարքարոտ։ Բնակեցված է եղել տարբեր ազգերով ու ժողովուրդներով, որոնցից առավել մեծաքանակ էին հույներն ու ասորիները։ Հայերը հաստատվել են մ.թ.ա. 1-ին դարից սկսած, երբ Կիլիկիան գրավվել է Տիգրան Մեծի կողմից։ Հայերի խմբերը ավելի են շատացել Պավլիկյան և թոնդրակյան շարժումներից հետո։ Զարգացած միջնադարում Անիի թագավորության անկումից հետո (1045) հայերի հոսքը ստվարացել է։
11-րդ դարում Կիլիկիայի հարևան տարածքներում ստեղծվում են Սեբաստիայի, Մալաթիայի և Քեսունի իշխանությունները։ Դրանք չեն կարողանում իրենց ազդեցությունը տարածել Կիլիկիայում. փոխարենը դա հաջողեցնում է Անիի վերջին թագավոր Գագիկ Բ-ի (1042–1045) թիկնապահ Ռուբենը։ Ռուբինյանների կամ Կիլիկիայի հայկական իշխանությունը գոյություն է ունենում ավելի քան մեկ դար՝ 1080–1198 թվականները, ապա վերածվում է թագավորության (1198–1375)։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ Բացի այդ, այն սահմանակցում էր իսլամադավան պետությունների հետ, ուստի հայտնի էր որպես «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։
11-րդ դարի վերջից Միջերկրական ծովի արևելյան ափին սկսվում են պատերազմներ կաթոլիկ եվրոպացիների և մուսուլմանների միջև՝ Երուսաղեմի գրավման համար։ Պատմության մեջ դրանք հայտնի են որպես խաչակրաց արշավանքներ, որոնց արդյունքում ձևավորվել են Անտիոքի դքսությունը, Տրիպոլիի և Եդեսիայի կոմսությունները, Երուսաղեմի թագավորությունը։ Խաչակրաց պետությունների տարեգրքերում Կիլիկյան Հայաստանը հայտնի է որպես «Փոքր Հայք»։ Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Խաչակիրները ևս շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ զարգացած տնտեսություն, վաճառաշահ քաղաքներ։ Կիլիկյան Հայաստանի հարուստ մշակույթի մեջ իր ուրույն տեղն ունի մանրանկարչությունը։
Զաքարյան իշխանապետություն
11-րդ դարի առաջին կեսին սելջուկ-թյուրքերի արշավանքներից հետո Միջին Արևելքում առաջացավ նոր քաղաքական միավոր՝ Սելջուկյան սուլթանությունը։ Այդ ժամանակ Լոռու թագավորությունում իշխում էին Կյուրիկյանները, իսկ Սյունիքում՝ Սյունիները։ Հայկական իշխանություններից Արծրունիների տոհմի մի ճյուղը տիրում էր Աղթամար կղզուն։ Սասունի Թոռնիկյանների իշխանությունը միակն էր Հարավային Հայաստանում, որ Մանազկերտի ճակատամարտից հետո (1071) պահպանեց իր անկախությունը։ Սասունից բացի, Թոռնիկյանները տիրում էին Արածանիի միջին հոսանքում ընկած գավառներին։ Սյունիքի թագավորության հարևանությամբ հայկական իշխանությունների խիտ ցանց էր հաստատված Արցախում (Ներքին Խաչեն, Հաթերք և Ծար)։
12-րդ դարի երկրորդ կեսին քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված ազատագրական պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները, ապա և Զաքարյանները։ Հայաստանը ազատագրելու նախաձեռնությամբ հանդես են գալիս Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի որդիները՝ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը (թագաժառանգի խնամակալը)։ 1198–1203 թվականներին ազատագրվեց ժամանակակից Հայաստանի և Արցախի տարածքը, շրջակա գավառները՝ Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը։ Զաքարյան իշխանապետությունը մտնում էր Վրաց թագավորության մեջ՝ որպես նրա ինքնուրույն միավոր։ Այն գոյատևեց մինչև 1261 թվականը՝ ընկնելով մոնղոլական տիրապետության հարվածներից։ Փաստացի մոնղոլները 1236 թվականին գրավել էին Արևելյան Հայաստանը, իսկ 1244 թվականի արշավանքի ժամանակ նվաճեցին Հայաստանը ամբողջությամբ։
14-17 դարերում՝ ուշ միջնադարում, Հայաստանը ասպատակել են զանազան միջինասիական ցեղեր ու ժողովուրդներ՝ Լենկթեմուրի զորքերը (1386–1405), Կարակոյունլուները (1405–1468), Ակկոյունլուները (1468–1502)։ Այնուհետև Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ, ինչ արդյունքում այն երկու անգամ (1555 և 1639 թվականներին) բաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Արևելյան Հայաստանը բաժանված էր 3 կուսակալությունների կամ բեկլարբեկությունների (Երևանի, Ղարաբաղի և Թավրիզի), իսկ Արևմտյան Հայաստանը՝ փաշայությունների միջև (Էրզրումի կամ Էրմենիստանի և Վանի՝ Մեծ Հայքի թուրքական հատվածը, Սվազի կամ Սեբաստիայի՝ Փոքր Հայք, Դիարբեքիրի կամ Խարբերդի՝ Հայկական Միջագետք)։
Նոր շրջան
Թուրք-պարսկական տիրապետություն
18-րդ դարում Հայաստանը շարունակվում էր բաժանված մնալ Միջին Արևելքի երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Թուրք-պարսկական հերթական պատերազմը ընթանում է Հայաստանում՝ 18-րդ դարի առաջին քառորդում։ Հայ ժողովուրդը դիմադրում է թուրքական տիրապետության դեմ, և ազատագրական-ինքնապաշտպանական պայքար է կազմակերպվում Երևանում (1724), Սյունիքում (1722–1730), Արցախում (1724–1731)։ Իրանում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն, և գահին է հաստատվում Նադիր շահը (1736–1747)։ Ավելի ուշ Արևելյան Հայաստանում կուսակալությունները բաժանվում են խանությունների՝ Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Ղարաբաղի, Խոյի, Մակուի և Ուրմիայի։ Այդ իրավիճակը տևում է մինչև 19-րդ դարի սկիզբը, երբ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսական կայսրությանը։
Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության կազմում։ Այնտեղ ևս տեղի ունեցան վարչատարածքային փոփոխություններ. փաշայությունները բաժանվեցին վիլայեթ-նահանգների (Էրզրումի, Վանի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի, Խարբերդի, Բիթլիսի)։
Հայաստանը գտնվում էր քաղաքական և տնտեսական ծանր վիճակում։ Արդեն գոյություն չունեին միջնադարյան հայկական հզոր իշխանական տները, նախկին հզորությունը չուներ հայ առաքելական եկեղեցին։ Ժաղովրդի ազատագրությունը կապվում էր Արևմտյան Եվրոպայի գերտերությունների հետ, սակայն 14-րդ դարից ի վեր գործնական քայլեր չէին արվում։ Էջմիածնի (1547), Սեբաստիայի (1562) ժողովներն ավարտվում են Եվրոպա պատվիրակություն ուղարկելու որոշումներով, սակայն նրանք վերադառնում են ձեռնունայն։ 1677 թվականին Էջմիածնում գումարվում է նոր եկեղեցական ժողով, և Եվրոպա է ուղարկվում Իսրայել Օրին։ Նա 20 տարի դեգերում է Եվրոպայում, և վերջնականապես կողմնորոշվում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն, որի շահերը Միջին Արևելքում համընկնում էին հայ ժողովրդի շահերին։ Նման դիրքորոշում են ունենում նաև 18-րդ դարի հայ ազատագրական այլ գործիչներ՝ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Սարաֆյանը, Հովսեփ Արղությանը և ուրիշներ։ 18-րդ դարի վերջին հայերի տոկոսը, առավելապես Արևելյան Հայաստանում, խիստ նվազել էր։ Հայերին սպառնում էր ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Գյուղերի էին վերածվել միջնադարյան ծաղկուն քաղաքները, քիչ թե շատ քաղաքի կարգավիճակ ունեին վարչական կենտրոններ Երևանը և Շուշին։
Ռուսական տիրապետություն
19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունն ընդարձակվում է հարավ։ 1801 թվականին, վրաց վերջին թագավոր Գեորգի XII Բագրատունին Ռուսաստանին է կտակում Քարթլի-Կախեթի թագավորությունը (Արևելյան Վրաստանը)։ Դրա հետ միասին Ռուսաստանին են անցնում Ջավախքի մի մասը, Լոռի-Փամբակը և Ղազախ-Շամշադինը։ Մինչ այդ երկիրը գտնվում էր Իրանի կազմում, ուստի շահը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։
Ռուս-պարսկական առաջին պատերազմի արդյունքում 1813 թվականին Ռուսաստանին է անցնում գրեթե ամբողջ Հարավային Կովկասը, այդ թվում՝ նաև Շիրակը (Շորագյալ), Սյունիքը (Զանգեզուր) և Արցախը (Ղարաբաղ)։ Գոհ չմնալով այդ պատերազմի արդյունքից՝ գահաժառանգ Աբբաս-Միրզան 1826 թվականին առանց պատերազմ հայտարարելու ներխուժում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը։ Ռուսները հայերի օգնությամբ կարողանում են դուրս գալ պաշարումից, և 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրում են Երևանը։ 1828 թվականին Թուրքմենչայում կնքվում է ռուս-պարսկական պայմանագիր, որով հաստատվում է ներկայիս Իրանի սահմանը։ Այնտեղի հայաբնակ գավառներից Արևելյան Հայաստան են տեղափոխվում 42 000 հայեր։ Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին միանում են Ախալցխան ու Ախալքալաքը, և Արևելյան Հայաստան են հայրենադարձվում 75-80 հազար հոգի։ Ձևավորվում են Երևանի և Ելիզավետպոլի նահանգները։
Ռուսական կայսրության կազմում Արևելյան Հայաստանը մնում է մինչև 1918 թվականը։ 1878 թվականին Ռուսաստանին է միանում նաև Կարսի մարզը։ 19-րդ դարի ընթացքում զգալի նվաճումների է հասնում հայկական մշակույթը, զարթոնք ապրում գիտությունը։ Որպես քաղաքներ բարգավաճում են Երևանը (32 000), Ալեքսանդրապոլը (Գյումրի, 35 000), Շուշին (42 000), Ելիզավետպոլը (Գանձակ, 59 000), Կարսը (21 000), հազարավոր հայեր են հաստատվում Հարավային Կովկասի մշակութային մայրաքաղաք Թիֆլիսում և արդյունաբերական կենտրոն Բաքվում։ Հայ ժողովուրդը հնարավորություն է ստանում սեփական հողում վերականգնելու դարեր առաջ կորցրած պետականությունը։
Նորագույն շրջան
Հայաստանի առաջին հանրապետություն
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը աստիճանաբար լքում են Հարավային Կովկասը։ Այնտեղ ձևավորվող տեղական ինքնակառավարման մարմինները աստիճանաբար ձեռք են բերում ինքնուրույնություն։ Առաջին աշխարհամարտի ընթացքում անկարող լինելով դիմակայել թուրքական հարձակմանը, անդրկովկասյան միությունը փլուզվում է. մայիսի 26-ին Կայզերական Գերմանիայի հովանավորությամբ իր անկախության մասին է հայտարարում Վրաստանի ազգային խորհուրդը՝ Թիֆլիսի և Քութայիսի նահանգների տարածքում։ Մայիսի 27-ին Օսմանյան կայսրության օգնությամբ Ելիզավետպոլի ու Բաքվի նահանգներում «Ադրբեջան» անունով պետություն ստեղծելու հռչակագրով հանդես է գալիս թյուրքական Մուսավաթական կուսակցությունը։ Մայրաքաղաքը հռչակվում է Ելիզավետպոլը, քանի որ Բաքուն գրավված էր կոմունիստների կողմից։ Մայիսի 28-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը՝ հայոց գավառների վրա։
Մինչ այդ, Հայոց մեծ եղեռնից հետո նպատակ ունենալով վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին, 1917 թվականի դեկտեմբեր ամսից թուրքական զորամասերը կարողացել էին գրավել ռուսների ազատագրած տարածքները՝ Երզնկան, Էրզրումը, Վանը, Բիթլիսը, Բայազետը, և գարնանը ներխուժել էին Արևելյան Հայաստան։ Կարսի և Գյումրու անկումից հետո թուրքերը ներխուժում են Արարատյան դաշտ։ Մայիսյան հերոսամարտերի (Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա) արդյունքում հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը։ Իր գոյության ընթացքում՝ 1918–1920 թվականներին, Հայաստանում կային բազմահազար գաղթականներ, երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, տարածված էին սովն ու համաճարակները։
Չնայած ծանր պայմաններին, Հայաստանում եղել են նաև դրական տեղաշարժեր։ Բացվել է առաջին հայկական ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Երևանի պետական համալսարանը (1919), հայերենը երկար դարեր անց առաջին անգամ ճանաչվել է պետական լեզու, կազմավորվել է հայկական բանակը։ Հայաստանը ստացել է միջացգային ճանաչում, դիվանագիտական ու առևտրային հարաբերություններ են հաստատվել հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրների հետ։ Հայաստանի իշխանությունը փաստացի տարածվում էր նախկին Երևանի նահանգի ու Կարսի մարզի, ինչպես նաև Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ մի քանի գավառների վրա։ Զանգեզուրը, Ղարաբաղն ու Նախիջևանը եղել են վիճելի տարածքներ՝ Ադրբեջանի հետ, իսկ Լոռին ու Ջավախքը՝ Վրաստանի։ 1920 թվականի օգոստոսի 20-ին կնքված Սևրի պայմանագրով Հայաստանին էին անցնելու այն տարածքները, որոնք ռուսներն ազատագրել էին Օսմանյան կայսրությունից։ Սակայն Թուրքիան չճանաչեց այդ պայմանագիրը և հարձակվեց Հայաստանի վրա։ Պատերազմի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Դաշնակցության կառավարությունը հրաժարվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսից, Սուրմալուից ու Շիրակից, իսկ Նախիջևանում պետք է հաստատվեր «մի երրորդ պետության» գերիշխանություն։
Նման պայմաններում Զանգեզուրում կազմակերպվեց ինքնապաշտպանություն, որի գլուխ անցավ Գարեգին Նժդեհը։ Դաշնակցությունը վերջնականապես հանձնվեց Կարմիր բանակին, և Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Հայկական ԽՍՀ-ն հռչակվել է 1920 թվականի նոյեմբերի 29-ին՝ Իջևանում, պաշտոնապես հիմնադրվել 3 օր անց՝ դեկտեմբերի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով։ Հայկական ԽՍՀ-ն սկզբում եղել է անկախ միավոր, ապա մտել ԽՍՀՄ կազմը՝ նախ որպես Անդրկովկասյան Դաշնային ԽՍՀ հանրապետություն (1922–1936), ապա՝ որպես ինքնուրույն միավոր (1936–1991)։
Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսությունը զարգանում էր նախօրոք մշակված հնգամյա պլաններով։ Այդ ընթացքում Հայաստանում բացվել են տասնյակ գործարաններ ու ֆաբրիկաներ, Հայաստանը գյուղատնտեսական երկրից վերածվել է արդյունաբերական զարգացած երկրի։ Այն կարողանում էր էլեկտրաէներգիա մատակարարել հարևան պետություններին, քանի որ արտադրում էր ավելի շատ, քան կարող էր սպառել. երկրում գործում էին մեկ ատոմակայան (Մեծամոր), երեք ջերմային (Հրազդան, Վանաձոր, Երևան) և տասնյակ ջրային էլեկտրակայաններ։ Կառուցվել էին Նաիրիտ արհեստական կաուչուկի գործարանը, Վանաձորի քիմիական գործարանը, մետաղաձուլական կոմբինատներ Կապանում, Քաջարանում ու Ալավերդիում, տեքստիլ ֆաբրիկաներ Գյումրիում։ Մայրաքաղաք Երևանը ամբողջովին կառուցապատվեց նոր թաղամասերով, գյուղերը վերածվեցին քաղաքների, կառուցվեցին նորերը։
Զգալի փոփոխություններ կրեց կրթական համակարգը։ Տարրական ու միջնակարգ դպրոցներ բացվեցին գրեթե բոլոր գյուղերում, իսկ խոշոր բնակավայրերում հիմնվեցին թերի բարձրագույն ու բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Երևանի պետական համալսարանից առանձնացան լեզվաբանական, բժշկական, պոլիտեխնիկական, մանկավարժական և այլ ինստիտուտներ, որոնք իրենց մասնաճյուղերն ունեցան Վանաձոր, Գյումրի, Գորիս քաղաքներում։ Կրթական համակարգի զարգացման հետ զուգընթաց զարգացավ առողջապահությունը. բացվեցին բազմաթիվ հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, կլինիկաներ։
Խորհրդային Հայաստանի ռազմական ուժը հանդիսանում էր ԽՍՀՄ բանակի մասը։ Հայերը մեծ ներդրում են ունեցել խորհրդային ժողովուրդների Երկրորդ համաշխարհային պատերազմում։ 1,3 միլիոն բնակչությունից 250 000-ը զորակոչվել են բանակ, որոնց մի մասը չի վերադարձել տուն։ Պատերազմից հետո կազմակերպվել է մեծ հայրենադարձություն, և Հայաստան են ժամանել 86 000 հայեր։ Հայաստանի բնակչությունը 1989 թվականի վերջին մարդահամարով կազմել էր 3, 3 միլիոն բնակիչ, որոնց բացարձակ մեծամասնությունը հայեր էին։ 70 տարի առաջ, երբ Հայաստանում նոր էին հաստատվում խորհրդային կարգեր, բնակչությունը հասնում էր 700 000 մարդու, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում մուսուլմանները։
Անկախության վերականգնում
Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվել է բարդ պայմաններում. 1988 թվականին սկսվել էր Արցախյան շարժումը, դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում ադրբեջանաբնակ 500 000 հայեր լքեցին երկիրը, որոնցից 350 000-ը փախստականի կարգավիճակով տեղափոխվեցին Հայաստան։ Սպիտակի երկրաշարժից հետո զոհվեցին 25 000 բնակիչ, անօթևան մնացին 530 000-ը։ Հայաստանից Հյուսիսային Կովկաս են էվակուացվում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մյուս կողմից՝ 1990 թվականին հակամարտությունը վերաճում է պատերազմի։ Արցախյան գոյամարտը տևում է 4 տարի՝ 1990–1994 թվականները։ Պատերազմի պատճառով քայքայվեց երկրի տնտեսությունը. այն կանգնեց էներգետիկ ճգնաժամի առջև, երբ փակվեցին արևելյան և արևմտյան սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։ Անկախության գործընթացը սկսվել էր 1990 թվականից։ Օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 միլիոն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94, 39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունների արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց արցախյան շարժման առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։
ԽՍՀՄ փլուզումը (1991 թվականի դեկտեմբերի 8) և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծումը (1991 թվականի դեկտեմբերի 21) տեղի ունեցավ միաժամանակ։ Հայաստանն առաջիններից էր, որ անդամագրվեց ԱՊՀ-ին՝ 11 պետությունների շարքում։ Երկրորդ միջազգային կազմակերպությունը, որին անդամակցեց Հայաստանը, Միավորված Ազգերի Կազմակերպությունն էր (ՄԱԿ, մարտի 2, 1992)։ 1994 թվականին Արցախ-Ադրբեջան գոտում կնքվեց զինադադար. Հայաստանն ու Արցախը հաղթանակով ավարտեցին իրենց պարտադրած պատերազմը։ 1995 թվականի հուլիսի 5-ին, խաղաղ պայմաններում, Հայաստանն ընդունեց իր գլխավոր օրենքը՝ սահմանադրությունը։ Այն հիմնված է Ֆրանսիայի սահմանադրության, ինչպես նաև՝ Մխիթար Գոշի Դատաստանագրքի, Սմբատ Գունդստաբլի Դատաստանագրքի, Շահամիր Շահամիրյանի Նոր տետրակի և Որոգայթ փառացի վրա։ 2005 թվականին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումներ։ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է նախագահի պաշտոնից, և նոր նախագահ է դառնում Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ թեկնածուն՝ Կարեն Դեմիրճյանը, ով նախկինում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր (1974–1988), ընտրվում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, իսկ սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ Հայաստանի վարչապետ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի է ունենում ողբերգություն. սպանվում են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, 6 պատգամավորներ։ Այդ ժամանակ Ազգային Անվտանգության ղեկավարի պաշտոնում էր Սերժ Սարգսյանը, ով 2008 թվականին դառնում է Հայաստանի երրորդ նախագահը՝ փոխարինելով Ռոբերտ Քոչարյանին։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումների հանրաքվե։ Հանրաքվեի արդյունքներով Հայաստանը անցավ կառավարման խորհրդարանական համակարգին, այսինքն երկրի գլխավոր դեմքն էր դառնում ոչ թե նախագահը այլ վարչապետը։
2018 թվականին ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում, Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 23-ին հրաժարական տվեց, իսկ մայիսի 8-ին Ազգային ժողովը երկրորդ փորձից, Հայաստանի վարչապետ է ընտրում թավշյա հեղափոխության առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի անկախությունն օգնել է երկրի միջազգային ճանաչմանը։ Այստեղ են տեղի ունեցել շախմատի միջազգային օլիմպիադան (1996), Համահայկական խաղերը (1999 թվականից սկսած), Ոսկե ծիրան կինոփառատոնը (2004 թվականից սկսած), Մանկական Եվրատեսիլը (2011) և շատ այլ փառատոներ, հանդեսներ և մրցույթներ։ Հայոց պետականության վերականգնումը կարևոր քայլ էր Հայ Առաքելական եկեղեցու պահպանման, Հայոց լեզվի զարգացման և ազգային ինքնագիտակցության ամրապնդման համար։
2018 թվականին նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը և Երևանի 2800-ամյակը։
Աշխարհագրություն
1. Հայաստանի ռելիեֆի քարտեզ 2. Հայաստանի տարածքի
արբանյանակային նկար (2003 թվական) |
Հայաստանը գտնվում է Միջին Արևելքում՝ Հարավային Կովկասում։ Այստեղ կան միջազգայնորեն ճանաչված երեք (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և փաստացի գոյություն ունեցող երեք (Աբխազիա, Հարավային Օսիա, Արցախ) պետություններ։ Նախկին ինքնավար հանրապետություններից Նախիջևանը պահպանել է իր կարգավիճակը, իսկ Աջարիան դարձել է Վրաստանի մարզերից մեկը։
Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանի, հարավից՝ Իրանի, արևելքից՝ Ադրբեջանի, արևմուտքից՝ Թուրքիայի հետ։ Հանրապետության հարավային մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը արևելքից սահմանակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքում հայկական երկրորդ հանրապետությունն է՝ Արցախը։
Հայաստանի սահմանների երկարությունը հասնում է 1 570 կմ է։ Արևելյան սահմանի երկարությունը հասնում է 566 կմ֊ի․ սահմանից այն կողմ Ադրբեջանն է ու Արցախը։ Արևմուտքում անցնում է թուրքական սահմանը (311 կմ), ապա՝ Ադրբեջանի անկլավային տարածք Նախիջևանի սահմանը (221 կմ)։ Հայաստանի հյուսիսային սահմանը Վրաստանի հետ ունի 219 կմ, իսկ հարավային սահմանն Իրանի հետ՝ 44 կմ։
Հայաստանի ծայրակետերն են՝
- հյուսիս՝ Տավուշ 41°16′59″ հս․. լ. 45°00′00″ ավ. ե.HGЯO
- հարավ՝ Սյունիք 38°49′01″ հս․. լ. 46°10′01″ ավ. ե.HGЯO
- արևելք՝ Սյունիք 41°04′59″ հս․. լ. 43°27′00″ ավ. ե.HGЯO
- արևմուտք՝ Շիրակ 39°07′48″ հս․. լ. 46°37′01″ ավ. ե.HGЯO
Հայաստանի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք է՝ 360 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 200 կմ։
Հարևան բնակավայրեր | ||
---|---|---|
Վրաստան | ||
Թուրքիա | Ադրբեջան | |
Նախիջևան | Իրան | Արցախ |
Լեռնագրություն
Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա։ Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 000 կմ2 կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 000 կմ2։
Ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375 մ։ Մյուս բարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3 906 մ) և Աժդահակը (3 598 մ)։
Հողեր
Երկրի տարածքը կազմում է 29․743 կմ2, որի 71,3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12,4 %՝ անտառային, 7,7 %՝ հատուկ պահպանվող տարածքներ և 8,6 %՝ այլ հողեր։ Թեև Հայաստանի տարածքը փոքր է, սակայն հողային ծածկույթը խիստ բազմազան է։ Դրա վրա ազդող գործոններից ամենակարևորները համարվում են կլիման, տեղանքի ռելիեֆը և զանազան ապարների առկայությունը։ Մեր երկրում հողերը, ինչպես և կլիման, փոխվում են վերընթաց գոտիականությամբ։ Երկրի այն հատվածներում, որտեղ կան ռելիեֆի դրական ձևեր՝ լեռներ, բլուրներ, թմբաշարեր, սարեր, այդտեղ հողերը աղքատիկ են, բարակ շերտով, հումուսով աղքատ, լվացված, գերակշռում են կմախքային հողերը։ Իսկ ռելիեֆի բացասական ձևերում՝ գոգավորություններ, գետահովիտներ, լեռան ստորոտներ, դաշտեր, գերակշռում են հումուսով հարուստ ու բերրի հողերը։
Հայաստանում առաձնացվում են թվով 15 ծագումնաբանական հողատիպեր.
- Կիսաանապատային գորշ հողեր, այս հողերը տարածված են հիմնականում 800-1300 մետր բացարձակ բարձրություններում։ Հիմնականում կղզիակերպ տարածված են Արարատյան գոգավորության ցածրադիր մասերում, Կարմրաշենի և Եղվարդի սարավանդներում, Խորվիրապի բլրի հատվածում, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաների ստորին հատվածներում։ Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմայի և աղքատ բուսածածկույթի պայմաննեում։ Այս հողերը կազմում են 65 հազար հա մակերես։ Հումուսի քանակը հասնում է 1,5-2 %։ Քարամաքրման, արհեստական ոռոգման, քիմացման հետևանքով այս հողերը վերածվել են կուլտուր-ոռոգելի հողերի՝ ձեռք բերելով բերրիություն, կնձիկայնություն։ Ներկայումս հենց այս հողերն են տալիս կորիզավոր պտուղների, խաղողի, բանջարաբոստանային մշակաբույսերի մեծ մասը։ Քանի որ Արարատյան դաշտում շատ են գրունտային ջրերի մակարդակը, որոնք արագորեն գոլորշիանում են, ուստի այստեղ առաջանում են նաև աղուտներ։ Աղուտներում աճում են աղածաղիկ, աղահասկիկ, օշինդր և այլն։ Արարատյան դաշտի այն հատվածներում, որտեղ տարածված են շրջակա լեռներից եկած լավաները, առաջացել են «ղռեր»։
- Լեռնաշագանակագույն հողեր, սրանք անցումային դիրք են գրավում կիսաանապատային գորշ հողերի և լեռնային սևահողերի միջև։ Հանրապետության հյուսիս-արևելքում դրանք ընկած են 600-800 մետր բարձրությունների վրա, Արարատյան գոգավորությունում 1300-1500 մետր բարձրությունները, իսկ երկրի հարավ-արևելքում հասնում են մինչև 1600-1800 մետր բարձրությունները։ Հողերը ձևավորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում։ Լեռնաշագանակագույն հողերի մակերեսը կազմում է շուրջ 420 հազար հա տարածք։ Հումուսի պարունակությունը հասնում է 3-4 %-ի։ Այս հողերի վրա մշակում են հիմնականում հացահատիկային մշակաբույսեր, կորիզավոր պտուղներ, ծխախոտ, մերձարևադարձային բույսերից թուզ, նուռ։
- Լեռնային սևահողեր, այս հողատեսակը հանրապետությունում ամենատարածվածն է։ Տարածված են Արարատյան գոգավորության հարակից թույլ ալիքավոր հրաբխային սարավանդներում, Շիրակի և Լոռվա դաշտերում, Սևանի ավազանում։ Որոշ չափով հանդիպում են նաև Վայոց ձորի ու Սյունիքի մեղմաթեք լեռնալանջերի 1300-2400 մետր բարձրություններում։ Ընդհանուր առմամբ այս հողերը կազմում են 730 հազար հա մակերես։ Սևահողերն ունեն կնձիկահատիկային կառուցվածք։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 55-75 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 4-11%, ինչը հիմնականում պայմանավորված է տափաստանային հոծ բուսածածկույթի քայքայման հետ։ Սևահողերի տարածման շրջաններում գլխավորապես մշակում են հացահատիկային մշակաբույսերից ցորեն, գարի, հնդկացորեն, այլ մշակաբույսերից՝ շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, կերային զանազան բույսեր՝ առվույտ, իշառվույտ, կորնգան, երեքնուկ, քիչ քանակությամբ ծխախոտ և պտղատու ծառեր։
- Լեռնանտառային դարչնագույն հողեր, այս հողերը տարածվում են հիմնականում անտառային գոտու ցածրադիր տեղամասերում։ Ընդգրկում են հիմնականում հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ծալքաբեկորավոր լեռների մինչև 1500 մետր բացարձակ բարձրությունները։ Մակերեսը հասնում է 530 հազար հա-ի։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 55-65 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 6-8%։ Մշակում են հիմնականում հացահատիկային բույսեր, պտուղ-բանջարեղեն։ Որպես խոտհարքներ նույնպես լայն կիրառություն ունեն։
- Լեռնանտառային գորշ հողեր, այս հողերը տարածված են կրկին անտառային գոտոմ, սակայն միջին և բարձրադիր տեղամասերում։ Տարածման բարձրությունը հյուսիսարևելյան շրջանում հասնում է մինչև 2100 մետրը, իսկ հարավարևելյան շրջանում՝ 2400 մետրը։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 50-55 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 4-5%։ Մշակում են հիմնականում նույն բույսերը, ինչ վերոնշյալ հողատիպի դեպքում՝ հացահատիկային բույսեր, պտուղ-բանջարեղեն։ Որպես խոտհարքներ նույնպես լայն կիրառություն ունեն։
- Մարգագետնատափաստանային հողեր, վերոնշյալ երկու հողատիպերից վերև տարածվում են այս հողերը։ Սրանք տարածված են ծովի մակարդակից 2100-ից մինչև 2400-2500 մետր բացարձակ բարձրությունները։ Մակերեսը կազմում է շուրջ 360 հազար հեկտար։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 40-45 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 8-11%։ Սրանք կիրառվում են որպես խոտհարքեր՝ ստորին հատվածներում, որպես արոտավայրեր՝ բարձրադիր շրջաններում։
- Լեռնամարգագետնային հողեր, այս հողերը տարածվում են մարգագետնատափաստանային հողերից վեր, հրաբխային լեռնազանգվածների և ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մինչև 3300 մետր բարձրությունները։ Մակերեսը կազմում է շուրջ 370 հազար հեկտար։ Հումուսատար շերտի հաստությունը կազմում է 20-30 սմ։ Իսկ հումուսի պարունակությունը հասնում է 7-8%։ Այս հողերի վրա տարածված են ալպյան մարգագետինները։ Չունեն երկրագործական նշանակություն։ Օգտագործվուն են որպես արոտավայրեր, հիմնականում ոչխարների արածման համար։
Լեռներ ու լեռնաշղթաներ
Հայաստանի լեռները ամբողջությամբ գտնվում են Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում։
Հայաստանի Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին գտնվում է Ջավախքի լեռնաշղթան։ Երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թռեղքից (Թրիալեթ) մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։ Ամենաբարձր գագաթը Աչքասարն է (3196 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով։
Հայաստանի Լոռու մարզում են գտնվում Բազումի, Փամբակի և Վիրահայոց լեռնաշղթաները։ Հարավ-արևելքում Ծաղկունյաց լեռնաշղթան է։ Գուգարաց լեռները բնական սահման են Լոռու և Տավուշի մարզերի միջև։ Տավուշում են գտնվում Միափորի, Հախում, Տավուշ, Խնձորուտ և այլ լեռնաշղթաներ։ Հյուսիսային Հայաստանի այս լեռնաշղթաներից ամենաբարձրը Թեժլեռն է (3101 մ)։
Սևանի լեռնաշղթան սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ավելի հարավ ճյուղավորվում են երկու լեռնաշղթաներ՝ Զանգեզուրի և Արցախի լեռները։ Զանգեզուրի լեռնաշղթան Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ապա՝ Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնական սահմանն է։ Բարձր կետը Կապուտջուղն է (3906 մ)։
Հայաստանում գտնվող լեռնային հրաբխային լեռներ են՝ Գեղամա լեռնաշղթան և Արագածի լեռնազանգվածը (4090.1 մ)։ Գեղամա լեռնավահանի երկարությունը մոտ 65 կմ է, լայնությունը՝ 35 կմ[59]։ Հրաբխային կոներից ամենաբարձրը Աժդահակն է՝ (3597,3 մ)։ Գեղամա լեռնաշղթայից դեպի արևմուտք է ձգվում Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամա լեռնաշղթայում կան մի շարք լեռնային ոչ մեծ լճեր, այդ թվում խառնարանային։ Լճերից մեկը Աժդահակ լեռան խառնարանում է, որը սնուցվում է ձնհալով։ Գեղամա լեռնաշղթայում կարելի է հանդիպել թռչունների մոտ 250 տեսակ, ինչը կազմում է Հայաստանում հանդիպող թռչնատեսակների 70%-ը։ Լեռնաշղթայի հարավային լանջերի որոշ հատվածներ մտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մեջ։
Հանրապետության կենտրոնական հատվածում տարածվում է Արագածի լեռնազանգվածը։ Այն ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Կատարները կիսաշրջանաձև են, կազմում են 270 աստիճանի աղեղ։ Արագածի լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմրաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհանավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատներով։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները՝ իրենց նրբերանգներով․ լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրությունների։
Հովիտներ ու գոգավորություններ
Հայաստանի տարածքի մոտ 80 %-ը լեռներ են։ Երկրի ամենամեծ գոգահովիտներից են Արարատյան, Շիրակի, Սևանի և Փամբակի գոգավորությունները։ Արարատյան գոգավորությունը գտնվում է Արաքսի ավազանի միջին մասում։ Հատակը՝ Արարատյան դաշտը (բարձր. 800–1000 մ), թույլ թեքությամբ իջնում է դեպի հարավ-արևելք։ Այն ամենախիտ բնակեցված հատվածն է, որտեղ ապրում է ազգաբնակչության կեսը։
Սևանի գոգավորությունը շրջապատված է Գեղամա և Սևանի լեռնաշղթաներով. այստեղ է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը՝ Սևանը։ Նրա ջրահավաք ավազանը ներառում է երեք տասնյակ գետեր ու գետակներ, որոնք գտնվում են գոգավորության սահմաններում։ Միաժամանակ հանդիսանում է Սևան ազգային պարկի հիմնական տարածքը։
Հանրապետության հյուսիս-արևմուտքում է գտնվում Շիրակի գոգավորությունը։ Շրջանակված է Շիրակի, Փամբակի լեռնաշղթաներով և Արագած լեռնազանգվածով։ Արևմուտքում միանում է Կարսի սարահարթին։ Հատակը՝ Շիրակի դաշտը, գտնվում է 1550–1600 մ բարձրության վրա։ Ունի 25–30 կմ երկարություն և 18–20 կմ լայնություն։ Այն ևս տեկտոնական իջվածք է, լցված լճային, հրաբխային և նորագույն ալյուվիալ, պրոլյուվիալ և այլ նստվածքներով։ Նրան հարակից Փամբակի գոգավորությունը գտնվում է Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների միջև։ Ջաջուռի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճը այն ձգվում է 1300–1600 մ բարձրության վրա։ Այս իջվածքը ևս լցված է նստվածքներով, ունի շինանյութերի հանքավայրեր, տորֆի ու լիգնիտի պաշարներ։
Լեռնային պայմաններ ունեցող երկրի համար այս գոգավորություններն ունեն կենսական նշանակություն, հանդիսանում են գյուղատնտեսության, մասնավորապես՝ երկրագործության հիմնական օջախները, այստեղ է կենտրոնացած բնակչության բացարձակ մեծամասնությունը։ Այստեղ ոչ միայն գյուղական բնակավայրերն են, այլև հանրապետության խոշորագույն քաղաքները՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը և Արմավիրը։
Հայաստանի տարածքի բաշխվածությունը ըստ բարձրության գոտիների
Բացարձակ բարձրությունը | Գոտու մակերեսը (հազար կմ2) |
---|---|
375–500 | 0,02 |
500–800 | 0,53 |
800–1000 | 2,37 |
1000–1400 | 4,33 |
1400–2000 | 10,40 |
2000–2500 | 7,29 |
2500–3000 | 3,80 |
3000–4090 | 1,00 |
Ընդամենը | 29,74 |
Հայաստանը 10-րդ ամենաբարձր երկիրն է աշխարհում ըստ իր տարածքի միջին բարձրության։
Օգտակար հանածոներ
Լինելով լեռնային երկիր՝ Հայկական լեռնաշխարհը հարուստ է զանազան օգտակար հանածոներով։ Հին ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի, ոսկու, երկաթի և այլ հանքեր։ Պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ Սև մետաղներից երկաթի համեմատաբար խոշոր հանքավայրեր կան Սվարանցի, Հրազդանում և Աբովյանում (Կապուտան) հանքավայրերը։
Հայաստանում հսկայական են շինանյութերի պաշարները։ Բազալտի շերտերը հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում։ Պեռլիտը հանդես է գալիս ավազի ու խճի տեսքով։ Հանդիպում են տուֆի, բազալտի (որձաքար), հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր։ Հայաստանում հայտնի են Ջաջուռի և Ջերմանիսի ածխահանքերը։
Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի էին ջերմուկ անունով։ Հնում նշանավոր էին Վարշակի, Վայոց ձորի ջերմուկները, այժմ՝ Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի և այլ հանքային աղբյուրները։
Վերընթաց լանդշաֆտային գոտիներ
Հայաստանի տարածքում լանդշաֆտային գոտիները միմյանց հերթափոխում են ուղղահայաց ուղղությամբ, քանի որ մեր մոտ ռելիեֆը լեռնային է. կլիմայական գոտիների հերթափոխը լեռներում կոչվում է վերընթաց գոտիականություն։ Հանրապետությունում հերթափոխվում են հետևյալ՝ թվով հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝
- անապատակիսաանապատային
- լեռնատափաստանային
- լեռնանտառային
- մերձալպյ-ալպյան
- ձյունամերձ
Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին հանրապետությունում գոյացել է գոգավոր, տափարակ ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի ներգործության պայմաններում։ Այս գոտին հիմնականում տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում։ Անապատակիսաանապատային լանդշաֆտները հիմնականում տարածված են կղզյակներով։ Որպես այդպիսին առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ տարածված են աղուտները։
Կիսաանապատային լանդշաֆտներն համեմատաբար ընդարձակ գոտի են կազմում երկրի նախալեռնային շրջաններում՝ 800-1400 մետր բարձրություններում։ Այստեղ տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 230-300 մմ։ Գլխավոր հողատիպը լեռնային գորշ հողատիպերն են, որոնք իրենցից «ղռեր» են ներկայացնում։ Մշակվող տարածքներում հողերը ենթարկվել են բարելավման՝ քարամաքրում, աղազերծում, քիմիացում, դրենաժավորում, արհեստական ոռոգում և դարձել են կուլտուր-ոռոգելի։ Տեղումների ժամանակահատվածում, որը հիմնականում գարնանն է լինում, կիսաանապատերը ծածկվում են էֆեմեր (կարճակյաց) բուսականությամբ։ Սրանք արագ չորանում են տաք օրերի և ամռան գալուն պես։ Այս գոտում ամենաբնորոշ բույսերից են օշանը, օշինդրը, աղածաղիկը, աղահասկիկը, ֆրիգանոիդ՝ (լեռնաչորասեր) բուսականությունից՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։ Կենդանիներից բնորոշ տեսակներից են սողունները՝ իժ, հայկական գյուրզա, լորտու։ Միջատներից տարածված են կարիճներն ու մորմերը։ Գոտում տարածված թռչուններից են արագիլը, բազեներից՝օձակեր բազեն, լորը, մեղվակերը, հոպոպը, ճնճղուկը։ Կենդանիներից բնորոշ են աքիսը, համստերը, դաշտամկները, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն։ Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության ամբողջ տարածքը ավելի քան 10%-ը։ Սա համարվում է ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական ու գլխավոր շրջանը։
Լեռնատափաստանային լանդշաֆտները Հայաստանի տարածքում ամենամեծ տարածում ունեցողներն են համարվում։ Այս գոտում առանձնացվում են երկու լանդշաֆտային ենթագոտիներ՝ չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։
Չոր լեռնատափաստանային ենթագոտին տարածվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռնայի շրջաններում։ Հասնում է մինչև 1800 մետր բարձրությունները։ Կլիման այստեղ տաք է և չորային։ Ի տարբերություն անապատակիսաանապատային գոտու, այստեղ տեղումները համեմատաբար քիչ ավելին են՝ 300-400 մմ։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում հետանտառային լանդշաֆտներ են, որոնք առաջացել են մարդու երկարամյա գործունեության հետևանքով։ Կլիման մերձարևադարձային է՝ չափավոր տաք ու մեղմ ձմեռներով։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և Հայաստանի հյուսիս-արևելքում նպաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռ, թուզ, խուրմա, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում՝ պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար։
Սևահողային տափաստանների ենթագոտին տարածվում է վերոնշյալ գոտուց ավելի վեր և հասնում է մինչև 2000-2400 մետր բարձրությունները։ Այս գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդների և բարձրադիր գոգավորություննեում։ Այս ենթագոտում ամառները տաք են իսկ ձմեռները ցուրտ։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ-ի։ Հումուսի քանակությունունը հողում հասնում է 15 %-ի։ Տարածված բուսականությունը տիպիկ տափաստանային է՝ սիզախոտ, փետրախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ, ավելուկներ, եղինջ, սիբեխ և այլն։ Այս գոտու վերին սահմաններին տարածվում են համեմատաբար խոնավ մարգագետնային տափաստանները։ Կենդանական աշխարհը բավականին բազմազան է։ Հիմնականում տարածված են կրծողները և թռչունները, ինչպես նաև շատ են միջատները։ Կրծողներից՝ մկներ, դաշտամկներ, աքիս, ճագար, ճագարամուկ։ Թռչուններից՝ բազե, բու, բվեճ, ագռավ, ճնճղուկ, կաչաղակ։ Սևահողային տափաստանները Հայաստանում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։ Շիրակի դաշտ, Լոռու դաշտի և Սևանի ավազանի սևահողերում հիմնականում մշակում են աշնանացան ցորեն, գարնանացան գարի, կորեկ, հաճար, վարսակ, աշորա, կարտոֆիլ, կաղամբ, շաքարի ճակնդեղ, ծաղկակաղամբ և այլն։
Լեռնանտառային լանդշաֆտները հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ Հայաստանում գտնվող լեռնային համակարգերը հիմնականում հողմակողմ (հյուսիսային) լանջերը։ Սրանք զբաղեցնում են Հայաստանի տարածքի 10%-ը։ Հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ առավել խոնավ է, անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մետր բարձրությունները, իսկ հարավ-արևելքում՝ Զանգեզուրի հատվածում՝ մինչև 2400 մետր բարձրությունները։ Լեռնանտառային գոտում կլիման համեմատաբար մեղմ է։ Այստեղ ձմեռները չափավոր ցուրտ են, սակայն ձնառատ, գարունը զով է ու խոնավ, տեղումնառատ, ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը՝ մեղմ է։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ։ Տարածված են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը։ Բույսերից հիմնականում տարածված են լայնատերև և փշատերև տեսակները։ Անտառներում հանդիպում են բոխի, թխկի, սոսի, կաղնի, հաճարենի, հոնի ծառ, կեչի, սզնի, վայրի տանձ, ընկուզենի, նշենի, եղևնի, եղևին, սոճի։ Կենդանիներից՝ սկյուռ, անտառային վարազ, գորշ արջ, փայտփոր, արծիվ, բազե և այլն։
Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության տարածքում հյուսիսային գոտում սկսվում են 1900-2000 մետր, իսկ հարավային գոտում՝ 2400 մետր բարձրություններում։ Սրանք ձևավորվել են հիմնականում ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում տարվա կեսը ձմեռը է, տևական ու սառնամանիքային, ձնառատ։ Ամառները կարճ են ու զով։ Բավականին բարձր է արեգակնային ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։ Տարածված են հիմնականում ծաղկող բույսեր՝ զանգակ, ձնծաղիկ, գնարբուկ, երիցուկ, հովտաշուշան, աստղաշուշան, երեքնուկ, հիրիկ կովկասյան, պապլոր, և այլն։
Ձյունամերձ լանդշաֆտները հանրապետությունում տարածվում են հիմնականում բարձր լեռնային գոտիներում՝ 3500 մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ, Աժդահակ, Ծղուկ և այլն)։ Այս գոտում հիմնականում տիրապետում են մերկ ժայռերը, ձյան բծերն ու սառնամանիքային հողմահարման երևույթները։ Բուսածածկույթ այստեղ չի առաջանում։ Միայն որոշ տեսակի մամուռներ ու քարաքոսեր են տարածվում։ հողերը կմախքային, պարզագույն հողեր են, ավազներ։
Ջրագրություն
Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Երկրում կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»՝ «Նաիրի»։ Երկրի տարածքի 4,7%-ը (1,4 հազար կմ2) կազմում է ջուրը։
Գետեր
Հայաստանի ամենաերկար գետերն են՝ Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան և Քասաղը[60]։ Գետերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23 հազար կմ։
Հայաստանի գլխավոր գետը Արաքսն է՝ Հրազդան վտակով։ Այն ունի 1072 կմ երկարություն, որից 158 կմ-ը անցնում է Հայաստանի տարածքով. այն Հայաստանի բնական սահմանն է Թուրքիայի և Իրանի հետ։ Գետերի մեծ մասը Արաքսի վտակներն են։ Ամենաերկարը Ախուրյանն է (186 կմ)։ Այն սկիզբ է առնում Արփի լճից և թափվում Արաքս գետը՝ կազմելով Հայաստանի արևմտյան սահմանը Թուրքիայի հետ։ Այն հանրապետության երրորդ գետն է՝ միջին ծախսը 26, 9 խմ/վ (տարեկան 900 միլիոն խոր մ)։
Երկրի ներսում՝ Որոտան (179 կմ, Հայաստանում՝ 119 կմ), Հրազդան (141 կմ) և Արփա (126 կմ, Հայաստանում՝ 90 կմ) գետերի վրա, կառուցված են մեկ տասնյակից ավելի ջրաէլեկտրակայաններ, ինչպես նաև՝ ջրամբարներ ու լճակներ։ Այդ խոշոր գետերի հովիտներում է կենտրոնացած հանրապետության հիմնական բնակչությունը, խոշոր գյուղերն ու քաղաքները։
Հյուսիս-արևելյան շրջանում՝ Լոռու և Տավուշի մարզերում, գետերը պատկանում են Կուր գետի ավազանին։ Առավել խոշորներն են՝ Դեբեդը՝ Փամբակ ու Ձորագետ վտակներով, Աղստևը, Գետիկը և այլն։
Լճեր և ջրամբարներ
Հայաստանում կան բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծը՝ Սևանա լիճը, գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա։ Այն հանրապետության խոշորագույն ձկնաբուծական կենտրոնն է ու քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրը Մերձավոր Արևելքում։ Աշխարհի քաղցրահամ ջրով լճերի շարքում՝ գտնվելու վայրի բարձրությամբ, այն զիջում է միայն Տիտիկակա լճին (3812 մ, Անդեր)։ Սևանը Հայկական լեռնաշխարհում մեծությամբ երրորդ լիճն է (Վանա լճից և Ուրմիայից հետո)։ Հնում հայտնի է եղել «Գեղամա ծով», «Գեղարքունյաց ծով» և այլ անուններով։ Լճի մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83 մետրի։ Սևանա լճի շրջապատում են 4 լեռնաշղթաներ՝ Փամբակի (հյուսիս-արևմուտք), Արեգունի (հյուսիս-արևելք), Վարդենիսի (հարավ), Գեղամա (արևմուտք)։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0,8 կմ3 է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0,7 կմ3։ 1936 թվականին առավելագույն խորությունը եղել է 98,7 մ, ապա լճի ջրերի օգտագործման հետևանքով իջել է մինչև 79,7 մետրի (2000 թվականին)։ Հայելու մակերեսը պակասել է 12,5 տոկոսով՝ հասնելով 1238.8 կմ2։ Այժմ, Արփա-Սևան և Որոտան-Արփա ջրատար թունելների շնորհիվ լճի մակարդակը բարձրացել է 2 մետրով. դրանով փորձ է արվում պահպանել լճի բուսական ու կենդանական աշխարհը։ Ստեղծվել է Սևան ազգային պարկը՝ էկոլոգիական խնդիրը լուծելու համար։
Հայաստանում հայտնի են Արփի, Այղր, Պարզ, և բազմաթիվ այլ լճեր։
Ոռոգման և էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով կառուցվել են 74 ջրամբարներ՝ 988 միլիոն մ2 ընդհանուր մակերեսով[61]։ Ամենամեծը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն մ2 մակերեսով։
Ստորգետնյա ջրեր և աղբյուրներ
Հայաստանի տարածքում ստորգետնյա ջրերի դերը մեծ է գետերի հոսքի ձևավորման գործում։ Դա վերաբերում է խոշոր գետերի վտակներին. առավելապես ստորգետնյա սնում ունեն Մեծամոր (93 %), Աշոցք (85 %), Գավառագետ (83 %), Մասրիկ (78 %), Գորիս (73 %), Ազատ (69 %), Ախուրյան (59 %) և այլ գետեր։ Այդպիսով, Հայաստանի ստորգետնյա ջրերի պաշարները գնահատվում են 4, 017 միլիարդ մ3։ Մոտ 70%-ը հոսում է դեպի Արարատյան դաշտ, որի ջրային պաշարները գտնվում են 40-300 մ խորության վրա։
Խմելու ջրի 96%-ը օգտագործվում է ստորգետնյա ջրերից։ Տարեկան օգտագործվում են մոտ 3 միլիարդ մ2 ստորգետնյա ջուր, որից 1,6 միլիարդ մ2-ը աղբյուրների, 1,4 միլիարդ մ2-ը՝ գետերի և լճերի կողմից։
Հայաստանի տարածքում կան մոտ 8000 աղբյուրներ[62]։ Հայաստանի դաշտային ու հովտային հատվածներում բավական շատ են արտեզյան (Արարատյան, Մասրիկի, Շիրակի, Վերին Ախուրյանի ավազաններ) և քիմիական տարբեր բաղադրությամբ հանքային աղբյուրներով («Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Ջերմուկ», «Սևան» և այլ հանքային ջրեր)։
20֊րդ դարի վերջից բնապահպանական լուրջ խնդիր է ստորգետնյա ջրերի մաքրության պահպանումը[63]։
Կլիմա
Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում։ Այն բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։
Հայաստանի տարածքում կլիմայաստեղծ գործոնները բազմազան են։ Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ։ Զգալի ազդեցություն ունեն հարևան զոնաները՝ Արաբական թերակղզու անապատները, Սև և Կասպից ծովերին մոտ լինելը, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։
Բնակավայր | Բարձր. (մ) |
Տեղումներ (մմ) |
Օրական ջերմ. (°C) |
Ձյան միջին խորություն |
Ձյան նվազագույն խորություն |
Ձյան առավելագույն խորություն |
Ձյունառատ օրեր |
Խոնավ. % |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բագրատաշեն | 453 | 444 | 11.7 | - | - | - | - | 72 |
Մեղրի | 627 | 259 | 13, 8 | 5 | 27 | 0 | 21 | 61 |
Կապան | 705 | 544 | 11, 5 | 10 | 32 | 2 | 34 | 71 |
Իջևան | 732 | 563 | 10, 6 | 10 | 28 | 1 | 38 | 73 |
Արտաշատ | 829 | 235 | 11, 1 | 10 | 44 | 0 | 39 | 65 |
Արմավիր | 861 | 244 | 11, 3 | 10 | 42 | 0 | 45 | 60 |
Երևան | 942 | 316 | 11, 4 | 12 | 46 | 0 | 44 | 60 |
Արենի | 1009 | 357 | 11, 8 | 14 | - | - | 40 | 56 |
Եղեգնաձոր | 1267 | 398 | 10, 8 | 18 | - | - | 50 | 66 |
Ապարան | 1291 | 651 | 4, 3 | 56 | 92 | 10 | 125 | 69 |
Եղվարդ | 1317 | 407 | 9, 8 | 28 | 68 | 0 | 74 | 62 |
Վանաձոր | 1350 | 586 | 7, 4 | 17 | 38 | 3 | 72 | 71 |
Ստեփանավան | 1397 | 683 | 6, 6 | 19 | 53 | 4 | 73 | 73 |
Տաշիր | 1507 | 713 | 5, 8 | 17 | 37 | 2 | 72 | 75 |
Սպիտակ | 1552 | 439 | 7, 1 | 12 | 56 | 2 | 63 | 69 |
Գյումրի | 1556 | 477 | 5, 8 | 26 | 61 | 4 | 96 | 70 |
Սիսիան | 1580 | 365 | 6, 6 | 12 | 34 | 3 | 73 | 68 |
Թալին | 1582 | 435 | 7, 9 | 24 | 64 | 2 | 82 | 59 |
Արթիկ | 1750 | 516 | 5, 8 | 22 | 51 | 5 | 95 | 66 |
Ֆանտան | 1798 | 640 | 6, 0 | 50 | 79 | 13 | 124 | 66 |
Ճամբարակ | 1861 | 557 | 4, 8 | 16 | 37 | 5 | 102 | 74 |
Սևան | 1936 | 556 | 4, 0 | 36 | 83 | 3 | 136 | 74 |
Մեծ Մասրիկ | 1940 | 390 | 4, 2 | 21 | 35 | 7 | 109 | 69 |
Մարտունի | 1995 | 457 | 5, 6 | 26 | 75 | 2 | 98 | 67 |
Պաղակն | 2004 | 574 | 1, 8 | 53 | 81 | 17 | 138 | 74 |
Արագած | 3329 | 1065 | -2, 7 | 166 | 235 | 66 | 252 | 73[64] |
Բուսական և կենդանական աշխարհ
Կենդանական աշխարհ
Հայաստանի կենդանական աշխարհը ձևավորվել է նրա բարենպաստ աշխարհագրական դիրքի և երկրբանական ու լեռնագրական բարդ կառուցվածքի հիմքի վրա։ Հայաստանն՝ որպես Հայկական լեռնաշխարհի մի մաս, տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի միջև է։
Հայաստանի ֆաունան ընդգրկում է ավելի քան 17 հազար կենդանատեսակ։ Ողնաշարավորների ֆաունան լավ է ուսումնասիրված և ներկայացված է 536 տեսակներով. 83-ը կաթնասուններ են, 353-ը՝ թռչուններ, 53-ը՝ սողուններ, 8-ը՝ երկկենցաղներ, 39-ը՝ ձկներ։ Անողնաշարներն անհամեմատ վատ և անհավասարաչափ են ուսումնասիրված (միայն 30 %-ը), որը բացատրվում է նրանց խիստ առատությամբ և բազմազանությամբ։ Հայաստանում տարածված անողնաշարների 90 %-ը կազմում են միջատները։ Անողնաշարների ֆաունայի շուրջ 2 %-ը (ավելի քան 300 տեսակ) էնդեմիկ է, 100-ից ավելին՝ հազվագյուտ և անհետացող։ Հայաստանի էնդեմիկ կենդանատեսակները պատկանում են Կովկասի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մարեհավ և այլն), Կովկասի (Դարևսկու իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Արևելյան Կովկասի (անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), Ատրպատականաարևելահայկական (հայկական լեռնատափաստանային իժ, հայկական էյրենիս, Հայկական իժ, Դալի ավազամուկ և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք մողես, սևավիզ քարաթռչնակ, վայրի հնդկահավ, հայկական որոր և այլն) էնդեմիկ խմբերին։
«Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում» (2010) գրանցված է 308 կենդանատեսակ, որոնցից 153-ը ողնաշարավոր են (ոսկրոտ ձկներ՝ 7, երկկենցաղներ՝ 2, սողուններ՝ 19, թռչուններ՝ 96, կաթնասուններ՝ 29), 155-ը՝ անողնաշար (փափկամարմիններ՝ 16, միջատներ՝ 139)։
Բուսական աշխարհ
Հայաստանի բուսական աշխարհը ներկայացնում են մոտ 3600 տեսակի անոթավոր բույսեր (Կովկասի ֆլորայի մոտ 60 %-ը), որոնք ընդգրկված են ավելի քան 800 ցեղերում և 160 ընտանիքներում։ Հայաստանի տարածքով են անցնում շատ բուսատեսակների տարածման արեալների սահմանները։ 156 ընտանիքի 879 ցեղի պատկանող 3260 բուսատեսակ ներառված է «Հայաստանի ֆլորա» ժողովածուի 11 հատորում։ 4 նոր ընտանիքներ, 33 ցեղ, 445 տեսակ և 16 ենթատեսակ հայտնաբերվել են ավելի ուշ։
Հայաստանի ֆլորայի էնդեմիկների թիվը կազմում է 124 տեսակ, որը նրա բուսական աշխարհի տեսակային ընդհանուր բազմազանության մոտ 3%-ն է, իսկ Կովկասի ֆլորայի՝ 1,5%-ը։ Հայաստանի ֆլորայի էնդեմիկ տաքսոնները ներկայացնում են 26 ընտանիք, 56 ցեղ և 124 տեսակ։ Էնդեմիկ են նաիրյան նշենին, հայաստանյան արոսենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Մաղաքյանի ստելերոպսիսը, Տիգրանի թանթրվենին, Արարատի իշամառոլը, Բարսեղյանի վուշը և այլն։ Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի էնդեմիկ հացազգիները (ցորեն, գարի, աշորա, վարսակ)։ Ըստ ռուս բուսաբան Նիկոլայ Վավիլովի՝ Հայաստանն Առաջավոր Ասիայում հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից է։
Հայաստանի ֆլորայի կազմում զգալի են նաև մնացորդային (ռելիկտային) տեսակները, որոնց մեծ մասը ծառեր ու թփեր են, կան նաև մնացորդային խոտաբույսերի որոշ տեսակներ։ 2010-ին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում պատրաստվել և տպագրվել է «Հայաստանի բույսերի Կարմիր գրքի» 2-րդ՝ լրամշակված հրատարակությունը, որտեղ գրանցված են 452 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 166-ը կամ 36,7 %-ը։
Հայաստանի 12%-ը անտառապատ է, որից 5%-ը գտնվում է Լոռիի, 4%-ը Տավուշի, 1%-ը Սյունիքի, 0,5%-ը Կոտայքի, 0,5%-ը Վայոց ձորի, իսկ մյուս 1%-ը տեղաբաշփված են մյուս մարզերով։ Անտառները հիմնականում՝ լայնատերև, սաղարթավոր և ասեղնատերևավոր են։
Բնապահպանություն
Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների հիմնադրումն սկսվել է 1986 թվականից, երբ հիմնադրվել են առաջին հատուկ պահպանվող տարածքները՝ 3 արգելոց և 6 արգելավայր[66]։ Ըստ Հայաստանի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները[67]։ Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 380 հազար հեկտար է՝ Հայաստանի տարածքի 12,5%-ը։ Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են Հայաստանի տարածքի մոտ 6%-ը[68]։ Հայաստանում գործում են 4 ազգային պարկ (Սևան, Դիլիջան)՝ 178102 հա, Արփի լճի ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, 26 արգելավայր՝ 89442 հա, 3 արգելոց (Խոսրովի անտառ, Շիկահողի, Էրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով[66], 230 բնության հուշարձան[69]։
Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Հայաստանի Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են Հայաստանի բուսական և կենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները։
Համաձայն 2018 թ. Էկոլոգիական Արդյունավետության Գործակցի տվյալների Հայաստանը դասվում է 180 երկրների միջև 63֊րդը[70]։ Ընդ որում՝ ըստ Էկոլեգիական Արողջոյթյան հիմնական ենթագործակցի այն 109-րդն է, իսկ համաձայն Միջավայրի Կենսունակության մյուս հիմանկան ենթագործակցի այն 27-րդն է աշխարհում։ Այսինքն՝ համաձայն այս ուսումնասիրության Հայաստանի հիմնական էկոլոգիական խնդիրը բնակչության առողջությունն է, իսկ բնապահպանական հարցերը գտնվում են համեմատաբար լավ վիճակում։ Բնակչության առողջությունը գնահատող ենթագործակիցներից առավել մտահոգիչ է բնակչությանը առնչող օդի որակի ենթագործակիցը, համաձայն որի Հայաստանը է 142-րդն է աշխարհում՝ գտնվելող վատագույն 40 երկրների շարքում։
Տնտեսություն
Հայաստանի անկախացումից (1991) հետո հանրապետությունում սկսվել է ազատ շուկայական հարաբերություններին, սեփականության պետական միասնական ձևից սեփականության բազմաբնույթ ձևերին անցնելու գործընթացը։
1999-ին սեփականաշնորհվել է 1492 փոքր, միջին և խոշոր ձեռնարկություն, պետ․ գույքը, առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, անավարտ շինարարության օբյեկտների գերակշռող մասը։ Գյուղատնտեսության մեջ (սկսած 1991-ից) սեփականաշնորհվել են հողը, գյուղատնտեսական կենդանիները, մեքենաների և արտադրական այլ միջոցների 85-90%-ը։ 1993-ի նոյեմբերին արմատավորվել է Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, որով հնարավոր է դարձել վարել անկախ և ինքնուրույն դրամավարկային ու գանձարանային քաղաքականություն։ 1992-ից ազատականացվել են գները և արտաքին տնտեսական կապերը։ Արմատավորվել են հարկային և բյուջետային նոր համակարգեր, գործողության մեջ են դրվել հարկերի տարբեր տեսակներ, կրճատվել բյուջեի հաշվին կապիտալ ներդրումները, բացառվել լրավճարները, ստեղծվել արտաբյուջետային հիմնադրամներ։
Երկրաշարժի, ապա ԽՍՀՄ փլուզման, արցախյան հակամարտության, տրանսպորտատնտեսական շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, Հայկական ատոմային էլեկտրակայանի կանգնեցման հետևանքով 1991–93-ին թողարկվող արտադրանքի ծավալը կրճատվել է 60%-ով, աշխատավարձի աճը հետ է մնացել գերսղաճի տեմպից, պետական բյուջեի եկամուտների անկումը հանգեցրել է սոցիալական բնույթի ծախսերի և կենսական նշանակության սպասարկման ծառայությունների կտրուկ կրճատման, աճել է գործազրկությունը։ Այս տարիները ժողովրդի մեջ հայտնի են որպես մութ ու ցուրտ տարիներ։ Չեն ձևավորվել արտադրական ներուժի լիարժեք օգտագործման և արտադրության արդյունավետ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, չեն լուծվել հումքի մատակարարման և արտաքին շուկա դուրս գալու խնդիրները։ Տնտեսության համակարգային փոփոխությունները, երկրաշարժը, ավանդական շուկաների կորուստը ևն հանգեցրել են շատ ձեռնարկությունների չաշխատելուն, մյուսները գործում են արտադրական հզորությունների նվազագույն կարողությամբ։ Արտադրանքի ծավալի նվազում հատկապես նկատելի էր մեքենաշինության և մետաղամշակման, թղթի-թաղանթանյութի, փայտամշակման, շինանյութերի, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերում։ Անցման փուլում տնտեսության քանակական ցուցանիշների բացասական միտումները հանգեցրել են որակական ձևախեղումների։ Եթե 1987-ին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության բաժինը 45% էր, գյուղատնտեսությանը՝ 14%, ապա 1994-ին դրանք համապատասխանաբար եղել են 25,9% և 48%։ 1998-ին արդյունաբերության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում նվազել է մինչև 24%, գյուղատնտեսության բաժինը կազմել է 34,2%, ծառայությունների ոլորտինը՝ 32,3%:
Գյուղատնտեսություն
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված սեպագրերը (Սևանա և Վանա լճերի ափամերձ ժայռերի վրա), ասորեստանյան աղբյուրների հիշատակումները (մ.թ.ա. 9-րդ դարի սկիզբ), հնագույն ժայռապատկերները (Գեղամա և Զանգեզուրի լեռներ), բազմաթիվ վայրերից (Կարմիր բլուր, Ծովինար ամրոց, Արագածի լանջեր, Վանա լճի ավազան, Արենիի քարանձավ և այլն) պեղված գյուղատնտեսական կենդանիների ոսկորները, բույսերի սերմերը, խաղողի կորիզները, գործիքները, գինու կարասները, մինչև օրս գործող հնագույն ջրանցքները (Սարդարապատի, էջմիածնի, Դալմայի, Աշտարակի և այլն), օտար և հայ գիտնականների (Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և ուրիշներ) տեղեկությունները վկայում են, որ Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է։ Ցորենի, գարու, կորեկի մշակումը Հայկական լեռնաշխարհում սկսվել է 7-8 հազար տարի առաջ, իսկ տավարը, խոզը, այծն ու ոչխարն ընտելացվել են նեոլիթի ժամանակաշրջանում։
Գյուղատնտեսական համալիրը դարեր ի վեր եղել է Հայաստանի տնտեսության գլխավոր ճղուղը։ Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերը վարել են նստակյաց կյանք։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղերով՝ բուսաբուծությամբ (հողագործությամբ) ու անասնապահությամբ, Հայաստանում զբաղվել են հազարամյակներ առաջ։ Դա են վկայում բազմաթիվ գյուղատնտեսական գործիքները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ։ Կարևոր ապացույց են համարվում նաև բազմաթիվ ջրանցքների առկայությունը։ Նախքան խորհրդային կարգեր հաստատվելը, Հայաստանի տնտեսությունը գտնվում էր զարգացման ագրարային, այն է, գյուղատնտեսական փուլում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է։ Ամբողջ բնակչության ավելի քան 85 %-ն զբաղված էր գյուղատնտեսության այս կամ այն ճյուղերով։ Ընդ որում գյուղատնտեսական համալիրիհամախառն արտադրանքը ամբողջ երկրի ՀՆԱ-ում կազմում էր 70-75 %։
1991 թվականի անկախացումից անմիջապես հետո տեղի ունեցան զգալի փոփոխություններ գյուղատնտեսության մեջ։ Այս շրջանում, թերևս, ամենակարևոր ու բեկումնային փոփոխությունն այն էր, որ հաստատվեց հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականություն. կատարվեցին հողի զանգվածային սեփականաշնորհումներ։ Լուծարվեցին նախկին կոլտնտեսություններն ու սովխոզները։ Այժմ այդ հողային սեփականատերերի ընդհանուր քանակը կազմում է ավելի քան 340 հազար։ Գյուղատնտեսության մեջ այժմ զբաղված է Հայաստանի տնտեսության մյուս ոլորտներում զբաղվողների ընդհանուր թվաքանակի շուրջ 40%-ը։
Անկախության սկզբնական ժամանակահատվածում կտրուկ անկում ապրեց գյուղմթերքի արտադրությունը, կրճատվեցին գյուղատնտեսական ցանքատարածություններն ու հողահանդակները։ Տեխնիկայի հին և մաշված լինելու պատճառով ընկավ բերքատվությունը։ Բայց հետագա տարիներին պետական ծրագրերի ներդրումներով աճ արձանագրվեցին։ Գյուղատնտեսության մեջ մասնագիտացված շատ ճյուղեր նույնիսկ գերազանցեցին ԽՍՀՄ տարիների ցուցանիշները։ Ներկայումս Հայաստանի ամբողջ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 26 %-ը[71]։
Հայաստանի գյուղատնտեսական հողերի քիչ ու սահմանափակ լինելու պարագում էլ, այսօր երկրում զարգանում է բազմաճյուղ գյուղատնտեսությունը։ Դրա վրա ազդող ամենագլխավոր գործոնը համարվում է բնակլիմայական պայմաններ, որոնք թույլ են տալիս զբաղվելու զանազան ճյուղերով։ Ներկա դրությամբ Հայաստանի գյուղատնտեսության մեջ կան շուրջ երեսուն ճյուղեր։ Մեր երկրի կլիման թույլ է տալիս, որպեսզի երկրում մշակվեն 100-ից ավելի բուսատեսակներ։
Երկրագործություն
Բուսաբուծությունը Հայաստանի գյուղատնտեսության առաջատար ճյուղն է։ Դրան բաժին է ընկնում համախառն արտադրանքի ծավալի ավելի քան 60%-ը։ Բուսաբուծության արտադրանքը օգտագործվում է գլխավորապես որպես պարենմթերք ու անասնակեր, իսկ մյուս մասը որպես հումք տնտեսության տարբեր ճյուղերի համար։
Դաշտավարության վերին սահմանը մեր երկրում հասնում է մինչև 2200 մետր բացարձակ բարձրությունները։ Ամենաշատը մշակում են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, որոնք կազմում են հանրապետության ողջ ցանքատարածությունների շուրջ 55%-ը։ Դաշտավարության մեջ երկրորդ տեղն զբաղեցնում է կերային մշակաբույսերի մշակումը, ավելի քան 23%-ը, դրանք են՝ բազմամյա և միամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, արմատապտուղներ, տեխնիկական բույսեր և այլն։
Հայաստանում հացահատիկ մշակում են գրեթե ամենուրեք՝ 500-ից մինչև 2200 մետր բարձրություններում։ 1913 թվականին այն զբաղեցնում էր 308 հազար հա մակերես, 1965 թվականին՝ 220 հազար, 1985-ին՝ 135 հազար, 2007-ին 172 հազար։ 2006–2007 թվականներին Հայաստանում արտադրվել է 294000 տոննա հացահատիկ, իսկ 2012 թվականին՝ 450 հազար տոննա։ Հացահատիկային մշակաբույսեր Հայաստանում հիմնականում մշակում են Շիրակի և Լոռվա դաշտերում, Տեղի սարավանդում, Կարմրաշենի, Մաստարայի սարավանդներում։ Գերակշռող բույսերն են՝ աշնանացան ցորենն ու գարնանացան գարին։ Ինչպես նաև մշակում են եգիպտացորեն, վարսակ, հաճար, հնդկացորեն և այլն։
Տեխնիկական մշակաբույսերի բուծումը Հայաստանում ԽՍՀՄ տարիներին հենվում էր բամբակենու մշակության վրա։ Այժմ մշակում են ծխախոտ՝ Տավուշում, Կոտայքում, շաքարի ճակնդեղ՝ Շիրակում, Լոռիում, արևածաղիկ՝ Շիրակում, Սյունիքում, խորդենի՝ Արմավիրում, կտավատ՝ Շիրակում, Լոռիում։
Հայաստանում բանջարաբուծությունը գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն և ավանդույթներ։ Նպաստավոր աշխարհագրական դիրքի և ագրոէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանում աճում են բանջարեղենի բազմաթիվ տեսակներ։
Հայաստանում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են լոլիկը, վարունգը, կաղամբը, սեխը, սմբուկը, բողկը, գազարը, սխտորը, ծնեբեկը, սպանախը, տաքդեղը, լոբին, ծաղկակաղամբը, շաղգամը, տերևաբանջարներից՝ թարխունը, մաղադանոսը, համեմը, ռեհանը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ ձմերուկը, սեխը, դդումը, դդմիկը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։
Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ 2011 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30, 7 հազար հա էր, համախառն բերքը՝ 970, 2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։
Միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեն թե՛ թարմ, և թե՛ վերամշակված բանջարեղենի ոչ ավանդական տեսակները, որոնք արժեքավոր են թե սննդային, և թե բուժիչ հատկանիշների տեսանկյունից։ Դրանցիցն են՝ կաղամբազգիներից՝ բրուսելյան կաղամբը, չինական կաղամբը, պեկինյան կաղամբը, ինչպես նաև բրոկոլին և կոլրաբին, իսկ տերևաբանջարներից՝ տարբեր ձևերի և գույների հազարները։
Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է։ Հայտնաբերվել են (Արմավիր, Շենգավիթ, Գառնի և այլն) 3-6 հազար տարվա ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի սերմեր։
Անասնապահություն
Անասնապահություն, գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերից մեկը։ Ընդգրկում է տնային և գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների բուծումը՝ անասնաբուծական մթերքներ՝ սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու, և այլն), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ) ստանալու նպատակով։ Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ և այլն)։
Հայկական բարձրավանդակում անասնաբուծական գիտելիքները սաղմնավորվել են անասնապահության սկզբնավորման հետ միասին (նեոլիթի դարաշրջան)։ Ծովինար բերդի (Սևանա լճի հարավային ափ) պեղումներից հայտնաբերվել են տավարի, ընտանի ոչխարի և խոզի ոսկորներ։ Ուրարտական սեպագիր արձանագրություևներում հիշատակված են եզը, ցուլը, արջառը, կովը, ոչխարը, գառը, հարևաև երկրներից ավար առած հարյուր հազարավոր գլուխ տավարի և ոչխարի մասին։ Այս ամենը վկայում են, որ Հայկական բարձրավանդակում ապրող ցեղերը դեռևս շատ վաղուց զբաղվել են անասնապահությամբ։ Անասնաբուծության առաջընթացի, տեխնիկայի, մշակույթի և երկրների միջև տնտեսական կապերի զարգացման հետ միասին ընդլայնվում են անասնաբուծական գիտելիքները։
մ.թ.ա. 1-ին դարում Հայաստանում հայտնի է եղել Մետրոդորոսին վերագրվող արամեատառ «Բանականության առկայությունն անխոս կենդանիների մոտ» երկախոսությունը։ Հայ մատենագիրները (Եզնիկ Կողբացի, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և այլք) իրենց երկերում մասնակիորեն բնութագրել են Հայաստանի կենդանիներին, իսկ որոշ հեղինակներ շոշափել են բազմացման, ժառանգականության, բնազդներին վերաբերող բազմաթիվ հարցեր։ V դարում հայերեն է թարգմանվել Բարսեղ Կեսարացու «Վեցօրից»–ը, որտեղ նկարագրված են կենդանիների բնազդը, բազմացումը և այլն։
XII դարում (կամ ամենաուշը XIII դարի սկզբին) մի անհայտ հեղինակ արաբերենից թարգմանել է «Գիրք վաստակոց» աշխատությունը։ Այս աշխատության առանձին գլուխներում նկարագրված են ձիերը, կովերը, ոչխարները, մեղուները, շները, հավերը, նրանց կերակրումն ու խնամքը, զուգավորումը, հղիությունը, ինչպես նաև ոչխարների խուզը, հավերի գիրացումը, թռչնանոցները, մեղվանոցի տեղի ընտրությունը ևայլն։
Կիլիկյան Հայկական թագավորության ժամանակաշրջանից մեզ են հասել ձիաբուծության մասին գրվածքներ «Բազմավեպ», 1867, յտք. 12)։ XVII դարի առաջին կեսիև Աբրահամ Կոստանդնուպոլսեցին կազմում է կենդանաբանակաև հայերեն առաջին աշխատությունը։ Հայաստանում բուծված կենդանիների նկարագրություևներ կան Ղևոնդ Ալիշանի աշխարհագրական մեևագրություններում։ Կենդանիների բուծման, թռչնաբուծության, մեղվաբուծության, շերամապահության, ձկնաբուծության և այլ հարցերին է նվիրված Ն. Տ. Տաղավարյաևի «Կենդանաբուծություն» աշխատությունը (անտիպ)։
Հայաստանում անասնաբուծության զարգացման իսկական վերելքն սկսվում է խորհրդային իշխանությաև օրոք։ Հայկական ԽՍՀ-ում անասնաբուծության զարգացման գործում վաստակ ունեն Ա. Զ. Թամամշևը (Թամամշյան), Ավ. Հ. Քալանթարը, Ի. Ա. Երիցյանը, Ս. Կ. Կարապետյանը, Ա. Ա. Ռուխկյանը, Զ. Ք. Դիլանյանը, Ն. Ա. Մալաթյանը, Վ. Բ. Ոսկանյանը, Ա. Գ. Երիցյանը, Ս. Գ. Քարամյանը, Ս. Ա. Առաքելյաևը, Ն. Գ. Ստեփանյանը և ուրիշներ։
Տավարաբուծություն
Արարատյան հարթավայրում է կենտրոնացած Հայաստանի բնակչության մեծամասնությունը, բացի դրանից մոտիկ է մայրաքաղաք Երևանը։ Մեծ է կերային մշակաբույսերի տարածքները։ Կան բազմաթիվ կաթի վերամշակման գործարաններ։ Այս բոլոր հանգամանքները խթան են հանդիսանում, որպեսզի կաթնային տավարաբուծությունը զարգանա այս գոտում։
Մեր հանրապետության նախալեռնային գոտին մասնագիտացել է կաթնամսատու տավարաբուծությամբ։ Այս ճյուղի զարգացմանը նպաստող հանգամանքներից են տավարի ներմուծված նոր սորտերը և տեղական «կովկասյան գորշ» սորտը։
Հանրապետության լեռնային գոտին մասնագիտացած է մսակաթնատու և մսատու տավարաբուծությամբ։ Դրա զարգացման գլխավոր պատճառը հարուստ բուսածածկույթ ունեցող ալպիական ալպիական մարգագետիններն ու միջլեռնային գոգավորությունների դաշտերի տափաստանների հարուստ բուսականությունն է։
Տավարաբուծությունը Հայաստանում անասնապահության առավել զարգացած ճյուղն է։ Մեկ գյուղացիական տնտեսության հաշվով՝ տավարի միջին գլխաքանակը 2,3 է (այդ թվում՝ 1,3 կով)։ Հանրապետությունում բուծվող տավարի գլխաքանակի 98 %-ը կովկասյան գորշ տավարի ցեղի կենդանիներն են։ Արտադրվող մսի (կենդանի զանգվածով) 62 %-ը և կաթի 98,5 %-ն ստացվել են տավարաբուծությունից (2010 թվական)։
Ոչխարաբուծություն
Հայկական լեռնաշխարհը եղել է ոչխարաբուծության սկզբնավորման կենտրոններից։ Դեռևս մ.թ.ա. IX դարի կեսին Հայկական լեռնաշխարհում հայտնի էին ոչխարների տարբեր տիպեր։ Ժողովրդական երկարատև ընտրասերման միջոցով Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել են մազեխ, բոզախ, բալբաս, Ղարաբաղի, կարամանյան ոչխարի ցեղեր։ Ոչխարաբուծությունն սկսել է զարգանալ հատկապես Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց և խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո։ 1988 թվականին հանրապետությունում կար 1,72 միլիոն ոչխար, 1991 թվականին՝ 1 միլիոն։ Անկախացումից հետո ագրարային բարեփոխումների հապճեպ իրականացման և սխալների, տնտեսական ճգնաժամի, շրջափակման, տնտեսվարման նոր պայմաններում ոչխարաբուծությունը հետընթաց է ապրել։ Ոչխարների և այծերի գլխաքանակը 1998 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ և կազմել 521 հազար իսկ 2011 թվականին՝ 559.2 հազար։ Բուծվում են հիմնականում կիսանրբագեղմ տիպի, հայկական կիսակոպտաբուրդ, քիչ քանակությամբ՝ բալբաս, բոզախ, մազեխ և Ղարաբաղ ցեղերի ոչխարներ։
Խոզաբուծություն
Խոզի մսի հիմնական արտադրողները գյուղացիական տնտեսություններն են։ Հայաստանում բուծում են խոզերի խոշոր սպիտակ, լանդրաս, ուկրաինական տափաստանային և այլ ցեղեր։ 2011 թվականին հանրապետությունում կար 114,8 հազար խոզ։ Սովորաբար խոզաբուծությունը զարգանում է այն վայրերում, որտեղ մշակում են հացահատիկային մշակաբույսեր, և որտեղ առաջանում են սննդարդյունաբերական ավելցուկներ ու թափոններ։ Խոզաբուծության զարգացման առաջատար շրջանները մեր հանրապետությունում հիմնականում Երևանին հարակից մարզերն են։ Ինչպես նաև բնական կերով հարուստ անտառային ռեսուրսներով մարզերը, մասնավորապես Տավուշը։
Թռչնաբուծություն
Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ (հավ, աղավնի և այլն)։ Թռչնաբուծությամբ զբաղվել են գյուղացիական մանր տնտեսությունները։ 1920-ական թվականների վերջին հանրապետությունում թռչնաբուծության տեսակարար կշիռն անասնապահության մեջ չի գերազանցել 1,42 %-ը։ 1925 թվականին ՀԽՍՀ հողժողկոմատը կազմակերպել է թռչնաբույծների 10 ընկերություն։ Թռչնաբուծական առաջին ֆերման հիմնադրվել է 1926 թվականին Թոխմախան գյուղում (այժմ՝ Երևանի շրջագծում)։ 1930 թվականին ստեղծվել է առաջին թռչնաբուծարանը (Դիլիջանի մոտ), ապա ստեղծվել են ինկուբատորային կայաններ, թռչնաբուծական ֆերմաներով տնտեսություններ։ 1955 թվականին սկսել է գործել Էջմիածնի շրջանի Շահումյան ավանի (այժմ՝ Արմավիրի մարզում) թռչնաբուծական առաջին ֆաբրիկան։ Ներկայումս Հայաստանում գործում են Լուսակերտի, Արզնուտոհմային, Գետամեջի (Կոտայքի մարզ), Ջրառատի, «Արաքս» (Արմավիրի մարզ), Գնդեվազի (Վայոց ձորի մարզ), «Սյունիք» (Սյունիքի մարզ), «Շիրակ» (Շիրակի մարզ), «Երևան» (Երևանի քաղաքապետարան) թռչնաբուծական ֆաբրիկաները, «Արգո» թռչնաբուծական տնտեսությունը։ 2011 թվականին Հայաստանում կար 3462,5 հազար թռչուն, արտադրվել է 633,6 միլիոն ձու։
Մեղվաբուծություն
Մեղվաբուծության հնագույն կենտրոններից է Հայաստանը։ Մեղվաբուծության զարգացմանը նպաստել են բնակլիմայական բարենպաստ պայմանները, հնագույն ժամանակներից հայկական դեղին, գորշ մեղուների ցեղերի ու նրանց խառնացեղերի առկայությունը։
1904 թվականին Հայաստանի ներկայիս տարածքում կար 18 հազար, 1918–1920 թվականներին՝ 15-16 հազար մեղվաընտանիք։ Մեղվաբուծության զարգացման համար 1931 թվականին Երևանում հիմնադրվել է Հարավային Կովկասյան (1933 թվականից՝ Հայկական) մեղվաբուծական գոտիական, 1958 թվականին՝ փորձնական կայանը, 1960-ական թվականների վերջերից՝ Մեղրու մեղվաբուծարանը (հայկական դեղին մեղվի ցեղի մայրեր բուծելու համար) և գորշ (Տավուշ) մեղուների արգելոցները։ 1970–1980-ական թվականներին ստեղծվել են Նաիրիի մեղվամայրատոհմաբուծարանը, միջտնտեսական ձեռնարկություններ (Կապանում, Ապարանում և Ախուրյանում), Գորիսի և Աշտարակի մեղվաբուծական տնտեսությունները, 1988 թվականին՝ «Նեկտար» մեղվաբուծական արտադրագիտական միավորումը, 1997 թվականից՝ «Մուլտի Գրրսպ» կոնցեռնի «Մուլտի Ագրո» ԳԱԿ-ի մեղվաբուծական ԳՀ կայանը։ Բնակչության 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով Հայաստանը աշխարհում առաջիններից է։ 2011 թվականին Հայաստանում կար 250 հազար մեղվաընտանիք։
Ձկնարդյունաբերություն
Ձկնաբուծությունը՝ որպես տնտեսության ճյուղ, հանրապետությունում ձևավորվել է 1920-ական թվականներին։ 1923 թվականին հիմնադրվել է Երևանի ձկնաբուծական կայանը (1935 թվականից՝ ջրակենսբանական կայան), կառուցվել են Գավառի (1924 թվական), Կարճաղբյուրի (1931 թվական), Սևանի (1959 թվական, «Ձուկ»), Լիճքի (1971 թվական, «Գոս» ՓԲԸ) և այլ ձկնաբուծարաններ։ 1931 թվականին ստեղծվել է «Հայձուկտրեստը», 1964 թվականին՝ ՀԽՍՀ ԺՏԽ-ին առընթեր ձկնաբուծական տնտեսության վարչությունը։
1965 թվականից հանրապետությունում ձևավորվել է լճակային ձկնաբուծությունը։ Ստեղծվել են (1968 թվական) Եղեգնուտի կարպա-լճակային, Ակնա լճի ֆորելային, Մեծամոր լճի իշխան ձկան, Արմաշի ծածանաբուծական (1975 թվական) տնտեսությունները, Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, Եղեգնաձորի ձկնաբուծարանը, ինչպես նաև «Խոսրով»-ի անտառ-արգելոց և Մեղրու ֆորելային տնտեսությունները և այլն։ 2010 թվականին ձկնաբուծական լճակային տնտեսությունների ընդհանուր ջրային մակերեսը 2677 հեկտար էր, որից 1860, 7 հեկտարն՝ Արարատի, իսկ 722 հեկտարն՝ Արմավիրի մարզում։ Հայաստանում ջրային մակերեսի յուրաքանչյուր հեկտարից ստացվել է միջին հաշվով 1, 96 տոննա ապրանքային ձուկ։ Սառեցված և վերամշակված ձուկ ու խավիար արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան և Ուկրաինա։
Հայաստանում արդյունագործական նպատակներով բուծում են սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ պնդաճակատներ, թիաքիթ, ճապոնական կարպ (կոյ), աֆրիկյան լոքո, թառափազգիներից՝ սիբիրյան և ռուսական թառափներ, սաղմոնազգիներից՝ ծիածանափայլ և ոսկեփայլ իշխաններ, Գեղարքունիքի կարմրախայտ և այլն։
Անտառային տնտեսություն
Ներկայումս անտառածածկ է Հայաստանի տարածքի մոտ 11 %-ը, սակայն հանրապետության անտառազուրկ տարածքների զգալի մասը վաղ անցյալում ծածկված է եղել անտառներով։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով Հայաստանի անտառների զգալի մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք տնկարկներ են։ Խորհրդային տարիներին վերականգնվել են անտառային բազմաթիվ զանգվածներ, ստեղծվել են նորերը։ ՀԽՍՀ-ում առաջին անտառային տնտեսությունները հիմնադրվել են 1924 թվականին Հրազդանի շրջանում (այժմ՝ Կոտայքի մարզում)։ 1924–1985 թվականներին ստեղծվել են մոտ 115 հազար հեկտար տնկարկներ։
1991-1995 մութ ու ցուրտ տարիներին գերհատվել են բազմաթիվ անտառներ։ Անտառային ֆոնդի զգալի տարածքներ տուժել են զանգվածային անթույլատրելի ծառահատումներից, կրճատվել են անտառածածկ տարածքները, ավելացել են տարահասակ ցածրարժեք անտառները, խախտվել է անտառի ջրաբանական ռեժիմը, ակտիվացել են էրոզային երևույթները, սողանքներն ու հեղեղումները։
1993 թվականին Հայաստանի անտառային ֆոնդը 460 հազար հեկտար էր, որից 334,1 հազար հեկտարն անտառածածկ տարածքներ էին, մոտ 50 հազար հեկտարն՝ արհեստական։ Հայաստանի կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատվել է Հանրապետության անտառի զարգացման ազգային ծրագիրը։ 2004–2009 թվականներին պետական բյուջեի և տարբեր ծրագրերի հաշվին 30,5 հազար հեկտար տարածքում կատարվել են անտառվերականգնման աշխատանքներ։ Ճապոնիայի Կառավարության «Պարենային արտադրության աճ» գործընկերային ֆոնդի հաշվին 2006–2009 թվականներին տարբեր մարզերում հիմնվել է 1288 հեկտար, իսկ Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Գերմանիայի զարգացման բանկի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ) ֆինանսավորմամբ 2009 թվականին Լոռու մարզում ստեղծվել են 100 հեկտար, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում՝ Գլոբալ էկոլոգիական ֆոնդի հատկացումներով՝ Սյունիքի մարզում՝ 10 հեկտար անտառամշակույթներ։ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2009 թվականից Կոտայքի մարզում իրականացվում է անտառապատման և անտառվերականգնման ծրագիր։
Զբոսաշրջություն
Զբոսաշրջային հիմնական կենտրոններ են հանդիսանում Ծաղկաձորը, Ջերմուկը, Արզնին և Դիլիջանը։ Քաջարան, Սիսիան, Մեղրի քաղաքները հայտնի են իրենց հանքային աղբյուրներով, որոնք իրենց բաղադրությամբ մոտ են Չեխիայի Կառլովի Վարիի աղբյուրներին[72]։ Զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում Գեղարդի վանական համալիրը, Գառնու հեթանոսական տաճարը, Նորավանքը, Սևանա լիճը, Զվարթնոցի տաճարի ավերակները, Ամբերդի ամրոցը և Մատենադարանը[73]։
Ըստ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում գործում էր 186 գրանցված հյուրանոց[74], ինչպես նաև հյուրանոցային տնտեսության 337 օբյեկտ՝ հյուրանոց, մոթել, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, պանսիոն, հանգստյան կամ մասնագիտացված տուն, զբոսաշրջային բնակատեղի և ճամբար[75]։
Հայաստանի տեսարժան վայրեր
Հայաստանը հարուստ է մշակութային և բնական հուշարձաններով, ինչի համար էր նրան անվանում են «թանգարան՝ բաց երկնքի տակ»։ Հայաստանում հաշվվում է ավելի քան 4 հազար բացառիկ հուշարձաններ։ Դրանց շարքում են նաև մինչքրիստոնեական շրջանի հուշարձանները՝ ուրարտական Էրեբունի ամրոցի, Թեյշեբաինիի, հնագույն հայկական մայրաքաղաքների՝ Արմավիրի, Արտաշատի ավերակները, Գառնու Միհր աստծո տաճարը և այլն։
Առանձնապես Հայաստանը հարուստ է քրիստոնեական ճարտարապետության հուշարձաններով։ Դրանք են՝ Վաղարշապատի Մայր տաճարը, Նորավանքի, Գեղարդի, Խոր Վիրապի, Գոշավանքի, Սևանավանքի վանական համալիրները, Զվարթնոցի հնագույն տաճարի ավերակները, Նորատուսի խաչքարաշատ գերեզմանատունը և այլն։ Բնության բացառիկ հուշարձանների թվին են խատկանում Սևանա լիճը, Ջերմուկի ջրվեժը, Պարզ և Քարի լճերը, Խնձորեսկի ժայռերը, ինչպես նաև երկրի տարաբնույթ լեռնային լանդշաֆտը։
Արդյունաբերություն
1994-ից արդյունաբերության առանձին ճյուղերում (էներգետիկա, տրանսպորտ, սննդի ու վերամշակող ևն) նկատվում են արտադրության անկումային գործընթացների կասեցում և մասնակի աճի միտումներ։ Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկվել են 12715, 1 միլիոն դրամի հիմնական ֆոնդեր (1999)։ Կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուրների մեջ զգալի է օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների բաժինը (46,4%)։ Հայաստանը առևտրատնտեսական կապեր ունի 33 պետությունների հետ։ 1999-ին ԱՊՀ երկրների բաժինն ապրանքների արտահանման ծավալի մեջ կազմել է 24,3%, ներմուծման մեջ՝ 23,9%, այլ երկրներինը համապատասխանաբար՝ 75,7% և 76,1%։
Հայաստանը ունի բավականին զարգացած էներգահամակարգ, որն ընդգրկում է արտադրող կայաններ, էլեկտրացանցային ընկերություններ, գազի ընկերություններ, ինստիտուտներ[76]։
Մինչև ԽՍՀՄ փլուզումը քիմիական արդյունաբերության տեսական կշիռն արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7 % (1990)։ Արտադրվել են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութ, արհեստական մանրաթել, վիտամիններ, ավտոդողեր, լայն սպառման առարկաներ ևն։ Պատկերը խիստ փոխվել է Հայաստանի անկախացումից հետո։
Հայաստանում մեքենաշինությունը ձևավորվել է 1929–40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը ևն։
Գունավոր մետաղաձուլության զարգացման հիմքը պղնձի, պղինձ-մոլիբդենի, բազմամետաղային, ոսկի-բազմամետաղային ու ոսկու արդյունահանումն է։ Դրանց հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ազնիվ մետաղներ։ Ճյուղը ներառում է պղնձամոլիբդենային, բազմամետաղային ու ոսկու արդյունաբերությունները։ 1999-ին մասնակիորեն գործել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատները, Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան, «Հայոսկի» ՓԲը։ Ճյուղը թողարկում է մոլիբդենի, պղնձի խտանյութ, պղնձի գլանվածք, փայլաթիթեղ ևն։ Հայաստանի մոլիբդենի պաշարներով հայտնի է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի բազայի վրա գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմքը հրաբխային ապարների՝ տուֆի (արդյունահանումը՝ հիմնականում Շիրակի ու Արագածոտնի մարզերում), պեռլիտի (Արագածի պեռլիտի գործարան), բազալտի (գրեթե բոլոր մարզերում), մարմարի (Արզականի, Խոր վիրապի հանքավայրեր), գրանիտի (Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հանքավայրեր) արդյունահանումն է։ Ճյուղը ձևավորվել է 1920-ական թթ․, երբ հիմնադրվել են «Անիպեմզա», «Արթիկտուֆ», Ջաջուռի կրի կոմբինատները, 1936–41-ին՝ Արարատի ցեմենտի գործարանը։ Ճյուղը ներառել է հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների ու տարրերի, ցեմենտի, ոչ հանքային շինանյութերի, երեսպատման նյութերի ու տարրերի, խեցեգործական արդյունաբերությունները։
Անտառանյութի, փայտամշակման եվ թղթի-թաղանթանյութի արդյունաբերության առաջին արդյունաբերական կենտրոններ են եղել Իջևանը, Տավուշը, Ալավերդին։ 1945-90-ին կահույքի ֆաբրիկաներ են կառուցվել Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում և այլուր։ Թողարկվում է կահույք, նրբատախտակ, մանրատախտակ, սղոցանյութ ևն։ 1999-ին արտադրվել է սղոցանյութ, մանրատախտակ, շինափայտ ևն։
Թեթև արդյունաբերությունը մինչև ԽՍՀՄ փլուզումը ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), կազմելով սպառման առարկաների թողարկման ընդհանուր ծավալի մոտ 60%-ը։ Համախառն արտադրանքի ծավալով մեքենաշինությունից հետո գրավել է 2-րդ տեղը (1990)։ 1988-ի դեկտեմբերի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման և տնտեսական շրջափակման հետևանքով ճյուղի ձեռնարկությունների գերակշռող մասը դադարեց գործելուց, անկում ապրեցին արտադրանքի թողարկման ծավալները։ 1994-ից սկսած ճյուղի 160 ձեռնարկություններից 85-ը սեփականաշնորհվել է։ 1999-ի հունվար-հունիսին թողարկվել է 1894, 3 միլիոն դրամի տեքստիլ և կարի արտադրանք։ 1999-ին գործել են Երևանի «Գարուն», «Տոսպ», «Էրեբունի», «Հայք», Գյումրու «Տավրոս», Վանաձորի «Բազում» ԲԲԸ-ները, Երևանի «Հայգորգ», «Մահուդ» ՓԲԸ-ները ևն։
Սննդի արդյունաբերությունն անցյալում միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ, 18 տարբեր ճյուղեր և տվել Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8%-ը։ Թողարկել է կոնյակ, գինի, սննդամթերք, ծխախոտ, ոչ ալկոհոլային խմիչքներ, հաց, ձուկ, պահածո ևն։
Շինարարության ոլորտը ներառում է արդյունաբերական շինարարությունը, գյուղական շինարարությունը և բնակարանային շինարարությունը։
Տրանսպորտ և կապ
Հայաստանում առկա են տրանսպորտի գրեթե բոլոր տարատեսակները, բացառությամբ ջրային տրանսպորտի։ Տարբեր տեսակների զարգացումը պայմանավորված է աշխարհագրական դիրքի և լեռնային մակերևույթի առանձնահատկություններով։ Մեր երկրում այժմ գործում են հետևյալ տրանսպորտային միջոցները՝ երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, խողովակաշարային, էլեկտրահաղորդային տրանսպորտի ճյուղերը։ Վերջին քառորդ դարի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման բացասական հետևանքները գոնե մասամբ մեղմելու նպատակով վերակառուցվել ու կառուցվել են նոր ռազմավարական նշանակության՝ Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող միջպետական ավտոմոբիլային մայրուղիներ։
Երկաթուղային տրանսպորտ
Հայկական երկաթուղին իրականացնում է ուղևորների փոխադրում միջպետական ուղևորափոխադրական գնացքներով, ինչպես նաև կատարում է բեռնափոխադրումներ։ Հայկական երկաթուղին պատկանում է Հարավկովկասյան երկաթուղուն, որն իր հերթին հանդիսանում է Ռուսական երկաթուղու դուստր կազմակերպությունը։
Շահագործման ենթակա երկաթուղիների երկարությունը կազմում է 725 կմ։ Տեղակայված են 73 կայարաններ, որոնցից 69՝ գործող և 4՝ չշահագործվող։ Երկաթուղային ողջ համակարգը էլեկտրիֆիկացված է։ Կայարաններ կան Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Կա միջպետական 4 անցումներ՝ Այրում-Սադախլո (Վրաստան), Ախուրյան-Դոգուկապի (Թուրքիա), Երասխ-Վելիդաղ (Ադրբեջան) և Իջևան-Ջաֆարլի (Ադրբեջան)։ Այժմ գործում է միայն Այրում-Սադախլո երկաթգիծը։ Ախուրյան-Դոգուկապի երկաթգիծը վերականգնվում է և հայ-թուրքական սահմանի բացումից հետո, որը 1992 թ փակվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ կապված Արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելու պատճառով, կրկին կշահագործվի։ Հայկական երկաթուղին ունի 3 լոկոմոտիվների և 2 վագոնների դեպո՝
- Սանահինի լոկոմոտիվների դեպո
- Գյումրու լոկոմոտիվային դեպո
- Երևանի լոկոմոտիվների դեպո
- Գյումրիի վագոնների դեպո
- Երևանի վագոնների դեպո
Օդային տրանսպորտ
- Հիմնական հոդվածը՝ Հայաստանի օդային տրանսպորտ
Զվարթնոց օդակայան
- Հիմնական հոդվածը՝ Զվարթնոց օդակայան
Զվարթնոց օդակայանը Հայաստանի ամենամեծ օդակայանն է։ Այն գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Երևանից 10 կմ դեպի արևմուտք։
Հանդիսանում է խոշոր օդակայան, և ազգային ավիափոխադրողն է երկրում Էյր Արմենիան։
Զվարթնոց օդակայանը բացվել է 1961-ին։ Այն ժամանակ ընդունում էր միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթներ։ 1985-ին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) շնորհեց օդանավակայանին 2-րդ կարգ։ Նոր վերջնակայաններ (թերմինալներ) բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թ. հուլիսին Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» (Corporation America, «Քորփորեյշն Ըմերիքա») ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը 30 տարի ժամկետով։
Շիրակ օդակայան
- Հիմնական հոդվածը՝ Շիրակ օդակայան
Շիրակ օդակայանը սպասարկում է Գյումրի քաղաքը և Շիրակի մարզը։ Օդակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Կառուցվել է 1961 թվականին և խոշորությամբ երկրորդն է Հայաստանում Երևանի Զվարթնոց օդակայանից հետո[77]։
Էրեբունի օդանավակայան
- Հիմնական հոդվածը՝ Էրեբունի օդանավակայան
Էրեբունի օդանավակայան, նախկինում քաղաքացիական, այժմ՝ ռազմական օդանավակայան Երևանում։ Տեղակայված է Երևանի կենտրոնից 7, 3 կմ հեռավորության վրա։ Ներկա դրությամբ օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի կողմից։ Նաև օգտագործվում է մասնավոր ձեռնարկությունների կողմից, որոնք չարթերային ուղղաթիռային թռիչքներ են իրականացնում երկրի ներսում, ինչպես և դեպի Ստեփանակերտի օդանավակայան և ԱՊՀ։
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Հայաստանում բաղկացած են 426-րդ ավիախմբի 18 «ՄիԳ-29» կործանիչներից և 700-րդ օդա-տրանսպորտային հսկիչ կենտրոնից, որը տեղակայված է Էրեբունի օդանավակայանում գտնվող 3624-րդ օդային բազայում[78]։
Այլ օդանավակայաններ
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս
Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների[79]։ Այն իրենից ներկայացնում է երկրի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկան եկամուտների համախառն ցուցանիշ։
Տարի | 1990 | 1995 | 2000 | 2005 | 2010 | 2015 | 2017 |
---|---|---|---|---|---|---|---|
Ցուցանիշ | 0.631 | 0.604 | 0.648 | 0.692 | 0.728 | 0.749 | 0.756 |
Պետական կառուցվածք
Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։
Կառավարում
1. Ազգային ժողովի շենքը 2. Կառավարության շենքը
|
Օրենսդիր իշխանություն
Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսուներկու պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ Հայաստանի յոթերորդ՝ արտահերթ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2018 թ. դեկտեմբերի 9-ին։ Հայաստանի յոթերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 3 խմբակցություն՝ Իմ քայլը դաշինք (88 պատգամավոր), Բարգավաճ Հայաստան կուսակցություն (26 պատգամավոր), Լուսավոր Հայաստան կուսակցություն (18 պատգամավոր)։ Այս խմբակցություններից՝ Իմ քայլը դաշինքը ստեղծվել է 2018 թ. օգոստոսին, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ 2004 թվականի ապրիլի 30-ին, Լուսավոր Հայաստան կուսակցությունը՝ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին[80]։
2019 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 11 կուսակցություն, կուսակցական խմբակցություն և դաշինքներ, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 132 մանդատների համար։ Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 132 մանդատների համար պայքարում էր 1400–ից ավելի թեկնածու[81]։
Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 2,593,140 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 1,261,105-ը։ Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2, 594 միլիոն ընտրող[82]։
Կուսակցություն | Ձայներ | % | Մանդատներ | +/– | |
---|---|---|---|---|---|
Իմ քայլը դաշինք | 884,864 | 70.42 | 88 | +83 | |
Բարգավաճ Հայաստան կուսակցություն | 103,801 | 8.26 | 26 | –5 | |
Լուսավոր Հայաստան կուսակցություն | 80,047 | 6.37 | 18 | +15 | |
Հայաստանի հանրապետական կուսակցություն | 59,083 | 4.70 | 0 | –58 | |
Հայ Յեղափոխական Դաշնակցություն | 48,816 | 3.88 | 0 | –7 | |
«Մենք» դաշինք (ԱԴ–Հ) | 25,176 | 2.00 | 0 | –1 | |
Սասնա Ծռեր | 22,868 | 1.82 | 0 | Նոր | |
Օրինաց Երկիր | 12,393 | 0.99 | 0 | 0 | |
Քաղաքացու որոշում | 8,514 | 0.68 | 0 | Նոր | |
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն | 6,458 | 0.51 | 0 | Նոր | |
«Ազգային առաջընթաց» կուսակցություն | 4,121 | 0.33 | 0 | Նոր | |
Անվավեր քվեաթերթիկներ | 5,111 | – | – | – | |
Ընդամենը | 1,261,105 | 100 | 132 | +27 | |
Գրանցված ընտրողներ/մասնակցություն | 2,593,140 | 48.63 | – | – | |
Աղբյուր ՀԸՀ |
Գործադիր իշխանություն
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։
Գործադիր իշխանությունն իրականացնում է Հայաստանի կառավարությունը։ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին։
Այսօր Հայաստանում գործում են հետևյալ նախարարությունները[83]՝
- Էկոնոմիկայի նախարարություն
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- Առողջապահության նախարարություն
- Արդարադատության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն
- Արտաքին գործերի նախարարություն
- Շրջակա միջավայրի նախարարություն
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- Պաշտպանության նախարարություն
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
- Ֆինանսների նախարարություն
- Ազգային անվտանգության ծառայություն
- Պետական վերահսկողության ծառայություն
- Կադաստրի կոմիտե
- Ոստիկանություն
- Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
- Պետական գույքի կառավարման վարչություն
- Պետական եկամուտների կոմիտե
- Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Դատական իշխանություն
Հայաստանում արդարադատությունն իրականացվում է միայն դատարանների միջոցով՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, որը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, բարձրագույն իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարադատական ատյանն է, և արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է։ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը[86]։
Վարչատարածքային բաժանում և տեղական ինքնակառավարում
Հայաստանն ունիտար պետություն է և բաժանվում է 10 մարզերի և մայրաքաղաքի, որոնք են՝
Մարզ |
Մարզկենտրոն |
Տարածք |
Բնակչություն |
---|---|---|---|
1. Արագածոտն | ք. Աշտարակ | 2 753 կմ² | 126 278 |
2. Արարատ | ք. Արտաշատ | 2 096 կմ² | 252 665 |
3. Արմավիր | ք. Արմավիր | 1 242 կմ² | 255 861 |
4. Գեղարքունիք | ք. Գավառ | 5 348 կմ² | 215 371 |
5. Կոտայք | ք. Հրազդան | 2 089 կմ² | 241 337 |
6. Լոռի | ք. Վանաձոր | 3 789 կմ² | 253 351 |
7. Շիրակ | ք. Գյումրի | 2 681 կմ² | 257 242 |
8. Սյունիք | ք. Կապան | 4 506 կմ² | 134 061 |
9. Տավուշ | ք. Իջևան | 2 704 կմ² | 121 963 |
10. Վայոց ձոր | ք. Եղեգնաձոր | 2 308 կմ² | 53 230 |
11. Երևան | - | 227 կմ² | 1 091 235 |
Մարզերն իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարությունը, որի տվյալ որոշումները վավերացնում է Հանրապետության Նախագահը։ Հայաստանի տարածքում գտնվում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ։ Համայնքները ղեկավարվում են համայնքի ղեկավարի և ավագանու կողմից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով։
Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների, որոնք ղեկավարվում են վարչական շրջանների ղեկավարների կողմից։ Վերջիններիս նշանակում է Երևանի քաղաքապետը։ Երևանի քաղաքապետին ընտրում է Երևան քաղաքի ավագանին[87]։
Վարչական շրջան | Տարածք, հա | Բնակչություն,
հազար մարդ | |
---|---|---|---|
1 | Աջափնյակ[88] | 2582 | 109, 6 |
2 | Ավան[89] | 812 | 53, 1 |
3 | Արաբկիր[90] | 1 324, 99 | 117, 704 |
4 | Դավթաշեն[91] | 651, 8 | 42, 207 |
5 | Էրեբունի[92] | 4850 | 126, 3 |
6 | Կենտրոն[93] | 1335 | 126, 6 |
7 | Մալաթիա-Սեբաստիա[94] | 2516 | 142, 6 |
8 | Նոր Նորք[95] | 1449, 8 | 129, 4 |
9 | Նորք-Մարաշ[96] | 470 | 11, 3 |
10 | Նուբարաշեն[97] | 1724 | 9, 7 |
11 | Շենգավիթ[98] | 4090 | 137, 4 |
12 | Քանաքեռ-Զեյթուն[99] | 760, 01 | 74, 4 |
Հայաստանում կա 949 գյուղ[100]։
Զինված ուժեր
1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը։
Հայաստանի բանակի թվաքանակը կազմում է 44.800 զինվոր (ժամկետային զինծառայողներ), գումարած ևս 210.000 պահեստային զինվորներ[101]։ Բանակի բյուջեն կազմում է $447 միլիոն (2013 թվականին)[101]։ Բանակը բաժանված է երեք հիմնական ճյուղի՝ ցամաքային զորքեր, հակաօդային պաշտպանության զորքեր և ռազմաօդային ուժեր։ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի վարչապետն է։
Պետական խորհրդանիշներ
Հայաստանի դրոշը կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև)[102], հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Դրոշը հաստատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ 2006 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2005 թվականի Սահմանադրական բարեփոխումներից հետո՝ 2006 թ. հունիսի 15-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է զինանշանի մասին նոր օրենքը։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը[103]։
Հայաստանի ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի որոշ փոփոխություններով (օրինակ՝ նախկին «Մեր Հայրենիք՝ թշվառ, անտեր» տողը արմատապես վերախմբագրվել է հետևյալ տեքստով «Մեր Հայրենիք՝ ազատ, անկախ»)։ Հիմնի տեքստը վերցվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։
Արտաքին քաղաքականություն
2011 թվականի սեպտեմբերի տվյալներով Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի անդամ 194 պետությունների հետ։ Երևանում հավատարմագրված են 33 օտարերկրյա դեսպանություններ։
Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին, որը ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ Հայաստանն անդամակացում է նաև Եվրոպայի խորհրդին, Սևծովյան տնտեսական համագործակցությանը և ԱՀԿ-ին։
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը[104]։
Ադրբեջան
Հայաստանը և Ադրբեջանը վարում են բանակցություններ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ադրբեջանում հաճախ սիրում են կրկնել, որ եթե բանակցությունները արդյունք չունենան, իրենք պատրաստ են Արցախի տարածքը ետ վերադարձնել ռազմական ճանապարհով[105]։
2008 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը։ Առաջնորդները համաձայնվեցին աշխատել կոնֆլիկտի լուծման վրա, միայն խաղաղ ճանապարհով։
Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ուղղված է Հայաստանի շրջափակմանը բոլոր առումներով։ 2006 թվականին արաբալեզու Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազույցի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վարել և շարունակել է վարել քաղաքականություն, որի նպատակը Հայաստանին էներգետիկ և տրանսպորտային փակուղի մտցնելն է, քանի դեռ Ադրբեջանը ետ չի վերադարձրել Արցախի տարածքները[106]։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը այժմ փակ է, ինչպես նաև երկրների միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։
ԱՄՆ
ԱՄՆ-ն ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 25-ին և բացել իր դեսպանատունը Երևանում 1992 թվականի փետրվարին։ Մինչ ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալը, ԱՄՆ-ում Հայաստանի շահերը ներկայացնում էր ԱՄՆ-ի հայկական լոբբին։ 2005 թվականին ամերիկյան կառավարությունը հատկացրել է Հայաստանին 7 միլիոն դրամ՝ բարելավելու Հայաստանի զինված ուժերի կապի համակարգը։ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն է Լին Թրեյսին[107]։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը բացվել է 1992 թվականի մարտին։ 2005 թվականից մինչև 2014 թվականը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է եղել Թաթուլ Մարգարյանը[108], 2014-2016 թթ.՝ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը[109][110], իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 12-ի հրամանագրով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը՝ Վաշինգտոն)[111]։ 1995 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում հիմնվեց Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ 2013 թվականի օգոստոսից Լոս Անջելես քաղաքի Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր Սերգեյ Սարկիսովը[112]։
ԱՄՆ 44 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Ռուսաստան
Հայաստանի տարածքում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը գտնվում է Գյումրիում։ Այն իրականացնում է մարտական հերթապահություն՝ ԱՊՀ հակաօդային միացյալ պաշտպանության շրջանակներում։
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը 2010 թվականի տվյալներով կազմել է հանրապետության արտաքին առևտրի 20,8 %-ը[113]։ Ռուսաստանը համարվում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողներից մեկը։ Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 240 մլն դոլար։
Հայկական մի շարք խոշոր ձեռնարկություններ պատկանում են ռուսական ընկերություններին։ Օրինակ, մինչ 2006 թվականի Գազպրոմին է պատկանել «Հայռուսգազարտի» միայն 45%-ը, իսկ ներկայումս «Հայռուսգազարտը» վերանվանվել է Գազպրոմ Արմենիայի, և բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Գազպրոմ ընկերությանը[114]։
Ռուսաստանին է պատկանում Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, որը էլեկտրաէներգիա է մատակարարում, ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին և Վրաստանին։ Էլեկտրակայանը, մի քանի այլ ձեռնարկությունների հետ մեկտեղ փոխանցվել է ռուսական կողմին 2002 թվականին՝ Հայաստանի արտաքին պարտքի մարման պայմանով[115]։
Հունաստան
Հունաստանը առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Հունաստանը պաշտոնապես ճանաչել է նաև Հայոց ցեղասպանությունը։ Հունաստանը համարվում է Հայաստանի երկրորդ ռազմական դաշնակիցը և Հայաստանի մոտակա դաշնակիցը ՆԱՏՕ-ում։
Վրաստան
Հայաստանի պետական սահմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ լինելու պատճառով՝ Վրաստանը ունի կարևորագույն դեր Հայաստանից և դեպի Հայաստան ապրանքների արտահանման և ներկրման համար։ Հայաստանը չունի բաց ելք դեպի ծով, այդ իսկ պատճառով օգտվում է վրացական նավահանգիստներից։ Վրաստանի հետ Հայաստանը ունի երկաթուղային գիծ։ Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում Վրաստան։
2009 թվականին վրացական ապրանքների արտահանման ծավալներով Հայաստանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Իրան
Իրանի և Հայաստանի սահմանը տարանցիկ գոտի է համարվում Արաբական աշխարհից դեպի Եվրոպա մեկնող բեռնատարների համար։ Կարճևանի ավտոճանապարհը սկսել է գործել 1990-ական թվականների սկզբից։ Երկու երկրների միջև ակտիվ բանակցություններ են ընթանում երկաթգծի կառուցման վերաբերյալ։
2004 թվականի մայիսին երկու երկրների միջև կնքվել է Իրան-Հայաստան գազատարի հիմնական պայմանագիրը։ Գազատարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 19-ին՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ[116]։
Թուրքիա
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին, սակայն մինչ օրս վերջինիս հետ չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանը Թուրքիայի Հանրապետությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիան հայտարարեց հայ-թուրքական սահմանի փակման վերաբերյալ[117], ինչը պաշտոնապես բացատրվում է Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի զինված ուժերի մասնակցությամբ։ Երկու երկրները ունեն ակտիվ առևտրաշրջանառությունը, ինչը սակայն ունի ոչ պաշտոնական բնույթ։
2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» հռչակագրերը[118][119]։ Փաստաթղթերը ենթադրում էին «անկախ պատմաբանների» խորհուրդ, որը զբաղվելու էր Հայոց ցեղասպանության հարցով[119]։ Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատեց թուրքական կողմի գործողությունները[120]։
Պակիստան
Պակիստանը ՄԱԿ-ի անդամ միակ երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանի անկախությունը։ Պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաները դա բացատրում են Արցախյան ազատամարտում Ադրբեջանի շահերը պաշտպանելով։
Ժողովրդագրություն
Բնակչության 1960-2017 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Էթնիկ կազմ
Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետություն։
2011 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3.018.854 մարդ, որից՝ 2.961.801-ը հայեր են[123]։ Ազգային փոքրամասնությունների թիվը կազմում է մոտ 60 հազար, որոնցից առավել մեծաքանակ են՝ եզդիները (35,3 հազար) և ռուսները (11,9 հազար)։
Կրոնական կազմ
Բնակչության մոտ 94%-ը տոկոսը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ Կրոնական փոքրամասնությունների թվում են. կաթոլիկներ, մոլոկաններ, ռուս ուղղափառներ, ավետարանականներ, բապտիստներ, հոգեգալստականներ, խարիզմատական քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, մորմոններ, եզդիներ, հուդայականներ, սուննի մուսուլմաններ (հիմնականում՝ քրդեր) և Շիա մուսուլմաններ։ Ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցված է 66 կրոնական համայնք[124]։
Այսօր Հայաստանը աշխարհիկ պետություն է, սակայն սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական փոքրամասնությունների ազատությունը։
Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է։ Կենտրոնը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Առաքելական» է կոչվում, որովհետև նրա հիմնադիրներն են Հիսուս Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը, ովքեր Հայաստանում առաջինն են քարոզել Քրիստոնեությունը և այստեղ էլ նահատակվել (մ. թ. I դար)։ Այդ ժամանակ էլ Քրիստոնեությունը Ասորիքից ու Կապադովկիայից մուտք է գործել Հայաստան և սկզբում տարածվել Մեծ Հայքի թագավորության հարավային ու արևմտյան երկրամասերում ու գավառներում։ 301-ին, Հայոց Տրդատ Գ թագավորի օրոք, Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչի ջանքերով Քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն։
Հայաստանյայց առաքելական եկեղեցի են կազմում՝ Կաթողիկոսություն ամենայն հայոց, Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո, Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Պատրիարքություն հայոց Թուրքիո։ Հայաստանի և Արցախի տարածքում գործում են հետևյալ թեմերը․ Այրարատյան հայրապետական, Շիրակի, Գուգարաց, Սյունյաց, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունյաց, Կոտայքի, Արցախի։ Հայաստանի տարածքից դուրս գործում են Վրաստանի, Ռուսաստանի, Նոր Նախիջևանի, Ուկրաինայի, Ատրպատականի (Թավրիզ), Սպահանի (Նոր Ջուղա), Թեհրանի (Թեհրան), Եգիպտոսի թեմերը, Փարիզի (հայրապետական պատվիրակ), Մարսելի շրջան, Լիոնի շրջան, Անգլիա-Լոնդոն (հայրապետական պատվիրակ), Ռումինիայի, Բուլղարիայի թեմերը, Իտալիայի հոգևոր հովվությունը, Հունաստանի թեմը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ (Ավստրիա և Շվեդիա), Շվեդիայի հոգևոր հովվությունը, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի Արևելյան (Նյու Յորք), ԱՄՆ-ի Արևմտյան (Լոս Անջելես), Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի թեմերը, Իրաքի թեմը, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Կալկաթայի հոգևոր հովիվ, Սուդանի հոգևոր հովվությունը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը։
Հայ եկեղեցին ունի իր ներկայացուցիչները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։
Կա հինգ վանահայրություն՝ Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի, Սուրբ Շողակաթի, Սուրբ Գեղարդի, Խոր վիրապի։
Ազգություն | ԸԲ | ԴՈւ | ՀԱԵ | Ա | Ե | Կ | ԵՎ | Ու | Հ | Մ | այլք | ԴՉ | ՀՊ | Կրոն չեն նշել |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայաստան (ընդհանուր) | 3 018 854 | 2 897 267 | 2 796 519 | 29 280 | 25 204 | 13 843 | 8 695 | 7 532 | 5 434 | 2 872 | 7 888 | 34 373 | 10 941 | 76 273 |
Հայեր | 2 961 801 | 2 843 545 | 2 784 553 | 28 454 | 0 | 13 247 | 8 581 | 3 413 | 734 | 0 | 4 563 | 33 254 | 10 086 | 74 916 |
Եզդիներ | 35 308 | 33 772 | 3 597 | 532 | 24 518 | 0 | 40 | 0 | 3 624 | 0 | 1 461 | 413 | 547 | 576 |
Ռուսներ | 11 911 | 11 078 | 4 899 | 150 | 0 | 336 | 37 | 2 798 | 0 | 2 755 | 103 | 325 | 132 | 376 |
Ասորիներ | 2 769 | 2 556 | 935 | 47 | 0 | 11 | 14 | 601 | 2 | 0 | 946 | 162 | 20 | 31 |
Քրդեր | 2 162 | 2 098 | 180 | 42 | 682 | 0 | 2 | 0 | 1 068 | 0 | 124 | 29 | 18 | 17 |
Ուկրաինացիներ | 1 176 | 1 121 | 674 | 10 | 0 | 44 | 8 | 360 | 0 | 19 | 6 | 34 | 8 | 13 |
Հույներ | 900 | 838 | 692 | 6 | 0 | 24 | 2 | 109 | 0 | 0 | 5 | 41 | 9 | 12 |
Վրացիներ | 617 | 401 | 253 | 10 | 0 | 23 | 4 | 93 | 0 | 0 | 18 | 17 | 16 | 183 |
Պարսիկներ | 476 | 401 | 27 | 0 | 3 | 12 | 0 | 1 | 0 | 0 | 358 | 17 | 36 | 22 |
այլ | 1 634 | 1 393 | 661 | 29 | 1 | 143 | 6 | 150 | 6 | 98 | 299 | 64 | 51 | 126 |
Չեն պատասխանել | 100 | 64 | 48 | 0 | 0 | 3 | 1 | 7 | 0 | 0 | 5 | 17 | 18 | 1 |
Քաղաքներ
№ | Քաղաք | Մարզ | Բնակչություն[126] | № | Քաղաք | Մարզ | Բնակչություն[126] | |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Երևան | Երևան | 1,071,800 | 10 | Արտաշատ | Արարատ | 21,300 | |
2 | Գյումրի | Շիրակ | 118,600 | 11 | Իջևան | Տավուշ | 20,800 | |
3 | Վանաձոր | Լոռի | 82,800 | 12 | Սևան | Գեղարքունիք | 20,600 | |
4 | Վաղարշապատ | Արմավիր | 46,800 | 13 | Չարենցավան | Կոտայք | 20,500 | |
5 | Աբովյան | Կոտայք | 44,400 | 14 | Մասիս | Արարատ | 20,500 | |
6 | Կապան | Սյունիք | 42,700 | 15 | Արարատ | Արարատ | 20,400 | |
7 | Հրազդան | Կոտայք | 41,600 | 16 | Գորիս | Սյունիք | 20,300 | |
8 | Արմավիր | Արմավիր | 29,000 | 17 | Գավառ | Գեղարքունիք | 19,900 | |
9 | Դիլիջան | Տավուշ | 23,700 | 18 | Աշտարակ | Արագածոտն | 19,100 |
Իրենց աշխարհագրական նշանակությամբ, այսինքն՝ աշխատանքի աշխարհագրական բաժանմանն իրենց մասնակցության աստիճանով, Հայաստանի քաղաքները բաժանվում են երեք խմբի.
- Համապետական կենտրոն։ Դա Հայաստանի տարաբնակեցման մասնական համապետական համակարգի կենտրոնն է՝ Երևան մայրաքաղաքը։ Երևանում կենտրոնացած են Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները, այստեղ հանգուցվում են ներհայաստանյան և միջազգային տրանսպորտային ուղիները։
- Մարզային (տարածաշրջանային) կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոն է երկրի ա մասի՝ համեմատաբար ընդարձակ տարածաշրջանի համար։ Լրիվ ձևավորված կամ ձևավորվող այդպիսի կենտրոններ են մարզերի վարչական կենտրոնները։ Դրանց շարքում առավել հասուն և բարձր կարգի կենտրոններ են Գյումրին, Վանաձորը, Կապանը, Գավառը և Իջևանը։
- Տեղական նշանակության կենտրոններ։ Այդպիսիք են Հայաստանի մնացած քաղաքները, այդ թվում նախկին վարչական շրջանների կենտրոնները։ Դրանց ազդեցության ոլորտում են գտնվում շրջակա գյուղական բնակավայրերը։
Եթե Երևանն իրեն է ձգում երկրի տարածքն ամբողջությամբ, ապա տարածաշրջանային (մարզային) կենտրոնը՝ այդ տարածքի միայն մի մասը։
Կրթություն և գիտություն
Երևանում գտնվում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան գիտական համագործակցության պայմանագրեր ունի Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Հունգարիայի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների և Լոնդոնի թագավորական ընկերության հետ։
Լեզու
Հայաստանի պետական լեզուն հայերենն է, որի գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։
Գրականություն
Մեզ հասած հայերեն լեզվով ամենահին գրական ստեղծագործությունները պատկանում են V-VI դարերին։ Նախ և առաջ դրանք Մովսես Խորենացու («Պատմություն Հայոց»), Կորյունի («Վարք Մաշտոցի») պատմական ստեղծագործություններն են։ Վաղ միջնադարում (XI դար) է ստեղծագործել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ «Թղթեր» աշխատության հեղինակը։ Նա հայերեն է թարգմանել նաև Էվկլիդեսի «Սկզբունքներ» աշխատությունը։
Պատմական հայտնի աշխատություններ են գրել նաև Հովհաննես Դրասխանակերտցին («Հայոց պատմություն» և «Շարից հայրապետացն Հայոց», IX դարի վերջ և X դարի սկիզբ), Թովմա Արծրունին (960–1030), Ստեփանոս Օրբելյանը (XIII դար) և այլք։ «Սասունցի Դավիթ» էպոսը ստեղծվել է VII-X դարերի ընթացքում։ Հայկական պոեզիայի ավելի հին քնարական, բարոյախրատական և փիլիսոփայական արտացոլումը կարելի է գտնել Գրիգոր Նարեկացու (951–1003), Ներսես Շնորհալու (1112–1173), Հովհաննես Թլկուրանցու (XIV–XV դարեր), Ֆրիկի (XIII–XIV դարեր) և այլոց ստեղծագործություններում։ XII-XIII դարերում են ստեղծագործել առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։
19-րդ դարում հայ գրականությունն ու արվեստը զարգանում էին ռուսական և արևմտաեվրոպական մշակույթի ազդեցության ներքո։ Հայ երգահաններ Կոմիտասը և Գրիգոր Սյունին հավաքում էին ժողովրդական երգեր և օգտագործում համերգային ելույթների ժամանակ։ Հայտնի երգահաններից են նաև Տիգրան Չուխաջյանը (1837-1898 թթ, հայ առաջին օպերաների, օպերետաների, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների հեղինակ), Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928) և Արմեն Տիգրանյանը (1879–1950)։
Հայ ժողովրդի կազմավորմանը համընթաց ձևավորվում է նաև հայկական մշակույթը, որի հիմքում ընկան հայկական ցեղերի և ցեղախմբերի լոկալ մշակույթները, որոնք դարերի ընթացքում նկատելի ընդհանրություններ ձեռք բերեցին և միավորվելով ստացան համահայկական մշակույթի բնույթ։ Առանձին տեղ է գրավում ուրարտական մշակութային ժառանգությունը հայկական մշակույթի մեջ։ Կատարված հնագիտական պեղումները վկայում են, որ ուրարտական մշակույթի շատ տարրեր կազմել են ձևավորվող համահայկական մշակույթի բաղկացուցիչ մասը[127]։
Միաժամանակ հայ ժողովուրդը, ապրելով Ասիայի ու Եվրոպայի սահմանագլխին, շուտով ներգրավվում է հունահելլենիստական հին կամ անտիկ աշխարհի ոլորտը։ Այսպիսով, ավելի քան երկու հազար տարի առաջ հայկական մշակույթի մեջ ձևավորվում է հելլենիստական ուղղությունը, որով հայկական մշակույթը կապվում է արևմտյան մշակույթի հետ[128]։
Միջին դարերում հայկական մշակույթը տևական և սերտ կապերի մեջ է եղել ինչպես բյուզանդական, այնպես էլ արաբական քաղաքակրթությունների հետ[127]։
Նոր ժամանակներում հայ ժողովուրդը, արևելյան ժողովուրդների թվում առաջիններից մեկն էր, որը լայնորեն հաղորդակից դարձավ եվրոպական նոր քաղաքակրթությանը՝ Արևմտյան Եվրոպայի երկրների հետ ունեցած կապերին հաղորդակից լինելու շնորհիվ[127]։
Ճարտարապետություն
Հայկական ճարտարապետության մեջ մեծ դեր է խաղում տուֆը, որը ամենատարածված շինանյութն է Հայաստանում, որտեղ և գտնվում է աշխարհում տուֆի երկու ամենախոշոր հանքավայրերից մեկը (մյուսը գտնվում է Իտալիայում)։ Տուֆը շինարարության մեջ օգտագործվում է վաղնջական ժամանակներից[129]։
Նախնադար
Հայկական լեռնաշխարհում ճարտարապետության զարգացման համար կարևոր է նորքարեդարի ժամանակաշրջանը, երբ հայտնագործվել են կավաշաղախի կապակցող հատկությունները, ստեղծվել է առաջին արհեստական շինանյութը՝ հում աղյուսը, կառուցվել են առաջին վերգետնյա բնակարանները։ Քարայրը՝ որպես հիմնական կացարան, տեղը զիջել է բնակարանին[130]։
մ.թ.ա. III հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում զարգացել է շենգավիթյան մշակույթը, կառուցվել են մեկ կամ մի քանի շարք պարիսպներով ամրոց-բնակատեղիներ՝ բերդշեներ, կիկլոպյան կառույցներ, մետաղագործ, կենտրոններ (Մեծամոր)[131]։ Բրոնզի դարում բարձր զարգացման են հասել մեգալիթյան կառույցները, մասնավորապես՝ միայն Հայկական լեռնաշխարհում հանդիպող ջրի պաշտամունքին նվիրված մենհիր վիշապաքարերը։ Մեգալիթյան կառույցների եզակի համալիր է Զորաց քարերը՝ Սիսիանի մերձակայքում։
Առաջացել են հայկական ժողովրդական բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպերը, բազմասյուն կառուցվածքներ, երկհարկանի տներ։ Երևան են եկել մոնումենտալ ճարտարապետության (Մոխրաբլուր) և ամրաշինական (Յանիքթեփե, Շրեշ բլուր) կառույցներ։ Լեռնային գոտում տարածվել են անմշակ քարերից և ժայռաբեկորներից «կիկլոպյան» տեխնիկայով կառուցված շինությունները (Գառնի, Ձյանբերդ և այլն)։
Հին շրջան
Նախորդ դարաշրջանի ամրոց-բնակատեղիների փոխարեն կառուցվել են ավելի հուսալի ամրոցներ և քաղաքներ, նաև ջրանցքներ, որոնցից հայտնի է հատկապես Մենուայի (Շամիրամի) ջրանցքը։ Ամրոցներով շրջափակվել են Տուշպա, Մենուախինիլի, Սարդուրիխուրդա և այլ քաղաքներ։ Բնակելի թաղամասերը, որպես կանոն, կառուցվել են բարձունքների ստորոտներում, պարսպապատ միջնաբերդը՝ գագաթներին։ Մեկից ավելի բարձունքների դեպքում հաճախ ստեղծվել է բազմամիջուկ քաղաքաշինական համակարգ՝ մի քանի միջնաբերդերով (Արգիշտիխինիլի, Անզաֆ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի)։ Հատակաձևերը եղել են ազատ, կանոնավոր ցանցի, խառը, նաև դարավանդաձև համակարգային սկզբունքներով։ Քաղաքաշինությանը բնորոշ էր սոցիալական տարբեր խավերին պատկանող թաղամասերի առանձնացումը։ Միջնաբերդերը բաղկացած էին պալատական, պաշտամունքային, տնտեսական, զորանոցային բաժանմունքներից, 2-3 շարք պարիսպներից՝ կրկնվող աշտարակներով և որմնահեցերով։ Հաճախ պարսպի՝ բնականից չպաշտպանված մասերում ստեղծվել են արգելակներ՝ խրամներ։
Թեյշեբաինիի միջնաբերդն զբաղեցնում էր երկհարկանի պալատը, որի ստորին հարկում տնտեսական և արտադրական բաժիններն էին, իսկ վերին հարկում՝ բնակելի, հանդիսությունների և պաշտոնական արարողությունների սենյակները։ Հայտնի են տաճարի 3 հորինվածքային տիպեր՝ քառակուսի եզրագծով, անկյունային աշտարակներով (Թոփրակկալե, Ազնավուրթեփե, Կայալիդերե, Չաուշթեփե, Ալթընթեփե), պարզ ուղղանկյուն հատակաձևով, երկայնական առանցքով տեղադրված մուտքով (Էրեբունի, Մուսասիր) և ուղղանկյուն, լայնական ձգված հատակաձևով (Խալդի աստծու տաճարը)։ Ներսը սվաղվել է, հարդարվել որմնանկարներով, սալապատվել մարմարով և ընդելուզվել գունավոր քարերով։
Կոթողներն ունեցել են պաշտամունքային նշանակություն, կանգնեցվել են զոհարանների մոտ։ Արհեստական քարայրերը ծառայել են պաշտամունքի, թաղման, բնակության և այլ նպատակների։
Վանա ժայռի քարայրերը (Խորխոռյան մեծ և փոքր, Իչկալա, Նավթկույու) ուղղանկյուն հատակաձևերով, հարթ կամ թաղանման առաստաղներով, միմյանց հետ հաղորդակցվող դահլիճ-սենյակներ են։ Կառուցվել են ջրանցքներ (աքվեդուկ), փորվել են թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը՝ Շամիրամի, Դալմայի, Կարմիր բլուրի, գործում են ցայսօր։ Կառույցների որմերի և մույթերի ստորին շարքերը շարվել են անմշակ կամ կոպտատաշ քարերով, սրբատաշ են եղել սյունախարիսխները, որոշ պաշտամունքային կառույցների որմեր, արձանագրություններով և քանդակապատ քարերը։ Հիմնական շինանյութը հարդաշաղախ հում աղյուսն էր։ Սյուները, բարավորները, հեծանային կառուցվածքները եղել են փայտից։
Հելլենիստական շրջան
Հայկական ժողովրդական բնակելի տան հիմնական տիպի՝ գլխատան նախօրինակները նկարագրել է Քսենոփոնն իր «Անաբասիս» երկում (մ.թ.ա. V դար)։ մ.թ.ա. III – մ. թ. I դարերում են հիմնադրվել Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ, Զարեհավան, Տիգրանակերտ քաղաքները՝ որպես վարչական և արհեստավորական կենտրոններ։ Դրանք, ինչպես և նույն ժամանակաշրջանի ամրոցները (Գառնի, Արտագերս, Անի-Կամախ, Օշական, Դարույնք) ու հեթանոսական սրբավայրերը (Բագավան, Բագրևանդ, Աշտիշատ, Երիզա) եղել են քաղաքաշինության և ճարտարապետության կազմավորման հիմնական օղակները։ Ըստ գրավոր աղբյուրների՝ մասամբ նաև Գառնիի, Արմավիրի, Արտաշատի և անտիկ այլ հնավայրերի պեղածո նյութերի՝ Հայաստանի քաղաքաշինությունը, ճարտարապետությունը և շինարարական տեխնիկան մ.թ.ա. IV դարից զարգացել են հունա-հռոմեական, իսկ մ.թ.ա. I դարից՝ նաև հռոմեական մշակույթների փոխազդեցությամբ՝ դառնալով «հայկական հելլենիզմի» մշակույթի բաղկացուցիչ մասը։ Քաղաքների բնական պաշտպանվածությունը լրացվել է արհեստական շինություններով (պարիսպներ, հողապատնեշներ, ջրլեցուն խանդակներ), որոնցով առանձին-առանձին շրջապատվել են քաղաքի 2 բաղադրիչները՝ միջնաբերդն ու բուն քաղաքը։ Առանձնապես հզոր և հուսալի էին Տիգրանակերտի ավելի քան 25 մ բարձրության պարիսպները։ Տեղանքի նպատակահարմարությամբ և պաշտպանական շինությունների հզորությամբ աչքի է ընկել նաև թագավորական Գառնի (մ.թ.ա. IIII–I դարեր) ամառանոցը, որի բնականից անպաշտպան հատվածները (հատկապես՝ հյուսիսում) ողջ երկայնքով պատված էին ամրակուռ բրգավոր պարիսպներով։ Կառուցողական տեխնիկան (տձև և կանոնավոր քարերից անշաղախ շարվածք, արճճով մածուցված երկաթե կապեր, սյունահեծանային համակարգ) նույնպես վկայում է տեղականի և անտիկ հունա-հռոմեականի զուգակցման մասին։
Վաղ միջնադար
Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելուց հետո կառուցվել են նորատիպ պաշտամունքային շենքեր, որոնք սկզբնապես կրել են անտիկ ճարտարապետության ազդեցությունը։ Քանդվում են բոլոր հեթանոսական տաճարները, բացառությամբ Գառնիի հեթանոսական տաճարի, որը կառուցված է եղել ի պատիվ Միհր աստծո[132]։
IV-V դարերի եկեղեցական շենքերը հիմնականում բազիլիկատիպ են՝ միանավ կամ եռանավ։ Անհամեմատ շատ են պահպանվել միանավ ոչ մեծ չափերով դահլիճները, որոնց աղոթասրահները ծածկվել են միասնական թաղով և ամփոփվել երկլանջ կտուրի տակ (Գառնիի, Թանահատի և այլ եկեղեցիներ)։ Եռանավ բազիլիկի «արևելյան տիպին» են պատկանում Աղցի (IV դար), Քասաղի (IV–V դարեր) և այլ եկեղեցիները, որոնք առնվել են երկլանջ ընդհանուր կտուրի տակ, իսկ «արևմտյան տիպին»՝ Երերույքի (IV-V դարեր), Ծիծեռնավանքի (IV–V դարեր, Սյունիք) և այլ եկեղեցիները, որոնց միջին նավը բարձր է եզրայիններից, և յուրաքանչյուր նավն առնվել է առանձին կտուրի տակ։
Եկեղեցիների մեծ մասում խորանը ներգծվել է արտաքին պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ, որոշ միանավ և եռանավ եկեղեցիներ ունեցել են արտաքին սյունասրահներ։
Հայաստանում VI–VII դարերում լայնորեն տարածվել է խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների տարբեր տիպերի շինությունները։ Դրանց հիմնական ճարտարապետական գաղափարը ներքին ծավալների միավորումն է ենթագմբեթային տարածության շուրջ։ Գմբեթավոր դահլիճները (Պտղնիի (VI-VII դարեր), Արուճի (661–666), Դդմաշենի (VII դար)), գմբեթավոր բազիլիկները (Տեկորի (V դար), Օձունի (VI դարի վերջ)), ինչպես նաև եռախորան գմբեթավոր բազիլիկները (Դվինի Սբ․ Գրիգոր (608–615), Թալինի Կաթողիկե (VII դար) սերել են եռանավ բազիլիկ հորինվածքից։ Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների հորինվածքային գաղափարը զարգացել է Մոխրենեսի (570-ական թվականներ), Ավանի (588–597) եկեղեցիների օրինակով, դասական կատարելության հասել նույնատիպ մյուս կառույցներում (Հռիփսիմե (618), Գառնահովիտ (VI–VII դարեր)։ Հայտնի է, որ Վրաստանում հայ քարգործ վարպետների մասնակցությամբ VII դարում կառուցվել են Մցխեթի Սբ․ Խաչ (Ջվարի), Աթենի Սբ․ Սիոն (ճարտարապետ՝ Թոդոսակ) եկեղեցիները։
Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածքներ ստեղծելու ձգտումը VII դարի կեսին պսակվել է Ներսես Գ Շինարար կաթողիկոսի կառուցած, դարաշրջանի գլուխգործոց Զվարթնոցի եկեղեցով (641-652), որտեղ խաչաձև քառախորան միջուկը ներգծվել է բազմանիստ շրջանաձև պարագծի մեջ և ամփոփվել եռաստիճան ծավալում։
Խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքից են սերում բազմախորան եկեղեցիները (Եղվարդի Զորավար (661–685), Արագած (VI դար))։ VI–VII դարերում զուգահեռաբար մշակվել են խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր եկեղեցիների բազմազան տարբերակներ՝ Աշտարակի Կարմրավոր (VI դար), Լմբատավանքի Սբ․ Ստեփանոս (VI դար) և այլն։
Աշխարհիկ շենքերի ճարտարապետությունը զարգացել է միանգամայն ինքնուրույն ուղիով՝ ժողովրդական բնակելի տան ճարտարապետությանը բնորոշ հորինվածքային և կառուցվածքային լուծումներով։ Դվինի 2 (V և VII դարեր), Արուճի 2 (VII դար) պալատների հորինվածքներում կենտրոնական տեղ են գրավել սյունազարդ դահլիճները՝ քարե սյուներին հենվող հազարաշեն տիպի փայտե ծածկերի համակարգով։
Հուշակոթողային արվեստ
Պաշտամունքային ճարտարապետությունից վաղ և նրան զուգահեռ վերելք է ապրել հուշակոթողային արվեստը (քարակոթողներ, հուշասյուներ, խաչարձաններ, դամբարաններ)։
Քարակոթողները՝ ուղղաձիգ, քառանիստ, բազմանիստ կամ կլոր հատվածքով, հիմնականում հուշասյուներ են, որոնք հայտնաբերվել են Հայաստանի շատ վայրերում (Ագարակ, Երերույք, Խոշավանք և այլուր)։ Մի մասը (Դվին, Ջրվեժ, Զովունի) պսակված էր «թևավոր» խաչով։ Այդ կառույցներում հիմնականում պահպանված է աստիճանաձև որմնախարիսխ + խորանարդաձև պատվանդան + սյունանման կոթող դասական հորինվածքը։ Սովորաբար կերտվել են տուֆի տարատեսակների ամբողջական զանգվածից, մակերեսները հիմնականում մշակվել են խորհրդանշական, բուսական կամ երկրաչափական քանդակներով և զարդամոտիվներով։ Դրանք դարձել են սկզբունքորեն նոր տիպի կոթողների՝ խաչքարերի ձևավորման հիմքը՝ դրսևորվելով մի շարք սյունակոթողների (Ագարակ, Թալին, Կողբ) և խաչքարերի (Թալին, Գառնի) հորինվածքային նմանությամբ։
Հուշասյուները (Ջրվեժ, Ավան, Դվին) կանգնեցվել են կարևոր իրադարձությունների առիթով։ Դրանք ունեն կոթողների ընդհանուր հորինվածք և պսակված են արտահայտիչ խոյակով։ Կոթողների կառուցման ավանդույթը հարատևել է մինչև ուշ միջնադար (Տաթև, Հովհաննավանք, Հաղպատ)։
Վաղմիջնադարյան դամբարանները բաժանվում են 2 խմբի, առաջինը վկայարաններ են, որտեղ թաղվել են հանուն քրիստոնեական հավատքի նահատակված սրբերն ու սրբացած անձինք (Հռիփսիմե, Գայանե, Գրիգորիս և ուրիշներ), երկրորդը՝ աշխարհիկ և հոգևոր մարդկանց դամբարաններ (Արշակունիներինը՝ Աղցում (IV դար), Մեսրոպ Մաշտոցինը՝ Օշականում (V դար) և այլն)։ Դամբարանները մեծ մասամբ երկհարկ են, որոնց գետնափոր կամ կիսագետնափոր ստորին հարկի տապանատան վրա կառուցվել է աղոթասրահը։ VI-VII դարերի մահարձանների ճարտարապետությունը ներկայացվում է Օձունի և Աղուդիի բարձրարվեստ հուշարձաններով։
Քարի մշակման արվեստն իր բազմազան դրսևորումներով հասել է կատարելության։ Քանդակազարդմանը զուգահեռ կարևորվել են խճանկարչությունը և որմնանկարչությունը։ Խճանկարների մնացորդներ են հայտնաբերվել Էջմիածնի Մայր տաճարի, Դվինի Սբ․ Գրիգոր եկեղեցու և Զվարթնոցի պեղումներից։ Վաղ միջնադարի որմնանկարներ կան Աղցի դամբարանում, Քասաղի, Երերույքի, Աշտարակի Ծիրանավոր բազիլիկներում, Էջմիածնի Մայր տաճարում, Տեկորի, Զվարթնոցի և այլ եկեղեցիներում։
Շինարարական արվեստում տեղի է ունեցել արմատական հեղաշրջում, չոր շարվածքը փոխարինվել է կրաշաղախով և կրաբետոնով։
VII դարում ավարտվել է բազմերանգ, որոշակի և յուրահատուկ դիմագծով հայկական ազգային ճարտարապետության կազմավորումը։
Զարգացած միջնադար
Բագրատունյաց թագավորություն
VIII դարից՝ արաբական խալիֆության տիրապետության շրջանում, Հայաստանի մեծ մասում գրեթե կանգ է առել շինարարությունը։ Այդուհանդերձ, առանձին իշխան, տիրույթներում և երկրի ծայրամասային շրջաններում կառուցվել են դամբարաններ, պալատներ և այլն (Նախճավանի Արտավազդ Կամսարականի դամբարանը, Դվինի միջնաբերդի պալատ և այլն)։ Ըստ մատենագրական տվյալների՝ շինարարություն են ծավալել նաև կաթողիկոսները. Հովհան Օձնեցի Իմաստասերը VIII դարի 1-ին տասնամյակներում կառուցել է եկեղեցիներ, այդ թվում նաև հայրենի Օձուն գյուղում, Դավիթ Ա Արամոնեցին իր ծննդավայր Արամոնքում (Արամուս) VIII դարի 1-ին կեսին՝ եկեղեցի և պալատ։
VIII–IX դարերում ձևավորվել և հետագայում կատարելության է հասել խաչքարի արվեստը։ 885 թվականին Բագրատունիների գլխավորությամբ հայկական պետականության վերականգնումից հետո քաղաքային կյանքի զարգացումը, աշխարհիկ մտածողության վերելքը, միջազգային առևտրի աշխուժացումն ու ընդլայնումը նպաստել են աշխարհիկ ճարտարապետության և քաղաքաշինության զարգացմանը։
Քաղաքացիական ճարտարապետության արժեքավոր հուշարձաններ են Անիի պաշտպանական կառույցները, կամուրջները, հյուրատները, բնակելի տները և այլն։ Անիում արգասաբեր գործունեություն է ծավալել Տրդատ ճարտարապետը, որի ստեղծագործությունները՝ Անիի Մայր տաճարը, Գագկաշենը, Արգինայի կաթողիկոսարանը և եկեղեցին, հայկական ճարտարապետության նշանավոր ստեղծագործություններից են։ Ինքնատիպ հորինվածքով աչքի է ընկել Անիի Սբ Առաքելոց 5-գմբեթանի եկեղեցին (1004–1031)։ Անիի օրինակով զարգացել են մեծ թվով քաղաքներ և խոշոր ավատատիրական կենտրոններ (Աղթամար, Ամբերդ, Լոռիբերդ)։
Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցի կարևոր հուշարձաններից են Մարմաշենի (X դար) և Խծկոնքի Սբ Սարգիս (1027) կենտրոնագմբեթ եկեղեցիները, որոնք ունեն բազմանիստին ներգծված 4 անկյունային ավանդատներով քառախորան հորինվածք։ Վասպուրականում՝ Աղթամար կղզում, կառուցվել է Արծրունիների նստավայրը՝ նավահանգստով, պալատով, Սբ Խաչ եկեղեցով։
VIII–XI դարերում Հայաստանի հուշակառույցներն աչքի են ընկել ձևերի բազմազանությամբ։ Վաղմիջնադարյան հուշասյուների հորինվածքը դարձել է ինքնատիպ կոթողների՝ Տաթևի վանքի (906) և Որոտնավանքի (X դար) ճոճվող սյուների ստեղծման հիմքը։
Քաղաքներից զատ՝ ճարտարապետությունը զարգացել է առանձին իշխանական տիրույթներում, ամրոցներում, հատկապես վանական համալիրներում, որոնք, արագորեն աճելով, վերածվել են ժամանակի կարևոր մշակութային կենտրոնների։
IX–XI դարերումում Հայաստանում ավատատիրության զարգացումը հանգեցրել է որոշակի նկարագրով և տեղական առանձնահատկություններով ճարտարապետական դպրոցների (Արարատյան, Անի-Շիրակի, Սյունիքի, Վասպուրականի, Լոռու, Արցախի) ձևավորմանը։
IX–X դարերից կիրառվել են նախկինում մշակված հատակագծային և ծավալատարածական հորինվածքների բազմաթիվ ձևեր՝ միանավ դահլիճներում (Նորավանք, Բյուրականի Սբ Հովհաննես և այլն), գմբեթավոր դահլիճներում (Շիրակավանի Սբ Փրկիչ, Հաղպատի Սբ Նշան), գմբեթավոր բազիլիկներում (Անիի Մայր եկեղեցի), բազմախորան կենտրոնագմբեթ (Աբուղամրենց Սբ Գրիգոր, Փրկչի, Հովվի), քառախորան, 3/4 հենախորշերով (Աղթամարի Սբ Խաչ), փոքր խաչագմբեթ (Սևանի եկեղեցիները) և այլ կառույցներում։
Զաքարյան իշխանապետություն
XII–XIII դարերում զարգացման բարձր մակարդակի են հասել քաղաքները (Անի, Դվին, Կարին, Կարս, Երզնկա), կարևորվել աշխարհիկ շինությունները։ Հատկանշական են Անիի Պարոնի և Սարգսի, Մրենի Սարգսի և Սահմադինի (1276–86) պալատները, երկհարկանի իջևան-հյուրատները։
XII–XIV դարերում հայ ճարտարապետության մեջ կարևոր տեղ ունեն վանական համալիրները, որոնցից շատերը համակառուցային ճարտարապետության գլուխգործոցներ են։ Նոր թափ է առել ու տարածվել գավիթ-ժամատների, դպրոցների, սեղանատների, գրատուն-մատենադարանների, աղբյուրների, կոմունալ և տնտեսական կառույցների շինարարությունը, որով ամբողջացվել են վանական համալիրները։ Որոշակի տեղ են ունեցել նաև հուշակառույցները (խաչքար-մոնումենտներ, տոհմային դամբարաններ և այլն)։ 12-XIV դարերում եկեղեցիների հիմնական տիպերն էին գմբեթավոր դահլիճը (Անիի Սբ Գրիգոր, Տիգրան Հոնենցի) և 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, ներքուստ խաչաձև գմբեթավոր տիպը (Գեղարքունիքի Կարմիր եղցի, Տեղեր և այլն)։ Նորություն էին երկհարկ, եռաստիճան եկեղեցիները (Գոշավանքի գրատուն-եկեղեցին, Եղվարդի Սբ Աստվածածին)։
X–XI դարերում Հայաստանում կազմավորվել է շինության նոր տիպ՝ գավիթը, կառուցվել է եկեղեցուն կից՝ արևմտյան կողմում։ Դրանք ունեցել են հիմնականում կրոնական, նաև աշխարհիկ նշանակություն, միաժամանակ եղել են տապանատներ։ Վանական համալիրներում տարածված էր 4 սյուներով քառակուսի դահլիճի դասական տիպը՝ բաժանված 9 հատվածի, կենտրոնում՝ վրանաձև ծածկով (Թեղենյաց վանք, Սանահին, Գոշավանք)։ Մշակվել են նաև անսյուն՝ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով (Առաքելոց, Խորակերտի), զույգ խաչաձևվող կամարներով՝ դեպի արևմուտք երկարացված մասով (Հաղպատ, Մշկավանք)։
XII–XIII դարերի հայկական ճարտարապետության գլուխգործոցներից են Հաղպատի վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու գավիթը, Համազասպի ժամատունը, զանգակատունը, սեղանատունը։ Դարաշրջանի ճարտարապետության նշանավոր նմուշներից է Գեղարդի վանական ժայռափոր համալիրը (XIII դար)։
XIII դարի 1-ին կեսից մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով Հայաստանն ապրել է տնտեսական խոր անկում։ XIV դարի կեսերից շինարարական գործընթացը խիստ դանդաղել է, իսկ XV–XVI դարերում գրեթե դադարել է, և միայն XVII դարում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ շարունակվել է շինարարությանյան և ճարտարապետության զարգացումը։
Ուշ միջնադար
XIII–XIV դարերում՝ մոնղոլ-թաթարական ցեղերի ասպատակություններից, XV–XVI դարերում թուրք-պարսկական պատերազմներից հետո Հայաստանում միայն XVII դարի սկզբից համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրի վերականգնման և շինարարական գործունեության վերսկսման համար։ Կարճ ժամանակում կառուցվել են բազմաթիվ պաշտամունքային, քաղաքացիական շինություններ և ճարտարապետական համալիրներ։ Հիմնականում ուղղանկյուն հատակագծով համալիրները շրջափակված էին պարիսպներով, որոնց պարագծով տեղաբաշխվել են բնակելի և տնտեսական շինությունները (Սյունիքում՝ Տաթևի Մեծ անապատ, Կնեվանք, Շատիվանք և այլն)։ Որոշ դեպքերում վանքի եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ (Սբ Թովմա, Էրեմերի Սբ Աստվածածին, Կտուց անապատ և այլն)։
XII դարի վանական համալիրներին բնորոշ է հորինվածքներում պաշտամունքային և պաշտպանական խնդիրների զուգակցումը։ XVII-XVIII դարերում պաշտպանական նպատակներով ամրացվել և հարմարեցվել են Գնդեվանքը, Նորավանքը և այլն։ XVII դարի նորակառույց համալիրներում է ձևավորվել վանք-ամրոցի հորինվածքը, որի բնորոշ նմուշներից են Տաթևի Մեծ անապատի, Շատիվանքի, Խոր վիրապի և այլ համալիրներ։
Ճարտարապետական համակառույցների կազմավորման ընթացքում մեծ դեր են ունեցել աշխարհիկ շինությունները՝ բնակելի շենքերը, սեղանատները, գավիթներն ու աստիճանաձև զանգակատները։
Նոր շրջան
Թուրք-պարսկական տիրապետություն
XVII–XVIII դարերում Սյունիքում կառուցվել են հիմնականում միանավ և եռանավ բազիլիկ, Նախիջևանում՝ 4 հենարաններով գմբեթավոր բազիլիկ եկեղեցիներ, Այրարատում և Վասպուրականում, բազիլիկ կառույցներից բացի, նաև այլ տիպեր՝ գմբեթավոր դահլիճներ, խաչագմբեթ եկեղեցիներ։ Եթե վաղմիջնադարյան բազիլիկներում ներքին տարածությունը բաժանվել է 3-4 զույգ մույթերով 3 նավի, ապա XVII դարի բազիլիկներում մույթերը հիմնականում 2 զույգ են, կան նաև 1 զույգ մույթերով (Հորթատեր, Կնեվանք, Ռինդ և այլն)։ Դրանք չունեն վաղմիջնադարյան կառույցների գետնախարիսխները, սյունասրահները, ճակտոնները։ XVII դարի գմբեթավոր բազիլիկները (Մուղնու, Ագուլիսի, Մեսրոպավանի և այլն) իրենց հատակագծային և ծավալային լուծումներով մոտ են VII դարի նույնատիպ հուշարձաններին։
Եթե Արևմտյան Հայաստանում դեռևս կիրառվել է քառասյուն գավիթների կենտրոնակազմ հորինվածքը, ապա Արևելյան Հայաստանում XVII դարում գավիթները վերածվել են եռակամար բաց սրահի՝ կցվելով եկեղեցիների արևմտյան ճակատներին։ Որոշ դեպքերում այդ սրահները համատեղվել են զանգակատների հետ (Մուղնի, Շողակաթ, Երևանի Զորավոր)։
XVII դարում նախադրյալներ են ստեղծվել երկրում ճանապարհների բարեկարգման, կարավանատների ու կամուրջների վերանորոգման և նորերի կառուցման համար։ Բազմաթիվ խոշոր կամուրջներ են կառուցվել Հրազդան, Քասաղ, Որոտան, Մեղրի, Փամբակ և այլ գետերի վրա։ Ուշ միջնադարի կառույցներից հատկապես ուշագրավ են Աշտարակի (1664), Երևանի (1679), Օշականի (1706) բազմաթռիչք կամուրջները՝ տեղանքի հարմար ընտրությամբ և ինքնատիպ հորինվածքներով։
Զգալիորեն զարգացել են Վան, Կարս, Բաղեշ, Մուշ, Կարին, Երզնկա, Գյումրի, Էջմիածին քաղաքները, հատկապես Երևանը՝ Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն դառնալուց հետո։ XVI-XVIII դարերում Երևանի տարածքային կառուցվածքը եռաստիճան էր՝ բերդ, համատարած այգիներով բնակելի թաղամասեր և քաղաքը շրջապատող բազմաթիվ բնակավայրեր։
XVII–XVIII դարերի ճարտարապետությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանի միջնադարյան ճարտարապետության ավանդույթների պահպանման և հետագա զարգացման մեջ։
Ռուսական տիրապետություն
19-րդ դարի սկզբին պարսկական լծից Արևելյան Հայաստանի ազատագրումը պայմանավորել է տնտեսության, ինչպես նաև քաղաքաշինության և ճարտարապետության որոշակի առաջընթաց։ Կառուցվել են Հայաստանի համար նորաբնույթ շենքեր՝ բանկեր, եվրոպական տիպի հյուրանոցներ, թատրոններ և այլն, միևնույն ժամանակ պահպանվել են ժողովրդական բնակելի տան և եկեղեցական կառույցների ազգային ավանդական ձևն ու ոճը։ Քաղաքները մասամբ (Երևան, Վաղարշապատ) կամ ամբողջովին (Ալեքսանդրապոլ, Կարս, Գորիս) վերակառուցվել են կանոնավոր հատակագծման սկզբունքով։
Վերակառուցման և հատակագծման աշխատանքներն առավել ծավալվել են 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին, երբ քաղաքները Հայաստանում վերածվել են կապիտալիստական հարաբերությունների զարգացման կենտրոնների։ Արդյունաբերության և առևտրի զարգացմանն էապես նպաստել են երկաթուղու կառուցումը մինչև Ալեքսանդրապոլ և Կարս (1899), Երևան (1902), ինչպես և խճուղային կապի ստեղծումը (Գորիս՝ 1877, Նոր Բայազետ և Շուշի՝ 1881)։ Կարևորվել են բնակարանների ջրամատակարարումը և կոմունալ սպասարկումը, բարեփոխվել սանիտարահիգիենային պայմանները։
Սկզբունքորեն արդիականը և ժամանակի համար առաջադիմականը եղել է քաղաքների ու քաղաքատիպ բնակավայրերի վերակառուցումը՝ նոր հատակագծերի հիման վրա, որի շնորհիվ խառնիճաղանջ ու տարերայնորեն կառուցապատված մի քանի քաղաքներում արմատավորվել են փողոցների ուղղահայաց, կանոնավոր ցանցեր։ Նոր ոճերի (գլխավորապես՝ ռուսական կլասիցիզմի, մասամբ՝ մոդեռնի) ազդեցությամբ ձևավորվել է Երևանի, Գյումրիի, Կարսի, մասամբ նաև Վաղարշապատի, Շուշիի ճարտարապետական նոր դիմագիծը։
Հարավային Կովկասի կենտրոնական քաղաքների՝ Թիֆլիսի և Բաքվի, ինչպես նաև Վրաստանի (Ախալքալաք, Ախալցխա, Գորի, Թելավ, Սիղնաղ, Անանուխ, Ադրբեջանի (Գանձակ, Շամախի) հայ բնակչությունն իր անմիջական մասնակցությամբ նպաստել է բնակավայրերի միայն տնտեսական, մշակութային, այլև ճարտարապետության ու քաղաքաշինության զարգացմանը։ Թիֆլիսում ու Բաքվում են ստեղծագործել Սանկտ Պետերբուրգի կայսերական գեղարվեստի ակադեմիայի և քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի սաներ Հովհաննես Քաջազնունին (1868–1937), Գաբրիել Տեր-Միքելյանը (1874–1949), Ղազարոս Սարգսյանը և այլք։
Հայ ճարտարապետները մասնագիտական գործունեություն են ծավալել Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Դոնի Ռոստով, Կամենեց-Պոդոլսկ, Վլադիկավկազ, Գրոզնի, Դզլար, Աստրախան, Արմավիր, Կրասնոդար, Պյատիգորսկ, Կիսլովոդսկ, Լվով քաղաքներում, Ղրիմում, Մոլդովայում և այլուր։
20-րդ դարի սկզբին Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Կրատովոյում (Մոսկվայի մարզ) և Յարոսլավլում բեղմնավոր գործունեություն է ծավալել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որի նախագծերով կառուցվել են Շչերբատովների տունը (Մոսկվա), հիվանդանոցային մասնաշենքերի ու բնակելի ավանի ընդարձակ համալիր (Կրատովո)։
Բազմաթիվ են հայկական ճարտարապետության կառույցները նաև գաղթավայրերում, գրեթե ամենուր կառուցվել են եկեղեցական շենքեր, հաճախ՝ օժանդակ շինություններով։ Մասնավորապես Հելիոպոլսի եկեղեցին իր ընդհանուր ձևերով և համաչափություններով հիշեցնում է Մարմաշենի Կաթողիկեն, Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին կրկնել է Հաղպատի զանգակատան ձևերը, Ալեքսանդրիայի Պողոս-Պետրոս եկեղեցին հարազատ է Հայաստանում տարածված բազիլիկ կառույցներին։ Ինքնատիպ են Սան Ֆրանցիսկոյի Սբ Հռիփսիմե, Դաքայի հայկական եկեղեցիների հորինվածքները։
Նորագույն շրջան
1920–1960 թվականներ
20-րդ դարի երկրորդ տասնամյակից սկսվել է հայկական ճարտարապետության նոր փուլը, որը կարևորվել է քաղաքաշինական նշանակալի աշխատանքներով, քաղաքների և գյուղերի վերակառուցումներով և բարեփոխումներով։ 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանն իր կազմած Երևանի գլխավոր հատակագծում առաջին անգամ կիրառել է քաղաքաշինական նոր սկզբունքներ (բնակավայրի բոլոր մասերի միասնություն, կենտրոնի և ծայրամասերի հակադրության վերացում, օրգանական ներդաշնակություն միջավայրի հետ և այլն), որոնք հետագայում դրվել են Հայաստանի բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիմքում։ 1924–1925 թվականներին Երևանում կառուցվել են 1-3-հարկանի երկսեկցիոն բնակելի տներ՝ 2-3-հարկանի բնակելի տներ կառուցվել են նաև Գյումրիում, Վանաձորում։ 1920–30-ական թվականներին արվել են շենքերի տիպայնացման առաջին փորձերը։ 1920-ական թվականներին միաժամանակ ծավալվել է հասարակական շենքերի շինարարությունը (Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը, Կառավարական տունը)։
1920-30-ական թվականների 1-ին կեսին Հայաստանում ճարտարապետությունը զարգացել է 2 ուղղությամբ՝ առաջինը Ա. Թամանյանի և նրա դպրոցի դավանած ազգային ճարտարապետական ժառանգության ստեղծագործական վերամշակումն էր, երկրորդը՝ կոնստրուկտիվիստական ուղղությունը, որի հետևորդներն էին ճարտարապետներ Կ. Հալաբյանը, Մ. Մազմանյանը, Գևորգ Քոչարը, նրանց գործերում կառույցի ձևը ճշտորեն համապատասխանում էր նրա գործառնական նշանակությանը։ Իրագործվել են արդյունաբերական կառույցների, ջրէկների շինարարության, բարեկարգման աշխատանքներ Երևանում, Գյումրիում և այլուր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արդյունաբերական կարևոր օբյեկտների շինարարությանը զուգընթաց գյուղերում և շրջկենտրոններում կառուցվել են նաև բնակելի տներ, ակումբներ և հասարակական շենքեր։ Տարածվել է պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձանների կառուցումը։ Հետպատերազմական շրջանում կառուցվել են հասարակական շենքերի համալիրներ, ինչպիսին Երևանի Հանրապետության հրապարակինն է, որտեղ Կառավարական տան ճարտարապետությունը պայմանավորել է մյուս շենքերի տեղադրությունը և հորինվածքները։ 1950-ական թվականներին հասարակական կենտրոններ են ստեղծվել նաև Գյումրիում և Վանաձորում։
1955 թվականից շինարարության ինդուստրացումը և տիպային նախագծերը չեն նպաստել բնակելի զանգվածների ուշագրավ և բազմազան կառուցապատմանը։
1960–2015 թվականներ
1970-ական թվականների կեսերից նկատելի են զանգվածային կառուցապատման գեղարվեստական նկարագրի հարստացման որոնումները, որոնք դրսևորվել են անհատական նախագծերով կառուցված բազմաթիվ բնակելի տներում և թաղամասերում։ Երկաթբետոնի արտահայտչական հնարավորությունների օգտագործման, ճարտարապետության ազգային ինքնատիպության նորովի ընկալման օրինակներ են 1960-ական թվականներին նախագծված մի շարք կառույցներ՝ Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը, Կամերային երաժշտության տունը, «Ռոսիա» կինոթատրոնը։
Բնակելի և հասարակական շենքերի շինարարությանը զուգընթաց հանրապետության քաղաքներում իրագործվել են բարեկարգման ծավալուն աշխատանքներ (Երևանում՝ Օղակաձև զբոսայգին, Կասկադի համալիրը)։ Լուծվել են քաղաքային երթևեկության և հետիոտն շարժման շատ խնդիրներ։ Կառուցվել են պատմական նշանավոր դեպքերն ու դեմքերը հավերժացնող հուշարձաններ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և այլն։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքները, 1990-ական թվականների սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները բացասաբար են անդրադարձել երկրում ճարտարապետաշինական գործընթացի վրա։ Այդուհանդերձ, շարունակվում են երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտու անօթևան բնակիչներին բնակարաններով ապահովելու, բնակավայրերի քաղաքաշինական բարեփոխման, բնակելի ֆոնդի արդիականացման աշխատանքները։ Սպիտակում տարբեր երկրների (Իտալիա, Չեխոսլովակիա, Նորվեգիա և այլն), ինչպես նաև ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների շինարարական կազմակերպություններ կառուցել են բնակելի թաղամասեր, դպրոցներ, առողջապահական օբյեկտներ։ 2007 թվականին հիմնականում վերականգնվել է քաղաքի կենտրոնը, մայրուղիները կառուցապատվել են ուշագրավ ճակատային լուծումներով բնակելի շենքերով։
Հանրապետության խոշոր քաղաքները կառուցապատվել են առավելապես բնակելի զանգվածներով։ Երկրի անկախացումից հետո (1991 թվականից) իրագործվել են կարևոր քաղաքաշինական աշխատանքներ։ 2000 թվականին ավարտվել է Գյումրիի Անի թաղամասի կառուցապատումը, 2007 թվականին Երևանում ավարտվել է Հանրապետության և Ազատության հրապարակներն իրար կապող Հյուսիսային պողոտայի շինարարությունը։ Կատարվում են ծավալուն աշխատանքներ տարանցիկ ճանապարհների, ստորգետնյա անցումների և անցուղիների կառուցման, քաղաքի կենտրոնի երթևեկությունը թեթևացնելու, խցանումները վերացնելու համար և այլն։
Անկախության տարիների 1-ին տասնամյակի ճարտարապետությունը բնորոշվում է եկեղեցական շենքերի աննախընթաց շինարարությամբ։ Նոր եկեղեցիներ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում և Երևանի համայնքներում, սակայն մեծ մասում հիմնականում կրկնվում են միջնադարյան ծավալատարածական հորինվածքները, պակասում նորարարությունը և արդիականի զգացողությունը։ Արդի քաղաքաշինությանը բնորոշ են որակական նոր փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կոնստրուկցիաների և տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը և այլն։ Վերջին տարիներին Երևանում կառուցվել են ավանդականն արդիականի հետ զուգակցող մի շարք շենքեր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (2001, Հայաստանի Պետական մրցանակ՝ 2001), Երևանի քաղաքապետարանի վարչական շենքը (Հայաստանի պետական մրցանակ՝ 2008), Երևանի Կասկադի համալիրը (1975–2005) և Տերյան փողոցի (2007) բնակելի-հասարակական համալիրները, Հյուսիսային պողոտայի բազմագործառնական համալիրը (2007), Ռուսաստանի հրապարակի Մոսկվայի տունը (2007) և այլն։
Կերպարվեստ
Հայկական կերպարվեստը ներկայացվում է որմնանկարչության, գեղանկարչության, մանրանկարչության, քանդակագործության, գորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր տարատեսակներով։
Հայկական որմնանկարչության առավել հայտնի նմուշները պատկանում են 5-րդ դարի կեսերին։ Դրանք Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարներն են։ Ավելի վաղ նմուշները պատկանում են VII դարին (Լմբատավանք, Սուրբ Գրիգոր եկեղեցի և այլն) և վկայում են ինտերիերի նկարազարդման մնայուն ավանդույթի մասին[133]։ Մինչ օրերս պահպանված Տաթևի վանքի որմնանկարի մի հատվածը մոտավորապես 930 թվականի աշխատանք է[81], իսկ Գնդեվանքի որմնանկարները՝ 914 թվականի[81]
Հայկական վաղ միջնադարյան քանդակները ներկայացված են IV–V դարերի քարակոթողներով, զարդաքանդակավոր և սյուժետային ռելիեֆներով։ Առավել վաղ նմուշները՝ Աղձքի Արշակունիների գերեզմանաքարերի ռելիեֆները, պատկանում են 364 թվականին[133] Պահպանվել է հուշակոթողների խոյակ Քասախում (մոտ IV դար) և Էջմիածնի Մայր Տաճարի ճակատին քանդակած 2 ռելիեֆ (IV դարի վերջ)[133]։ Ընդհանուր առմամբ հայկական քանդակագործությունը ներկայացված է 3 հիմնական դպրոցներով՝ Այրարատյան, Տաշիրյան և Սյունիքյան։ VI-VII դարերում սկսվում է քանդակագործական արվեստի զարգացման նոր շրջան (կլոր քանդակ և ռելիեֆներ), որը տարբերվում էր դեկորատիվ տարրերի հարստությամբ․ առանձնանում են ոճական ուղղություններ[133]։ Այդ ժամանակաշրջանի ճարտարապետության և կերպարվեստի գլուխգործոցն է դառնում Զվարթնոցի տաճարը, որը կառուցվել է 640–650-ական թվականներին։ Հայտնվում են սյուժետային պատկերավոր ռելիեֆներ (Պտղնիի, Մրենի եկեղեցիներում), երեցփոխների բարձրաքանդակային պատկերներ (Սիսիան)։
V-VII դարերում ձևավորվում է խաչքարերի արվեստը՝ հուշակոթողներ, որոնք իրենցից ներկայացնում են քարակոթողներ՝ խաչի փորագրված պատկերով։ Խաչքարային արվեստը հասնում է իր զարգացման գագաթնակետին XII–XIII դարերում։ Հայաստանի տարածքում հաշվվում է մոտ մի քանի հազար խաչքար, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր անկրկնելի նախշով, թեև բոլոր նախշերը սովորաբար արվում են նույն ոճով։
Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի պատմության մեջ առաջատար տեղ է զբաղեցրել գրքային մանրանկարչությունը։ Ամենավաղ նմուշները պատկանում են VI-VII դարերին[134]։ Հայկական մանրանկարչության յուրահատկությունն է հանդիսանում տեղական տարբեր դպրոցների՝ Կիլիկիայի, Գլաձորի, Տաթևի, Վասպուրականի և այլն դպրոցների բազմազան ոճերը։ Հայկական մանրանկարչական արվեստի վաղ նմուշներից են «Մլքե թագուհու Ավետարանը» (862 թ), Ավետարանը (986 թ), «Էջմիածնի Ավետարանը» (989 թ), «Մուղնիի Ավետարանը» (XI դար) և այլն։ Ոճաձևային բազմազանությամբ է առանձնանում XIII–XIV դարերի մանրանկարչությունը, երբ զարգանում են հայկական մանրանկարչության մի շարք տեղային ինքնաբավ դպրոցներ։
Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստը ներկայացված է հարուստ և բազմաբնույթ կերամիկայով՝ նկարազարդված և փորագրված ջնարակած կերամիկայով, ոչ ջնարակված, խորացված և ռելիեֆային զարդանկարով կերամիկայով։ Խեցեգործական արտադրության հիմնական կենտրոնները տեղակայված էին Անի և Դվին քաղաքներում, որոնք ծաղկում էին ապրում մինչև XII–XIII դարերը։ Պահպանվել են XIV դարի գործվածքներ, մետաղական գեղարվեստական պատրաստվածքներ՝ այդ թվում XIII–XIV դարերի դրվագակերտ արծաթե և ոսկեզօծ կերտվածքներ, եկեղեցական նշանակության պարագաներ, ձեռագիր գրքերի արծաթե և ոսկե շրջանակներ (օրինակ Կիլիկիայում պատրաստված Ավետարանի շրջանակը, 1255 թ)։ Անիում՝ Գագիկաշեն եկեղեցու պեղումների ժամանակ, հայտնաբերվել է XI դարի ջահ։ Հայտնի են նաև փայտի վրա փորագրված բարձրակարգ գեղարվեստական նմուշներ, որոնց ամենավաղ օրինակները պատկանում են X դարին։ Այս արվեստում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում տաճարների փայտե դռները (դուռ Մուշից, 1134 թ, Սևանա լճի մոտ գտնվող Առաքելոց եկեղեցու դռները, 1176 թ և այլն)։
Միջնադարում եկեղեցիները և տաճարները զարդարվել են նաև խճանկարներով։ Վաղ քրիստոնեական շրջանի խճանկարների հատվածներ են հայտնաբերվել Էջմիածնի Մայր տաճարում, Զվարթնոցի և Դվինի տաճարներում[133]։
Կիրառական արվեստ
Հայկական գորգը տերմին է, որը բնութագրում է խավավոր և ոչ խավավոր գորգերը, որոնք գործել են Հայկական լեռնաշխարհի տարածքում և նրա սահմաններից դուրս ապրող հայերը՝ սկսած նախաքրիստոնեական շրջանից (մինչև մ.թ.ա. IV դար) մինչև մեր օրերը[135][136][137][138][139][140][141][142][143][144]։
Գորգագործությունը հանդիսանում է հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի տարատեսակներից մեկը[145]։ Այն անքակտելիորեն կապված է հայերի դեկորատիվ-կիրառական արվեստի այլ տարատեսակների հետ՝ շարունակելով ազգային կերպարվեստի մյուս տեսակների ավանդույթները։ Հայկական գորգերը պարսկական, ադրբեջանական և այլ գորգերից հիմնականում տարբերվում են նրանով, որ հայկական զարդանախշերում կիրառվում են մարդկանց և կենդանիների ոճավորված պատկերներ[146]։ Սովորաբար Հայաստանում գորգերը փռում են հատակին, տան ներքին պատերին, բազմոցներին, սնդուկներին և մահճակալներին[147][148]։ Մինչ այժմ հաճախ գորգեր են կախվում դռան մուտքի մոտ, տաճարների և եկեղեցիների խորաններում։ Զարգանալով հինավուրց ժամանակներից՝ գորգագործությունը Հայաստանում հանդիսանում էր կենցաղի անբաժանելի մասը, քանի որ գորգագործությամբ զբաղվում էին գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում։ Ընդ որում գորգագործությունը ամենուրեք հայ կանանց զբաղմունքն էր[149]։
Թանգարաններ և գրադարաններ
Երաժշտություն և պարարվեստ
Հայկական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Այն առաջացել է հայոց լեզվի ձևավորման հետ մեկտեղ։ մ.թ.ա. III դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, պաշտամունքային (հեթանոսական) և գուսանների ժողովրդական արվեստը։ Քրիստոնեությունը 301 թ ընդունելուց հետո առաջ է գալիս նաև նոր ճյուղ՝ քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը։
Գուսանները հայ ժողովրդական երգիչներն են։ Նրանց գործունեությունը բացառապես աշխարհիկ է։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսաններն ի սկզբանե ծառայում էին Գիսանե աստվածուհուն նվիրված տաճարում։ Գուսանական երաժշտությունն սկիզբ է առնում ստրկատիրական դարաշրջանի Հայաստանի «վիպասանների» արվեստից։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանից ի հայտ եկան գուսանները և վարձակները։ Գուսանների մասին վկայություն են տվել V դարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն և այլք։ Գուսանները հանդես էին գալիս խնջույքներում, հարսանիքներում և ժողովրդական գործիքների ուղեկցությամբ կատարում էին իրենց երգերը։ 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին։
Շարականները հոգևոր երգերն են[150]։ Ամենաշատը պահպանվել են V–XV դարերի շարականներից։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ[150]։ Շարականներն իրենցից ներկայացնում են հին հայկական մշակույթի՝ մասնավորապես պոեզիայի, երաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզից։ Արդեն XVII դարում Բարսեղ Տչոն կաթողիկոս Ներսեսի կարգադրությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ «Այդ ժամանակ Հայաստանում այնքան շատ էին կանոնական եկեղեցական երգերը, որ մի թեմի երգիչները չգիտեին մյուս թեմի երգերը»։
Տաղերը շարականների պես երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Նրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ էին, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում էին հետագա ժամանակաշրջանների վոկալ և գործիքային արիաները։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան աշխարհիկները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, գլխավորապես զարգացել է X դարում՝ հիմնականում Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը, ի տարբերություն շարականների, կանոնական երգեր չէին և տոնակատարությունների ժամանակ կատարվում էին տվյալ իրադարձությանն ավելի մեծ հանդիսավորություն հաղորդելու համար։ Աշխարհիկ տաղը զարգանում է Ֆրիկի ստեղծագործությունների մեջ (XIII դար)։ Ամենահին աշխարհիկ տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, ստեղծվել է միջնադարում և պահպանվել է XVII դարի տեքստերում։
Հայկական դուդուկը պատրաստվում է բացառապես ծիրանենուց։ Ծիրանենին ձայնն անդրադարձնելու յուրահատուկ հատկություն ունի։ Դուդուկանման գործիքներն այլ երկրներում պատրաստում են այլ նյութերից (սալորենի, ընկուզենի), սակայն ըստ որոշ մասնագետների պնդման՝ նման դուդուկին բնորոշ է բավականին սուր, ռնգային ձայնը, մինչդեռ հայկական դուդուկը տարբերվում է մեղմ հնչողությամբ, որն ավելի շատ մարդկային ձայնի է նման։ Լեզվակը պատրաստվում է 2 կտոր եղեգից, որն աճում է Արաքս գետի ափին։ Ի տարբերություն երկակի լեզվակ ունեցող այլ գործիքների՝ դուդուկի աղեղաձողը բավականին լայն է, որն էլ գործիքին հաղորդում է իր տխուր հնչողությունը։ 1920–1930-ական թվականներին հայկական դուդուկը բարելավվեց Վ․ Բունիի կողմից, ով, պահպանելով ժողովրդական գործիքի հիմնական ձևը, ստեղծեց տարբեր ռեգիստրերի 3 տիպի դուդուկ։ Նրանցից վերջինը, որն ամենացածր, բարիտոնային ռեգիստր ուներ, իր ստեղծողի պատվին անվանվեց «բունիֆոն»[151][152]։
2008 թվականին դուդուկն ու նրա երաժշտությունն ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում[153]։
Դհոլը (թմբուկ՝ drum) հայկական[154] հարվածային երաժշտական գործիք է։ Պատկանում է երկկողմանի թմբուկի ընտանիքին, որն ունի գլանի ձև և ծածկված է մեկ կամ երկու թաղանթներով։ Նախկինում հայերը դհոլն օգտագործել են ռազմական արշավներից առաջ, իսկ ներկայումս կիրառվում է անսամբլներում՝ զուռնաների հետ և ուղեկցվում է պարերով։
Դհոլի առաջացումը կապված է Հայաստանի պատմության հեթանոսական շրջանին։ Սակայն այս երաժշտական գործիքը դեռևս կիրառվում է Հայկական եկեղեցում։
Դհոլ նվագելու համար անհրաժեշտ են 2 փայտե ձողեր (հաստ՝ կոպալ, բարակ՝ ճիպոտ)՝ պատրաստված բամբուկից կամ եղեգից։ Ձայնը դուրս է գալիս դհոլին այդ ձողերի հարվածից կամ էլ դհոլին ձեռքի ափերի, մատերի հարվածներից (վերջինս առավել հայտնի է)։
Թատրոն և կրկես
Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։
Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թ․ Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում[155][156][157] կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 56–34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն[155]։
Մեզ հասած առաջին դրամատուրգիական ստեղծագործություններն են Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»։ XVII-XIX դարերում թատրոնը զարգացավ նաև Լվովի, Մոսկվայի, Վենետիկի, Վիեննայի, Չենայի (Մադրաս), Կալկուտայի հայկական գաղթօջախներում։ 1810 թվականին Կոստանդնուպոլսում Մ․ Բժիշկյանի ղեկավարությամբ բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները։ 1846-1866 թթ այստեղ աշխատում է «Արամյան թատրոն»-ը (ղեկավար՝ Հովհաննես Գասպարյան), որը հյուրախաղերով հանդես էր գալիս Թբիլիսիում, Երևանում, Թավրիզում։ 1836 թ Գ․ Շերմազանյանը Թիֆլիսում ստեղծում է «Շերմազանյան դարպաս» թատրոնը։ XIX դարի 1850-ական թվականներին Կոստանդնուպոլսում գործում էին մի քանի սիրողական թատրոններ, որտեղ բեմադրվում էին Մ․ Պեշիկթաշլյանի, Ս․ Հեքիմյանի, Թ․ Թերզյանի և այլոց պիեսները։ 1860-ական թվականների սկզբին սիրողական թատերախմբերից ձևավորվում են հայկական պրոֆեսիոնալ թատրոններից «Արևելյան թատրոնը»՝ Հեքիմյանի գլխավորությամբ Կոստանդնուպոլսում (1861) և Գ․ Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում (1863)։ Թբիլիսյան թատերախմբի գործունեությունը, հայկական ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործությունները («Պեպո», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ» և այլն) հաստատեցին ռեալիզմը հայկական բեմի վրա։ XIX դարի վերջին XX դարի սկզբին ազգային դրամատուրգիայի ռեալիստական ավանդույթներն արտահայտվեցին Հակոբ Պարոնյանի («Պաղտասար աղբար»), Ալեքսանդր Շիրվանզադեի («Պատվի համար», «Եվգինե», «Արմենուհի» և այլն), Լևոն Շանթի («Հին Աստվածներ») ստեղծագործություններում։ Այդ ժամանակ սկսեցին ստեղծագործել դրամատուրգներ Վրթանես Փափազյանը («Ժայռ»), Ս․ Տարայանը («Սոկրատես»), Է․ Տեր-Գրիգորյանը, Նար-Դոսը, Լ․ Մանվելյանը, Դերենիկ Դեմիրճյանը և այլն։
Կինո
Հայկական կինեմատոգրաֆը սկիզբ կարելի է համար 1923 թ ապրիլի 16-ը, երբ կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Կինոյի Պետական Կոմիտեն։
1924 թվականի մարտին Երևանում ստեղծվեց առաջին հայկական կինոստուդիան՝ Հայֆիլմը՝ նույն թվականին նկարահանելով Խորհրդային Հայաստանի առաջին փաստագրական ֆիլմը։
«Նամուս»-ը առաջին հայկական սև-սպիտակ համր ֆիլմն է (1925), որը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա, որը պատմում է 2 սիրահարների դաժան ճակատագրի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Համո Բեկնազարյանը, ով նկարահանել է նաև առաջին ձայնային ֆիլմը՝ «Պեպո»-ն 1935 թ։
Հայտնի ռեժիսորներից են նաև Սերգեյ Փարաջանովը («Նռան գույնը»), Հենրիկ Մալյանը («Նահապետ»), Արտավազդ Փելեշյանը («Տարվա եղանակները»), Էդմոնդ Քեոսայանը, Ֆրունզե Դովլաթյանը, Միքայել Վարդանովը (Փարաջանով․ Վերջին գարուն), Լևոն Մկրտչյանը, Ատոմ Էգոյանը («Արարատ»), Մայքլ Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է հայկական ցեղասպանության, ժամանակակից հայկական պատմության և պատմական Հայաստանի մասին փաստագրական ֆիլմերով։
Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆն ամեն տարի նկարահանում է 2 կամ 3 խաղարկային ֆիլմ, 8 կարճամետրաժ և 15 վավերագրական ֆիլմեր[158]։
Խոհանոց
Հայկական խոհանոցը համարվում է Հարավային Կովկասի ամենահին, իսկ Ասիայի ամենահին խոհանոցներից մեկը[159]։ Հայտնի է, որ հայերը գիտեին խմորման և թխման գործընթացների մասին դեռևս 2500 տարի առաջ։ Շատ հայկական կերակրատեսակների պատրաստման ավանդույթները մինչ այսօր անփոփոխ են մնացել։
Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Ուրարտու պետությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։ Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրել է դեռևս այն ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ
Հայաստանի տարածքում կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ[160]՝
- Հաղպատի և Սանահինի վանական համալիրները,
- Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատի եկեղեցիները՝ Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ, և Զվարթնոց հնագիտական հուշարձանը,
- Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հոսանքը։
-
Ազատ գետի վերին հոսանքը
Սպորտ
Հայաստանում շատ սպորտաձևեր են հայտնի, որոնցից են ըմբշամարտը, ծանրամարտը, ձյուդոն, ֆուտբոլը, շախմատը և բռնցքամարտը։ Հայաստանի լեռնային ռելիեֆը հնարավորություն է տալիս զբաղվել այնպիսի սպորտաձևերով, ինչպիսին են Դահուկային սպորտը, լեռնագնացությունը։ Լինելով լեռնային երկիր՝ ջրային սպորտաձևերով կարելի է զբաղվել լճերում՝ հիմնականում Սևանա լճում։ Հայաստանը հաջողությամբ հանդես է գալիս շախմատի, ծանրամարտի և ըմբշամարտի միջազգային մրցաշարերում։ Հայաստանը նաև միջազգային սպորտային համայնքի ակտիվ անդամն է․ հանդիսանում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) և Հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ։ Պարբերաբար անց են կացվում նաև Համահայկական խաղեր։
Մինչ 1992 թվականը հայերը մասնակցում էին Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով ԽՍՀՄ-ն։ Հանդիսանալով ԽՍՀՄ-ի մի մասը՝ Հայաստանը հաջողությամբ էր հանդես գալիս մրցաշարերում՝ արժանանալով բազմաթիվ մեդալների։ Ժամանակակից Օլիմպիական խաղերում առաջին հայ մարզիկը, ով մեդալի է արժանացել մարմնամարզիկ Հրանտ Շահինյանն էր, ով 1952 թվականին Հելսինկիում կայացած Օլիմպիական խաղերին ստացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ։
Հայաստանը ԱՊՀ միասնական թիմի կազմում մասնակցել է 1992 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին, որը տեղի է ունեցել Բարսելոնայում։ Ունենալով ընդամենը 5 մարզիկ՝ այս խաղերին ստացել է 3 ոսկե և 1 արծաթե մեդալ ծանրամարտում և ըմբշամարտում։ 1994 թվականի Լիլեհամերի Ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցել է որպես անկախ պետություն։
Հայաստանը մասնակցում է Ամառային Օլիմպիական խաղերի բոքսի, ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, մարմնամարզության, վազքի, ջրասուզման, լողի մրցաշարերին։ Երկիրը մասնակցում է նաև Ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային, դահուկավազքի և գեղասահքի մրցաշարերին։
Ֆուտբոլը նույնպես հայտնի է Հայաստանում։ Ամենահայտնի ֆուտբոլային թիմը 1970-ական թվականների Երևանի Արարատն է, որը 1973 թ դարձավ Խորհրդային Միության գավաթակիր և 1975 թ Խորհրդային Միության Բարձրագույն լիգայի հաղթող։ Արարատ ՖԱ-ի վերջին հաջողությունը 1974–1975 թթ Եվրոպայի Գավաթի առաջնությունն էր, որտեղ չնայած տանը տարած հաղթանակին՝ քառորդ եզրափակիչում պարտվեց Մյունխենի Բավարիային։ Հայաստանը մասնակցում էր միջազգային մրցաշարերին ԽՍՀՄ-ի ֆուտբոլային թիմի կազմի մեջ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1992 թ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի ձևավորվելը։ Հայաստանի հավաքականը մեծ մրցաշարերում լուրջ հաջողությունների չի հասել թեև վերջին բարելավումների շնորհիվ հավաքականը 2011 թ սեպտեմբերի տվյալներով ՈՒԵՖԱ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 44-րդ տեղը։ Ազգային հավաքականը ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խումբը երկրի ֆուտբոլային մրցաշարի բարձրագույն մրցաշարն է, վերջին տարիներին երկրի չեմպիոն մեծ մասամբ դարձել է Փյունիկ ՖԱ-ը։
Հայազգի հայտնի շատ ֆուտբոլիստներ կան՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Յուրի Ջորկաեֆ, Ալեն Բողոսյան, Անդրանիկ Իսքանտարեան, Անդրանիկ Թեյմուրյան, Էդգար Մանուչարյան, անցյալի ֆուտբոլիստներից Սարգիս Հովիվյան, Նիկիտա Սիմոնյան, Խորեն Հովհաննիսյան և այլն։ Ջորկաեֆը և Բողոսյանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել 1998 թ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն։ Անդրանիկ Թեյմուրյանը Իրանի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2006 թ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, Էդգար Մանուչարյանը հանդես է եկել Այաքս ՖԱ-ում, իսկ Հենրիխ Մխիթարյանը ներկա պահին հանդես է գալիս անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբում և շատ մասնագետների կարծիքով համարվում է Եվրոպայի լավագույն կիսապաշտպաներից մեկը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան (սկզբնական շրջանում՝ սեկցիա) ստեղծվել է 1927 թվականին[161]։ Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006[162], 2008[163] և 2012[164] թթ. դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, երեք անգամ՝ (1992[165], 2002[166], 2004[167] թվականներին) օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2011[168] թ. դարձել է աշխարհի թիմային առաջնության հաղթող, չորս անգամ երրորդ տեղն է գրավել աշխարհի թիմային առաջնություններում (1997[169], 2001[170], 2005[171], 2015[172] թվականներին), Եվրոպայի չեմպիոն (1999[173] թվականին)։ Երևան թիմը հաղթել է եվրոպական ակումբների գավաթի խաղարկությունում (1995 թվականին)։ Հայաստանի կանանց հավաքականը 2003 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, Երևանի Միկա կանանց ակումբը՝ 2006 թ. Եվրագավաթի հաղթող։ Լևոն Արոնյանը, ով պատմության մեջ ամենաբարձր Էլո վարկանիշ ունեցող շախմատիստների ցուցակում չորրորդն է[174][175][176][177][178] 2005-ին դարձել է աշխարհի գավաթակիր, Վլադիմիր Հակոբյանը 1999-ին՝ աշխարհի փոխչեմպիոն։ Հայաստանն այժմ ունի 36 գրոսմայստեր, 25 միջազգային վարպետ, 17 ՖԻԴԵ-ի վարպետ[179]։ Միջազգային վարկանիշներ ունեն 285, ազգային՝ ավելի քանի 3000 շախմատիստներ։ Հայաստանում անցկացվել են բազմաթիվ խոշորագույն միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ[180]։ 1996-ին Երևանում անցկացվել է շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան[181], 2001-ին՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը[182], 2015-ին աշխարհի թիմային առաջնությունը[183][184][185]։
2011 թվականին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը շախմատը դարձրեց հանրակրթական առարկա[186][187]։ Շախմատ անցնում են երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում[188]։
Մամուլ
Հայաստանում գործում են ԶԼՄ-ի բոլոր տեսակները՝ թերթեր, ամսագրեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ։ Գրաքննությունն արգելված է 2004 թ. ընդունված ԶԼՄ-ի վերաբերյալ օրենքով։ Հայաստանում առավել հայտնի են հեռարձակվող ԶԼՄ-ները։ Ընդհանուր առմամբ գործում են 40 մասնավոր հեռուստաալիք և 2 հասարակական հեռուստատեսային ցանցեր, ինչպես նաև ռուսախոս հեռուստաալիքներ[189] և բազմաթիվ ռադիոկայաններ[190]։
1926 թ. Երևանում հեռարձակվում են առաջին ռադիոհաղորդումները։ 1956 թ սկսում է աշխատել երևանյան հեռուստակենտրոնը։ 1968 թ. 2 հանրապետական ռադիոծրագրով և 1 հեռուստածրագրով սկսեցին հաղորդումներ հեռարձակվել հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, քրդերեն լեզուներով։ Հեռուստածրագրեր էին հեռարձակվում նաև հայերեն և արաբերեն լեզուներով արտասահմանյան հանդիսատեսի համար։ Փոխանցումալող սարքերը թույլ էին տալիս հեռուստահաղորդումներ դիտել գրեթե ամբողջ հանրապետության տարածքում։
1512-1513 թվականներին Վենետիկում տպագրվեցին առաջին հայերեն գրքերը՝ «Պարզատումար», «Աղթարք», «Պատարագատետր», «Պարզատումար», «Տաղարան»։ Այնուհետև հայերեն լեզվով տպագիր գրքեր հայտնվեցին նաև Կոստանդնուպոլսում (1567), Հռոմում (1584), Փարիզում (1633), Լայպցիգում (1680), Ամստերդամում, Նոր Ջուղայում (Իրան), Լվովում, Էջմիածնում (1771), Պետերբուրգում (1780), Աստրախանում, Մոսկվայում, Թիֆլիս, Բաքվում։
1794 թ. Մադրասում (Հնդկաստան) լույս տեսավ հայերեն առաջին շաբաթաթերթը՝ «Ազդարար»-ը, իսկ ավելի ուշ Կալկուտայում՝ «Ազգասեր» ամսագիրը։ 19-րդ դարի առաջին կեսին աշխարհի տարբեր երկրներում հայերեն լեզվով լույս էր տեսնում մոտ 30 ամսագիր և թերթ, որոնցից 6-ը՝ Կոստանդնուպոլսում, 5-ը՝ Վենետիկում, 3-ը՝ (այդ թվում «Կովկաս» և «Արարատ» թերթերը) Թիֆլիսում։ Մոսկվայում լույս էր տեսնում «Հյուսիսափայլ» ամսագիրը, որը մեծ դեր խաղաց հայկական սփյուռքի հոգևոր կյանքում։
Տոներ և հիշատակի օրեր
Ամսաթիվ | Տոնի անվանում | Նշումներ |
---|---|---|
հունվարի 1, 2 | Ամանոր, Նոր Տարի | Ոչ աշխատանքային օրեր |
հունվարի 6 | Սուրբ Ծնունդ | Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի մկրտության հետ նշում է Սուրբ ծնունդը Աստվածահայտնության մեկ տոնով (հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը։ Հին տոմարով՝ հունվարի 19) |
հունվարի 28 | Բանակի օր | Ոչ աշխատանքային օր[191]։ |
մարտի 8 | Կանանց տոն | Ոչ աշխատանքային օր |
ապրիլի 7 | Մայրության, գեղեցկության և սիրո տոն[192] | |
ապրիլի 24 | Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր | Ոչ աշխատանքային օր |
մայիսի 1 | Աշխատանքի օր | Ոչ աշխատանքային օր |
մայիսի 8 | Երկրապահի օր | |
մայիսի 9 | Հաղթանակի և խաղաղության տոն | Ոչ աշխատանքային օր |
մայիսի 28 | Հանրապետության տոն | Ոչ աշխատանքային օր[Ն 1] |
հունիսի 1 | Երեխաների իրավունքների պաշտպանության օր | |
հուլիսի 5 | Սահմանադրության օր | Ոչ աշխատանքային օր |
սեպտեմբերի 1 | Գիտելիքի, գրի և դպրության օր | |
սեպտեմբերի 21 | Անկախության տոն | Ոչ աշխատանքային օր[Ն 2] |
հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը | Թարգմանչաց տոն | |
դեկտեմբերի 7 | Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օր | |
Զատկից 8 շաբաթ հետո՝ հինգշաբթի օրը | Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր | |
Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը | Սուրբ Էջմիածնի տոն[193] |
- Այլ հայտնի տոներ և հիշատակի օրեր
Օր | Տոնի անվանում | Նկարագրություն |
---|---|---|
փետրվարի 14 | Տրնդեզ | Տոնի աղբյուրը հեթանոսական է, իսկ հիմնական խորհրդանիշը կրակն է, որի վրայից թռչում են երիտասարդները՝ չթողնելով միմյանց ձեռքերը, որպեսզի կապն ամուր լինի։ Այդ ժամանակ մեծերը նրանց վրա ցորենի և կտավատի սերմեր են լցնում։ |
փետրվարի 11 (2017 թվականին) | Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր | Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը Հայաստանում պաշտոնապես նշում են 2007 թվականից։
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 23.01.2016, 11.02.2017, 27.01.2018, 16.02.2019, 08.02.2020, 30.01.2021, 12.02.2022, 04.02.2023, 27.01.2024, 15.02.2025, 31.01.2026, 23.01.2027, 12.02.2028, 27.01.2029, 16.02.2030[194]: |
փետրվարի 19 | Գիրք նվիրելու օր | Տոնը հիմնադրվել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի կողմից։ Հատկանշական է, որ 1869 թվականի հենց այդ օրը ծնվել է Հովհաննես Թումանյանը։ |
փետրվարի 21 | Մայրենի լեզվի օր | |
փետրվարի 28 | Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր | Փետրվարի 28-ը պետական մակարդակով հայտարարված է ադրբեջանական ջարդերի զոհերի հիշատակի օր, ինչպես նաև Ադրբեջանից բռնագաղթածների իրավունքների պաշտպանության օր։ |
ապրիլի 2 (2016 թվականին) | Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր | Նշվում է ի հիշատակ Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերի պարտության։
Պարսիկները, հանդիպելով հայերի կոպիտ դիմադրությանն ու կրելով հսկայական կորուստներ, ստիպված եղան հրաժարվել կրոնափոխության ծրագրից և հայերի ինքնության հանդեպ ոտնձգություններից։ Տոնն ամեն տարի նշվում է հինգշաբթի օրը՝ Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ։ 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը։ Ըստ պատմագրի՝ «յուրաքանչյուր մարդ իր հոգում եկեղեցի էր ու ինքն էլ հոգևորական»։ Հանուն հայրենիքի, Հայոց եկեղեցու և քրիստոնեության պահպանման՝ հերոսական մահով ընկան իշխան Վարդան Մամիկոնյանն ու նրա 1036 կողմնակիցները՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերը։ Իրենց մահով նրանք ապացուցեցին հայ ազգի ապրելու կամքը և նրա լինելու իրավունքը։ Ավարայրի ճակատամարտը վկայությունն էր, որ հայերին ոչինչ չի ստիպի հրաժարվել քրիստոնեական հայրենիքից։ Քրիստոնեության ընդունումից ի վեր Եկեղեցին ներգրաված էր հայրենիքի պաշտպանության գործում։ Հայ եկեղեցին Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ հայ մարտիկների հետ մասնակցեցին պարսիկների դեմ պատերազմին։ Մարտից առաջ հայ հոգևորականները մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին մարտիկների հավատն ու ոգին։ «Եվ սեղան կանգնեցնելով՝ ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին։ Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը, թե ինչ էր կատարվել Ավարայրի ճակատամարտի նախօրեին։ Ի հիշատակ Վարդան Մամիկոնյանի և այլ զոհերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 04.02.2016, 23.02.2017, 08.02.2018, 28.02.2019, 20.02.2020, 11.02.2021, 24.02.2022, 16.02.2023, 08.02.2024, 27.02.2025, 12.02.2026, 04.02.2027, 24.02.2028, 08.02.2029, 28.02.2030 |
մարտի 23 | Օդերևութաբանության միջազգային օր | |
մարտի 27 | Թատրոնի միջազգային օր | |
ապրիլի 1 | Հումորի և ծիծաղի օր | Հայաստանում նշվում է 2006 թվականից |
ապրիլի 4-11 | Թումանյանական օրեր | Հովհաննես Թումանյանի հիշատակի օրեր |
ապրիլի 16 | Ոստիկանության օր | 2001 թվականի այս օրը Հայաստանում ընդունվեց «Ոստիկանության մասին» օրենքը[195]։ |
ապրիլի 18 | Հուշարձանների պահպանության միջազգային օր | |
ապրիլի 26 | Սահմանապահի օր | Նշվում է 2007 թվականից |
մայիս 7 | Ռադիոյի օր | Սահմանվել է ի պատիվ Պոպովի կողմից առաջին ռադիոկապի սեանսի և առաջին ռադիոընդունիչի փորձարկման։ |
մայիսի 9 | Շուշի գրավման օր | Տոնը նվիրված է Շուշիի ազատագրման մասնակիցներին |
մայիսի 15 | Ընտանիքի օր | |
մայիսի 16[196] | Ուսանողների և երիտասարդների օր | |
մայիսի երրորդ կիրակի օր | ՀՕՊ զորքերի օր | |
մայիսի 18 | Թանգարանների համաշխարհային օր | Այս օրը Հայաստանի բոլոր պետական թանգարանները բաց են մինչ կեսգիշեր՝ «Թանգարանային գիշեր» |
մայիսի 26 | Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օր | Սարդարապատի հերոսապատումը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ |
հունիսի 14 | Բռնադատվածների հիշատակի օր | Ընդունվել է ՀՅԴ-ի նախաձեռնությամբ խորհրդային իշխանության տարիներին բռնադատվածների հիշատակին |
հունիսի 15 | Ավիացիայի օր | 1992 թվականի այս օրն ավարտվեց ՀՀ ՌՕՈՒ կազմավորումը։ |
հունիսի երրորդ կիրակի օր | Բուժաշխատողի օր | |
հուլիսի 1 | Դատախազության աշխատողի օր | |
հունիսի 5 | Բնապահպանի օր | |
հուլիսի 25 | Արմավիր քաղաքի օր | |
օգոստոսի 11 | Ազգային ինքնության տոն (Նավասարդ) | Ըստ ավանդության՝ հայոց անվանդիր նահապետ Հայկն այս օրը սպանեց ասորական արքա Բելին և դրեց Հայկական պետականության հիմքը։ Դա տեղի է ունեցել մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ին և համարվում է ավանդական հայկական տոմարի առաջին տարին։ Հեթանոսական ժամանակներում այս օրը Հայաստանում նշվում էր Ամանորը։ |
օգոստոսի երկրորդ կիրակի օր | Շինարարի օր | |
օգոստոսի վերջին կիրակի օր | Սևանա լճի օր | Հաստատվել է 1999 թվականին։ |
սեպտեմբերի 4 | Փրկարարի օր | Հաստատվել է 2008 թվականին։ |
սեպտեմբերի առաջին կիրակի օր | Նավթագազային ոլորտի աշխատողի օր | |
սեպտեմբերի 7 | Ինժեներական զորքերի օր | 1992 թվականի այս օրն ավարտվեց ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի կազմավորումը։ Հաստատվել է 2000 թվականին։ |
հոկտեմբերի 5 | Ուսուցչի միջազգային օր | Հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին։ |
հոկտեմբերի 8 | Տանկիստի օր | 1992 թվականի այս օրն ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորքերի կազմավորումը։ |
հոկտեմբերի 10 | Քիմիական զորքերի օր | 1992 թվականի այս օրն ավարտվեց ՀՀ ԶՈՒ քիմիական զորքերի կազմավորումը։ Հաստատվել է 1996 թվականին։ |
հոկտեմբերի երկրորդ շաբաթ օր | Երևանի օր | Երևան՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը (հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին)(Հայաստանի վարչապետի որոշմամբ[197]) |
Հոկտեմբերի երկրորդ կիրակի օր | Բերքատոն | Գյուղացիական տոն |
հոկտեմբերի 16 | Հայկական մամուլի օր | 1794 թվականի այս օրը Մադրասում լույս տեսավ առաջին հայկական պարբերական ամսագիրը՝ «Ազդարարը»։ |
հոկտեմբերի 19 | Հրթիռա-հրետանային զորքերի օր | 1992 թվականի այս օրն ավարտվեց ՀՀ ԶՈՒ հրթիռա-հրետանային զորքերի կազմավորումը։ |
նոյեմբերի 5 | Հետախուզական զորքերի օր | 1992 թվականի այս օրն ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորքերի կազմավորումը։ |
նոյեմբեր 7 | Գինու համազգային տոն | |
դեկտեմբերի 9[198] | Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր | |
նոյեմբերի 11 | Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ընտրության, գահակալության և օծման տարեդարձ | |
նոյեմբերի 17 | Ուսանողների միջազգային օր | |
նոյեմբերի 17 | Ռազմաբժիշկների օր | 1992 թվականի այս օրն ավարտվեց ՀՀ ԶՈՒ ռազմական հոսպիտալի կազմավորումը։ |
նոյեմբերի 22 | Բանկային աշխատողի օր | 1993 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի տարածքում ԽՍՀՄ Պետական բանկի ռուբլու փոխարեն շրջանառության մեջ դրվեց ՀՀ Կենտրոնական բանկի թողարկած հայկական դրամը։ Հաստատվել է 2003 թվականին։ |
դեկտեմբերի 3 | Հաշմանդամների միջազգային օր | |
դեկտեմբերի 20 | Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր | |
դեկտեմբերի 22 | Էներգետիկների օր |
Պատկերասրահ
-
Երևանի կենտրոնի գիշերային տեսարան
-
Հառիճավանք, 13-րդ դար
-
Կիրճ Լոռու մարզում
-
Սյունիքի մարզում գտնվող Տաթևի վանքի շրջակայքը
-
Ջերմուկն աշնանը
-
Գորիս քաղաքի սրածայր ժայռերը
-
Սևկատար հրաբուխը
-
Գառնու կիրճ
Տես նաև
- Հայաստանի վարչապետ
- Հայաստանի ֆոնդային բորսա
- Արցախի Հանրապետություն
- Հայաստանի պետական կառավարման համակարգ
- Հայկական լեռնաշխարհ
- Հայկական կերպարվեստ
- Հայկական պետականությունների ղեկավարների ցանկ
- Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ
Նշումներ
- ↑ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
- ↑ 1991 թվականի այս օրը հայ ժողովուրդը համազգային հանրաքվեի արդյունքում կողմ քվեարկեց Խորհրդային միության կազմից դուրս գալու և անկախության օգտին։
Ծանոթագրություններ
- ↑ Հայաստանի սահմանադրության 20-րդ հոդված
- ↑ Հայաստանի 2022 թվականի մարդահամարի հիմնական արդյունքները, Բաժին 5. ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԸ, ԼԵԶՈՒՆԵՐԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼԸ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՎԱՆԱՆՔԸ
- ↑ 3,0 3,1 Հայաստանի Ազգային Վիճակագրության ծառայություն, «2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքները»
- ↑ «The World Fact Book – Armenia». Central Intelligence Agency. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Մշտական բնակչության միջին թվաքանակը - Հայաստանի վիճակագրական կոմիտե
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «World Economic Outlook Database, October 2023». Washington, D.C.: Արժույթի միջազգային հիմնադրամ. 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Ջինիի գործակից - Հայաստան - Համաշխարհային բանկ
- ↑ Մարդկային ներուժի զարգացման ինդեքս
- ↑ Ընդհանուր տեղեկություններ Հայաստանի մասին
- ↑ «Հայաստանի Սահմանադրություն Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները». «Հոդված 18.1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։»
- ↑ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
- ↑ «United Nations Sub-Commission on Prevention of Discrimination and Protection of Minorities». www.armenian-genocide.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ International Association of Genocide Scholars Արխիվացված 2009-03-14 Wayback Machine, 2005
- ↑ Israel W. Charny. Encyclopedia of genocide, vol. 1, p. 161
- ↑ Samuel Totten, Paul Robert Bartrop, Steven L. Jacobs. Dictionary of Genocide: A-L, p. 21:
The Armenian Genocide Institute-Museum was opened in Yerevan, Armenia, in 1995, as part of the events commemorating the eightieth anniversary of the beginning of the Armenian genocide (1915-1923) at the hands of the Young Turk regime.
- ↑ Heather S. Gregg., Divided They Conquer: The Success of Armenian Ethnic Lobbies in the United States (Inter-University Committee on International Migration), ԱՄՆ, 2002, էջ 19 — 35 էջ։
- ↑ Alan L. Berger. Bearing witness to the Holocaust, p. 55:
Indeed, following the shock of the Holocaust, we have become aware of mass destruction that preceded and followed the Second World War. One thinks, for example, of the Armenian genocide of 1915-1923, of the Stalinist Gulag, Burundi, Biafra, Indonesia, Sudan, Ethiopia, and of the Cabodian «autogenocide».
- ↑ Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978. [1]
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Մարտի 2, 1992․ ինչպես Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ
- ↑ «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ - Միջազգային կազմակերպություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՌևՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ».
- ↑ World Trade Organization - Armenia
- ↑ International Criminal Court welcomes Armenia as a new State Party
- ↑ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն - Միջազգային կազմակերպություններ
- ↑ «Արտաքին քաղաքականություն». www.mfa.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում, որ Ադրբեջանը նույնը անի. Փաշինյան». azatutyun.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը. դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը». azatutyun.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Ագաթանգեղոս §§ 13 (ի Հայաստան աշխարհէս), 16 (Հայաստան աշխարհիս 2x, ի Հայաստան աշխարհիս), 35 (Հայաստան աշխարհին), 160 (Հայաստան աշխարհիս), 249 (Հայաստան աշխարհիս), 715 (Հայաստան աշխարհիս), 776 (Հայաստան աշխարհին), 784 (Հայաստան աշխարհին), 796 (ի մէջ Հայաստան աշխարհի), 808 (հասանէին ի Հայաստան աշխարհն)։
- ↑ Ագաթանգեղոս § 885 (ի Հայաստան երկրին)
- ↑ Փաւստոս Բուզանդ 1883=1984, էջ 1 (Հայաստան աշխարհին)
- ↑ Փաւստոս Բուզանդ 1883=1984, 4.բ, էջ 56 (Հայաստան երկրին)
- ↑ 904=1985, էջ 2 (Հայաստան աշխարհիս), 110 (կանայս ի Հայաստան աշխարհիս)
- ↑ Կորիւն 1994, էջ 83 (Հայաստան աշխարհի), 93 (Հայաստան աշխարհին), 103 (ի Հայաստան աշխարհին), 120 (ի Հայաստան աշխարհէս)
- ↑ ժը (սեռ. Հայաստանեայց, բացառ. ի Հայաստանեայց), տես Աբգարյան 1979, էջ 66, 90
- ↑ Լեո, Երկերի ժողովածու, հ. 1, Երևան։
- ↑ Rafael Ishkhanyan, "Illustrated History of Armenia," Yerevan, 1989
- ↑ Elisabeth Bauer. Armenia: Past and Present (1981), p. 49
- ↑ Ibp Inc (2013 թ․ սեպտեմբերի 1). Armenia Country Study Guide Volume 1 Strategic Information and Developments. էջ 42. ISBN 978-1438773827.
- ↑ "Χαλύβοισι πρὸς νότον Ἀρμένιοι ὁμουρέουσι (The Armenians border on the Chalybes to the south)". Chahin, Mark (2001). The Kingdom of Armenia. London: Routledge. էջ fr. 203. ISBN 978-0-7007-1452-0.
- ↑ Քսենոփոն. «Անաբասիս». էջեր IV.v.2–9.
- ↑ «Նախնադարյան Հայաստանի մշակույթը | historyofarmenia.am.am». www.historyofarmenia-am.armin.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 46,0 46,1 Հայաստանը նախնադարյան համանյական հասարակության և ստրկատիրության շրջանում (Պրակ 1) Ժամկոչյան Հ. Գ. Հայ ժողովրդի պատմություն (12 պրակով), ուս. ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 1961, 394 էջ
- ↑ «Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես 5000 տարի առաջ․ Գեղարոտում բրոնզե դարի բնակավայրի պեղումները (ֆոտո)». news.am. 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Professor Klaus Schmidt's views on Gobekli Tepe». Archaeo News (անգլերեն). Stone Pages. 2011 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
«Պորտասարում գտածոները և բնական գիտական տարիքի որոշումը տեղանքը դնում են մ.թ.ա 10-րդ հազարամյակում»,- ասում է նա՝ ընդգծելով, «Կարծես թե Պորտասարում շինարարական գործունեությունը ավարտվել է մ.թ.ա. 9-րդ հազարամյակի վերջում»։
- ↑ Արամ Մկրտչյան, Գերմանիա, ք. Մայնց (22 հունիսի 2008 թ.). «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐԷԹՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ». ( հատված մենագրությունից ).
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Edens, Christoper (Aug–Nov 1995). «Transcaucasia at the End of the Early Bronze Age». Bulletin of the American Schools of Oriental Research. The American Schools of Oriental Research. 299/300 (The Archaeology of Empire in Ancient Anatolia): 53, pp. 53–64 [56]. doi:10.2307/1357345. JSTOR 1357345. S2CID 163585471.
- ↑ Ս.Հ. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967 թ.
- ↑ Munchaev 1994, p. 16; cf., Kushnareva and Chubinishvili 1963, pp. 16 ff.
- ↑ Հայկական Հանրագիտարան հրատարակչություն, «Հայաստան հանրագիտարան», խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2012, էջ 94
- ↑ Sagona (1956–2017), Antonio. «Sagona, A. Remarks on the Iron Age of Eastern Anatolia». Çilingiroğlu, A. and Sagona, A. (eds), Anatolian Iron Ages 7.
{{cite journal}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Նախնադարյան Հայաստանի մշակույթը | historyofarmenia.am.am». www.historyofarmenia-am.armin.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 15-21։
- ↑ Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 21-24։
- ↑ Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 31-37։
- ↑ «Geghama Ridge at Global Volcanism Program». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվար-ին.
- ↑ https://armstat.am/file/article/marz_09_1.pdf
- ↑ «ՀՀ ջրամբարներ (հեղ. hetq.am) – Google Իմ քարտեզները». Google My Maps. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
- ↑ Armenian Soviet Socialist Republic
- ↑ «Հայկական հանրագիտարան, ստորգետնյա ջրեր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Firouz, Eskandar (2005 թ․ հոկտեմբերի 14). The Complete Fauna of Iran (անգլերեն). I.B.Tauris. ISBN 9781850439462.
- ↑ 66,0 66,1 Սիրանուշ Գալստյան, Գեռա Ոսկանյան, WWF-Հայաստան, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները և անտառները, Երևան, «Արտ Սայթ ՍՊԸ», 2012, էջ 4-16 — 52 էջ, ISBN 978-99941-2-701-6։
- ↑ «Հայաստանի Հանրապետության օրենքը բնության հատուկ պահպանվող տարածքների մասին». ընդունվել է 1991. «Բնության հատուկ պահպանվող տարածքներին տրվում է պետական արգելանոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների կարգավիճակ։»
- ↑ Գևորգյան Ա․, Աղասյան Ա․, Հայաստանի հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի ներկա վիճակը, Երևան, 2008 — 52 էջ։
- ↑ «Հայաստանի բնության հուշարձանների ցանկ». 25․08․2014. Վերցված է 01.08.2015-ին.
- ↑ «Environmental Performance Index». epi.envirocenter.yale.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին». Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն. 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Л.А. Багрова (автор-составитель), «Я познаю мир: Страны и народы: Азия, Африка, Австралия, Америка» (АСТ), Մոսկվա էջ 591, ISBN 5-17-006314-8 (ООО «Издательство АСТ»), УДК 087.5:913(100), ББК 26.89(0)я2։
- ↑ Armenia Travel
- ↑ «Մեկ տարում Հայաստանում 8 նոր հյուրանոց է բացվել - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Հայաստանի հյուրանոցային օբյեկտների միայն 36 տոկոսն է մայրաքաղաքում». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Հայաստանի էներգահամակարգը
- ↑ Գյումրու Շիրակ օդակայան
- ↑ _military_bases/ Российские Военные Базы(չաշխատող հղում) Коммерсант Власть(ռուս.)
- ↑ Subnational Human Development Index
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 81,0 81,1 81,2 «[VI.10. Искусство Армении] - Лазарев В. Н., История византийской живописи». www.icon-art.info. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Հայաստանի կառավարության կառուցվածքը
- ↑ Կառավարությանը ենթակա մարմիններ
- ↑ Վարչապետին ենթակա մարմիններ
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Վարչական շրջաններ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ https://armstat.am/file/doc/99459668.pdf
- ↑ 101,0 101,1 The International Institute of Strategic Studies (IISS), Ռազմական հաշվեկշիռ (The Military Balanc), «Routledge; Pap/Chrt edition (հունվար 24, 2014)», 2014 — 170, էջեր 170 — 510 էջ, ISBN 978-1857437225։ (անգլ.)
- ↑ Հայաստանի Սահմանադրության հոդված 13
- ↑ Հայաստանի կառավարություն
- ↑ Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
- ↑ Новости на km.ru: Если Азербайджан применит силу, Армения ответит признанием статуса независимости Нагорного Карабаха
- ↑ Ильхам Алиев: Азербайджан загнал Армению в тупик.
- ↑ U.S. Relations With Armenia, Ամերիկայի ԱԳՆ պաշտոնական կայք
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ 2014 թ. Հունիսի 26, Երևան, ՆՀ-158-Ա:
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ 2014 թ. Հունիսի 26, Երևան, ՆՀ-159-Ա:
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ 2016 թ. Հունվարի 12, Երևան, ՆՀ- 5 -Ա:
- ↑ Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան
- ↑ «Ամերիկայի Միացյալ Նահանգներ - Երկկողմ հարաբերություններ».
- ↑ Бабаян Д.К. Регион Большого Кавказа в геоэкономической стратегии Китая // Россия и новые государства Евразии. - 2011. - № 3 (12). - С. 56
- ↑ ՀայՌուսգազարդը դարձավ Գազպրոմ Արմենիա
- ↑ «ՀրազՋԷԿ ֊ Ընկերության մասին». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ ՀՀ և ԻԻՀ նախագահների մասնակցությամբ բացվեց Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը
- ↑ Marshall Cavendish. World and Its Peoples: The Middle East, Western Asia, and Northern Africa. p. 768: «Independent Armenia faced difficulties. Azerbaijan and Turkey imposed a blockade on Armenia, isolating the nation.»
- ↑ Турция и Армения положили конец вековой вражде NEWSru 11 октября 2009.
- ↑ 119,0 119,1 «Armenia and Turkey normalise ties» (անգլերեն). Би-Би-Си. 10 октября 2009. Վերցված է 11 октября 2009-ին.
- ↑ «Azerbaijan condemns Turkish pact» (անգլերեն). Би-Би-Си. 11 октября 2009. Վերցված է 11 октября 2009-ին.
- ↑ 121,00 121,01 121,02 121,03 121,04 121,05 121,06 121,07 121,08 121,09 121,10 121,11 121,12 121,13 121,14 121,15 121,16 121,17 121,18 121,19 121,20 121,21 121,22 121,23 121,24 121,25 121,26 121,27 121,28 121,29 121,30 121,31 121,32 121,33 121,34 121,35 121,36 121,37 121,38 121,39 121,40 121,41 121,42 121,43 121,44 121,45 121,46 121,47 121,48 121,49 121,50 121,51 121,52 121,53 Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ ԱՎԾ, Մարդահամարի տվյալներ, ըստ ազգության, սեռի և տարիքի
- ↑ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների ցանկ ֊ Հայաստանի կառավարություն
- ↑ Մարդահամար 2011։ Աղյուսակ 5.4 Բնակչությունն ըստ ազգության, սեռի և կրոնական դավանանքի
- ↑ 126,0 126,1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2015թ. ՀՈՒԼԻՍԻ 1-ի ԴՐՈՒԹՅԱՄԲ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ 127,0 127,1 127,2 Բ․ Ն․ Առաքելյան Երկու հիմնական ուղղությունների ձևավորումը հին հայկական մշակույթի մեջ // Պատմա-բանասիրական հանդես : հանդես. — Երևան — № № 2. — Էջ 45-53.
- ↑ Բ․ Ն․ Առաքելյան Հելլենիստական ուղղության ձևավորումը հին հայկական մշակույթում // Պատմա-բանասիրական հանդես : հանդես. — Երևան — № № 2. — Էջ 177-182. — ISSN 0135-0536.
- ↑ «Տուֆը, որով կառուցված է ողջ Հայաստանը» Հայկական ինտերնետ պորտալ
- ↑ «Pre-Pottery Neolithic Cayonu Tepesi» (անգլերեն).
- ↑ Արտակ Գնունի Շենգավթյան մշակույթի բնակավայրերում տեղադրված սրբավայրերը և պաշտամունքային կառույցները (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես : հանդես. — Երևան — № № 1. — Էջ 236-253. — ISSN 0135-0536.
- ↑ Հրայր Իսաբեկյան «Հայկական ռենեսանսի ճարտարապետությունը» էջ 9-21
- ↑ 133,0 133,1 133,2 133,3 133,4 :Ուղղափառ հանրագիտարան, հատոր 3, էջ 286-322, ք․ Մոսկվա, 2001 թ
- ↑ Մ․ Չահին «Հայաստանի Թագավորություն», էջ 269, 2001 թ
- ↑ Բ․ Թեմուրջյան «Գորգագործությունը Հայաստանում», ք․ Երևան, 1955 թ
- ↑ Ս․ Դավթյան «Հայկական կարպետ», ք․ Երևան, 1975 թ
- ↑ Տիգրան Կույումջյան «"Les tapis à inscriptions arméniennes", in "Tapis et textiles arméniens"», էջ 247-253 ք․ Մարսել, 1991 թ
- ↑ Վ․ Ազատյան, Ա․ Մարգարյան «Հայկական գորգեր», էջ 286, ք․ Երևան, 1986 թ
- ↑ Լյուսի Տեր-Մանուելյան «Ջուլհակներ, վաճառականներ և թագավորներ․ Հայկական մակագրված գորգեր», 1984 թ
- ↑ Էմեթ Իլանդ «Կովկասի ներգաղթած հայկական գորգերը», էջ 8, ք․ Բերքլի, Կալիֆորնիա, ԱՄՆ, 1990 թ
- ↑ Մյուրեյ Իլանդ «Celebrating Rites of Passage in Inscribed Armenian Rugs», էջ 155, ք․ Սան Ֆրանցիսկո, 2002 թ
- ↑ Մանյա Ղազարյան «Հայկական կարպետ», էջ 288, ք․ Լոս Անջելես, 1988 թ
- ↑ Մանիա Ղազարյան «Հայկական կարպետներ», էջ 111, ք․ Մոսկվա, 1985 թ
- ↑ Ա․ Պողոսյան «Կարպետները հայկական ժողովրդական արվեստի, մշակույթի և ինքնության մեջ», էջ 150-165, ք․ Բլումինգտոն և Ինդիանապոլիս, 2001 թ
- ↑ «Տիգրան Կույմջյան «Հայկական տեքստիլ․ ամփոփում», 2007 թ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Սերգեյ Տոկարև «ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրություն․ կենցաղի և մշակույթի պատմական հիմքեր», էջ 295, 1958 թ
- ↑ Ն․ Մառ «Արմգիզ», էջ 197, ք․ Երևան, 1939 թ
- ↑ Ա․ Գադլո «Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդների ազգագրություն․ ավանդական մշակույթ»
- ↑ ««Հայեր․ XIX դարի վերջ և XX դարի սկիզբ»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 150,0 150,1 Ն․ Տագմիզյան «Շարականներ։ Սուրեն Զոլյանի թարգմանությունները», 1990 թ
- ↑ «Երաժշտական հանրագիտարան։ Դուդուկ։ Խմբ․՝ Յու․ Կելդիշ». Արխիվացված է օրիգինալից 2013-07-08-ին. Վերցված է 2012-12-23-ին.
- ↑ Duduk.com (անգլ.)
- ↑ «Duduk and its music». unesco.org. 2008. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Հայկական դհոլի պատմությունը
- ↑ 155,0 155,1 Театральная Энциклопедия, М., издательство Советская энциклопедия, 1961, том I
- ↑ История Древнего мира, издание 2-е, Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой, М., 1983, том 2 стр. 399-414
- ↑ «Плутарх, Сравнительные жизнеописания, Лукулл, 29». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Յան Հայդեն Սմիթ «Ֆիլմերի միջազգային ուղեցույց», 2012 թ
- ↑ Վ․ Պոխլեբկին «Աշխարհի ժողովուրդների ազգային խոհանոցները», ք․ Մոսկվա, 1990 թ
- ↑ Centre, UNESCO World Heritage. «Armenia - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ». Հայաստանի շախմատային ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 30-07-2015-ին. Վերցված է 30-07-2015-ին.
- ↑ «37-րդ Շախմատային օլիմպիադա։ Turin 2006». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «38-րդ Շախմատային օլիմպիադա։ Dresden 2008». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «40th Olympiad Istanbul 2012 Open tournament». Turkish Chess Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «30-րդ Շախմատային օլիմպիադա։ Manila 1992». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «35-րդ Շախմատային օլիմպիադա։ Bled 2002». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «36-րդ Շախմատային օլիմպիադա։ Calvia 2004». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «8th World Team Chess Championship: Ningbo 2011». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «4th World Team Chess Championship: Lucerne 1997». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «5th World Team Chess Championship: Yerevan 2001». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «6th World Team Chess Championship: Beer Sheva 2005». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «World Team Championship 2015». FIDE World Team Championship 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 30-07-2015-ին.
- ↑ «12th European Team Chess Championship: Batumi 1999». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Administrator. «Highest-Rated Chess Players of All Time». Արխիվացված է օրիգինալից 2020-09-01-ին. Վերցված է 2015-08-01-ին.
- ↑ «All time Top 100 by Highest Elo Rating». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Highest "Live ratings" of All Time
- ↑ «Live Chess Ratings – 2700chess.com».
- ↑ "Live Elo" covers rating achieved after every single chess game played, what constitutes live performance of players in between of FIDE's regular monthly rating lists.
- ↑ «FIDE Country Top vhess players». ՖԻԴԵ. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Մարտի 3-ին Երևանում տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին փուլը». Արմենպրես. 2014 թ․ մարտի 3. Վերցված է 30-07-2015-ին.
- ↑ «32nd Chess Olympiad: Yerevan 1996» (անգլերեն). OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «5th World Team Chess Championship: Yerevan 2001» (անգլերեն). OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «World Team Championship 2015». FIDE World Team Championship 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 30-07-2015-ին.
- ↑ «2015թ. շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը կհյուրընկալի Հայաստանը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «World team chess championship». tsaghkadzor2015.fide.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Armenia Introduces Chess As Mandatory School Subject» (անգլերեն). Radio Free Europe/Radio Liberty. 2011 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Armenia makes chess compulsory in schools». The Guardian (անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Parameswaran; Gaedtke, Gayatri; Felix (2013 թ․ մարտի 24). «Chess mania captures Armenia's attention» (անգլերեն). Ալ-Ջազիրա. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ ԶԼՄ-ները Հայաստանում
- ↑ Հայաստանի ռադիոկայանները http://radiomap.eu կայքում
- ↑ Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մասին օրենքի առ 20.11.2002
- ↑ Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մասին օրենքի առ 07.05.2002
- ↑ Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մասին օրենքի առ 26.09.2001
- ↑ «Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր». Արարատյան հայրապետական թեմ. 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Legislation: National Assembly of Armenia». parliament.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Կառավարության որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». e-gov.am.
- ↑ «Legislation: National Assembly of Armenia». parliament.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
Ընթերցե՛ք «Հայաստան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստան» հոդվածին։ |
|
|
|
|
|
|
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |